Լրահոս
Օրվա լրահոսը

Թատերաշրջանը չբացված՝ բոլոր ներկայացումների տոմսերը վաճառված են․ Գյումրու թատրոնի ֆենոմենը (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 18,2019 22:33

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում երկու օրից պաշտոնապես կբացվի 154-րդ թատերաշրջանը։ Այն կսկսվի Սամվել Կոսյանի «Կյանքը վանդակի կողքով» պիեսի ներկայացմամբ, որը բեմադրության հեղինակ Նիկոլայ Ծատուրյանն անվանափոխել է՝ դարձնելով «Թռիչք»։

Այսօր թատրոնի «Տանիքի տակ» կոչվող սենյակում մամուլի ասուլիս էին հրավիրել թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը, որն այս ներկայացման դերակատարներից է։

Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ բացի ստեղծագործական մասից, թատրոնում կատարվել է մեծ աշխատանք․ փոխվել է ամբողջ գորգածածկը, վերանորոգվել են դահլիճի նստարանները ու թեև դրանց թիվը 33-ով պակասել է՝ նախկին 648 նստատեղի փոխարեն դառնալով 615, սակայն դահլիճն ավելի հարմարավետ ու անվտանգ է դարձել։ Այն այսուհետ բաղկացած կլինի պարտերից ու ամֆիթատրոնից։ Փոխվել է նաև առաջին հարկի ճեմասրահը, թատրոնը բարելավել են նաև լուսային տեխնիկայով։

Տնօրենը տեղեկացրեց, որ թատերաշրջանը բացվում է երկու նոր առաջնախաղով և երկու նոր թատերական նախագծով։

«Սեպտեմբերի 20-ին և 22-ին կլինի առաջնախաղ, բացի «Թռիչք»-ից, սեպտեմբերի 25-ին նոր թատերական նախագիծ կլինի, որի մասին շատ առիթներ եմ ունեցել ասելու․ «Երկնագույն շան աչքերն» են, որտեղ երկու նոր դերակատարներ են ընդգրկված՝ Արսեն Միքայելյանը և հրավիրված դերասանուհի Իննա Խոջամիրյանը։ Մենք ավանդույթը շարունակում ենք, նաև «Թռիչքում» հրավիրված դերասան ունենք, մեր դերասանների հետ խաղում է Անի խաչիկյանը։

Մենք հավատարիմ ենք նաև մեր պատանի հանդիսատեսին, հոկտեմբերի սկզբին ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ պատանի հանդիսատեսին կներկայացնենք «Բուրատինոյի արկածները» երաժշտական հեքիաթ ներկայացումը»-, ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Լիբանանի թատրոնի հետ համագործակցության շրջանակում ծնվել է նոր ներկայացում` Արա Արզրունու «Բարև Ձեզ, պարոն Մաթեոս»-ն է, որը հոկտեմբերին կբեմադրվի Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմում, ռեժիսորը Հակոբ Տեր-Ղուկասյանն է։

Բանախոսը նաև ասաց, որ սեպտեմբերի 20-ի և 22-ի տոմսերն ամբողջությամբ վաճառված են, վաճառված են նաև սեպտեմբերի 25-ի, 28-ի և հոկտեմբերի 5-ի «Երկնագույն շան աչքերը» ներկայացման տոմսերը, ներկայացումները գալիս են դիտելու մայրաքաղաքից ու հանրապետության տարբեր շրջաններից։

«Թռիչքը» իր բեմադրաոճով մի քիչ տարբերվում է և տեխնիկական խնդիրներ են առաջ գալիս, մենք մտածում ենք՝ որտե՞ղ ենք խաղալու, ամեն թատրոն չի կարող այս ներկայացումը խաղալ․ բավականին մեծ աշխատանք է տարված դերասանների անվտանգության առումով․ իրենք թռչում են։ Կարծում եմ հանդիսատեսը կսիրի այս ներկայացումը, դերասանների համար էլ է հետաքրքիր, երբ նրանք խաղում են թռչունի դերը, խոսում մեր կյանքի ու մեր խնդիրների մասին։ Ես համոզված եմ, որ այս գործը դեռ երկար-երկար լինելու է թատրոնի խաղացանկում»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Նիկոլայ Ծատուրյանն էլ հավելեց, որ մեծ սպասումով ու սիրով է բեմադրել «Թռիչք» ներկայացումը․ այն սիրո և ազատության՝ վանդակից անակնկալ կերպով ազատության մեջ հայտնված թռչունների մասին է: Նա ասաց, որ իրեն երբեմն հարցնում են ՝ այն դրամա՞ է, կատակերգությու՞ն է, բայց այն այլաբանություն է։

