Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց հետին մտքերը դժվար է ստուգել

Մայիս 29,2021 10:00

Իմ տպավորությամբ՝ վարչապետի ներկայիս պաշտոնակատարը, որն ընդհանրապես չի ընդունում իր հասցեին ոչ մի քննադատություն, առավել ցավագին է ընդունում Հայաստանի առաջին նախագահի գնահատականները:

Հիմա էլ, ի պատասխան Տեր-Պետրոսյանի քննադատության, Փաշինյանը պնդեց, որ Տեր-Պետրոսյանն «ուզում էր Արցախը հանձներ» Ադրբեջանին: Ավելի վաղ «հանձնելու» ցանկությունը նա վերագրել էր նաեւ մնացած նախկին նախագահներին: Այդ միտքը նա նաեւ երեկ կրկնեց:

Ընդհանրապես, հետադարձ հայացքով քաղաքական գործիչների մտադրությունները քննելն անշնորհակալ գործ է: Ինչ էին ուզում անել նախկին ղեկավարները, գուցե եւ հետաքրքիր հարց է, բայց շատ դժվար ստուգաբանվող: Այդ թեմայով (ճիշտ է, բոլորովին այլ առիթով) դիպուկ դատողություն է արել հենց ինքը՝ Տեր-Պետրոսյանը իր գրքերից մեկում: Խոսելով զուտ արտածական (դեդուկտիվ) մտավարժանքների մասին, նա նշում է, որ «ոչ մի դատարան չի ապացուցել մարդկանց հետին մտքերը»:

Տվյալ դեպքում Փաշինյանն ասում է, որ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը ցանկանում էին Արցախը հանձնել Ադրբեջանին: Ենթադրենք, այդպես է: Գուցե Հայաստանն էլ էին ուզում հանձնել, կամ ձգտում էին հայ ժողովրդին ամբողջությամբ ջնջել աշխարհի երեսից: Բայց ես գերադասում եմ խոսել ոչ թե մտադրությունների, այլ կատարված փաստերի մասին: Առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների ժամանակ մենք ունեցել ենք 12 հազար քառակուսի կիլոմետրանոց Արցախ, իսկ Փաշինյանի ժամանակ այդ տարածքը, որտեղ հազարամյակներով հայեր են ապրել, դարձել է 3.3 հազար քառակուսի կիլոմետր, այն էլ՝ խիստ վտանգված:

Ստացվում է, որ առաջին երեքն «ուզում էին» Արցախը հանձնել, բայց չհանձնեցին, իսկ չորրորդը «չէր ուզում», բայց հանձնեց: Ձեզ ո՞ր տարբերակն է ձեռնտու:

Կարծում եմ, որ 1998-ից հետո Հայաստանի բոլոր իշխանություններն իսկապես ցանկանում էին պահպանել status quo-ն, եւ դա, ինչպես հիմա է պարզ դարձել, սխալ հաշվարկ էր: Բայց Հայաստանի 2-րդ եւ 3-րդ ղեկավարները տարբերվում են 4-րդից նրանով, որ առաջինների դեպքում այդ կարգավիճակը պահպանվել է, իսկ վերջինիս դեպքում՝ չի պահպանվել՝ ի հեճուկս նրա խրոխտ հայտարարությունների: Որեւէ մեկը կարո՞ղ է ապացուցել, որ երկու տասնամյակների ընթացքն անկասելիորեն տանում էր դեպի պարտություն, եւ Փաշինյանը ոչ մի ճար չուներ, բացի Արցախի 70 տոկոսը հանձնելուց եւ հազարավոր զոհեր տալուց:

Արձանագրված փաստե՛րը, ոչ թե ձգտումներն ու մտադրությունները, թույլ են տալիս եզրակացնելու, որ 4-րդ ղեկավարը շատ ավելի անպատասխանատու է եւ արկածախնդիր, քան նախորդները:

