Լրահոս
Օրվա լրահոսը

Կա նաեւ անհատական մոտեցում

Հունվար 31,2020 10:00

20-րդ դարի ավստրիացի նշանավոր հոգեբան Վիկտոր Ֆրանկլը գրել է. «Ավելի հեշտ է բարձրացնել կամ նսեմացնել ցեղերը, քան գնահատել ամեն մի առանձին մարդուն»: Հոգեբանը, բնականաբար, նկատի ուներ ազգային խտրականության, ռասիզմի դրսեւորումները՝ ինչպես հայտնի է, նա մի քանի տարի անցկացրել էր նացիստական համակենտրոնացման ճամբարում:

Բայց Ֆրանկլի միտքը կիրառելի է նաեւ ցանկացած խմբի պարագայում: Եթե մարդն իրեն նույնականացնում է «լավերի», «սպիտակների» խմբի հետ, ապա դրա հաջորդ քայլը կարող է լինել «վատերին», «սեւերին» ինչ-որ ձեւով հետապնդելն ու պատժելը, ընդհուպ մինչեւ համակենտրոնացման ճամբար ուղարկելը: Եվ բացարձակապես կարեւոր չէ, թե ինչ անհատական առանձնահատկություններ ունի «սեւերի» այս կամ այն ներկայացուցիչը՝ դրանք այս դեպքում հաշվի չեն առնվում:

Եթե մեկն ասում է՝ «մենք՝ գերմանացիներս», «մենք՝ արիացիներս», «մենք՝ բանվորներս», «մենք՝ հետերոսեքսուալներս», «մենք՝ բոլշեւիկներս», «մենք՝ ակնոցավորներս», եւ այլն, ապա շատ հավանական է, որ նա թշնամական զգացմունքներ կունենա բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն մտնում «ոչ-մենք»-ի խմբի մեջ`անկախ նրանից, թե ինչ մարդկային կամ մասնագիտական արժանիքներ ունի այդ «ոչ-մենքի» ցանկացած ներկայացուցիչ: Զանգվածային հոգեբանության համար գոյություն ունի միայն «մենք»-ը եւ «ոչ-մենք»-ը, այդպես հեշտ է ապրել, կարելի է բազմաթիվ խրթին հարցեր շրջանցել ու ինչպես ասում են՝ «խելքին զոռ չտալ»:

Ամեն մի անհատի ընտրությունն է՝ տարալուծվել զանգվածի մեջ (միտումնավոր խուսափում եմ «ամբոխ» բառից, քանի որ այն իր մեջ բացասական երանգ է պարունակում), դրսեւորել տվյալ խմբում ընդունված վարք, արտաբերել այդ խմբի կարծրատիպերին համապատասխան դատողություններ, թե փորձել դրսեւորել անհատական մոտեցում: Երկրորդ պարագայում պետք է պատրաստ լինել, որ զանգվածները քեզ չեն «լայքի» եւ չեն «սրտիկի»:

2018-ի ապրիլին իշխանությունից հեռացածների եւ նրանց փոքրաթիվ համակիրների համար գոյություն ունի Նիկոլ Փաշինյանի թիմ («դավաճանները» մեջը), որի բոլոր անդամների ուշքն ու միտքն իրենց վատություն անելն ու ցավ պատճառելն է: Այդ թիմում նրանք հրաժարվում են տեսնել պետությանը նվիրված, պարկեշտ մարդկանց: Մյուս կողմից՝ Փաշինյանի բազմահազարանոց երկրպագուների համար գոյություն ունեն «մերոնք» եւ «թալանչիներ» ու բացարձակապես կարեւոր չէ, թե ով ինչով է զբաղվել հեղափոխությունից առաջ:

Հետաքրքիր է, որ կախված վարչապետի տրամադրությունից, զանգվածը կարող է հեշտությամբ «տեղափոխել» մարդկանց «սպիտակների» ճամբարից «սեւերի» դաշտ եւ հակառակը: Օրինակ, Արթուր Վանեցյանը սկզբից «սպիտակ» էր, հետո դարձավ «սեւ» եւ, հակառակը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մինչեւ 18 թվականի ապրիլը «սեւ» էր, բայց հետո «սպիտակեց»: Թե ինչպես էին այդ մարդիկ ծառայում պետությանը, ինչ գիտելիքներ ու հմտություններ ունեն, որոնք են նրանց իրական թերությունները՝ դա զանգվածի համար բացարձակապես կարեւոր չէ:

Զանգվածն ամեն տեղ նույնն է՝ այլ կերպ չի կարող լինել: Պարզապես անհրաժեշտ է ընդունել, որ լինում են նաեւ անհատական մարդկային դրսեւորումներ:

Հոդվածն ավարտեմ եւս մի մեջբերմամբ՝ ամերիկացի փիլիսոփա Հենրի Թորոյից. «Եթե մարդը բոլորի հետ համաքայլ չի քայլում, դա, հնարավոր է, այն պատճառով է, որ նա այլ թմբկահարի է լսում»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    նա թշնամական զգացմունքներ կունենա բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն մտնում «ոչ-մենք»-ի խմբի մեջ — նա թշնամական զգացմունքներ կունենա բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մտնում են «ոչ-մենք»-ի խմբի մեջ

  2. Հ.Շ. says:

    «Զանգվածն ամեն տեղ նույնն է»
    Ոչ ամէն տեղ: Իսկ մեծ քանակով բնակչութեամբ, կայացած երկիրների մէջ, մի զանգուածի դէմ ու դիմաց կը գոյանայ նշանակալից չափով մի այլ զանգուած, կրնան կազմուիլ նոյնիսկ մի քանի հակադիր զանգուածներ: Հայաստանի մէջ կայ միմիայն մէկ monolithic զանգուած (առաջին եւ այժմու վարչակարգերի ժամանակ՝ իշխանութեան ղեկավարող հմայուած, մէջտեղի ժամանակամիջոցին՝ կրաւորական), եւ դիմադրութեան անջատ բջիջներ: Կայացած երկիրների մէջ գոյութիւն ունի նաեւ իսկական ընդդիմութիւն: Հայաստանում, նախա-յեղաշրջական ընտրութիւնների ընդմէջէն, այդ ընդդիմութեան կերտումն էր Փաշինյանի ստանձնած առաքելութիւնը, մինչ դէպքերի բերումով, ինք է որ քանդեց ու խորտակեց նման մի բանի հեռանկարը անգամ, գոնէ տեսանելի ապագային համար: Մինչ փաստօրէն, այդ էր իր բացառեալ կոչումը:

  3. Ruben says:

    «Եթե մարդը բոլորի հետ համաքայլ չի քայլում, դա, հնարավոր է, այն պատճառով է, որ նա այլ թմբկահարի է լսում»:
    Ամերիկացի փիլիսոփա Հենրի Թորոյն էլ բան էր ասեց: Դե ամերիկացի է, այն էլ փիլիսոփա:
    Իսկ դուք լսե՞լ եք կամ կարո՞ղ եք պատկերացնել այլ տարբերակ, որ մարդը ոչ ոքի չի լսում և ինքն է անկախ թմբկահար:
    Թե՞ անպայման պետք է լինեն՝ հովիվներ, հոտեր և գառներ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031