Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հեռացավ Հովիկ Աբրահամյանը

Հունվար 26,2017 11:53

Հարցի պատասխանը նրա հայտարարության մեջ չկար,
ոչ էլ կուսակիցներն են ցանկանում մեկնաբանել

Երեկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն էր տարածել: Ի հեճուկս բոլոր սպասելիքներ՝ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մեջ այդպես էլ չկար գլխավոր հարցի պատասխանը` ինչո՞ւ է նա հեռանում կուսակցությունից, որին նվիրել է իր կյանքի մոտ երկու տասնամյակ, եւ ի՞նչը իրեն ստիպեց կայացնել այդ, ինչպես ինքն էլ նկատել, դժվար որոշումը: Երեկ փորձեցինք Հովիկ Աբրահամյանի արդեն նախկին կուսակիցների հետ զրույցներում հասկանալ ՀՀԿ-ն լքելու նրա պատճառները: Ապարդյուն: ՀՀԿ-ականները կամ չէին արձագանքում հեռախոսազանգերին, կամ մտերմաբար հորդորում էին ազատել իրենց հարցերին պատասխանելու գործից, քանզի իրենք նույնպես ավելի շատ հարցեր ունեն, քան պատասխաններ: «Առավոտին», այնուհանդերձ, հաջողվեց որոշ հարցեր ուղղել ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանին: Մեր զրուցակիցը եւս Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից չի հասկացել, թե վերջինս ինչո՞ւ է լքել ՀՀԿ-ն.

– Ինքն այդ մասին ոչինչ չասաց:

– Կուսակցական ընկերների հետ խոսակցություններ, քննարկումներ եղե՞լ են, գուցե գիտեք պատճառները:

– Ոչ: Բայց ինքը պետք է ասի: Եթե կա պատճառ` ինքը պետք է ասի:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է պատճառների մասին լռում Հովիկ Աբրահամյանը:

– Նման հարց չի կարելի որեւէ մեկին տալ, քանի դեռ ինքն այդ մասին չի խոսել: Ինքը պետք է ասի:

– Հովիկ Աբրահամյանը նաեւ ասել է, որ մնում է քաղաքականության մեջ: Մամուլը գրում է, որ հավանական է «Ծառուկյան» դաշինքում լինի…

– Ինքը ի՞նչ է ասել: Ոչինչ: Բա ինչո՞ւ եք ինձ դրա մասին հարցնում:

– Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ասել էր, որ եթե իրեն առաջարկվի ղեկավարել ՀՀԿ-ի նախընտրական շտաբը, ինքը կհրաժարվի: Փաստորեն, Կարեն Կարապետյանը չի՞ ցանկանում կուսակցական պատասխանատվության եւ պարտականությունների տակ մտնել:

– Իրեն պետք է հարցնել:

– Իսկ Ձեր կարծիքով՝ ՀՀԿ-ն եւ իշխանական բուրգը քանդվո՞ւմ են: Համենայնդեպս, ընդդիմադիրները նման հայտարարություն-կանխատեսումներ են անում:

– Ես կարծում եմ՝ արդեն տասը տարի այդ հայտարարությունները հնչում են:

– Ասում են այլ կարկառուն եւ փողատեր ՀՀԿ-ականներ էլ են պատրաստվում լքել կուսակցությունը:

– Ասում են ուռին աղջիկ է եղել… Թումանյան կարդացե՞լ եք: Դուք դրան հավատո՞ւմ եք: Ես նույնիսկ դրան չեմ հավատում:

– Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ի համար արժանի՞ հակառակորդ է լինելու:

– Ես կարծում եմ՝ բոլորն էլ մեզ համար արժանի են. նրանք, ովքեր հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին, ովքեր դեռ չեն հայտարարել: Անարժան չկա:

– Առաջիկա օրերին հնարավո՞ր են այնպիսի ֆորս-մաժորային իրավիճակներ, որոնք կստիպեն նախագահ Սարգսյանին վաղաժամկետ վայր դնել լիազորությունները: Համենայնդեպս, փորձագետները չեն բացառում նման տարբերակը:

– Ես կարծում եմ՝ դրանք հիվանդ փորձագետներ են: Նրանցից հեռու մնացեք:
Միակ բանը, որ պարզ էր Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից, այն է, որ նախկին վարչապետը մնալու է քաղաքականության մեջ. «Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին»: Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, համալրում է հայրենասերների շարքերը: Այն հայրենասերների, ովքեր, չգիտես ինչու, տարիներ շարունակ հարկեր չեն վճարել հանուն հայրենիքի բարգավաճման: Ավելին, առիթը բաց չեն թողել «յուղոտ պատառներն» իրենցով անելու:

Այսօր երեկոյան կայանալու են ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերը: Դրանցից հետո արդեն որոշ հարցերի պատասխաններ կհնչեն, եւ հնարավոր կլինի հստակ պատկերացումներ կազմել ՀՀԿ-ում վերադասավորումների մասին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

26.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031