Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ ադրբեջանցիների դեմ կռվել նաեւ բանակցային սեղանին». Քառօրյայի հերոս

Ապրիլ 04,2018 17:00 Share

Ապրիլյան պատերազմից 3 ամիս անց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ երեք ամսվա մեջ այնքան ինժեներատեխնիկական, սահմանների ծավալների ամրացման աշխատանք ենք կատարել, որ նախկին 20 տարում չէինք արել: Ոմանք նախարարի այս հայտարարությունը գնահատում են ոչ թե պարծենալու բան, այլ՝ խայտառակ խոստովանություն, որ 20 տարի մատը մատին իշխանությունը չի տվել: Այս առնչությամբ այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում մենք քառօրյայի հերոսներից հետաքրքրվեցինք, թե իրենք ինչպե՞ս են դա որակում:

Հարություն Բադալյանը պատասխանեց. «Պարոն Օհանյանի ժամանակահատվածում ինժեներական աշխատանքներ կատարվել են, ես ինքս այդ ժամանակ ծառայել եմ…Դուք այնպես մի պատկերացրեք, որ տարիներով ամեն օր պետք է ինժեներականն անեն, 20 տարվա մեջ էլ են արել, ես ինքս գնացել եմ դիրք, ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչ ծավալի աշխատանքներ են արվել: Դուք այնպես մի ընկալեք, որ դա խայտառակություն է, այդ տարիներին ոչինչ չի արվել եւ ընդամենը մի ամսվա ընթացքում է արվել, ուղղակի այնքան ուժ են ներդրել, որ կարողացել են այդ 20 տարվա տեղը սարքել»:

Շուլի Հակոբյանն էլ ասաց, որ «Սեյրան Օհանյանի խոսքը պետք է ճիշտ հասկանալ, մի պատկերացրեք, որ ոչինչ չի արվել, 3 ամսում հնարավոր չէ 25 տարվա ինժեներատեխնիկական աշխատանքներ իրականացնել, դա գործնականորեն, որպես ինժեներական գործի մասնակից նաեւ ասեմ, որ դա հնարավոր չէ: Այո, կան ինժեներական որոշ աշխատանքներ, որ ապրիլյանից հետո նկատվեց, որ պետք է արվեր, գործնականում չգիտեինք, որ սա այսպես արված է՝ ի՞նչ արդյունք է տալու: Բայց դրանք մասնավոր դեպքեր են, որովհետեւ հակառակորդը դիմեց այնպիսի գործողությունների ու խոցվեց այնպիսի տեխնիկայով եւ այնպիսի վիճակներում, որ պատմության մեջ էլ դա գրված չէր, հենց մեկը Մարկոսյան Նարեկի նռնակաձիգով ուղղաթիռ խոցելը, Մանուկյան Գեւորգի Իգլա զենիթահրթիռային համալիրով ՄԻ- 8 տրանսպորտային ուղղաթիռը խոցելը, որի մեջ հավանաբար կային 22 դեսանտային ուժեր՝ գնդապետի գլխավորությամբ: Մենք պետք է ոչ թե հետ նայեինք, որ գրքում այսպես է գրված, այսպես պետք է լինի, մենք հիմա ունենք իրողություն ու դրանից պետք է հետեւություններ անենք»:

 

ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն ասաց, որ Ադրբեջանը հպարտանում է իր դիվերսիոն ստորաբաժանումով՝ Յաշմայով. «Յաշման ապրիլյան օրերին ջախջախվեց Արցախում եւ նրան ջախջախողը զորակոչային տարիքի 18-20 տարեկան զինվորն էր: Հասկանո՞ւմ եք, Պակիստանում, Թուրքիայում հատուկ պատրաստություն տեսած ստորաբաժանում էր ու մեր հասարակ, պարզ, շարքային զինվորը, որն իր քաղաքացիական պարտքն էր կատարում 2 տարով, կարողացավ այդպիսի ստորաբաժանումը ջախջախել»:

Լրագրողները ապրիլյանի հերոսներից հետաքրքրվեցին, թե այս 2 տարվա մեջ ի՞նչ է փոխվել իրենց կյանքում: Ժորա Աֆրիկյանն ասաց, որ աշխարհայացքն ու կյանքի նկատմամբ պատկերացումներն են փոխվել. «Կռվից հետո ավելի ես արժեւորում կյանքի գինը, հայոց զինվորի դերն ու նշանակությունը մեր պետականության գործում»:

Նա շարունակ խոսում էր բանակից, սահմանից ու ոչ մի խոսք անձնականի մասին: Մինչդեռ, ինչպես հետո պարզվեց՝ քառօրյա պատերազմից հետո նա սիրած աղջկա հետ նշանվել է, պատրաստվում է ամուսնանալ: Նա նաեւ ուսման հարցում է որոշումը փոխել ու դիվանագիտություն է ուսումնասիրում. «Ուզում եմ ադրբեջանցիների դեմ կռվել նաեւ բանակցային սեղանին»:

Թե ինչպե՞ս է պատրաստվում նախ Ադրբեջանին բերել բանակցային սեղան՝ Հարություն Բադալյանը ընկերոջ փոխարեն պատասխանեց. «Բանակցային սեղա՞ն, մի երկիր, որն անընդհատ սուտ է խոսում, խաբում է, այդ երկրի ներկայացուցիչը՝ նախագահը, անընդհատ ստերով է իր երկիրը պահում, սուտ ելույթներ է ունենում, էդ երկիրն ապագա ունի՞, իհարկե՝ ոչ, էդ երկրի հետ ի՞նչ բանակցություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30