Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական հեղափոխություն» խոստացող իշխանությունն ամբողջությամբ ձախողել է տնտեսության զարգացումը. Միայն սա բավարար է, որպեսզի կառավարությունը հեռանա. «168 ժամ»

Փետրվար 02,2021 10:13 Share

Վիճակագրական ծառայությունն ամբողջացրեց 2020թ. տարեկան տնտեսական ցուցանիշները։ Ճիշտ է, դրանք առայժմ օպերատիվ տվյալներն են, բայց ներկայացվածը բավական է ամփոփելու այն արդյունքները, որոնք կառավարությունն արձանագրել է իր անցած տարվա գործունեության ընթացքում։

Արդյունքները, մեղմ ասած, հիասթափեցնող են։ Մեր երկրին «տնտեսական հեղափոխություն» և թռիչքային աճեր խոստացող իշխանությունն ամբողջությամբ ձախողել է տնտեսության զարգացումը։ Տնտեսության զարգացման մասին նույնիսկ անիմաստ է խոսելը։ Տնտեսությունը հայտնվել է կոլապսի մեջ։ Տարվա կտրվածքով ունենք ակտիվության խորը անկում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ կառավարությունը նախատեսում էր ապահովել 4,9 տոկոսանոց աճ։ Հետագայում, իհարկե, այս ցուցանիշը 2 անգամ վերանայվեց և նվազեցվեց։

Այսինքն՝ 4,9 տոկոս աճից կառավարությունը նահանջելով՝ հասավ 7 տոկոս անկման։ Սարսափելի մեծ շեղում, ինչը խոսում է կառավարման ցածր պրոֆեսիոնալիզմի և կանխատեսելիության անկարողության մասին։

Դրա վկայություններից մեկն էլ պետական բյուջեի ցուցանիշների կրկնակի վերանայումն էր։ Նման բան Հայաստանում երբևէ չէր եղել, բայց եղավ։ 2 անգամ կրճատվեցին բյուջեի հարկային եկամուտները։ Արդյունքում՝ 1 տրիլիոն 607 մլրդ դրամի փոխարեն՝ մի կերպ հաջողվեց հավաքել 1 տրիլիոն 385 միլիարդը։ 222 մլրդ դրամի լրացուցիչ ճեղք առաջացավ բյուջեում։
Պատճառը տնտեսության ծանր վիճակն էր, ինչը ստիպեց լրջորեն վերանայել չարդարացված ամբիցիաներն ու կտրուկ նվազեցնել ակնկալիքները։ Թե դա էլ որքանո՞վ է հաջողվել ապահովել, վկայում են պաշտոնական վիճակագրության հրապարակած տնտեսական ցուցանիշները։
Դրանց համաձայն՝ անցած տարի տնտեսական ակտիվությունը մեր երկրում նվազել է 7,5 տոկոսով։ Առանձին ոլորտում ունենք խորը անկում և լճացում։ Աճ գրեթե չկա։

Ու այս ամբողջի ֆոնին՝ արձանագրել ենք միջին աշխատավարձի աճ։ Այսինքն՝ մեր տնտեսության հնարավորությունները նվազել են, բայց չենք վարանել ավելացնել աշխատավարձերը։ Եվ դա տեղի է ունեցել առավելապես պետական հատվածում։ Չնայած տնտեսական ակտիվության 7,5 տոկոս անկմանը՝ պետական հատվածում միջին աշխատավարձը 5,3 տոկոսով բարձրացել է։ Ո՞ւմ և ինչի՞ հաշվին, մնում է միայն գուշակել։

Մասնավորում միջին աշխատավարձի աճը գրեթե կրկնակի քիչ է եղել։ Մասնավորն իրեն այնքան շռայլություններ թույլ չի տվել, որքան պետական հատվածը, որը նստած է մասնավորի վճարած հարկերի ու բյուջեի վրա։

Անցած տարվա մեր տնտեսական «ձեռքբերումներն» ահա այսպիսին են։ Միայն դրանք բավարար են, որպեսզի ցանկացած կառավարություն հրաժարական տա և տեղը զիջի ուրիշին։ Բայց Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն այդպես չեն մտածում։ Մինչև վերջ նրանք փորձում են կառչած մնալ իրենց աթոռներից, որքան էլ դա թանկ է նստում երկրի ու տնտեսության վրա։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728