Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կինը ցանկանա, որ իրեն նկատեն, ապա իրեն կնկատեն տասնյակ այլ կանանց մեջ․ Քրիստինա Հովակիմյան

Սեպտեմբեր 02,2020 21:00

Aravot.am-ի «Ֆեմինի․ ամեն ինչ կանանց մասին և կանանց համար» նախագծի շրջանակներում Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասանուհի Քրիստինա Հովակիմյանի հետ զրուցել ենք կնոջը մշտապես հուզող թեմաների՝ գեղեցկության, վերջինիս անհատական ընկալման, խնամքի ու կնոջ գրավչության գաղտնիքների մասին։

-Սիրելի Քրիստինա, գեղեցկությունը կնոջ կյանքի կարևորագույն բաղադրամասն է, որը կարող է ամենատարբեր դրսևորումներ ունենալ՝ սկսած արտաքինի մասին հոգալուց մինչև, ասենք, ննջասենյակի կամ գրասենյակի ձևավորում։ Այն նաև սահմաններ ու ձևակերպումներ չճանաչող կատեգորիա է, ուստի շատ հետաքրքիր է գեղեցկության անհատական ընկալումը․ ինչպե՞ս եք դուք «սահմանում» կնոջ գեղեցկությունը։

-Ես այն մարդկանցից եմ, որոնց համար կանացի «ստերեոտիպային» գեղեցկությունը մի փոքր հասարակ է։ Ես փորձում եմ մարդուն ընկալել այնպիսին, ինչպիսին նա ծնվել է, բնության՝ իրեն պարգևած գեներով, փորձում եմ հենց այդտեղ փնտրել գեղեցկությունը։ Ինձ համար արտաքինն այնքան էլ կարևոր չէ․ ես տեսել եմ արտաքին՝ մեր պատկերացումներով, տգեղ կին, բայց ներքուստ էնքան պայծառ ու էնքան հետաքրքիր, որ իր հետ 5 րոպե զրույցից հետո նա ինձ համար ամենագեղեցիկ կինն է դարձել։ Բնական դիմագծերի կողմնակից եմ, բայց ինձ համար շատ կարևոր է կնոջ՝ խնամված լինելը։ Երբ կինը խնամված է լինում, նրան անհնարին է չնկատելը։ Իսկ խնամված է այն կինը, որն իր ցանկացած տարիքում գիտի, թե այդ պահին իրեն ինչ է հարկավոր՝ խնամքի ինչպիսի միջոցներ, հագուկապ, կամ անգամ պահվածք․․․ Նաև կնոջ գեղեցկության կարևոր բաղադրամաս եմ համարում տարիքի հետ հաշտ ապրելը․ թեև ասում են, որ կնոջից տարիք չեն հարցնում, բայց ինքս երբեք չեմ խուսափել իմ տարիքը հայտնելուց․ հիմա ես 44 տարեկան եմ և ընդունում եմ իմ տարիքն ու այն ամենն, ինչ ըստ այդմ կատարվում է ինձ հետ։ Իհարկե, շատ հաճելի է, երբ լսում ես՝ օ՜, ինչ փոքր ես երևում, բայց ես ուրախ եմ, որ ծնվել եմ հենց 44 տարի առաջ․․․

«Շունչը» կարճամետրաժ ֆիլմ, ռեժ․՝ Արշակ Զաքարյան

-Ասացիք, որ բնական դիմագծերը ձեզ ավելի գրավիչ են թվում, իսկ երբևէ չի՞ առաջացել գայթակղություն արտաքինը գեղեցկության ինչ-որ մի ստանդարտի մեջ տեղավորելու, մանավանդ հիմա, երբ վիրահատական ամենատարբեր միջամտությունների շնորհիվ կարելի է լիովին կերպարանափոխվել։

