Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական կլանող քաղաքականությունը հարեւան Վրաստանում

Սեպտեմբեր 02,2020 12:00

Ուշագրավ դիտարկումներ՝ Աջարիայի վերաբերյալ

Վերջին 10-15 տարիներին բավական ակտիվ քննարկվում է թուրքական գործոնի մեծացման փաստը՝ հարեւան Վրաստանում, հատկապես՝ Աջարիայում: Մասնավորապես, ամռան ամիսներին հայաստանցի զբոսաշրջիկների համար թուրքական ներկայությունը Բաթումիում եւ Վրաստանի ծովափնյա քաղաքներում վաղուց արդեն ակնառու է:

Վերջերս Region Monitor-ը ուշագրավ հոդված էր հրապարակել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Վրաստանում հետեւողականորեն տարվող ազդեցության ընդլայնման քաղաքականության թեմայով: Հոդվածում նշվում է, որ՝ «շրջանի նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեն խոչընդոտում էր Թուրքիայի ներթափանցումը տարածաշրջան՝ հեռատեսորեն համարելով, որ նրան 1 մետր հող վաճառելը հավասարազոր է ամբողջ Աջարիայի կորստին: Սակայն նրա հեռանալուց հետո իրավիճակը արմատապես փոխվեց»:

Աջարիայում մեծ ներկայություն ունի թուրքական կապիտալը. Թուրքիան մեծ ներդրումներ է իրականացնում, թուրքերը արձակուրդներն անց են կացնում Աջարիայի ծովափնյա քաղաքներում, հիմնականում՝ Բաթումիում: Բայց սա ամենը չէ: Հոդվածում նշվում է, որ վրացական բիզնեսի չափաբաժինը Բաթումիում տարիների ընթացքում նվազում է, մինչդեռ ներդրումների 70%-ը թուրքական է, իսկ քաղաքի կենտրոնական փողոցներում վրացական եւ աջարական գրեթե ոչինչ չի մնացել, անգամ ռեստորանների անուններն են խոսում այդ մասին՝ դրանք հաճախ թուրքերեն անվանումներ են:

Ակնհայտ է, որ թուրքական շրջանակներն իրենց բավական վստահ են զգում Աջարիայում: Բաթումիի ծովափնյա հատվածում ժամանակակից եւ շքեղ հյուրանոցների մեծ մասը նույնպես պատկանում են թուրքերին, ինչպես նշվում է հոդվածում. «Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, խոսելով այն քաղաքների մասին, որոնք թուրքերի սրտերում են (սիրիական Հալեպը, հունական Սալոնիկը եւ իրաքյան Մոսուլը), հիշատակել էր նաեւ վրացական Բաթումին»:

Թուրքական քաղաքականությունը նպատակաուղղված է: Հոդվածում պարզաբանում են. «Եթե Անկարայից կամ Ստամբուլից ինչ-որ մեկը ցանկանում է մեկնել երկրի արեւելք՝ նայելու Ռիզեի ամրոցը կամ հանգստանալու ծովափնյա Հոփա քաղաքում, նա կարող է ապահով կերպով տոմս պատվիրել դեպի Բաթումի՝ «Հոփա» մակնշմամբ, եւ այդ թռիչքը միջազգային չի համարվում: Թուրքական օդանավակայանում անցնում են անձնագրային եւ մաքսային հսկողություն, իսկ Բաթումիում վրացական մաքսայինի որեւէ ներկայացուցիչ իրավունք չունի նրանց մատով դիպչել: Բաթումիի օդանավակայանից թուրքերը ավտոբուս են նստում եւ մեկնում Հոփա, Ռիզե եւ այլն»:

