Համբուրգում համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների ընդունած հայտարարությունն, ընդհանուր առմամբ, դրական գնահատականի արժանացավ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո համատեղ հայտարարություն են տարածել, որում իրենց հավատարմությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը:

Հակադարձմանը, թե այդուհանդերձ համանախագահող երկրները չեն փորձում կոնկրետ առանձնացնել, թե ով է այս ամենի պատասխանատուն, պարոն Հարությունյանը, հղում կատարելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարությանը, նշեց. «Չտալով որևէ մեկի անուն, նա հայտարարեց, թե ակնհայտ է՝ այս ամենի պատասխանատուն ով է»:
Կարդացեք նաև
Խոսրով Հարությունյանը վստահեցրեց, որ միջազգային հանրությունն ադրբեջանական կողմին սանձելու բավականին լուրջ հնարավորություններ ունի և մյուս կողմից, երբ այժմ Մերձավոր Արևելքն ուղղակի կրակի մեջ է, միջազգային հանրությանը ձեռնտու չեն ցնցումներ:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նշեց, որ երկակի չափանիշները դեռևս գործում են: Նա ընդհանուր առմամբ դրական գնահատեց ընդունված հայտարարությունը: Դառնալով ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությանը՝ նշեց. «Մենք մեր կոմպլեմենտար քաղաքականությունը պիտի շարունակենք: Պիտի ծայրահեղ հարձակվողական քաղաքականություն չվարենք: Կոմպլեմենտար քաղաքականությունն իրեն արդարացնում է»:
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը հայտնեց, թե բացի Սերգեյ Լավրովի մեկ նախադասությունից, նոր բան չի ասվել: Նա առավել կարևորեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հայտարարությունը. «Հիմնական ուղերձն այն էր, որ պետք է Արցախը բանակցությունների մաս կազմի: Այս հայտարարություններին Արցախը հասավ Բակո Սահակյանի արդար ընտրություններով, երբ տեսան, որ փոքրիկ Արցախում հաղթել է ժողովրդավարությունը»:
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը թեև հայանպաստ համարեց Համբուրգում ընդունված հայտարարությունը, բայց հիշեցրեց, որ մոնիտորինգի մեխանիզմների վերաբերյալ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունը չի կատարվում. «Մոնիտորինգ կոչվածը չի իրականացվում՝ կռահելով դատապարտել որևէ մեկին, լուրջ չէ: Ճիշտ չէ, որ պնդում ու հայտարարում ենք, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին: Ղարաբաղը Հայաստանի նահանգներից մեկն է: Մեզ համար պետք է Հելսինկյան ակտը, 1994-ի Բիշկեքի արձանագրությունը ելակետ լինի: Բանակցություններին պետք է մասնակցի Հայաստանը, նա չպետք է ձեռքերը լվանա: Հայաստանը պետք է լինի Ղարաբաղի անվտանգության երաշխավորը»:
Պարոն Արշակյանի կարծիքով՝ պետք է կնքվի Արցախ-Հայաստան դաշինք, և բանակցելու մանդատը Արցախը հանձնի Հայաստանին:
Գուրգեն Եղիազարյանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ը չորս, ՆԱՏՕ-ն երեք բանաձև է ընդունել ընդդեմ Հայաստանի. «Մեզ ջարդեն ու տրորեն, հետո ճանաչեն ագրեսո՞ր: Եթե միացնենք ՀՀ-ն ու Արցախը և քարտեզում գծենք մեկ երկիր, պատկերացնո՞ւմ եք ինչ կանի ողջ աշխարհը: Ճանապարհը մեկն է՝ ճանաչել Արցախը որպես պետություն: Հետագայում ինչ կորոշի այդ պետությունը, իր գործն է»:
Մկրտիչ Մինասյանը չհամաձայնեց Ազատ Արշակյանի պնդմանը ու հակադարձեց. «Արցախը բերենք լղոզենք Հայաստանի՞ն: Մենք միշտ էլ մտածել ենք այդ մասին, որ Արցախը բանակցային կողմ դառնա: Էվանսը այս առումով նորություն ասաց: Հայաստանը պետք է լինի Արցախի երաշխավորն ու պաշտպանը, այստեղ առարկություն չկա»:
Պարոն Արշակյանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանն արտաքին քաղաքականության դաշտում միշտ պաշտպանվողի դերում է: Գուրգեն Եղիազարյանն էլ, թե՝ այդ խնդիրները մեկ մարդ է լուծում, որը «նստած է Բաղրամյանի 26-ում». «Արտաքին քաղաքականության իրականացման այս տասը տարիներին միգուցե միակ խելոք բանն էր, որ ձեր գլխավոր հրամանատարը նախահարձակ չեղավ: Յոթ դեմ բանաձևերի դեպքում չէր կարող այլ բան անել: Եթե ձեր ասածով մի հատ էլ նախահարձակ լիներ, կստացվեր, որ ստորագրում է այդ յոթ բանաձևերի տակ»:
Ազատ Արշակյանն էլ հակադարձեց, թե «ՄԱԿ-ի չորս բանաձևերն էլ 1994-ին ընդունվեցին ձեր գերագույն գլխավոր հրամանատարի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