-Երբեք չէ, ստանդարտների մեջ՝ չէ, ընդհակառակը, օրինակ՝ եթե մի երաժշտություն բոլորը սիրում են, ուրեմն դա ինձ դժվար թե հետաքրքրի։ Գուցե իմ մեջ խոսում է հակադրվելու՝ մեծամասնության մեջ չլինելու մղումը, կամ գուցե մի ուրիշ հոգեվիճակ է դա։ Նույնը՝ արտաքինիս հետ․ ես ունեմ իմ ծնողներից ժառանգած արծվաքիթ, որից գուցե անցումային տարիքում՝ մոտ մի տարի մի փոքր ամաչել եմ․․․ Նույնիսկ կարող եմ մի դրվագ պատմել․ հիշում եմ, որ դեռահասության շրջանում այնքան էի բարդույթավորվում իմ պրոֆիլից, որ տրանսպորտում երբ հաճելի արտաքինով ինչ-որ տղա էր լինում, ես աշխատում էի այնպես կանգնել, որ իմ արծվաքիթը նա չտեսնի։ Սակայն դա շատ կարճ տևեց, հետո ես իմ պրոֆիլի հետ հարմարվեցի, ասացի՝ սա իմ քիթն է, իմ պապան էլ, իմ մաման էլ ունեցել են այդ քիթը, և ես այն կրելու եմ․․․ Երբ պարզվեց, որ ունեմ քթի միջնապատի հետ կապված խնդիր, որը ենթակա է վիրահատության, և այս դեպքում գուցե և պլաստիկայի անհրաժեշտություն առաջանա, ես խուսափեցի գնալ այդ քայլին, քանի որ վախենում եմ, որ այդ դեպքում կարող եմ կորցնել իմ հայացքը, ինքս ինձ չճանաչել հայելու մեջ։

«Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմ, ռեժ․՝ Մհեր Մկրտչյան

– Այսինքն, ձեզ վախեցնում է այն, որ արտաքին փոփոխությունը կարող է ազդել ձեր դերասանական խա՞ղի վրա։

-Չեմ կարծում, որ ազդում է, քանի որ հիմա Հայաստանում էլ կան շատ դերասանուհիներ, որոնք արել են պլաստիկ վիրահատություններ, և դրանից իրենց խաղը չի փոխվել։ Ավելին ասեմ՝ այն մարդիկ, որոնց դա խանգարում է իրենց կյանքում, չեն կարողանում հաղթահարել արտաքինի հետ կապված բարդույթները, պետք է դիմեն մասնագետներին, քանի որ դրանով ձերբազատվում են շատ ու շատ կոմպլեքսներից և իրենց այլ ձևով են դրսևորում։ Եթե մարդն անդադար իր ողջ կյանքում պետք է դրանից նեղվի, առավել ևս եթե դերասան կամ արվեստագետ է ու անընդհատ ուշադրության կենտրոնում է գտնվում, պատկերավոր ասած՝ մերկ է ներկայանում հանդիսատեսի առջև, ուրեմն պետք է դիմի այդ փոփոխություններին։ Եթե, իհարկե, կրկնում եմ, չի կարողանում հաղթահարել հոգեբանական այդ սահմանը։

Այստեղ, իհարկե, կան նրբություններ, մասնագիտական վարպետության հարցը, քանի որ պետք է հաշվի առնել դիմագծերի առանձնահատկությունները։ Օրինակ իմ մայրիկը 20 տարեկանում դիմել է պլաստիկ վիրահատության՝ Վրաստանում, և նրան չճանաչող մարդիկ չէին էլ կարող մտածել, որ մայրիկիս արտաքինի մեջ ինչ-որ փոփոխություն է արված։ Քթի վիրահատությունն ուղղակի այն փոքրացնելը չէ, դա ոսկերչական աշխատանքի նման մի բան է։ Հիմա, օրինակ, քթի վիրահատություններ կան, որոնք տեսնելով, արդեն հասկանում ես, թե որ բժշկի ձեռքի գործն է։

«Անունը», ռեժ․՝ Նարինե Մալյան

-Բեմում որքանո՞վ է կարևոր արտաքին գրավչությունը։

-Բեմում ես երբեք չեմ սևեռվում իմ արտաքինի վրա․ շատ հաճախ եմ ներկայանում դժվար, անհարմար վիճակներում՝ սկսած հագուստից, կոշիկից և այլն, սակայն այդ ամենը շատ օգնում է իմ կերպարին։
Եվ կարող եմ խորհուրդ տալ սկսնակ դերասանուհիներին՝ երբեք չսևեռվել սեփական արտաքինի վրա՝ բեմում․ երբ դերասանուհին կենտրոնանում է իր արտաքինի վրա, ինձ համար դա անընդունելի է։ Բեմում պետք է գրավես քո խաղով, քո՝ կերպարի մատուցմամբ, և այստեղ արտաքինն այնքան էլ կարևոր չէ․ բեմը միայն գեղեցիկ երևալու համար չէ․․․ Դու կարող ես ներկայացնել ամենատարբեր կերպարներ՝ այդպիսով հասկանալով նաև քո հնարավորությունների սահմանները, փորձելով հաղթահարել դժվարությունները, ու այդ հարցում ես փորձում եմ մաքսիմալ ազնիվ լինել ու ոչ մի տոկոս չխնայել ինձ։

