Համաշխարհային բանկի կողմից մայիսին հրապարակված Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը
- Տնտեսական աճի տեմպը մարտին նվազեց մինչև 6.6 տոկոս (տ/տ)` հիմնականում պայմանավորված թեթև արդյունաբերության ոլորտում աճի հապաղմամբ:
- Գնաճը շարունակեց ավելանալ` ապրիլին հասնելով 5.3 տոկոսի` հիմնականում պայմանավորված սննդամթերքի գներով:
- Մարտին արտահանումն ու ներմուծումը կրճատվեց` մասամբ պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման նվազմամբ բարձր բազայից:
- Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն ավելացել են 7 տոկոսով (տ/տ):
Մարտին գրանցվել է բյուջեի պակասուրդ, որը համարժեք է կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 0.1 տոկոսին, սակայն 2026 թ. առաջին եռամսյակի հաշվեկշռում գրանցվել է ՀՆԱ-ի 0.5 տոկոս հավելուրդ:
Մարտին տնտեսական ակտիվությունը չափավորվել է` փետրվարի 7.2 տոկոսից (տ/տ) հասնելով 6.6 տոկոսի (տ/տ) մարտին: Աճը հիմնականում պայմանավորված էր կառուցապատման կայուն ակտիվությամբ` մինչև 24 տոկոս (տ/տ), իսկ արդյունաբերության աճի տեմպը դանդաղեց մինչև 7 տոկոս (տ/տ)` նախորդ ամիս գրանցած աննախադեպ երկնիշ աճից հետո: Այս հապաղումն արտացոլում էր մշակվող արդյունաբերությունում աճի կտրուկ անկումը փետրվարի 23.8 տոկոսից (տ/տ) մինչև 1.3 տոկոս` մարտին, ինչը պայմանավորված էր ոչ թանկաժեք մետաղների և սննդամթերքի արտադրության ավելի ցածր ծավալներով: Հանքարդյունաբերության ոլորտի թողարկումը շարունակեց աճել 28 տոկոս բարձր տեմպով (տ/տ), ինչը մեծապես արտացոլում է ցածր բազային էֆեկտը: 2026 թ. առաջին եռամսյակի հանրագումարային արդյունքներով` տնտեսական աճի տեմպն ավելացել է 7.1 տոկոսով (տ/տ)` 2025 թ. առաջին եռամսյակի 4.1 (տ/տ) համեմատ, ինչը վկայում է կայուն աճի մասին` չնայած ավելի բարձր անորոշությանը:
Գնաճը շարունակեց ավելանալ Մերձավոր Արևելքում հակամարտության և մատակարարման շղթաներում առաջացած լարվածության ֆոնին: Ապրիլին գնաճն ավելացավ` հասնելով 5.3 տոկոսի (տ/տ) և 1.3 տոկոսի (ա/ա)` պայմանավորված սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների 9.5 տոկոս բարձրացմամբ (տ/տ), ինչը նպաստեց գնաճի 70.3 տոկոսին տարեկան կտրվածքով: Սրան հաջորդում են ալկոհոլային խմիչքները և առողջապահական ծառայությունների արժեքների գնաճը (համապատասխանաբար` 7.7 և 4.2 տոկոս): Տրանսպորտի ոլորտում շարունակվել է չափավոր գնաճը` 2 տոկոս մակարդակում (տ/տ), որին նպաստել է բենզինի գնի 7 տոկոս իջեցումը Ադրբեջանից վառելիքի ներկրումները բացելուց հետո: 2026 թ. մայիսի 5-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ 6.5 տոկոս, չնայած գնաճի ավելացմանը մեծացող անորոշության պայմաններում:
Կարդացեք նաև
Մարտին արտահանման և ներմուծման ծավալները կրճատվեցին համապատասխանաբար 12.6 և 3.2 տոկոսով (տ/տ)` հաջորդելով փետրվարի կայուն աճին: Արտահանման ծավալները նվազեցին 12.6 տոկոսով (տ/տ)` հիմնականում պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մեքենասարքավորումների ոլորտներում արտահանման, համապատասխանաբար, 52 (տ/տ) և 39 տոկոս (տ/տ) անկմամբ: Այս ոլորտները 2022 թվականից եղել են վերաարտահանման երկու հիմնական ուղղությունները` հանդիսանալով արտահանման հոսքերի շարունակական նորմալացման ազդակ: Այս երկու ոլորտները չհաշված` ընդհանուր արտահանումն ընդլայնվել է 33.6 տոկոսով (տ/տ)` պայմանավորված օգտակար հանածոներով և պատրաստի պարենային արտադրանքով: Ներմուծումը ևս կրճատվել է 3.2 տոկոսով (տ/տ), ինչը պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի 62 տոկոս կրճատմամբ (տ/տ): Սա մասամբ հավասարակշռվել է պատրաստի պարենային արտադրանքի (մինչև 60.6 տոկոս, տ/տ) և օգտակար հանածոների (մինչև 31 տոկոս, տ/տ) ներմուծման ծավալների ավելացմամբ: 2026 թ. առաջին եռամսյակում առևտրի պակասուրդն աճեց 4.7 տոկոսով (տ/տ): Զբոսաշրջային ժամանումների թիվը շարունակեց ավելանալ` ավելանալով 39 տոկոսով (տ/տ) ապրիլին և 34 տոկոս (տ/տ) 2026 թ. հունվար-ապրիլ ժամանակամիջոցում:
