Նախկինում դատավորների համար սահմանված էր կենսաթոշակի իրավունք` 10 տարվա ստաժի առկայության եւ ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով: Կենսաթոշակի չափի հաշվարկը կատարելու համար որպես ընդհանրական հիմք հանդիսանում էր «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգը:
Մենք անդրադարձել ենք դատավորների` կենսաթոշակի անցնելու ժամանակ ծագած խնդիրներին, երբ խնդրին «միջամտեց» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, որն անդրադառնալով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումներին, հետեւյալ իրավական դիրքորոշումն արտահայտեց. «Նման իրավակարգավորման պայմաններում ակնհայտ էր երկու խնդիր.
1.տարբերակված մոտեցում չէր դրսեւորվում դատավորի պաշտոն զբաղեցրած այն անձանց նկատմամբ, ովքեր նոր օրենքի ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ ունեին 10 եւ ավելի տարվա աշխատանքային ստաժ,
2.տեղի էր ունենում նման ստաժ ունեցող դատավորների սոցիալական ապահովության երաշխիքների կտրուկ վատացում` այն դեպքում, երբ նրանք կենսաթոշակի իրավունքն արդեն իսկ ձեռք էին բերել մինչեւ նոր օրենսդրական կարգավորումները:
Կարդացեք նաև
Ի դեպ, ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-647, ՍԴՈ-723, ՍԴՈ-881 որոշումների մեջ հանգամանալից անդրադարձել է դատավորների աշխատավարձի եւ կենսաթոշակի ողջամիտ հարաբերակցության վերաբերյալ միջազգային սկզբունքին: Սահմանադրական դատարանը կենսաթոշակի առնչությամբ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի եւ իրավական որոշակիության սկզբունքի պահպանման խնդիրներին անդրադառնալով, մասնավորապես շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային պարտավորություն է ստանձնել ոչ թե դատավորի եւ դատարանների անկախության երաշխիքների եղած հավասարակշռությունը պահպանելու, այլ այն ամրապնդելու առումով:
Լարիսա Սոսյանը 2019 թ. սեպտեմբերի 24-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Սոցիալական ապահովության ծառայության` խնդրելով. պարտավորեցնել Սոցիալական ապահովության ծառայությանն իր կենսաթոշակի հաշվարկը (վերահաշվարկը) կատարել 2014 թվականի հուլիսի 1-ից` իր` որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով (1.315.600 ՀՀ դրամ x 0.9 x 55% = 651.222 ՀՀ դրամ)` անվավեր ճանաչելով Սոցիալական ապահովության ծառայության 11.09.2019 թվականի թիվ 03/12-1/20998-2019 գրությունը,
– որպես հետեւանք` իրեն վերադարձնել 2014 թվականի հուլիսի 1-ից պակաս վճարված կենսաթոշակի գումարը, այն է` իրեն հասանելիք 651.222 ՀՀ դրամի եւ փաստացի վճարված 572.000 ՀՀ դրամի տարբերությունը:
Գործը մակագրվել էր դատավոր Գեւորգ Սոսյանին, որը գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզել էր, որ հայցվորը՝ Լարիսա Սոսյանը իր հորաքույրն է եւ ինքնաբացարկի որոշում էր կայացրել:
Գրիգոր Առաքելյանն էր վարույթ ընդունել:
Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին դատարանը բավարարել էր հայցապահանջը. սոցապն էլ չէր ներկայացել դատարան:
Ըստ դատարանի`ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Եվրոպական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումները, իր նախկին որոշումներում արձանագրել է, որ կենսաթոշակի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող գույքային իրավունք է (Թերեզա Գեւորգյանն ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ ՎԴ/5086/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):
Անդրադառնալով հայցվորի՝ Սոցիալական ապահովության ծառայությանը հայցվորի կենսաթոշակի հաշվարկը (վերահաշվարկը) 2014 թվականի հուլիսի 1-ից՝ հայցվորի՝ որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով (1.315.600 ՀՀ դրամ X 0.9 X 55% = 651.222 ՀՀ դրամ) կատարելուն պարտավորեցնելու մասին պահանջին, դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014թ. փետրվարի 4-ին ընդունված թիվ ՀՕ-1-Ն «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով: Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության համաձայն՝ սույն օրենքի իմաստով կենսաթոշակի իրավունք ունի դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարեցվել են Հայաստանի դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով:
Ըստ դատարանի` Սոսյանի պահանջը՝ Սոցիալական ապահովության ծառայությանը հայցվորի կենսաթոշակի հաշվարկը (վերահաշվարկը) 2014 թվականի հուլիսի 1-ից՝ հայցվորի՝ որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով (1.315.600 ՀՀ դրամ X 0.9 X 55% = 651.222 ՀՀ դրամ) կատարելուն պարտավորեցնելու մասին, հիմնավոր է եւ ենթակա բավարարման:
Երրորդ անձ է ներգրավվել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Սոցիալական ապահովության ծառայությունը բողոք է բերել: Դատավորներ Արթուր Առաքելյան, Կարեն Մաթեւոսյան, Արա Բաբայան կազմը նոյեմբերի 11-ին կհրապարակի որոշումը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Երեկ վարչական վերաքննիչ դատարանում նշանակվել էր մեկ այլ դատավորի` Ելենա Սողոմոնյանի գործով բողոքի քննություն: Նա դիմել էր դատարան` 15.05.2019թ. թիվ ԱՊ/ԼԼ-3/9651-19 գրությունը` արտադատական կարգով կեսաթոշակի նվազում իրականացնելու մասով, անվավեր ճանաչելու, կենսաթոշակի վերահաշվարկ կատարելու` հիմք ընդունելով հայցվորի` կենսաթոշակի անցնելու պահին գործած խմբագրությամբ «Պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը` դրան ՀՀ սահմանադրական դատարանի 16.09.2016 թվականի թիվ ՍԴՈ-1302 որոշմամբ տրված մեկնաբանությամբ, եւ որպես հայցվորի կենսաթոշակի չափ 674.873 ՀՀ դրամ սահմանելու, պակաս վճարված կենսաթոշակի գումարը, այն է` հայցվորին հասանելիք 674.873 ՀՀ դրամի եւ փաստացի վճարված 652.610 ՀՀ դրամի տարբերությունը վերադարձնելու պահանջի մասին:
«Առավոտ» օրաթերթ
10.11.2020


















