«Սիրելի Պամելա», ռեժ․՝ Նարինե Մալյան

-Իսկ կարո՞ղ եք հիշել ամենականացի կերպարը, որով ներկայացել եք թատրոնում։

-Առանց երկար մտածելու հիշեցի Վիլյամ Սարոյանի «Պատմություններ գնացքում» ներկայացումը, որտեղ խաղում եմ 30-50-ական թթ․-ի մի կերպար, որը ներկայացման մեջ հայտնվեց Նարինե Մալյանի հետաքրքիր մտահղացմամբ։ Ինձ համար այդ կերպարը չափազանց կանացի էր՝ սկսած քայլվածքից, իր ֆլիրտային բնույթով, մի խոսքով՝ ամբողջովին կին։ Ներկայացման մեջ այդ կերպարն անխոս էր ու փոքր, միևնույն ժամանակ՝ շատ խոսուն․․․ Այդ դերի համար էլ արժանացել եմ «Արտավազդ» մրցանակի։

«Պատմություններ գնացքում», ռեժ․՝ Նարինե Մալյան

-Իսկ եթե ճանապարհորդենք ժամանակի մեջ՝ ո՞ր ժամանակաշրջանի կանանց գեղեցկությունն է ձեզ առավել հետաքրքիր թվում։

-Ես դժվարանում եմ կոնկրետ ժամանակաշրջան առանձնացնել, քանի որ երևի միշտ էլ կինը մնում է կին և շատ քիչ բան է փոխվում իր էության մեջ։
Սակայն հիշեցի, որ շատ տարիներ առաջ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, երբ ինձ առաջին անգամ տեսավ, ինձ անվանեց Վերածնունդ․․․ Հետո շատ առիթներով ենք մենք հանդիպել, բայց ինքը միշտ ինձ հիշում էր Վերածնունդ անվամբ, հավանաբար ես իրեն ինչ-որ բանով հիշեցնում էի այդ ժամանակաշրջանը․․․

Մալյան թատերախումբ

-Խոսե՞նք գեղեցկության պահպանման կարևոր բաղադրամասից՝ խնամքից։

-Ես շատ ուշադիր եմ դեմքի հետ կապված խնամքին։ Ի դեպ, շատ բաներ ինձ հենց մամաս է սովորեցրել, որը, հիշում եմ, ինձ ասում էր, որ պետք չէ դեմքը օճառով լվանալ, այլ՝ հատուկ հեղուկով։ Կան բաներ, որոնք պարտադիր են ամեն օրվա համար․ առավոտյան անպայման տոնավորում եմ մաշկս, տանից դուրս գալուց առաջ պարտադիր օգտագործում եմ արևապաշտպան քսուք, իսկ խնամքի համար նախընտրում եմ դեմքը սնուցող կրեմներ, ինչպես նաև՝ աչքերի շրջանի համար նախատեսված կրեմներ։ Որպես խնամքի պարտադիր կանոն կարող եմ նշել, որ որքան էլ հոգնած լինեմ՝ գիշերը քնելուց առաջ միշտ պետք է մաքրեմ դեմքս, ու կարևոր չէ՝ կա դիմահարդարում, թատերական գրիմ, թե ոչ։ Նշեմ, որ առօրյայում դիմահարդարում գրեթե չեմ անում։ Իսկ եթե կինոյում կամ թատրոնում ինտենսիվ աշխատելու դեպքում դեմքս ծանրաբեռնվում է, օգտագործում եմ բնական յուղեր։

Իհարկե, իմ հիշողություններում գեղեցկությանն ու խնամքին վերաբերող լավագույն հուշերս կապված են մայրիկիս հետ, երբ որ միասին վարունգի կեղևներով դիմակներ էինք դնում, կամ նման բաներ․․․
Ես շատ բաներ ես նրանից եմ սովորել, այդ թվում՝ արտաքինի, ոճի հետ կապված։ Մայրս և՛ շատ գեղեցիկ էր, և՛ շատ հետևողական, բայց ի տարբերություն ինձ, մայրիկս առանց դիմահարդարման երբեք դուրս չէր գալիս, ես չգիտեմ՝ դա սերունդի հա՞րց էր․․․ Ես կարծում եմ, որ երբ որ ժամանակ առ ժամանակ ես ընդգծված դիմահարդարում անում, դա ավելի նկատելի է, ու ավելի շատ հաճոյախոսությունների ես արժանանում։

