Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակում ծայրահեղ վիճակ է. ջուր չկա, որ գյուղացիները դաշտերը ոռոգեն

Օգոստոս 08,2017 12:59

Ոռոգման ջրի խնդիրը մի շարք մարզերի գյուղատնտեսների կանգնեցրել է լուրջ խնդիրների առաջ: Այսօր այս մասին մտահոգություն հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: «Բլից ինֆո» մամուլի ակումբում պարոն Բերբերյանն ասաց, որ վերջին ամիսների բարձր ջերմաստիճանով պայմանավորված, գրեթե բոլոր մարզերում երաշտ է: Ըստ նրա, այդ առումով ծայրահեղ վիճակում է հատկապես Շիրակի մարզը:
«Հիմա փորձում են ժամանակացույցով ոռոգումը կատարել։ Գյուղացին այս օրերին կրկնակի է ոռոգում, քանի որ ջուրը անմիջապես գոլորշիանում է։ Սա բնականաբար կազդի բերքի վրա»,-ասաց պարոն Բերբերյանը` վստահեցնելով, որ ջրամբարներում ջրի լուրջ խնդիրներ կան:

Պարոն Բերբերյանի խոսքով. «Վերջին 5 տարին մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ունենք ջրամբարների խնդիր։ Չնայած հսկայական գումարներ ծախսվեցին ե’ւ Համաշխարհային բանկի ռեսուրսներից ե’ւ գերմանական վարկից, որպեսզի ջրամբարները լավ աշխատեն, սակայն ոչ մի փոփոխություն չկա»:
Հրաչ Բերբերյանը գտնում է, որ մեծ տնտեսություն ունեցող ֆերմերները կարող են ջուրը ոչ թե ՋՕՄ-երից վերցնել, այլ` միանգամից ՋՐԱՌ-ից գնել. «Գյուղացին, ֆերմերը ցանկանա, թե չցանկանա ՋՕՄ-ի միջոցով պետք է ոռոգում կատարի։ Մենք չենք ասում, որ ՋՕՄ–ը վատ աշխատող կառույց է, բայց պետք է ունենանք այլընտրանքային ոռոգման համակարգ։ Այսինքն`

եթե խոշոր ֆերմեր է, մեծ գյուղ է եւ նա ինքը կարող է ջուր վերցնել, այստեղ ի՞նչ կապ ունի ՋՕՄ–ը: Այժմ գյուղացին մեկ հեկտար կարտոֆիլի ոռոգման համար 16 հազար դրամ է վճարում, բայց իրական արժեքը պետք է լինի 8-11 հազար դրամ»:
Ըստ նրա, կարգով նախատեսված է, որպեսզի գյուղատնտեսը պարտադիր դառնա ՋՕՄ-ի անդամ, պայմանագիր կնքի եւ օգտվի նրանց ծառայությունից, քանի որ ՋՐԱՌ-ը ջուրը միայն վաճառում է ՋՕՄ-երին։

Ինչ վերաբերում է կաթիլային ոռոգմանը, ապա Հրաչ Բերբերյանը գտնում է, որ
կաթիլային համակարգին անցնելը դեռ բարեփոխում չէ, ինչպես փորձում են ներկայացնել կառավարության պաշտոնյաները։ Ըստ նրա՝ բարեփոխումներն այն ժամանակ արդյունավետ կլինեն, երբ ոռոգման համակարգի մենաշնորհն էլ վերացվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031