Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու բոլոր նախադրյալները կային»

Ապրիլ 04,2016 12:39

«Ապրիլի 2-ին, երբ նախագահը հրավիրեց Ազգային անվտանգության խորհրդի նիստ, ձեւավորվել էին բոլոր ներքին եւ արտաքին նախադրյալները` ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար»,-կարծում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

«2010թ.-ին ԵԱՀԿ վեհաժողովում Հայաստանը, ի դեմս Սերժ Սարգսյանի, քաղաքական հայտարարությամբ էր հանդես եկել, որ կճանաչի ԼՂՀ անկախությունը` Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի վրա հարձակման դեպքում: Տեսնում ենք, որ բոլոր նախադրյալները ստեղծվեցին, բայց Հայաստանն իր արած հայտարարությանը հետեւողական չեղավ: Նշանակում է, որ Հայաստանը շարունակելու է քննարկել կարգավիճակն այն կողմի հետ, որը բացահայտ ոտնձգություններ է կատարում եւ խախտում հրադադարը»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց նա:

Ղուկասյանի բնորոշմամբ` սա պատերազմական դրություն է, ոչ թե պարզապես զինվորական բախում. «Ադրբեջանն այս պահի դրությամբ ավելի բարենպաստ վիճակում հայտնվեց: Հայտարարելով, որ միակողմանի դադարեցնում է  ռազմական գործողությունները, նա ընտրություն ստեղծեց հայկական կողմի համար` համակերպվել դիրքային կորուստների հետ, կամ շարունակել ռազմական գործողությունները` դիրքերը հետ վերցնելու նպատակով եւ հակադրվել միջազգային հանրության` կրակը դադարեցնելու պահանջներին: Այսինքն, փորձեց մեղքը իր վրայից փոխանցել Հայաստանին»:

Բանախոսի բնորոշմամբ` Արցախում տեղի ունեցավ եւս մեկ` յուրօրինակ «հանրաքվե». «Աշխարհը տեսավ, որ քաղաքացիներն իրենց կամքը դրսեւորեցին` կամավոր ներկայանալով զինկոմիսարիատներ: Այդ երեւույթը վերացրեց բոլոր անհիմն խոսակցությունները»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930