Քրիստինա Հովակիմյանի մայրիկը՝ դերասանուհի Սառա Համբարձումյան

-Իսկ կա՞ դիմահարդարման կամ խնամքի մի միջոց, առանց որի «չեք կարող ապրել»։

-Ես ունեմ մի թուլություն՝ շրթներկը։ Հիմա՝ անգամ դիմակի տակից ես շրթներկ եմ քսում․․․ Առանց շրթներկ ես դուրս չեմ գալիս․ դա և՛ շրթունքներս է պաշտպանում, և՛ ես ինձ ավելի ինքնավստահ եմ զգում․․․ կարելի է ասել, շրթներկը իմ ամենօրյա դիմահարդարման միակ բաղադրիչն է։

-Ձեր ներկայացումները դիտելիս անհնար է չնկատել ձեր հրաշալի մարզավիճակը․ դա հատուկ պարապմունքների՞ արդյունք է։

-Ես պարզապես ավարտել եմ Երևանի թատերական ինստիտուտի մնջախաղի բաժինը՝ Ստեփան Շահինյանի կուրսը, և էն աշխատանքը, որը մենք տանում էինք մարմնի վրա, ոչ մի ուրիշ բաժին չէր անում, և այն, ինչ սովորել եմ այդ տարիներին, ինձ շատ է օգնում։ Ասեմ, որ ավելի ճկուն ու պլաստիկ դառնալն ինձ համար մարտահրավեր էր դեռ մանկուց, երբ ինձ տարան պարի ընդունելու, բայց ինձ չընդունեցին՝ ասելով, որ ճկուն չեմ․․․ Թատերական ինստիտուտում ես կարողացա հաղթահարել նաև այդ բարդույթը։

«Չտեսնված ներկայացում»՝ նվիրված Մալյան թատրոնի 35-ամյակին

-Իսկ հագուստի հարցում ինչպիսի ոճ եք նախընտրո՞ւմ։

Ես ավելի սպորտային, ազատ ոճ եմ սիրում, առօրյայում նախընտրում եմ այնպիսի հագուստ, որը ոչ մի կերպ չի կաշկանդի իմ շարժումները։ Թեև նշեմ, որ երբ Ֆրանսիայում էի աշխատում, այնտեղ ինձ բազմիցս ասում էին, որ իմ ոճը տարբերվում է դասականի ու սպորտայինի հետաքրքիր համադրությամբ։ Ես սիրում եմ կանացի էլեմենտներով համեմել իմ ոճը, ու չեմ վախենում խենթություններից։
Օրինակ՝ 20 տարեկանում ես ընկերուհուս հետ որոշեցի ու ամբողջովին սափրեցի գլուխս, ու հատկապես այդ շրջանում հագնում էի խիստ կանացի զգեստներ․ ինձ շատ էր դուր գալիս այդ կոնտրաստը՝ սափրած գլխի ու կանացի հագուստի։

«Կարոտ», ռեժ․՝ Նարինե Մալյան

-Եվ վերջին հարցը՝ կինն ո՞ւմ համար է զուգվում-զարդարվում։

Ես առաջինն ինքս ինձ պետք է դուր գամ, թեև չեմ կարող բոլոր կանանց անունից խոսել, բայց եթե կինն ինքն իրեն դուր գա, լինի օրգանական իր կերպարի, իր հագուկապի մեջ, կարծում եմ, որ դա կգրավի դիմացինին՝ լինի կին, թե տղամարդ։
Անկեղծ ասած՝ ես իմ մասնագիտությանն անհամապատասխան բնավորություն ունեմ, սիրում եմ առօրյա կյանքում լինել աննկատ, բայց բեմում ես կարող եմ լինել ամենաանհավանական ու անսպասելի մեկը, որը կարող է գրավել բոլորի ուշադրությունը։ Եվ անգամ շատ փոքր դերը եթե այն ցանկությամբ խաղամ, որ դա բոլորը նկատեն, ապա բոլորը կնկատեն․․․ Կարծում եմ՝ կյանքում էլ է այդպես․ եթե կինը ցանկանա, որ իրեն տեսնեն, ապա իրեն կտեսնեն անգամ տասնյակ այլ կանանց մեջ․․․

 

Հարցազրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930