Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն իսկ կանխատեսումներ կան, որ նոր կարգը բերելու է շտապբուժօգնության կանչերի ավելացմանը. «Հայկական ժամանակ»

Փետրվար 23,2018 11:28

Այս տարվա մարտի մեկից Հայաստանում մի քանի հարյուր անուն դեղեր այլևս հնարավոր չի լինի ազատ գնել դեղատներից։ Այդ դեղերը կվաճառվեն միայն դեղատոմսերով։ Հետագայում միայն դեղատոմսերով վաճառվող դեղերի ցանկը ընդլայնվելու է։ Արդյունքում, այս տարվա հոկտեմբերի 1-ից Հայաստանում գրանցված դեղերի կեսից ավելին արդեն կվաճառվեն միայն դեղատոմսերով։ Գաղափարախոսությունը, անշուշտ, լավն է՝ մարդիկ իրենց բուժումը սկսելուց առաջ պետք է հետազոտվեն, բժիշկն էլ պետք է ախտորոշի հիվանդությունը եւ բուժում նշանակի ու դեղատոմս տա հիվանդին։ Հիանալի նախաձեռնություն է։ Բայց միայն տեսականորեն։ Այս գաղափարի գործնական ներդրումը, մեղմ ասած, այնքան էլ գեղեցիկ պատկեր չի ենթադրում։ Գործընթացը զուգորդվելու է տեխնիկական բնույթի բազմաթիվ խնդիրների եւ դեղերի թանկացման հետ։

Նախ՝ տեխնիկական բնույթի խնդիրների մասին։ Դեղատոմս ստանալու համար հիվանդը պետք է այցելի, օրինակ, պոլիկլինիկա։ Որքան է մեր պոլիկլինիկաների թողունակությունը՝ որքան մարդ կարող են ընդունել-ճանապարհել, որքան հերթեր կառաջանան, արդյոք լրացուցիչ աշխատողներով պետք է համալրվե՞ն դրանք… հարցեր են, որոնց պատասխանները առ այսօր դեռ չեն հնչել։ Առողջապահության ոլորտի պաշտոնյաները ընդամենը օդի մեջ հավաստիացնում են, որ այո՝ կարող են։

Եթե Երեւանում ու հանրապետության մյուս քաղաքներում բնակչությունը ապրում է կոմպակտ, և պոլիկլինիկան յուրաքանչյուր բնակչի համար գտնվում է մոտակաքում, ապա պարզ չէ, թե ինչպիսի խնդիրներ կառաջանան գյուղական բնակչության համար։ Գյուղի դեղատնից դեղ գնելու համար հիվանդը պետք է նախ մեկնի մոտակա քաղաք՝ այցելի պոլիկլինիկա, ստանա դեղատոմս, վերադառնա գյուղ ու գնի դեղը։ Ժամանակ, ճանապարհածախս և այլն։

Արդեն իսկ կանխատեսումներ կան, որ նոր կարգը բերելու է շտապբուժօգնության կանչերի ավելացմանը։ Որքան կբարձրանա շտապօգնության ծանրաբեռնվածությունը, որքանով այդ ծառայությունը կկարողանա դրա տակից դուրս գալ, առայժմ դժվար է ասել։

Ինչ վերաբերում է դեղորայքի գներին, ապա այս առումով ամեն ինչ ավելի պարզ է ու հստակ։ Դեղերը թանկանալու են, և դա ուղղակիորեն երեւում է նոր իրավիճակը կարգավորող փաստաթղթերից։ Բոլոր դեղատները ու բուժհիմնարկները պետք է միանան մեկ ցանցի։ Դա իրենից տեխնիկական որոշակի լուծումներ է պահանջում։ Բոլոր՝ նույնիսկ ամենափոքր գյուղական դեղատները պետք է ունենան որոշակի պարամետրերի համակարգիչ, այդ համակարգիչը պետք է միացված լինի Ինտերնետին, որի հզորությունը նշված է նորմատիվ փաստաթղթերում։ Դեղատան աշխատողը պետք է դեղագետ լինելուն զուգահեռ նաև տիրապետի համակարգչային որոշակի ծրագրերի, ունենա ID քարտ։

Դրանից բացի, նոր կարգով ներմուծվում է, այսպես կոչված՝ «Էլեկտրոնային դեղատոմս» հասկացությունը։ Հիվանդը պոլիկլինիկայում կամ այլ բուժհաստատությունում հետազոտվելուց հետո կարող է ստանալ այդ էլեկտրոնային դեղատոմսը։ Գաղափարն այն է, որ մոտենալով հանրապետության ցանկացած դեղատուն, կարող է ստանալ իր դեղը առանց տպագիր դեղատոմսի։ Նրա անունը եւ ստանալիք դեղը պետք է լինեն ինտերնետային համակարգում։ Ցանկացած այդպիսի դեղատոմսի սպասարկման արժեքը կազմում է մոտ 30 դրամ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728