Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի նահատակված ոստիկանը վերապատրաստվել էր Եգիպտոսի Մուբարաքի անվան ռազմական ակադեմիայում

Հոկտեմբեր 10,2020 21:18

Արցախյան պատերազմում նահատակված ոստիկաններից մեկը 48-ամյա Մկրտիչ Մուրադյանն է՝ Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալը։

Նա ոստիկանության երկարամյա, փորձառու աշխատակից էր․ ավարտել էր Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը ու երեք տարի անց՝ 1999 թվականից աշխատել ոստիկանության համակարգում։
2008 թվականին էլ վերապատրաստում էր անցել Եգիպտոսի Հոսնի Մուբարաքի անվան ռազմական ակադեմիայում (Տես լուսանկարները)։
Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանական համակարգում․ 2015 թվականից եղել է ոստիկանության «Կումայրի» բաժնի ՀՈԿ պետը, իսկ 2017 թվականից նույն բաժնի անձնակազմի գծով տեղակալը։

Մկրտիչ Մուրադյանի մանկության ընկերն ու միաժամանակ գործընկերը՝ Ախուրյանի փոխոստիկանապետ Արսեն Հակոբյանը նրան բնութագրում է որպես ծայրաստիճան բարի ու մեծ հումորով անձնավորության։
«Մենք մեծացել ենք նույն թաղում, այնպես չէ, որ իրեն միայն ճանաչել եմ ոստիկանությունում ծառայելու ժամանակ։ Մարդասեր անձնավորություն էր, նա միշտ եղել է թույլի կողմը, ֆիզիկապես հաղթանդամ էր ու երբեք թույլ չէր տալիս թույլին նեղացնելու։ Պարկեշտ էր, ազնիվ, հումորի զգացողությունն իր մոտ շատ ուժեղ էր, չկար այդպիսի խոսակցություն, որը երրորդ, չորրորդ նախադասությունից չվերածվեր ծիծաղի։
Աշխատակիցների մոտ մեծ հարգանք ուներ, իսկ քաղաքացիների հետ շփվում էր բարձր մակարդակով, քաղաքակիրթ էր, զուսպ, ոստիկանության նվիրյալ ծառայակից էր ուընտանիքի յուրահատուկ հայր։
Թաղում էլ իրեն յուրահատուկ ձևով էին հարգում ու սիրում, հարգալից վերաբերմունք ուներ թե՛ մեծերի, և թե՛ փոքրերի նկատմամբ»,-ասաց Արսեն Հակոբյանը։

Ի դեպ, Մկրտիչ Մուրադյանի կինը՝ Արմանուշ Մովսիսյանը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության կադրերի գծով պատասխանատուն է։ Նրանք ունեն մի որդի՝ 10 տարեկան։
Արսեն Հակոբյանն ասում է, որ նրանք արտակարգ ընտանիք են՝ պետական մտածողությամբ մարդիկ, որոնք ամեն վայրկյան պատրաստ են ծառայել հայրենիքին․ հավատարիմ են ոստիկանի երդմանը։
«Պատերազմը հենց սկսվեց, Մկրտիչն անհամբեր էր, ուզում էր համախմբել, կազմակերպել, վայրկյան առաջ հայրենիքի պաշտպանի առաջին շարքերում լինել»,-ասաց Արսեն Հակոբյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031