Արդարադատության նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ասում է, որ յուրաքանչյուր խորհրդարանական մեծամասնություն ունի վարչապետի մի քանի թեկնածու և իրենք էլ, երբ կգա ժամանակը, կորոշեն իրենց թեկնածուին՝ ըստ պետական շահից, զարգացման խնդիրներից, անվտանգության հեռանկարներից բխող տրամաբանության: Դավիթ Հարությունյանը ՀՀԿ-ում գործնականում միակն է, կամ եզակիներից, որ վարչապետի ապագա թեկնածուի մասին խոսելիս ոչ միայն չի տալիս Սերժ Սարգսյանի անունն անվերապահորեն, կամ առավելագույնը չի ասում, թե ժամանակը կգա՝ կորոշեն, այլ նաև խոսում է ըստ իրավիճակի որոշելու անհրաժեշտության մասին: Ինչով է պայմանավորված Հարությունյանի այդ «ազատությունը», միարժեք դժվար է ասել՝ գուցե փորձառությամբ, գուցե ազդեցությամբ, նրանով, որ ավելի ինքնուրույն է, քան մեծամասնության այլ ներկայացուցիչներ, կամ ավելի մոտ է Սերժ Սարգսյանին և գիտե խնդրի բուն վիճակը:
Հայաստանում շատ քչերն են կասկածի տակ դնում, որ Սերժ Սարգսյանը կարող է և իրապես չունենալ պատրաստի, հաստատված, կայացված որոշում և առաջնորդվելու է ըստ իրավիճակի, նպատակահարմարության, հնարավորության, և ըստ այդմ՝ միանգամայն հնարավոր է, որ չցանկանա առաջադրվել վարչապետի պաշտոնում: Միևնույն ժամանակ, դժվար է վիճարկել այն, որ Հայաստանի թիվ մեկ պաշտոնյայի, ընդհանրապես իշխանության դասավորության հարցը լոկ Հայաստանի հարց չէ, առավել ևս այն դեպքում, երբ չկա ընտրական ինստիտուտ, և հանրությունը չէ իր քվեով ազատորեն ձևավորում այդ իշխանությունը: Հայաստանն իր մասշտաբով, խնդիրներով, ներուժով, իր ինքնիշխանության աստիճանով, սուբյեկտիվ ու օբյեկտիվ մի շարք հանգամանքների բերումով ուղղակի ենթակա է համաշխարհային զարգացումներին և, եթե հատկապես չկա հանրային կարծիքի կամ քվեի դոմինանտություն, իշխանության ձևավորման հարցում ստիպված է հաշվի առնել ամեն մի մանրուք՝ միջազգային մասշտաբով մանրուքները Հայաստանի մասշտաբով դառնում են էական հանգամանքներ, նկատի առնելով նաև արտաքին քաղաքական ու անվտանգային բարդ խնդիրները, որ առկա են: Այդ պարագայում, ադեկվատությունը պահանջում է որևէ որոշում կայացնելու հարցում կամ ունենալ արտաքին ազդեցիկ ու անսասան մի հովանի, որը կերաշխավորի միջազգային անցուդարձի վճռորոշ ազդեցությունից առնվազն միջնաժամկետ հեռանկարի համար, կամ ունենալ որոշման, իշխանության ձևավորման բովանդակային և մեթոդական մի քանի պլան՝ անհրաժեշտն ու օպտիմալն ըստ տվյալ իրավիճակի գործի դնելու կամ կիրառելու համար:
Հայաստանը չունի այն ազդեցիկ հովանին, որը կերաշխավորի երկարաժամկետ որևէ կայուն իրավիճակ: Բանն այն չէ, որ աշխարհաքաղաքական իրավիճակը ներկայումս դինամիկ փոփոխության փուլում է: Բանն այն է, որ այդ փուլի, այսպես ասած, հիմնական թիրախը հենց այն սուբյեկտն է, որը եղել է կամ կա Հայաստանի այսպես ասած գլխավոր հովանին՝ Ռուսաստանը: Իսկ Ռուսաստանը ներկայումս ինքն իր համար չի կարող երաշխավորել ոչինչ, ավելորդ է թերևս ասել, որ չի կարող Հայաստանի համար: Ռուսաստանի շուրջ օղակը շարունակում է սեղմվել և այն ոչ միայն անխուսափելիորեն առաջացնելու է, այլ արդեն առաջացրել է ներռուսաստանյան ուշագրավ շարժեր և դրանք ունեն խորանալու միտում, հետևաբար այստեղ հարցն այն է, թե ինչ արդյունք կարձանագրվի՝ թե՛ միջանկյալ, թե՛ վերջնական իմաստով: Ըստ այդմ, Ռուսաստանը գուցե իր ազդեցության ուժով կարող է Հայաստանին որևէ որոշում առաջարկել, սակայն այդ որոշումը չի կարող լինել երաշխավորված, հետևաբար Հայաստանի իշխանությունը, Սերժ Սարգսյանն այդ հարցում կգնան մեծ ռիսկի, եթե ժամանակից շուտ ընդունեն այդ որոշումը կամ որոշում կայացնեն Ռուսաստանի հեղհեղուկ երաշխիքով:
ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում


















































