Լրահոս
Օրվա լրահոսը

Ժենգյալով հացի փառատոն Ծաղկաշատում

Ապրիլ 30,2015 10:20

Արցախյան խոհանոցի այս յուրահատուկ կերակուրը, որ ունի դարերի պատմություն, գրավոր աղբյուրներում հիշատակվել է 19-րդ դարի վերջին և 2013 թ. ընդգրկված է Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների շարքում, պատրաստվում է 10-ից ավելի(որոշ վարպետներ 20-ից ավելին նշեցին) հիմնականում վայրի կանաչիներով: Ապրիլի 29-ին Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում կայացավ Ժենգյալով հացի փառատոն, որին մասնակիցները նախապատրաստվել էին վաղ առավոտից: Արցախի տարբեր շրջանների ներկայացուցիչները Ծաղկաշատի փառավոր զավակ Նիկոլ Դումանի տուն-թանգարանի տարածքում ժենգյալով հացից բացի արցախյան այլ ուտեստներով` թոնրի գաթա, չիր, պանիր, քամած մածուն, խնոցի կարագ, թան, տնական գինի ու օղի, սեղան էին բացել և սպասում էին հյուրերին: Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը ներկաներին էր հրամցնում արցախյան ուրախ ազգագրական երգերն ու պարերը: Փառատոն է ժամանում նաև Արցախի Նախագահ Բակո Սահակյանը կառավարության անդամների ուղեկցությամբ: Երկրի ղեկավարությանը, Սփյուռքի ու Մայր հայրենիքի մեր հայրենակիցներին, արտասահմանյան տարբեր երկրների ներկայացուցիչներին դիմավորում և բարեմաղթանքներ է հղում արցախցի Այան՝ հորդորելով լավ հյուրասիրվել՝ հավելելով. «Ղոնաղին հաց տալը Աստծո տված է»:

DSCN3000

Փառատոնի այցելուները հյուրասիրվում են առատ սեղաններից: Յուրաքանչյուր շրջան յուրովի էր ներկայանում: Բացի հյուրասիրությունից «Ըրա ինձետե, սըվերե քիզետե» տաղավարում կայացավ մրցույթ՝ 10 երիտասարդ ու չամուսնացած աղջիկների միջև, ովքեր մեկական ժենգյալով հաց էին թխել: Տեսքով և համով ամենալավ ժենգյալով հացը թխող աղջիկը հանձնաժողովի՝ երկու տատիկների կողմից արժանացավ «Իսկական հարսնացու» հավաստագրին և որպես նվեր ստացավ արցախյան նախշազարդ գոգնոց: Յուրաքանչյուր սեղանի մոտ երկրի ղեկավարությանը, հյուրերին, որոնց կազմում էին նաև եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ներկայացուցիչներ, դիմավորում էին ազգային տարազով և արցախյան բառ ու բանով, երգ ու երաժշտությամբ, օրհնանքով ու բարեմաղթանքով, կարմիր գինով:

Ինչպես նշեց Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը՝ փառատոնի նպատակը արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումն ու հանրահռչակումը, ազգային ավանդույթների, սովորույթների, ազգագրական առանձնահատկությունների հանդեպ հոգածության և հարգանքի արմատավորումն է: Հայոց մեծ հայդուկապետի օջախում բոլորն էին ուրախ ու բարձր տրամադրությամբ: Ներկաները՝ ծանոթ ու անծանոթ, տարեց ու մանուկ, միասին պարում էին, ուրախանում: Նայում եմ ու հպարտանում մեր ժողովրդով, հաղթանակած Արցախով: Ներկաները շրջեցին նաև թանգարանում, ծանոթացան ցուցանմուշներին, Նիկոլ Դումանի անցած ուղուն: Փառատոնին ներկա էին նաև ԼՂՀ ԱԺ Նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Նախագահ Սահակյանը հույս հայտնեց, որ փառատոնը կդառնա ավանդական՝ այն արժևորելով ազգային սովորությունները պահպանելու ու տարածելու և զբոսաշրջությունը խթանելու տեսանկյուններից:
Քաշաթաղի շրջանը ներկայացել էր դիտորդի կարգավիճակով՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930