Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավրորա»-ն եւ Փրկության միջազգային կոմիտեն կաջակցեն սիրիացի փախստականներին

Հոկտեմբեր 18,2016 14:36

 Փրկության միջազգային կոմիտեն եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը համատեղ մշակում են սիրիացի փախստականներին կանխիկ դրամական միջոցների փոխանցման ծրագիր:

Հոկտեմբերի 14, 2016թ. – Փրկության միջազգային կոմիտեն (ՓՄԿ, IRC) եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը համատեղ ջանքերով ֆինանսավորելու են հետազոտական նոր ծրագիր, որը թույլ կտա ՓՄԿ-ին վստահելի եւ հաշվետու դրամական բաշխման միջոցով կենսական օժանդակություն ցուցաբերել սիրիական հակամարտությունից տուժածներին։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը տրամադրում է $100,000 դրամաշնորհ, որի օգնությամբ ՓՄԿ-ն կսկսի «Առաջնահերթ կանխիկ» ծրագրի ճանապարհային քարտեզի մշակումը: Այն կտեւի մեկ տարի եւ արդյունքում կառաջարկի նոր մեթոդաբանություն, որը կուսումնասիրի կանխիկի փոխանցման ընդլայնման առջեւ ընկած խոչընդոտներն ըստ երկրների եւ կառաջարկի միջոցներ, որոնք թույլ կտան հաղթահարել դրանք։

Հետազոտության շնորհիվ կստեղծվի կայուն ձեւաչափ, որին կարող են հետեւել ինչպես ՓՄԿ-ն, այնպես էլ ողջ մարդասիրական հանրությունը։

«Հումանիտար ճգնաժամերից տուժած մարդկանց թիվն աշխարհում օր-օրի աճում է։ Ժամանակն է կրկնապատկելու մեր ջանքերը, որպեսզի ոչ միայն կարողանանք հայթայթել անհրաժեշտ միջոցներ, այլեւ ստեղծենք նախադեպերի վրա հիմնված այնպիսի ծրագրեր, որոնք ունակ են վերափոխելու մարդկանց կյանքը»,– ասել է ՓՄԿ նախագահ եւ գործադիր տնօրեն Դեյվիդ Միլիբենդը։ «Անչափ կարեւոր է, որ հումանիտար օգնություն տրամադրելիս մարդասիրական հանրությունը շարունակի փնտրել եւ որդեգրել հնարավորինս խնայող միջոցներ, որոնք կնպաստեն առավելագույն թվով շահառուների վրա ազդեցության ընդլայնմանը»։

Ապացուցված է, որ դրամական միջոցների փոխանցման ծրագրումը օգնության տրամադրման չափազանց ազդեցիկ եւ արդյունավետ տարբերակ է՝ ի տարբերություն մարդասիրական օգնության այլ ձեւերի, որոնք նվիրաբերված դրամական միջոցներն ուղղում են անհրաժեշտ պարագաների ձեռքբերմանը եւ բաշխմանը: Փորձը ցույց է տալիս, որ կանխիկը տեղ հասցնելն ավելի էժան եւ արագ է, քան օգնության այլընտրանքային ձեւերը, որոնք պահանջում են ապրանքի հայթայթում, տեղափոխում, պահպանում եւ բաշխում։  Կանխիկի փոխանցման ծրագրումը շահառուներին օժտում է ավելի մեծ ազատությամբ ու արժանապատվությամբ՝ թույլ տալով նրանց սեփական կարիքները լուծել ըստ առաջնահերթության՝ դառնալով իրենց իսկ կյանքի վերակառուցման գործակալները։ Ավելին, փաստերը ցույց են տալիս, որ տուժած համայնքներին կանխիկ գումարի տրամադրումը բազմապատկում է տեղական տնտեսության վրա ունեցած ազդեցությունը։

«Ուրախ ենք գործակցել Փրկության միջազգային կոմիտեի հետ, քանի որ միասին կարող ենք առաջ մղել կարիքի մեջ հայտնված մարդկանց օգնելու մեր ընդհանուր նպատակը»,– ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ «Ոգեշնչվելով հարյուր տարի առաջ հանուն հայության փրկության գործող անհատներից՝ մենք այսօր հպարտորեն շարունակում ենք նրանց ոգին՝ աջակցելով ներկայից ամենահրատապ հումանիտար մարտահրավերները դիմագրավող կազմակերպություններին: Մեզ հաճելի է օժանդակել մարդասիրական օգնության այս նորարարական միջոցին, որն անհրաժեշտ օգնությունը տեղ է հասցնում ավելի արագ՝ գոհացնելով շահառուներին»։

Փրկության միջազգային կոմիտեն, որը ներկայումս աշխարհի 19 երկրներում կանխիկ օգնություն է ցուցաբերում 113,000 մարդու, մշակվելիք ճանապարհային քարտեզը կօգտագործի կանխիկ միջոցների ծրագրման իր հնարավորություններն առավել ընդլայնելու համար՝ չկենտրոնանալով օգնության պակաս արդյունավետ տրամադրման ձեւերի վրա։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31