«Չկա այդպիսի ժանր, բայց մենք ստեղծում ենք, էդ էլ Գյումրու թատրոնն է ստեղծում, ու քանի որ թռիչքի մասին է թռչունների մասին է, տեսնում եմ, թե բեմի բանվորները ոնց են աշխատում։

Դուք լավ գիտեք, որ այսօր հասարակությունն անընդհատ շերտավորվում է, տարբեր շերտեր կան․ մեկը քոչարյանական, էն մեկը չեմ իմանում՝ ինչական է, ինչ-որ մի մասը փաշինյանական է, ինչ-որ մի մասը կոմունիստական է։ Շերտավորումները միշտ սկսում են շատանալ, ես էլ միշտ գիտեմ, որ հեղափոխությունից հետո լինում է հակահեղափոխություն, դա կյանքն է ցույց տալիս, երբ որ անընդհատ այս պահերը կան շփումների, դրա համար էլ ես ասում եմ՝ այս ներկայացման մեջ կա թռիչք դեպի անորոշություն, բայց, այնուամենայնիվ, թռիչք է, ոչ թե վերադարձ դեպի վանդակ։ Հերիք է ապրենք վանդակի մեջ, էդ վանդակը բոլորիս մեջ նստած է, իմ մեջ էլ է նստած։Հիմա ազատություն եք չէ՞ ասում, էդ ազատությունը չենք ընկալում ինչ բան է։

Ինձ թվում է, որ ազատությունն այն է, երբ մեքենայով գնում ես, ամրագոտին չես գցում, ասում ես՝ ազատ եմ, օրենքս ո՞րն է, բայց օրենքը, որը ժողովուրդն է ստեղծում, այդ օրենքով պիտի շարժվել։ Եթե ազատությունը ընկալենք, որ ինձ համար լավ է, դա քիչ-քիչ դառնում է անարխիա, եթե իմ ազատությունը պիտի սահմանափակի դիմացինի ազատությունն, արդեն ազատություն չէ։ Դա չէ ազատությունը, և մենք ոնց որ առաջին դասարանից գնում, այբուբեն ենք սովորում, պետք է հիմա սովորենք՝ ինչ է ազատությունը, ինչ է անկախությունը։ Թվացյալ ազատությունը, թվացյալ անկախությունը վատ է, պետք է նորանանք, ազատությունը նորացում է նշանակում, մեր ուղեղը նոր ձևով պիտի աշխատի»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը։

Դերակատար Սամվել Գրիգորյանն էլ ասաց․ «Ներկայացումը շատ խորն է, ես համոզված եմ, որ գալու են ու տեսնելու են մի ներկայացում, որը տալու է մտածելու, խորհելու, վերանայելու, առաջ նայելու, ուրախանալու, տխրելու առիթ, սա սիրո և ազատության մասին է։

Իսկ արդյո՞ք յուրաքանչյուրս ճիշտ ենք ընկալում այդ ազատությունը, այն ազատությանը, որին մենք սովոր չենք և բեմում մի տեսակ սթրես ես տանում, երբ որ ասում են՝ դու ազատ ես, մենք չգիտենք՝ ի՞նչ է ազատությունը, ազատ ենք ո՞րն է։ Եվ այս սթրեսը տանում ենք մինչև ներկայացման ավարտը, ինչպես մենք տանում ենք կյանքում մեր կյանքի ավարտը։ Կուզենայի, որ այն ազատությունը, սերը, վեհ գաղափարները, որոնք ծնվում են մարդու միջոցով, կարողանայինք իրոք այդպես ապրել՝ սիրո, այդ ազատության գաղափարով, ինչպիսին որ մեր արյան մեջ կա, բայց, ցավոք սրտի,այդպես չէ։ Եվ ամբողջ իմաստն այդ տառապանքների, սթրեսների և այլ և այլն, ի վերջո, հասկանում ենք, որ ազատությունը շատ կարևոր է, և անձամբ իմ դերակատարը, որը կատեգորիկ դեմ էր այդ ազատությանը, չէր ուզում իր վանդակից դուրս գալ, ուզում էր մնալ ճաղերի մեջ, հասկանում է, որ չէ՝ սա չէ կյանքը, կյանքն ազատության մեջ է»։

Սամվել Գրիգորյանը նաև նշեց, որ 12 տարի տնօրեն է եղել այս թատրոնում, սակայն բացառիկ դեպք է, որ միանգամից 4 ներկայացմամբ թատերաշրջան է բացվում, այն էլ թատրոնի շենքի վերանորոգման ծանր աշխատանքների պայմաններում։

Ի դեպ, թատրոնի նախկին տնօրենը համոզված է, որ Հայաստանում հեղափոխությունը սկսվել է հենց Գյումրու թատրոնից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30