«ԱՄՆ-ն այն երկիրն է, որը միշտ պահպանում է իր պետական գիծը`երբեք չշեղվելով դրանից: Ուստի, որքան էլ իր պահվածքում եւ հայտարարություններում էքսցենտրիկ եղավ Դոնալդ Թրամփը, միեւնույն է, ԱՄՆ-ի քաղաքականության մեջ շատ բան չի փոխվելու, թեեւ, այդ քաղաքականությունը չի էլ լինելու այնպիսին, ինչպիսին վերջին տասը տարիների քաղաքականությունն էր»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին եւ դրա արդյունքին, ասաց ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա Գուրգեն Եղիազարյանը:
Հիշեցնենք, ի հեճուկս բոլոր կանխատեսումների, ԱՄՆ 45-րդ նախագահ ընտրվեց միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը քաղաքական անցյալ չունի:
Տեղի ունեցածում Գուրգեն Եղիազարյանն առանձնացնում է մեկ հարց`ի՞նչ եղավ նախագահ Օբամայի պաշտոնավարման ընթացքում եւ ի՞նչը կարող է աշխարհը փրկել Դոնալդ Թրամփի օրոք: «Երբ նախագահ Օբամային տվեցին խաղաղության Նոբելյան մրցանակ, անկեղծ ասած, այդ օրը ես սարսափեցի: Նա խոսել էր Գուանտանամոյից, Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելուց, բայց Կուբայում մինչ օրս բան չի փոխվել, Աֆղանստանում էլ, ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո էլ, ցայսօր, արյունը հեղվում է: Մինչդեռ այդ խոստումների դիմաց էր Օբաման խաղաղության մրցանակ ստացել: Միգուցե մրցանակը նրան հատուկ տրվեց, որ հետո լիներ արաբական գարո՞ւնը»,- տարակուսում է մեր զրուցակիցը`հավելելով, որ արաբական գարունը ԱՄՆ-ին եւ Օբամային միգուցե պետք էին Եվրոպան ոչնչացնելու համար:
Կարդացեք նաև
«Այն ութ միլիոն փախստականը, որոնք ասում են թե 150 միլիոն եվրոպական բնակչության դիմաց տոկոս չի կազմում, սխալվում են: Արաբներն ունենում են 7-8 երեխա, մինչդեռ եվրոպացիները ծերացող են այսօր: Մոտավորապես 20 տարի հետո, եվրոպական նվազող 150 միլիոնով եւ աճող-զարգացող, իսլամը պահպանող 8 միլիոնի երեխաները կլինեն 21-22 տարեկան եւ կվիճարկեն եվրոպական կառավարությունների ու իշխանությունների գործունեությունը: Այսինքն, Եվրոպան որպես այդպիսին, չի լինի ինչպես առաջ էր: Կլինի ավելի վատ վիճակում: Իմ կարծիքով, արաբական գարունը միտված էր նախ տեղերում լարումը վերացնելուն եւ այն Եվրոպա տեղափոխելուն, ինչը կատարվեց»,- ասում է մեր զրուցակիցը:
2017 թվականի հունվարի 20-ից հետո, երբ Դոնալդ Թրամփը պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, Մերձավոր Արեւելքում լարված իրավիճակը, որը շարունակությունն էր արաբական գարնան, Գուրգեն Եղիազարյանի կարծիքով միեւնույն է չի մեղմվի, քանզի Լիբիայում այսօր 39 ցեղախմբեր պայքարում են իրար դեմ ու այդ արյունը երկար է հեղվելու:
Կայունություն չի լինի նաեւ Սիրիայում, քանզի Թուրքիան հավակնություններ ունի սիրական նավթահորերի նկատմամբ, կա նաեւ Քրդստանի ստեղծման հարցը, որն այսօր հանգուցալուծում է պահանջում: Իսկ Քրդստանի ստեղծմամբ Սիրիայից հողեր կպոկվեն, ինչը կբերի նոր արյունահեղության: «Պատերազմի քարն արդեն իսկ գցված է: Բայց Թրամփն այն թեկնածուն էր, որը հայտարարեց`ՌԴ-ի հետ հարկավոր է համատեղ պայքարել ԴԱԵՇ-ի դեմ: Եթե ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն միասին պայքարեն ԴԱԵՇ-ի դեմ, ապա ահաբեկչության 50 տոկոսը տեղում կվերացնեն»,- կարծում է Գուրգեն Եղիազարյանը:
Այն, որ Դոնալդ Թրամփը բավական լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի իշխանությունների հետ, որ բիզնես-շահեր ունի մեր հարեւան-հակառակորդ երկրում, նա բավական լուրջ ներդրումներ ունի այդ երկրի տնտեսության մեջ, Գուրգեն Եղիազարյանին նույնիսկ լավատեսություն է ներշնչում. «Նա բավական լուրջ ներդրումներ ունի ադրբեջանական նավթահորերում եւ այսպես թե այնպես պետք է պաշտպանի այն երկրի շահերը, որտեղ ներդրումներ ունի: Բայց Թրամփի ներդրումներն Ադրբեջանում կբերեն նրան, որ նա ամեն ինչ կանի, որպեսզի արյուն չհեղվի, քանի որ պատերազմի դեպքում իր ներդրումն է տուժելու: Միգուցե սա ապահովության երաշխիք է»:
Արաբական գարունից հետո, մեր զրուցակիցը համոզված է եղել, որ ԱՄՆ-ը ժողովրդավարական երկիր չէ, քանզի մարդատյաց քաղաքականություն է վարում: Բայց վերջին ընտրություններն, այդուհանդերձ, հակառակն են ապացուցել. «Նախագահ Օբաման, ի լուր աշխարհի, պաշտպանում էր Քլինթոնի շահերը, ընդհուպ մինչեւ Լոս-Անջելեսում քոլեջում հանդիպման ժամանակ երիտասարդությունը սուլոցներով ստիպեց, որ Քլինթոնը լքի բեմահարթակը, ինչը խայտառակություն էր ԱՄՆ-ի ընտրությունների պատմության մեջ: ԱՄՆ-ի պետական ինստիտուտները, հատուկ ծառայությունները, ուժային կառույցները նույնիսկ աշխատում էին Քլինթոնի համար, բոլոր սոցիոլոգիական հարցումներով 99, 9 տոկոսով առաջնությունը տրվում էր Քլինթոնին, նա էլ սոցիոլոգիական մտքի արգասիքից ոգեւորված՝ անգամ հրավառությունն էր պատվիրել արդեն: Նման պարագայում թվանկարչությունը պրիմիտիվ խաղ է արդեն դառնում: Բայց արի ու տես, որ իրենց ժողովրդավարությունն ավելի բարձր էր ու մի քանի հարյուրի հասնող կազմակերպություններն, իրենց վերլուծաբաններով, կրախ ապրեցին: Մեզ քաջ հայտնի է, թե գործող իշխանությունն ի՞նչ է անում նման դեպքերում: Բայց իրենք չարեցին`ապացուցելով, որ ԱՄՆ-ը իրոք ժողովրդավարության ֆորպոստ է: Մենք շատ բան ունենք իրենցից սովորելու»:
Այնուհանդերձ, աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը մեր զրուցակիցը համարում է Իսրայելը`վկայակոչելով այդ երկրի վերջին նախագահական ընտրությունները, որտեղ Բենյամին Նեթանյահուն հաղթեց մեկ ձայնի առավելությամբ:
Գուրգեն Եղիազարյանը նկատում է, որ հայաստանյան ու ամերիկյան ընտրություններում մի նմանություն կար. այնտեղ էլ կային ադիբեկյաններ:
Անդրադառնալով հայերիս համար ամենացավոտ հարցին`Ցեղասպանության ճանաչմանը, մեր զրուցակիցն ասաց. «Մենք պարբերաբար սպասում ենք, որ ԱՄՆ-ի նախագահներից գոնե մեկի շուրթերից լսենք այդ եզրույթը: Ես չգիտեմ`որքանո՞վ է դա իրական: Թրամփը շատ լուրջ բան արած կլինի հայ ժողովրդի համար, եթե դա ասի: Բայց թուրքերի հետ արձանագրությունները նախաստորագրելուց հետո ես դրան չեմ հավատում, դա էլ չի լինի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































