Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող դատապարտյալի բողոքը մերժվեց. մայրը աղեկտուր լացում էր (Տեսանյութ)

Հուլիս 07,2016 16:02

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Հրաչյա Գեւորգյանի գործով դատական նիստն էր: Նրան մեղադրել են դրամաշորթության, մի կնոջ՝ Նաիրա Հարությունյանին ու նրա երեխային պատանդ վերցնելու մեջ: Վճռի հետ չհամաձայնելով՝ Հրաչյա Գեւորգյանը դիմել էր Վերաքննիչ՝ խնդրելով բեկանել դատական որոշումները:

Ինչպես տեղեկացրել ենք, իրավապաշտպանները ահազանգում են, որ Հրաչյա Գեւրոգյանի առողջական վիճակը ծանր է, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անմարդկային վերաբերմունք են ցույց տալիս հաշմանդամ մարդու նկատմամբ, նա մի շարք հիվանդություններով է տառապում: Նրան դատարան բերեցին սայլակով, հազիվ էր խոսում:

IMG_6650Այդ կինը, որին, ըստ գործի, պատանդ է վերցրել Գեւորգյանը ու փող ուզել, Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպանների խոսքերով՝ իր կինն է, որի հետ ծանոթացել է քրեակատարողականում, այդ կինն իր մոտ երկարատեւ այցելությունների է եկել երեխայի հետ:

Դատական գործում ասվում է, որ կինը՝ Նաիրան, Հրաչյա Գեւորգյանի տնից զանգահարել է, իր հորից գումար է ուզել՝ 600 հազար, պատճառաբանելով, որ Հրաչը ինձ եւ իմ երեխային պատանդ է վերցրել, պետք է գումարը տանք, որ բաց թողնի:

IMG_6648Դատավորը հարցրեց՝ դուք տեղյա՞կ էիք, որ ինքը այդպիսի բան է արել: Հրաչյա Գեւորգյանը պատասխանեց, որ մանրամասն ցուցմունք է տվել. «Ես ասել եմ՝ մի արա ըտենց բան, ինձ կբռնեն, կդատեն: Ինքը պատանդ չի եղել»:

Դատավորն ասաց՝ տեղյակ եք եղել, ինչի՞ եք համաձայնություն տվել, ձեր ընկերն է գնացել վերցրել գումարը: Դուք ձեր կյանքի անցած ճանապարհով շատ եք նման պատահականությունների մեջով անցել: Մեկ այլ անձ, որը երբեք եթե դատապարտված չլիներ, գուցե մոլորության մեջ հայտնվելու հավատ ներշնչեր: Բայց դուք ի վերջո քանի անգամ եք դատապարտվել, պետք է լավ հասկանայիք՝ ախր ես սրա համար պատասխանատվության կենթարկվեմ, ինչի՞ եմ օգնում:

Հրաչյա Գեւորգյանն ասաց. «Ինքը ի՞նչ պատանդ, ինքը ոնց ուզեցել ա, ըտենց էլ արել ա: Ես մտա տուն, ինքը արդեն հոր հետ խոսում էր, էլ ես ինչ պետք ա անեի»:

Դատավորը արձագանքեց. «Գեւորգյա՛ն, ասեիր՝ վեր կաց, գնա քո հոր տուն, ուզում ես՝ հորիցդ փողը վերցրու, ուզում ես՝ մի վերցրու»:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, հետո հրապարակեց վճիռը՝ մերժել բողոքը:

IMG_6651Ի դեպ, ողջ դատական նիստի ժամանակ Հրաչյա Գեւորգյանի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը, որը ծեր, թոշակառու կին էր, աշակերտի նման ձեռք էր բարձրացրել, որ դատավորը թույլ տա ինքը մի բառ ասի: Նա աղաչում էր, որ իրեն լսեն, բայց դատավորը թույլ չտվեց: Նիստից հետո կինը լաց էր լինում ու գոռում, որ սա սարքած գործ է. «Եթե սարքած չէր, ինչի՞ թույնեցին տղուս ու ինվալիդ սարքեցին»:

Դատական նիստից հետո էլ մայրը դատարանից չէր գնում, բժիշկները բուժօգնություն տրամադրեցին, կինը վատացել էր, լացում էր ու բողոքում. «Անգրագետ կին եմ, բայց հասկանում եմ՝ սա է ցեղասպանությունը, թուրքերից ինչո՞վ են տարբերվում, մենակ կրոնո՞վ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031