Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Օսմանականության քաղաքականությունն՝ սրել է ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները

Սեպտեմբեր 09,2020 20:00 Share

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մշակող դիվանագետները 2002 թվականից ի վեր՝ հատկապես՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իսլամամետ՝ AKP կուսակցության իշխանության գալուց հետո, իրենց թվացյալ ակադեմիական ելույթներում և գրություններում արտացոլել են թուրքական քաղաքականության կարևոր մասը, որն սկզբում հիմնված էր Թուրքիայի հարևան երկրների հետ առկա խնդիրները զրոյացնելու խաբուսիկ տեսության վրա։ Սակայն, ժամանակի անցումը և տարածաշրջանային և միջազգային զարգացումները և արաբական ու իսլամական աշխարհում տեղի ունեցած հսկայական փոփոխությունները քողազերծեցին այս կեղծ քաղաքական գիծը, ընդ որում բացահայտվեց թուրքական իշխանությունների նորօսմանական ընդգծված պահվածքն ու հետին նպատակները:

Սակայն, 2002 թվականից ի վեր, Թուրքիայի ակադեմիական շրջանակներում մեկնարկած «Զրո լարվածություն հարեւանների հետ» քաղաքականությունը, AKP-ի իշխող կուսակցության ժամանակ տևեցին միայն մինչև 2010 թվականը և արաբական աշխարհում քաղաքական և սոցիալական զարգացումներն սկսվելով՝ Թուրքիայի բարձրաստիճան քաղաքական գործիչների և ղեկավարների հիմնական միտումը դարձավ Թուրքիայի արտաքին քաղաքականության շրջադարձային փոփոխությունը, գլխավորապես իսլամական աշխարհում նախկին խալիֆայության վերականգնման ուղղությամբ:

Այս ժամանակահատվածում, այսինքն 2002 թ.-ից ի վեր, թուրքական քաղաքականություն մշակողները և ղեկավարները, Թուրքիայի կառավարության ֆորմալ և բացահայտ քաղաքականությունից բացի, նաև որդեգրել են որոշ քողարկված և կուլիսային քաղաքականություն, որն ըստ էության՝ հիմնված է եղել նորօսմանական իշխանության և իսլամական խալիֆայության վերականգնման սկզբունքի և հարավ-արևմտյան Ասիայի տարածաշրջանում ռազմական հզորության և աշխարհագրական ընդլայնման վրա: Իսկ Օսմանյան կայսերության վերականգնման մարմաջով տարված՝ էրդողանական խալիֆայության նկրտումներն իրականացնելու համար մտացածին կայսերությունը խիստ կարիք է ունենալու նավթագազային էներգակիրների նոր աղբյուրների։

Այս հավակնոտ և ծավալապաշտական քաղաքականության ամենաակնառու բաղադրիչը կարելի է տեսնել Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունում, երբ 2012 թ․-ին մի ելույթի ժամանակ նա ասաց․ «Մենք 2011-2020 թվականների ընթացքում նվաճելու ենք բոլոր այն տարածքները, որը կորցրել կամ նահանջել ենք 1911-ից 1923 թվականներին և մենք այդ երկրներում կհանդիպենք մեր եղբայրներին: Սա պատմական մի առաքելություն է»:

Հետևաբար, 2011 թվականը կարելի է համարել, որպես Օսմանյան կայսրության նոստալոգիայի դարաշրջանին վերադառնալու սկիզբ, որն օգտագործելով արաբական աշխարհում «Մահմեդական եղբայրներ» իսլամական ծայրահեղական կուսակցության լուռ և գաղտնի ակտիվացած կորիզներից, Թուրքիան այժմ փորձում է իր ռազմավարական շահերն ապահովել ամբողջ Արաբական աշխարհում, հատկապես Լիբիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Թունիսում, Կատարում, Իրաքում և այլ տարածքներում:

Հատկանշական է, որ 2023 թվականը Օսմանյան կայսրության ավարտի և ներկայիս Թուրքիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակն է։ Ուստի, զարմանալի չէ, որ 1923 թվականին Օսմանյան կայսրության մասնատման և փլուզման 100-ամյակին, ներկայիս Թուրքիան փորձում է հերթական անգամ ցույց տալ իր ռազմական և կրոնական հզորությունը աշխարհում նոր գերտերության (համաշխարհային տերության) տեսքով:

Այս քաղաքականության համատեքստում, արդեն մի քանի տարի է, որ սունի մուսուլման եղբայրների ձեռքը սեղմելու նպատակով Թուրքիայի կառավարությունը ռազմավարական խորության ագրեսիվ քաղաքականություն է վարում և մեծ թվով իսլամիստ ծայրահեղական վարձկաններ, ռազմականտեխնիկա, կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Սիրիա և Լիբիա, աջակցելով ԻԼԻՊ և Մահմեդական եղբայրություն կուսակցության տարբեր զինված և ծայրահեղական ահաբեկչական խմբավորումներին: Էրդողանի Թուրքիան նաև կատաղի մրցակցության մեջ է մտել իր նախկին դաշնակիցներ՝ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի, ինչպես նաև գաղտնի մրցակցում է շիա հարևան Իրանի հետ :

Թուրքիան, որը օկուպացրել է Կիպրոսի կեսը և վերջերս Տրիպոլիում Ազգային համաձայնության կառավարության հետ համաձայնագիր է ստորագրել Հյուսիսային Աֆրիկայում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում բնական պաշարների հետագա շահագործման վերաբերյալ, ձգտում է ավելի մեծ բաժնեմաս ունենալ նավթի պաշարներից: Ավելին Թուրքիան նաև փորձում է հայտնաբերել միջերկրածովյան գազը և դա անհանգստություն է առաջացրել տարածաշրջանի շատ երկրներում, հատկապես Հունաստանում և Իտալիայում:

Սակայն, Թուրքիայի նորօսմանական և իսլամական խալիֆայության վերականգնման երազանքներն չեն սահմանափակվում միայն իսլմական աշխարհում և այժմ թուրքական պետությունը իր ագրեսիվ քաղաքականությունը փորձում է տարածել դեպի Եվրոպա, Սև ծովի ավազանը և Կովկասյան տարածաշրջան։ Միևնույն ժամանակ, կայսերության սահմաններն ընդլայնելու նկրտումներով տարված նորօսմանական թուրքերի ախորժակն ավելի է գրգռվել նավթագազային նոր էներգակիրների հայտնաբերման և հափշտակման ձգտումներով։

2020 թվականի օգոստոսին Թուրքիայի կողմից Էգեյան ծովի հունական կղզիների տարածքում նավթի հայտնաբերման գործողությունները լարվածություն են առաջացրել Հունաստանի և Թուրքիայի միջև: Երկու երկրների միջև ռազմական բախման եզրին, Եվրամիությունը դիրքորոշում է որդեգրել Հունաստանի օգտին և որոշում է ընդունել պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:

Թուրքիան և Հունաստանը տարաձայնություն ունեն Միջերկրական ծովի արևելքում բնական գազի պաշարների շուրջ: Հունաստանի դաշնակից Կիպրոսի կողմից ՝ տարածաշրջանում գազի պաշարները հայտնաբերելու և շահագործելու փորձը հանդիպել է թուրքական իշխանության ընդդիմությանը: Մյուս կողմից նաև Թուրքիայի կողմից Կիպրոսի ափերին նավթի և գազի հայտնաբերման հարցը հանգել է Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությանը Միջերկրական ծովի արևելյան հատվածում:

Թուրքիայի վրա։ Եվրամիության դեմ Անկարայի ագրեսիվ մոտեցումը արժանացել է դաշինքի խիստ քննադատությանը և ԵՄ-ը նախազգուշացրել է Թուրքիային:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը սեպտեմբերի 6-ին ասել է, որ Թուրքիան ձգտում է վերականգնել նախկին կայսրությունը: Բորելն ասել է . «Անկարայի դեմ պատժամիջոցները Թուրքիային զսպելու արդյունավետ միջոցներից է»:

