Այսօր Գյումրու ծննդատանը ծնվել է արցախյան գոյամարտում նահատակված հերոս, Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ՝ 35-ամյա Մյասնիկ Սիմոնյանի որդին՝ Կարապետը։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել 3 կիլոգրամ քաշով։ Այս ընտանիքում միախառնված են վիշտն ու ուրախությունը։ Կարապետը հերոսի երրորդ զավակն է, նա 7 տարեկան դուստր ու 5 տարեկան որդի ունի։
Հերոսի մայրը՝ Վարդանուշ Խաչատրյանը, զսպելով արցունքները, հպարտորեն նշեց, որ որդու բալիկը լույս աշխարհ է եկել հենց բանակի օրը, եկել է վերջ դնելու իրենց արցունքներին։ Նա ասում է, որ հարսը ծանր հոգեապրումների մեջ էր, սակայն, փառք Աստծո, բալիկն առողջ է ծնվել։
«Տղաս հրաշք մեզ պարգևեց, ուրախացրեց մեզ, մեր տունը վիշտ ու լաց էր, Կարապետիս ծնունդով մեր տան մթնոլորտը, մեր կյանքը փոխվեց։ Մենք որոշել ենք, որ Կարապետիս ծնունդից հետո մեր տանը ոչ մի լաց չպիտի լինի։ Ես պատկերացնում եմ, որ որդիս՝ Մյասնիկս նոր է ծնվել, իմ մեջ ուժ պիտի գտնեմ, պիտի առողջ լինեմ, որ իրեն պահեմ, մեծացնեմ։ Կարապետը սփոփեց մեզ»,-ասում է Վարդանուշ Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Նա պատմեց, որ որդին աշխատում էր երկաթգծի թունելում, ոստիկանության պահակային հրաձիգ էր։ Զինկոմիսարիատից նրան ծանուցագիր են ուղարկել, գնացել է ստորագրելու։
«Իրեն չէր հասնում պատերազմ գնալ, որովհետև հայրը նոր էր մահացել, 4 ամիս էր՝ ինչ ամուսինս մահացել էր, կինը հղի էր, երկու անչափահաս երեխաներ ուներ ու տան միակ կերակրողն էր։ Նա չէր էր կարող աշխատավայրից բացակայել, որովհետև թունելն էլ է պոստ ու պիտի հսկեր։ Եթե հանկարծ մի ահաբեկիչ կամ թշնամին գար, պայթեցներ, ամբողջ երկաթուղին կկանգներ։
Ինքը գնացել էր զինկոմիսարիատ ներկայանալու, իր անվան դիմաց ստորագրելու։ Դա սեպտեմբերի 27-ին էր։ Նա այդ օրը չեկավ, մնաց Կիրովականում, զանգեց, թե՝ մամ, պատերազմ են մեզ տանում, չհավատացինք, որովհետև ինքը շատ էր կատակում, շատ կատակասեր էր։ Ամսի 28-ին զանգեց, թե մամ, մենք արդեն հասել ենք Քելբաջար։ Հետո տարան Ստեփանակերտ։ 29-ին էլ՝ մարտերի թեժ պահին, եղել են Ջաբրայիլում, որտեղ այդ ժամանակ չկային խրամատներ, չկար պատսպարվելու տեղ․ կռվել են բաց տարածության մեջ։ Իրենց դիպուկահարին խփել էին, ինքը վերցրել էր դիպուկահարի զենքը ու դարձել դիպուկահար։ Ինքը զենքի չէր էլ տիրապետում»,- պատմեց մայրը։
Որդին թուրքերին շեղելու համար պարբերաբար կրակել էր, որպեսզի կարողանար վաշտի 40 տղաներին օգներ դուրս գալու շրջափակումից։ Այդ ժամանակ էլ նրան խփել են։ Դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 2-ին, տնեցիներն ավելի ուշ են իմացել։
«Ամսի մեկին զանգեց, ասաց՝ մամ, էլ չեմ զանգի, որովհետև կապ չկա, մենք այդ հույսով էինք, որ կապ չկա, դրա համար չի զանգում։ Հանկարծակի մեզ հայտնեցին, թե ուսից վիրավորվել է, տեղափոխել են հիվանդանոց։ Սկսեցինք որոնել, ամսի 4-ից սկսել ենք ման գալ բոլոր տեղերում, Երևանի բոլոր հիվանդանոցներում։ Ամեն տեղ փնտրել ենք ու չենք գտել, անգամ դիահերձարաններում ենք նայել, հետո մեզ ասին կարելի է գտնել Գորիսի դիահերձարանից»։
Հերոսի մայրն ասում է՝ բոլոր տղաները պետք է ծառայեն։
«Թող աշխարհին խաղաղություն լինի, բոլոր տղաներն էլ գնան ծառայեն։ Ո՞ւմ համար են ծառայում, մեզ համար, եթե իրենք չգնան ծառայելու, մենք ինչպե՞ս քնենք խաղաղ, ոչ մեկս էլ չենք կարող քնել։ Իմ թոռնիկն էլ՝ աղջկաս տղան, տաս օր Ջաբրայիլում կռվել է, նա դեռ ծառայության մեջ է։ Եթե տղա են ծնվել, ուրեմն պիտի ծառայեն»,-ասում է հերոսի մայրը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