Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են հայ փորձագետները դժգոհ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններից

Մարտ 03,2016 15:23

Հարավային Կովկասի երկրներից ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասով ամենապատվախնդիրը Վրաստանն է: «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերութուններ. Հեռանկարներն ու մարտահրավերները ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Աղասի Ենոքյանը` նկատելով, որ Վրաստանի`ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներն այդպես էլ չեն իրականանում, քանի որ այդ երկիրը չի տիրապետում իր տարածքների մի մասին, կոնֆլիկտներ կան, այդ տարածքներում ռուսական զորքեր են տեղակայված:

Նա քիչ հավանական է համարում, որ հուլիսին, Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանին անհատական գործողությունների պլան կառաջարկեն:

Հայաստանի մասով փորձագետը նկատեց, որ լինելով ՀԱՊԿ անդամ, Հայաստանը փորձում է ՆԱՏՕ-ից առավելագույնը ստանալ`այն սահմաններում, ինչ որ թույլ է տալիս Հայաստան-ՀԱՊԿ պայմանագիրը:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, Հարավային Կովկաս-ՆԱՏՕ հարաբերությունները ակտիվ չեն եղել, քանի որ սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ն փոխել է իր նպատակը: Մինչ այդ ՆԱՏՕ-ն հակառուսական էր, հիմա եվրոպական անվտանգության մաս է:

Քննարկման ժամանակ ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի բաժնի պատասխանատու Շտեֆան Էգելմանը գոհունակություն հայտնեց ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների զարգացումից: Իր դրական տպավորությունները հայտնեց նաեւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը:

Մինչդեռ հայկական փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում այդ հարաբերությունների ոչ բավարար լինելու մասին էին անընդհատ շեշտում:

Այս առիթով Aravot.am-ի հարցին՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանն ասաց, որ պատճառն այն է, որ պաշտոնական Բրյուսելի եւ պաշտոնական Երեւանի հավակնությունները բավարար չեն եւ դրանք առայժմ կարելի է բավարարել. «Կարծես երկու կողմերն էլ միմյանցից ավելին պահանջելու ցանկությունը, համարձակությունը կամ հնարավորությունը չունեն: Խնդիրն այն է, որ Հայաստանն իր որդեգրած ճանապարհով, արժեքային առումով գտնվում է այնպիսի մի համակարգում, որտեղ անվտանգության համակարգը չի կարող այլ տեսակի արժեքների վրա կառուցված լինել: Անվտանգությունն ամենուրեք է եւ եթե այն թելադրված է արժեքային համակարգով, ճիշտ է, որ ազատ ձայները շատ ավելի մեծ անվտանգության մասին են խոսում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031