Ավելին` ըստ Աթենքի հայտարարության ՝ այն տարածքը, որտեղ Թուրքիան զբաղված է հետախուզական գործողություններով, գտնվում է Հունաստանի բացառիկ տնտեսական գոտում: Աթենքի հայտարարությանն անուղղակիորեն արձագանքել են Ֆրանսիան և Գերմանիան, որոնք մեծ ֆինանսական շահեր ունեն թե Թուրքիայում և թե Հունաստանում։ Սակայն թվում է ավելի վաղ, Ռեջեբ Թայիբ Էրդողանի հրամանագրով Սանտա Սոֆիա պատմական եկեղեցի թանգարանը մզկիթի վերածելու որոշումը խիստ վրդովել է եվրոպական երկրների որոշ ղեկավարներին և առիթը պատեհ համարելով այս անգամ ԵՄ-ը կանգնել է Հունաստանի կողքին:

Միջերկրական ծովում գազի պաշարների հետ կապված Թուրքիայի և ԵՄ որոշ անդամների միջև աճող լարվածության հետևանքով, Անկարան ավելի է հեռացել է ԵՄ-ից:

Շարունակելով գազի հայտնաբերման աշխատանքները, Անկարան նպատակ ունի ոչ միայն Թուրքիայի ափերի մոտ գտնվող հունական կղզիների իրավական կարգավիճակի վերանայել ընդունված համաձայնագրերը խախտել, այլև Եվրամիությանը հարկադրել աջակցել Անկարային: Հաշվի առնելով Բրյուսելի աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին, դա շատ քիչ հավանական է թվում: ԵՄ որոշ երկրներ գործնական քայլեր են ձեռնարկել Հունաստանին աջակցելու ուղղությամբ: Ֆրանսիան 10 ռազմական ինքնաթիռ է վաճառել և 8 առաջադեմ «Ռաֆալ» կործանիչներ է հանձնել Հունաստանին, իսկ տարածաշրջան է ուղարկել ռազմածովային ստորաբաժանումներ:

2016-ի հուլիսին Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո, ԵՄ-Թուրքիա հարաբերությունները լարված են, ինչը կասեցնում է Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը:

Վերջին երկու տարիներին նոր տարաձայնությունները, ինչպիսիք են Թուրքիայի ռազմական միջամտությունը Սիրիայի հյուսիսում և Լիբիայի քաղաքացիական պատերազմում, հանգեցրել են Եվրամիության և Թուրքիայի միջև տարաձայնությունների խորացմանը: Եվրախորհրդարանի նախագահը տեղեկացրել է Էրդողանին, որ պատժամիջոցների և երկխոսության տարբերակները սեղանի վրա են և կոչ է արել նրան վերջ տալ սադրիչ գործողություններին:

Իսլամական և արաբական աշխարհի երկրներում Թուրքիայի կառավարության շարունակական, հաճախակի և ծավալուն քաղաքական և ռազմական միջամտությունները կարելի է համարել որպես ռազմավարական խորության ագրեսիվ քաղաքականության դրսևորում` ուղղված 1923-ին նախորդող տարիներին Օսմանյան կայսրության կորցրած հողերի գրավմանը և օկուպացմանը, որը պետք է վերադարձվի Թուրքիային մինչև 2023 թվականը:

2023-ի հատուկ նշանակությունը ներկայիս թուրքական քաղաքականություն մշակողների, մասնավորապես նախագահի համար, կարելի է համարել նախազգուշացում տարածաշրջանի մյուս երկրներին, ինչպես նաև ԵՄ-ը չպետք է խաբվի Թուրքիայի խաբուսիկ քաղաքականությամբ և չդառնա գործիք Թուրքիայի իշխանության ձեռքում, Անկարայի կողմից՝ Մերձավոր Արևելքում, Կովկասյան տարածաշրջանում և Միջերկրական և Սև ծովերի ավազաներում ներկայիս կարգը խաթարելու համար:

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ

Թեհրան-Իրան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930