Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն Թրամփին է հայտնի, թե այդ պահին որքանով էր նպատակահարմար իրագործելու այդ սպանությունը

Հունվար 12,2020 22:00

Գաղտնիք չէ, որ արդեն տասնյակ տարիներ ի վեր ԱՄՆ-ի և Իրանի ջրերը մի առվով չեն հոսում: Կարծում եմ, նրանց կոնֆլիկտային հարթության վրա որոշակի այլ հարցերի կողքին, Թրամփի հինգշաբթի օրվա հայտարարությունն առ այն, որ Ղասեմ Սոլեյմանին փորձում էր պայթեցնել Իրաքում ԱՄՆ դեսպանատունը, լրիվ փաստեց այս ենթադրության հավաստիությունը: Ամեն դեպքում, եթե իրոք այդ վտանգը կախված էր ԱՄՆ դեսպանատան վրա, Թրամփին այլ ելք չէր մնում, քան Սոլեյմանին վերացնելը, սակայն միևնույն է, մեծ հաշվով, մեծ քաղաքական խաղերի շրջանակներում սա ընդամենն առիթ էր ԱՄՆ-ի կողմից պարտադրաբար նման քայլի դիմելու համար:

Արվածն ընդամենը լոկալ՝ կետային հարց էր, այնպես որ նրանց հարաբերություններում հիմնական հարցն ամեն դեպքում եղել և մնում էր Իրանի կողմից միջուկային զենքի արտադրության փորձերի առկայության վտանգը: Տարիներ շարունակ, մի շարք երկրներ, այդ թվում հատկապես ԱՄՆ-ը տեղեկություններ ունեին, որ Իրանը գիտական փորձերի անվան տակ գաղտնի փորձում էր միջուկային զենք ստեղծել, սակայն ԱՄՆ-ի բազմաթիվ հարցումներին Իրանը մշտապես պատասխանում էր, որ նման բան չկա ու իրենք ընդամենը իրենց գիտական լաբորատորիաներում զուտ գիտական աշխատանքներ են իրականացնում: Սակայն ԱՄՆ-ի հավատը նմանատիպ պատասխանի նկատմամբ այնքան զրոյական էր, որ բացի իր կողմից մշտապես գաղտնի հետախուզական ուսումնասիրություններ կատարելուց, մի շարք անգամներ հատուկ մասնագետներ ուղարկեց տեղում ուսումնասիրելու այդ լաբորատորիաները, որպեսզի լիովին համոզվի, իրոք դրանք գիտափորձեր են, թե իրականում դրանց անվան տակ Իրանը միջուկային զենքի արտադրության աշխատանքներ է իրականացնում: Եթե չեմ սխալվում, ԱՄՆ-ը այդ ստուգումների ընթացքում միջուկային զենքի արտադրության հետ կապված այդպես էլ կոնկրետ որևէ բան չգտավ:

Բնական է, որ միմյանց նկատմամբ նմանատիպ անվստահությունից հետո, նրանց հարաբերությունները չէին կարող բարեկամական լինել: Իրականում այդ հարաբերությունները ներքուստ թշնամական էին, իսկ արտաքուստ՝ լարված, քանզի այլ կերպ ուղղակի հնարավոր չէր ցուցադրել, որովհետև ամբողջ աշխարհը մշտապես ուշի-ուշով հետևել և հետևում է այդ երկու երկրների ամեն մի քայլին: Իսկ դա բնական է, քանզի խոսքը գնում է ոչ ավելի, ոչ պակաս, Իրանի նման հզոր պետության միջուկային զենք ունենալ-չունենալու մասին: Գերտերությունները, հատկապես ԱՄՆ-ը, որոնք արդեն շատ վաղուց միջուկային զենք ունեն, հստակ հասկանում են դրա անկառավարելիության վտանգավորությունը և բնական է, որ նմանատիպ հարցով նրանք չեն ցանկանա մեկ այլ պետության հետ ևս գործ ունենալ: Այլ խոսքով, բնական է, որ ԱՄՆ-ին բնավ ձեռնտու չէ ավելացնել դժվար կառավարելի երկրների թիվը, քանզի ակնհայտ է, որ միջուկային զենք ունեցող երկիրը շատ ավելի ինքնավստահ է լինում և մյուսների հետ համեմատած, բավականին դժվար է դառնում նրան կառավարելը:

Միայն Թրամփին է հայտնի, թե այդ պահին որքանով էր նպատակահարմար իրագործելու այդ սպանությունը և դրանից հետո որքանով էր պատրաստ դիմակայելու դրա հետևանքներին, որի պատճառով բառացիորեն երկու օրվա ընթացքում Իրաքում տեղակայված իրենց երկու ռազմաբազաների վրա ստացավ այնպիսի հարվածներ, որը ոչ մի արդարացում չի կարող ունենալ հասարակ ամերիկացու և իշխանական որոշ շրջանակների աչքում:

Իհարկե, հավանաբար Թրամփին և նեղ շրջանակի մի քանի հոգու էր իրականում հայտնի, թե Իրաքում տեղակայված դեսպանատնից բացի, ուրիշ էլ ինչ թիրախներ էր ընտրված Սոլեյմանի կողմից, որոնց վերաբերյալ ևս նա բարձրաձայնեց իր հայտարարության մեջ, որպեսզի ամերիկյան հասարակության և աշխարհի համար լսելի դարձնի այն ամենը, ինչ ծրագրում էր իրականացնել Սոլեյմանին, և որ ինքն այդ պարագայում այլընտրանք չուներ և չէր կարող ձեռքերը ծալած նստել:

Ինչպես Թրամփի հայտարարության տողատակերից պարզ դարձավ, նա այդ քայլին զուգահեռ, օգտվելով տեղի ունեցածից, փորձեց քաղաքական ավելի մեծ ռևերանսներ անել ու փորձեց մի շարք ավելի կարևոր հարցերի սկիզբ դնել, որոնցից ամենաառանցքայինը՝ արդեն տասնամյակներ ձգձգվող Վիլսոնի ծրագրի իրագործումն է. վերջապես ԱՄՆ-ին ձեռնտու Միջին Արևելք ձևավորելն իրականություն դարձնելը: Դրա վկայությունն է այն, որ այդ հայտարարությունից հետո Թրամփն ակնարկեց նաև, որ իրար փոխադարձ կծմծելուց հետո, հանուն մեծ նպատակի ԱՄՆ-ն ու Իրանը կարող են դաշնակիցներ դառնալ: Դա այնքան էլ վերացական ցանկություն չէ, քանզի Իրանը ևս կարող է մեծ զիջումների գնալ և հանուն այդ մեծ նպատակի, այդ երկու երկրները կարող են նաև դաշնակիցներ դառնալ:

Սակայն, բացառված չէ նաև, որ այս ամենին զուգահեռ, կողմերից մեկն ու մեկը կամ երկուսն էլ, այնպիսի չհիմնավորված քայլ անեն /ամենաթարմ օրինակը. Իրանի կողմից սխալմամբ ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի խոցումը/, որը հիմք դառնա նրանց միջև նոր լուրջ ընդհարման, որն էլ իր հերթին կարող է դառնալ 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբ:

Պետք է աշխարհի ողջ մարդկությունն աղոթի, որպեսզի Տերն այդ երկրներին հեռու պահի հերթական առճակատումից …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031