Մարտին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն ավելացան 11.7 տոկոսով (տ/տ)` հաջորդելով փետրվարի 5.2 տոկոս աճին (տ/տ): Սա հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանից զուտ ներհոսքերի 17.5 տոկոս (տ/տ) (որը կազմել է ընդհանուր զուտ ներհոսքերի 53 տոկոսը) և այլ երկրներից ներհոսքերի 27 տոկոս (տ/տ) աճով: ԱՄՆ-ից զուտ ներհոսքերն աճել են աննշան` 0.8 տոկոս (տ/տ)` հաջորդելով նախորդ ամսվա 74.5 տոկոս (տ/տ) նվազմանը:
Դրամը շարունակեց արժևորվել ԱՄՆ դոլարի նկատմամբ: Ապրիլին ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվեց աննշան` 0.8 տոկոսով (ա/ա), իսկ եվրոյի նկատմամբ արժեզրկվեց 0.4 տոկոսով (տ/տ): Տարվա կտրվածքով` ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ իր դիրքերն ամրապնդել է 4.2 տոկոսով (տ/տ), սակայն ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 3.6 տոկոսով (տ/տ):
Ֆինանսական համակարգի ցուցանիշները մնացել են կայուն: Կապիտալի համարժեքության գործակիցը բարձրացել է հասնելով 20.5 տոկոսի, իսկ չաշխատող վարկերի ցուցանիշը փոքր ինչ աճել է` հասնելով 1.4 տոկոսի, անցած հինգ ամիսներին 1.3 տոկոսիի մակարդակում մնալուց հետո: Մարտին առևտրային բանկերում ավանդները աճել են 2.2 տոկոսով (տ/տ), իսկ վարկերը աճել են 1.6 տոկոսով (ա/ա): Փոխարժեքով ճշգրտված տարեկան աճը բոլոր ավանդների մասով աննշան ավելացել է` հասնելով 17.8 տոկոսի (տ/տ), իսկ վարկավորման կայուն աճը չափավորվել է մինչև 23.4 տոկոս (տ/տ):
Մարտին գրանցվել է բյուջեի ընդհանուր պակասուրդ, որը համարժեք է տարեկան կանխատեսված ՀՆԱ-ի 0.1 տոկոսին: Մարտին ընդհանուր հարկային մուտքերն ու դրամաշնորհներն անվանական արտահայտությամբ ավելացել են 16.7 տոկոսով (տ/տ): Հարկային եկամուտները զգալիորեն ավելացել են 21.3 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված բնապահպանական հարկերի ուժեղ հավաքագրմամբ (ավելի քան 12 անգամ աճ՝ նախորդ տարվա անկումից հետո), եկամտային հարկերով (10.3 տոկոս աճ, տ/տ), պետական տուրքերի հավաքագրմամբ (50.9 տոկոս աճ, տ/տ) և ԱԱՀ-ով (4.5 տոկոս աճ, տ/տ): Բյուջեի ընդհանուր ծախսերը կրճատվել են 1.3 տոկոսով (տ/տ), ինչը պայմանավորված է կապիտալ ծախսերի 24 տոկոս (տ/տ) կրճատմամբ, որը հիմնականում պայմանավորված է պաշտպանության ոլորտում ավելի ցածր ծախսերով: Բյուջեի ընթացիկ ծախսերն ավելացել են չափավոր` 2.1 տոկոսով, սակայն դա չեզոքացվել է սոցիալական նպաստների նվազմամբ (8.3 տոկոս նվազում, տ/տ): 2026 թվականին համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրումից հետո մարտին կտրուկ ավելացել են ֆունկցիոնալ դասակարգման վրա հիմնված առողջապահական ծախսերը, որոնք հիմնականում ընթացիկ ծախսեր են (աճ՝ 2.5 անգամ)։ 2026 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է ընդհանուր բյուջեի հավելուրդ, որը համարժեք է գնահատված տարեկան ՀՆԱ-ի 0.5 տոկոսին՝ ի տարբերություն տվյալ ժամանակահատվածի համար բյուջեով նախատեսված` ՀՆԱ-ի 1.7 տոկոս պակասուրդի:
| Գծապատկեր 1. Տնտեսական աճի տեմպը չափավորվեց մարտին` հասնելով 6.6 տոկոսի | Գծապատկեր 2. Զբոսաշրջային ժամանումները շարունակել են կտրուկ ավելանալ 2026 թ. | |
| (Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքս, փոփոխությունը տ/տ, %) | (հազար զբոսաշրջիկ) | |
| Աղբյուրը` Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե | Աղբյուրը` Զբոսաշրջության կոմիտե | |
| Գծապատկեր 3. Ապրիլին գնաճն արագացավ` պայմանավորված պարենային ապրանքների գներով | Գծապատկեր 4. Արտահանման ծավալները կրճատվեցին մարտին` պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման նվազմամբ | |
| (ՍԳՀ գնաճ, տ/տ փոփոխություն, %) | (միլիարդ ԱՄՆ դոլար) | |
| Աղբյուրը` ՀՀ ԿԲ | Աղբյուրը` Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե | |
| Գծապատկեր 5. Մարտին ավանդների աճը աննշան ավելացել է, իսկ վարկավորման աճը` չափավորվել | Գծապատկեր 6. 2026 թ. 1-ին եռամսյակում գրանցվել է կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 0.5 տոկոսին համարժեք հավելուրդ | |
| (տոկոս, տ/տ, փոխարժեքով ճշգրտված) | (միլիարդ ՀՀ դրամ) | |
| Աղբյուրը` ՀՀ ԿԲ | Աղբյուրը` Ֆինանսների նախարարություն | |


















































