Լրահոս
Օրվա լրահոսը

Որ «ոչ»-ը դառնա «այո»

Դեկտեմբեր 12,2015 22:49

Ինչպե՞ս է ստացվել,  որ նոր սահմանադրությանը պաշտոնական տվյալներով «ոչ» է ասել 421 հազար մարդ (իրականում, հավանաբար, ավելի շատ), իսկ դրանից հետո «ոչ» քարոզող ընդդիմության հանրահավաքներին հավաքվում է մի քանի հարյուր քաղաքացի: Ինձ թվում է, այդ հարցի պատասխանը մակերեսի վրա է: Մարդիկ «ոչ» են ասել իշխանությանը, նախեւառաջ՝ իրենց սոցիալական պայմաններին, սոցիալական անարդարությանը, ոչ թե սահմանադրական փոփոխությունների տեքստին: Բայց նրանք ամենեւին «այո» չեն ասել ընդդիմադիրներին, որոնց նկատմամբ նույնպես բավականին վերապահ վերաբերմունք ունեն:  Ճիշտ է, ընդդիմադիրները նրանց համոզում էին, որ «ոչ»-ը նշանակում է իշխանափոխություն, բայց Հայաստանի բնակչությանը առանձնապես համոզել պետք չէ՝ մեր համաքաղաքացիների ճնշող մեծամասնությունը, եթե հասնում է քվեարկության խցիկ, ապա միմիայն մի նպատակով՝ իր բացասական վերաբերմունքն արտահայտելու իշխանությունների հանդեպ: Եվ այդպես է 20 տարի շարունակ:

Լա՞վ է դա, թե՞ վատ՝ դժվար է միանշանակ ասել: Մի կողմից լավ է, որ մարդիկ, գրեթե վստահ լինելով, որ իրենց ձայնը տեղ չի հասնի, այնուամենայնիվ, կատարում են իրենց քաղաքացիական պարտքը: Մյուս կողմից՝ ցանկալի է, որ նրանք, բացի իշխանությանը «դեմ» քվեարկելուց, իրենց կամքն արտահայտեն որեւէ բանին «կողմ»: Այդ դեպքում՝ նախ իրական մասնակցությունն ավելի մեծ կլինի:

Ենթադրենք, ճիշտ է այն հաշվարկը, որ իրականում հանրաքվեի է եկել 800 հազար մարդ, եւ ձայների հարաբերակցությունը 3/1 է հօգուտ «ոչ»-ի: Բայց ակնհայտ է, որ մենք ունենք առնվազն երկու անգամ ավելի շատ ընտրողներ:

Երկրորդ՝ «ոչ» ասողները պետք է մտքում ունենան հետեւյալ հարցի պատասխանը՝ «եթե «ոչ», ապա ինչի՞ն «այո»: Այդ դեպքում «հետընտրական պրոցեսների» ժամանակ հրապարակում ավելի շատ մարդ կլինի: Կամ գուցե այդ պրոցեսների անհրաժեշտութունն էլ չլինի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031