Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դատավորի դուստրը, գյուղապետ կանայք` Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային ցուցակում

Փետրվար 11,2017 23:46

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր Հանրապետական կուսակցության տարածքային, կամ, այսպես ասած, վարկանիշային ցուցակները հրապարակելիս՝ Շիրակի մարզից թվարկեց ընդամենը 5 թեկնածուի անուն՝ ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանի, Մարտուն Գրիգորյանի, Արման Սահակյանի, Մուշեղ Պետոյանի ու Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանի: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ 13 թեկնածուներ կան Շիրակի մարզում, սակայն չընթերցեց մյուսների անունները: Նա, ըստ էության, առանձնացրեց կարևոր թեկնածուներին՝ նրանց կարծես տարանջատելով ՀՀԿ-ին ձայն բերողներից:

Aravot.am-ը դիմեց Շիրակի մարզի Հանրապետական կուսակցության  նախընտրական շտաբի պետ Սամվել Նիկոյանին՝ խնդրելով ցուցակը հրապարակել ամբողջապես: Սամվել Նիկոյանն անուն-ազգանունները հրապարակեց՝ ըստ այբբենական ցանկի:

Շիրակի մարզի ՀՀԿ տարածքային ցուցակի առաջին տեղում Ամիրբեկյան Սերգեյի անունն է, նա Շիրակի մարզի գազի գրասենյակի պետն է: Նկատենք, որ  վերջինս հայտնվել էր, այսպես ասած, երկու քարի արանքում՝ Վարդան Ղուկասյանի ու ՀՀԿ-ի. ՀՀԿ-ն մեկ որոշում էր հանել նրա թեկնածությունը, մեկ նորից ցուցակ էր մտցնում: Վերջին վայրկյանին փաստորեն առաջադրեցին նրա թեկնածությունը:

Բանն այն է, որ այդ նույն գազի գրասենյակում «Ծառուկյան» դաշինքով առաջադրվելու ցանկություն հայտնած Վարդան Ղուկասյանը ևս կարող է մեծ թվով ձայներ տանել, նրա  որդու ընկերներն ու ազգականներից ոմանք այնտեղ են աշխատում: Եվ որ ամենակարևորն է՝  Ղուկասյանները մեծ ազդեցություն ունեն Սերգեյ Ամիրբեկյանի վրա, ուստիև  այնքան էլ հեշտ չէր որոշում կայացնելը՝ Ղուկասյանին զիջե՞լ, թե՞ առաջադրվել ՀՀԿ-ին ձայներ բերելու համար: Նկատի ունենալով, որ այն մեծ կառույց է, մեծ թվով աշխատակիցներ կան, ՀՀԿ-ն վերջնականապես որոշեց առաջադրել Սերգեյ Ամիրբեկյանի թեկնածությունը:

Սամվել Նիկոյանի թվարկած 2-րդ թեկնածուն, ըստ այբբենական կարգի Ավետիսյան Սուքիասն է՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը:

3-րդը՝ Գասպարյան Վահանն է՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի տնօրենը:

4-րդը՝ Գասպարյան Վարդիթերն է՝ Ախուրիկ համայնքի ղեկավարը:

5-րդը՝ Աժ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Գրիգորյան Մարտունն է:

6-րդը ՝ Դավոյանը Սամսոնն է՝ Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենը:

7-րդը՝ Կարապետյան Լուսյան է՝ Գյումրու թիվ 11 դպրոցի անգլերենի ուսուցչուհին:

8-րդը՝ Հարությունյան Ջեմման է՝ Ամասիա համայնքի ղեկավարը: Նշենք, որ նա վերջերս է ընտրվել Ամասիայի խոշորացված համայնքների գյուղապետ, բավական մեծ լծակներ ունի շնորհիվ ամուսնու՝ «Աշոցքի-Ճանշինի» տնօրեն Մարսել Կարապետյանի: Կարապետյանների ընտանիքը մեծ ունեցվածքի տեր է, Կարապետյան եղբայրներին է պատկանում Շիրակի մարզում բավական թանկ գներով կաթնամթերք վաճառող «Բանդիվան» կաթնամթերքի գործարանը, եղբայրներից մեկն էլ Երեւանի «Անի» հյուրանոցի սեփականատերն է:

9-րդը՝ Մնացյան Ազգանուշն է, նա Ազատան գյուղի մանկապարտեզի վարիչն, ինչպես նաեւ դասախոսում է Գյումրու պետական համալսարանում:  Նա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ախուրյանի նստավայրի դատավոր Սուրեն Մնացյանի դուստրն է:

10-րդը՝  Պետոյան Մուշեղն է՝ Արթիկի ու Մարալիկի տարածաշրջանից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավորը, նա նախկին ԲՀԿ-ական է:

11-րդը՝ Սահակյան Արմանն է՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է,  Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի մոտ ընկերն է:

12-րդը՝ Ցոլակյան Ֆելիքսն է՝ Շիրակի մարզում մեծ հարգանք վայելող գեներալը, որը 2013-2016 թվականներին զբաղեցրեց Շիրակի մարզպետի պաշտոնը, այժմ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարն է:

13-րդը՝ Կարապետյան Հրայրն է՝ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նորանշանակ պետը, Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի սանիկն է:

Նշենք, որ այսօր հաստատվեցին Aravot.am-ի այն տեղեկությունները, թե Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին դուրս են հանել ՀՀԿ վարկանիշային ցուցակից: Նկատենք, սակայն, որ Բալասանյանները արդեն իսկ  բավական մեծ ծախսեր են արել Չինաստանում կրթված երիտասարդին ճանաչելի դարձնելու ուղղությամբ, բարեգործական համերգներ էին կազմակերպում, ծրագրեր ֆինանսավորվում Բալասանյան ընտանիքի բարեգործական հիմնադրամի հաշվին ու այս ամենը վճարովի հիմունքներով ցուցադրում տեղական հեռուստատեսություններով: Գյումրիում դեռ 2-3 ամիս առաջ առաջին նախընտրական գրասենյակը հենց Բալասանյանները հիմնեցին: Արդյոք թվարկված թեկնածուներից որևէ մեկը ընդգրկվա՞ծ է ՀՀԿ-ի համապետական ցուցակում, հարցրեցինք Սամվել Նիկոյանին: Նա ասաց, որ, այն դեռևս պատրաստ չէ, դրա մասին կխոսեն ավելի ուշ:

Նկատենք, որ Շիրակի մարզի վարկանիշային ցուցակից դուրս է հանվել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանի անունը: Նա Սուքիաս Ավետիսյանի մոտ ընկերն է ու այնքան էլ բարոյական չէր ընտրություններում նրա դեմ պայքարելը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Suluguni says:

    Չեմ հասկնա,թե նախագահը իրա փեսու ընկերոջը,ով Գյումրու համար հեչ բան չի էրել էլի Շիրակից պատգամավոր ընչի գուզե ընտրել տա?Այ քեզի բան:Էդ տեղ մի բառմ չի խոսացել,մե հարցմ շիրակցիների ու գյումրեցոնց համար չի էրել,բացի կաշառակերներին հովանավորելուց:Գոնե ըդիկ չանցնիր:Ափսոս Բալասի տղուն չթողին դներ:

  2. Օնիկ says:

    Իմ կարծիքով առաջին անգամ ՀՀԿ-ն մարզում հաղթելու է ի շնորհիվ Նունեի նշած հարգարժան մի անձի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728