Լրահոս
Օրվա լրահոսը

Թագավարակի տարածման, դատավարությունների հաճախակի ձգձգման ու նաև պարսկերենի թարգմանչի պակասի պատճառով շատացել է նաև իրանցի կալանավորների դժգոհությունը

Հուլիս 06,2020 10:30

Հայաստանում կալանված իրանցիները հիմնականում մեղադրվում են մաքսանենգ ճանապարհով թմրանյութ և հոգեմետ նյութեր երկիր բերելու ու նաև Հայաստանի վրայով արտահանելու համար. քիչ տոկոս են կազմում նաև այլ հանցատեսակները՝ ծանր հետևանքներով ավտովթար, խարդախություն և այլն:

Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով Հայաստանը հիմնականում արտահանձնում է իրանցի այն կալանավորներին, որոնց ազատազրկման դատական վճիռն արդեն օրինական ուժի մեջ է մտել (կալանավորի համաձայնությունը նախապայման է): Արտահանձնումն հիմնականում կատարվում է միակողմանի, քանի որ մինչ այժմ Իրանում կալանավորված Հայաստանի քաղաքացու դեպք մեզ հայտնի չէ: Անցնող հինգ տարվա ընթացքում մոտ քառասուն իրանցի կալանավոր է հանձնվել Իրանի իշխանություններին. այժմ Հայաստանում պահվում են մոտ 70 իրանցի կալանավոր, որոնցից տասը կին են:

Իրանական պաշտոնական աղբյուրների համաձայն, հարևան և հեռավոր երկրներում բանտարկված իրանցիների հիմնական հանցանքը թմրանյութի մաքսանենգ տեղափոխումն է: Այդ բանտարկյալների թիվը մոտենում է չորս հազարի, որոնց մեծ մասը բանտարկված են Թուրքիայում, Թուրքմենիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մալազիայում և Թայլանդում: Իրանի Արդարադատության նախարարության միջազգային հարաբերությունների բաժնի հաղորդման համաձայն՝ նախորդ երկու տարվա ընթացքում Թուրքմենիայից Իրանին է արտահանձնվել 283 կալանավոր, Վրաստանից՝ 101 (80 տղամարդ և 21 կին), Թայլանդից 54, Քուվեյթից 29, Ադրբեջանից 19 և չորս կալանավոր Հայաստանից: Այդ ընթացքում Իրանն արտահանձնել է չորս թուրքմեն և մեկ ադրբեջանցի կալանավոր: Իրանում բանտարկված արտասահմանցինը հիմնականում Աֆղանստանից են (հինգ հազար հոգի, ընդհ. թվի 92%-ը):

COVID- 19 համաճարակի պատճառով Իրանը նոր թափ հաղորդեց արտասահմանում կալանված իր քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու համար: Երևանում ևս Իրանի դեսպանն այս թեմայով քննարկումներ ունեցավ ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ: Անհամբեր են նաև այստեղ կալանված իրանցիները. դա ունի մի շարք պատճառներ՝ընտանիքից հեռու լինել, ֆինանսական և հոգեբանական հարցեր, բայց ամենակարևորը Հայաստանի դատարանների ծանր պատժաչափը: Իրանցի կալանավորները հույսով են հայրենիք վերադառնալով կպակասի նրանց ազատազրկման ժամկետը:

Վերջերս թագավարակի տարածման, դատավարությունների հաճախակի ձգձգման ու նաև պարսկերենի թարգմանչի պակասի պատճառով շատացել է նաև իրանցի կալանավորների դժգոհությունը: ՀՀ օրենքի համաձայն՝ հայ-իրանական Մեղրի անցակետում բացահայտված թմրանյութի մաքսանենգության գործը քննվում է պատկան մարզի, այսինքն` Սյունիքի դատարաններում ու պատկերացրեք կորոնավիրուսի պայմաններում կալանավորների և հատկապես պարսկուհիների Աբովյանի կանանց գաղութից Գորիս կամ Կապան փոխադրելու բարդությունները և դատախազների, փաստաբանների ու թարգմանիչների ներկայության ապահովումը: Որոշ գործեր ևս քննվում են Երևանում կամ հանցանքի բացահայտման այլ վայրերում:

«BBC persian»ն այս տարվա հունիսի 30-ին ցուցադրեց Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից ստացած մի տեսագրություն, որն ուղարկել էր իրանցի մի կալանավոր: Կալանավորը դժգոհում էր իրենց պահման պայմաններից և դատավարության ձգձգումներից ու հայտարարում է իրանցի 30 կալանավորի հացադուլի մասին:

تعدادی از ایرانیان زندانی در ارمنستان در اعتراض به وضعیت خود 'از ۲ تیر ۱۳۹۹ اعتصاب غذا کرده‌اند'آنها در پیام‌هایی که به بی‌بی‌سی فارسی فرستاده‌اند می‌گویند از بلاتکلیفی و شرایط سختی که دارند خسته شده‌ و دیگر طاقت ندارند.جزئیات بیشتر را در گزارش دیجیتال سیامک محیط‌زاده ببینید

Gepostet von ‎BBC News فارسی‎ am Dienstag, 30. Juni 2020

Հայաստանում Իրանի դեսպանության հյուպատոսության բաժինը հաջորդ օրն արձագանքեց Բի Բի Սի-ի լուրին և հայտնեց, որ իրանցի կալանավորների հարցը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում:

Իրանցի կալանավորների ազատազրկման վայրերում պահպանությունը ՀՀ կառավարության համար ծախսատար է, բայց միաժամանակ ունի զսպող հանգամանք. Հայաստանը, ինչպես նաև Իրանի մյուս հարևան երկրներն իրանցի մաքսանենգների հիմնական երթուղիներից են և այդ անձանց սև գործի հնարքները դեռ աստիճանաբար կատարելագործվում են: Մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրանյութ ներմուծած հանցագործները հիմնականում պահանջում են արագացված դատավարություն, ընդհանուր իրավասության դատարանի վճիռը չեն բողոքարկում, որպեսզի օր առաջ կարողանան արտահանձնվեն ու թերևս իրենց հայրենիքում պատժի մեղմացում ստանան: Որոշ դեպքերում ՀՀ դատախազությունն ինքն է բողոքարկում ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և ավելի ծանր պատժաչափ է պահանջում: Հայաստանի արդարադատության համակարգի դանդաղկոտության պատճառը գոնե մաքսանենգների դեպքում՝ թերևս հասարակության համար դրանց վտանգի բարձր աստիճանը զսպելու տրամաբանությունից է բխում:

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031