Ըստ հոդվածի հեղինակների՝ սա ինչ-որ ձեռներեցային մոտեցում չէ, այլ՝ թուրքական կառավարության կողմից տարվող հստակ քաղաքականություն, քանի որ Աջարիայում թուրքերի ձեռնարկատիրական շահերը ակտիվորեն սուբսիդավորվում են պաշտոնական Անկարայի կողմից: Պարզվում է, Թուրքիայի իշխանությունները նույնիսկ ցածր տոկոսադրույքով վարկեր են տրամադրում այն թուրքերին, որոնք մեկնել են Աջարիա՝ բնակարան գնելու:

Հոդվածում ամփոփվում է հետեւյալ միտքը. «Վրաստանի իսլամացման գործընթացը շարունակվում է: Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը Էրդողանի ջանքերով տարածվում են ոչ միայն Լիբիայում, Սիրիայում եւ Էգեյան ծովում, այլ նաեւ՝ Անդրկովկասում: Ուստի պետք չէ զարմանալ Վրաստանի աստիճանական թուրքացման վրա»:

Էրդողանի հետեւողական քաղաքականությունը՝ Աջարիայում

Պաշտոնական Անկարան ավելի ու ավելի է մեծացնում իր ազդեցությունը Վրաստանում՝ կոմերցիոն լայնամասշտաբ պրոյեկտներից սկսած, Աջարիայում ձեռներեցության մենաշնորհային դիրքով՝ մինչեւ հարեւան երկրի ներքաղաքական խնդիրներին խառնվելը: Այս հանգամանքը վերջին տարիներին բազմաթիվ փորձագետներ են արձանագրում:

Թուրքիան Վրաստանում իրականացվող ներդրումների ծավալով առաջատարների շարքում է: Պարզ է, որ ներդրումների նպաստման այդ քաղաքականությանն առավելապես նպաստեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ տանդեմային քաղաքականությանը զարկ տվեց՝ տնտեսական խթանման քաղաքականությունից մինչեւ այդ երկրների հետ զորավարժությունների անցկացումը:

Ի դեպ, Էրդողանի ակտիվությունը հուլիսին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին մարտական գործողություններից հետո, եւս վկայում են այն մասին, որ այսօրվա Թուրքիան նաեւ Հարավային Կովկասում ազդեցության մեծացման, սեփական շահերի ցուցադրման քաղաքականություն է վարում:

Ըստ վրացի տնտեսագետների վերլուծությունների՝ այսօր Վրաստանում 270 հազար թուրք եւ ադրբեջանցի աշխատելու իրավունք է ստացել (առավելապես՝ թուրքեր): Ուշագրավ են հետեւյալ թվերը: 2004-2018թթ. Վրաստանում ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է 16 միլիարդ 732 միլիոն դոլար, որից 12 միլիարդը՝ թուրք-ադրբեջանականն է, 2 միլիարդը 2008-ին՝ ԱՄՆ-ի կողմից է իրականացվել, եւ նույն թվականին՝ 2,5 միլիարդը ցածր տոկոսով վարկ է եղել: Համեմատության համար նշենք, որ ՀՀ-ում 2004-2018թթ. ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է 6 միլիարդ 830 միլիոն դոլար:

Այսպես, պաշտոնական Անկարան խրախուսում է ներդրումների իրականացումը Վրաստանում, ընդ որում, թուրքական ներդրում իրականացնողները Թուրքիայում եւ Վրաստանում ազատված են թե՛ եկամտահարկից, թե՛ շահութահարկից, այսինքն՝ հետեւողականորեն տարվում է քաղաքականություն, որպեսզի թուրքերը ներդրումներ իրականացնեն Աջարիայում:

Եթե այս ամենին էլ գումարում ենք Բաթումիում տարիներ շարունակ իրականացվող շինարարական թոհուբոհը, որը նույնպես առավելապես թուրքական ընկերությունների կողմից է, ապա թուրքական քաղաքականությունը բավական խոսուն է դառնում՝ իր բոլոր դրսեւորումներով:

Ադրբեջանական ճնշումներ, վրացական ներողամտություն

Ադրբեջանցիները վրացիներից հետո մեծությամբ երկրորդ էթնիկ խումբն են Վրաստանում: Քվեմո-Քարթլի, Մառնեուլի, Բոլնիսի, Դմանիսի, Գարդաբանի շրջաններում ադրբեջանցիներն, ինչպես հայտնի է, կազմում են բնակչության ճնշող մեծամասնությունը: Երբեմն, փորձագետները նույնիսկ մտահոգություններ են հայտնում ադրբեջանցիների հավակնությունների մասին, հաճախ կարծիքներ են հնչում, թե Ադրբեջանը Վրաստանում վարում է մեղմ «մշակութային էքսպանսիայի» նույն քաղաքականությունը, ինչպես՝ Թուրքիան:

Հայտնի է, որ Վրաստանում մեծ տարածում ունեն ադրբեջանական SOCAR ընկերության բենզալցակայանները, իրականացվում է նավթի եւ գազի տարանցում Վրաստանի տարածքով, ադրբեջանցիները կառավարում են տարբեր օբյեկտներ Թբիլիսիում, Բաթումիում, Քոբուլեթիում, Ուռեկիում եւ այլ քաղաքների առողջարանային տարածքներում, ունեն պետական եւ մասնավոր ձեռնարկություններում սեփական բաժնետոմսեր:

Ադրբեջանի կողմից Վրաստանում վարվող քաղաքականությունը, երբեմն, բավական հանդուգն է: Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ կռվախնձոր դարձած եւ տասնամյակներ շարունակվող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ պարբերաբար սրվող իրավիճակը դրա վառ ապացույցներից մեկն է: Անցյալ տարի ամռանն, օրինակ Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Ադրբեջանի հետ սահմանի վիճելի հատվածում գտնվող համալիրի մոտ` պահանջելով այս տարածքը վրացական պետության բաղկացուցիչ մաս ճանաչել:

«Դավիթ Գարեջի»-ի շուրջ իրադրությունն է՛լ ավելի սրվեց, երբ հայտնի դարձավ, որ ադրբեջանական իշխանությունները դեպի վանական համալիր տանող նոր ճանապարհ են կառուցում: Մինչդեռ Վրաստանի իշխանությունները պարբերաբար կոչ են անում իրենց քաղաքացիներին «Դավիթ Գարեջի»-ի շուրջ անհարկի լարում չստեղծել, քանի որ՝ «գործ ունեն բարեկամ Ադրբեջանի հետ»:

Անցյալ տարի հուլիսին բանը հասավ նրան, որ Բաքուն Թբիլիսիից պարզաբանումներ պահանջեց: Ադրբեջանի հետ 446 կմ ընդհանուր սահմանի մեկ երրորդ մասը կազմող եւ տասնյակ պատմական հուշարձաններ ներառող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ իրավիճակը կրկին սրվել էր, երբ ադրբեջանցի սահմանապահները հեռացրել էին համալիրում գտնվող բոլոր սրբապատկերները եւ փոխանցել դրանք Վրաստանի սահմանապահ զորքերի զինծառայողներին: Ադրբեջանական կողմը պնդել էր, թե վանական համալիրը գտնվում է Ադրբեջանի տարածքում եւ այնտեղ սրբապատկերներ լինել չեն կարող: Միջադեպի կապակցությամբ հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ կոչ անելով տեղում հերթապահող ակտիվիստներին, տեղացիներին զերծ մնալ իրավիճակը սրելուց եւ թույլ տալ մասնագետներին զբաղվել իրավիճակի հանգուցալուծմամբ:

Ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանություններն ԱԳՆ էին կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին եւ բացատրություններ պահանջել ադրբեջանցի սահմանապահներին վիրավորելու միջադեպի կապակցությամբ: Ադրբեջանական կողմը, սակայն, չէր պարզաբանում՝ ինչո՞ւ են տարհանվել սրբապատկերները: «Ցավով նշում ենք, որ նման գործողությունները հակասում են Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական գործընկերության ոգուն, եւ տեղի ունեցածը գնահատում ենք սադրանք, որն ուղղված է երկու երկրների միջեւ հակասություններ առաջացնելուն», – ասվում էր ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության տարածած հայտարարությունում: Պաշտոնական Բաքուն նաեւ պահանջել էր հետաքննել տեղի ունեցածը, համապատասխան քայլեր ձեռնարկել եւ այդ մասին տեղեկացնել ադրբեջանական իշխանություններին:

Ինչեւէ, ակնհայտ է, որ նշյալ վանական համալիրի շուրջ պաշտոնական Թբիլիսին փորձում է խուսափել ճգնաժամի խորացումից, որպեսզի դիվանագիտական հակամարտության ճակատ չբացի Ադրբեջանի հետ:

Թբիլիսիի կողմից Ադրբեջանի հանդեպ վարվող մեղմ եւ ներողամիտ քաղաքականության վկայություն էր նաեւ մեկ այլ ակնառու ու աղաղակող փաստ: 2017թ. մայիսին ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին առեւանգվեց Թբիլիսիում եւ գաղտնի տեղափոխվեց Ադրբեջան: Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty international-ը եւ Լրագրողների պաշտպանության կոմիտեն, դատապարտեցին կատարվածը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել լրագրողին: Լրագրողի հարազատներն ու իրավապաշտպանները պնդել էին, որ Աֆղան Մուխտարլիին իրականում վրացի ուժայիններն են առեւանգել ու ապօրինաբար արտահանձնել Ադրբեջանին:

Հայտնի է, որ լրագրողը Վրաստանում ապաստան էր ստացել 2014թ., երբ Ալիեւների կոռուպցիոն գործարքները բացահայտող նյութերից հետո հայտնվել էր իշխանությունների թիրախում: Մուխտարլիի հետաքննական հոդվածներից մեկն, օրինակ, ներկայացնում էր իրավիճակը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում, նա փորձել էր պարզել՝ որտեղ են կորչում զինվորների համար նախատեսված միսն ու այլ մթերքները:

Ինչեւէ, 2017թ. մայիսին, ըստ վրացական ԶԼՄ-ների՝ Մուխտարլին Թբիլիսիի կենտրոնից անհետացավ ու հանձնվեց Ադրբեջանին: Այդ օրերին լրատվամիջոցները հրապարակել էին առեւանգումից ընդամենը մի քանի օր առաջ «Ջեմնյուզ» ինտերնետային կայքի հետ զրույցում Մուխտարլիի խոսքը, թե՝ «Վրաստանն այլեւս ապահով երկիր չէ ադրբեջանցի ընդդիմադիրների համար»: Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը հավելել էր. «Լինում է, որ քեզ բացահայտորեն ողջ օրը հետեւում են, իսկ հետո դռան տակ լուսանկարներ են թողնում, որտեղ երեւում է, թե որտեղ ես եղել եւ ինչ ես արել: Վերջին կես տարում Վրաստան տեղափոխված ադրբեջանցի ակտիվիստներին՝ լրագրողներին, իրավապաշտպաններին, ձգտում են այստեղից դուրս հանել»:

Այս տարվա մարտի 17-ին Բաքվի դատարանը, քննելով Աֆղան Մուխտարլիի պատիժը մեղմելու դիմումը, որոշեց հազար մանաթի (600 դոլար) տուգանք սահմանել եւ ազատ արձակել նրան: Դատարանից ոստիկանական մեքենայով նրան տարել էին օդանավակայան, որտեղ նա հանդիպել էր Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ Մուխտարլին ժամանել էր Բեռլին, որտեղ նրան դիմավորել էին ընտանիքի անդամներն ու ադրբեջանցի տարագիր ակտիվիստները: Մուխտարլին հայտարարեց, որ կշարունակի լրագրողական գործունեությունը եւ Ադրբեջանում ժողովրդավարական վերափոխումների ջանքերը:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 01.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930