Ոչ միայն Փաշինյանին, այլեւ ընտրական պրոցեսի մնացած մասնակիցներին ես կառաջարկեի չօգտագործել «բա որ դու էսինչ թվին էսինչ բանն էիր ասում» փաստարկը եւ խոսել այսօրվա վիճակի, ինչպես նաեւ վաղվա ելքերի մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Նկատի ունենալով այն արտակարգ ժողովրդականութիւնը, ժողովրդային համակրանքը, որ Փաշինյանը կը վայելէր, երբ որ տիրացաւ իշխանութեան, ինք, նախորդ երեք նախագահներին բաղդատած, անհամեմատօրէն աւելի՝ հնարաւորութիւնը ունէր, բանակցային սեղանին շուրջ լուծելու Արցախի հիմնախնդիրը:

    Փաստօրէն, իր իշխանութիւնը դիմացաւ, տեղի ունեցած անասելի Աղէտէն ետք իսկ: Ուրեմն վստահաբար դիմանալու էր, խնդրին այդպիսի յանգումի մը:

    Սակայն ինք ոչ խելքը, ոչ լրջութիւնը, ոչ էլ քաջութիւնը ունեցաւ, դա անելու:

    Ընդհակառակը, ինք ու իր վարչակարգը պատճառը դարձան՝ այս աղէտալի պատերազմին:

  2. Լավատես says:

    Ա Մենք ազգովին ապրում ենք անցումային տարիքը, որի գլխավոր խնդիրը ինքնաճանաչումն է, դա ցավագին գործընթաց է, երբ քաղաքականապես անչափահաս ժողովուրդը անցնում է հասուն փուլ, որն էլ կոչվում է ազգ: Շատ լավ օրինակ էր ցավից հետագա բուժվելուց հիվանդի որոշումը, այսօրվա մեր քաղաքական գործիչների մեծամասնությունը ուզում է հրաժարվել հասուն դառնալու ցավոտ գործընթացից եւ ուզում է դիմել հզոր պետություններին եւ եթե նրանք հաղթեն, մենք այպես էլ կմնանք անչափահաս ժողովուրդ: Երբ թիթեռը նստում էր ծանրաձողի մի բեվեռին, հետո մյուս բեվեռին, իսկ տեղը գալուց մեջտեղը, այստեղ խելք է պետք, որը կարող է փոխարինել ուժին, բոլոր դեպքերում մենք պետք է լինենք խելոք, ուժեղ, այսինքն’ հասուն ազգ, որ դառնանք քաղաքական խաղացող, անչափահասներին արգելված է մասնակցել մեծերի’ հասունների խաղերում:
    Բ Տասը տոկոսը լավ բժշկի նման հիվանդին’ ժողովրդին համոզում է դիմանալ ժամանակավոր անցողիկ ցավերին, բուժվել եւ դառնալ հասուն ազգ, մյուս տասը տոկոսը համոզում է հիվանդին այլեւս չդիմանալ, լավ է դիմել հզորներին, ցավազրկող տան ու այլեւս կորցնենք հասուն ազգ դառնալու հնարավորությունից’ էլի սրա նրա լծի տակ անչափահասի նման, առանց որոշում կայացնելու ապրենք, գոյություններս պահպանենք: Կարճ ասած, ութսուն տոկոս ժողովուրդը կգնա ուժեղ տասը տոկոսի հետեւից’ կամ տասը տոկոս լավ բժշկի կամ էլ տասը տոկոս անորակների հետեւից, այդ պատճառով պետք չի համոզել ժողովրդին, պետք է պայքարել հակառակորդ մյուս տասը տոկոսի դեմ եւ հաղթել:
    Գ Այսօր մեր ազգի ծնունդն է, մեր ազգասեր քաղաքական գործիչները պետք է նույնքան քաջ ու նվիրյալ լինեն քաղաքական դաշտում, ինչպիսին էին մեր հերոս զինվորները ռազմի դաշտում:

    • Հ.Շ. says:

      եզրակացութեան հետ համաձայն եմ.

      սակայն շատերիս համար, դեռ կանուխ է խօսիլը՝ «ծնունդ»ի մասին. կորուսը, արտասովոր է. սուգը՝ շատ, շատ ծանր է. աւելի ժամանակ է պէտք, որպէսզի կարենանք սկսիլ նայիլ դէպի առջեւ.

      իսկ միայն քաղաքական գործիչներին պարտականութիւնը չէ, մեր այդ վերածնունդը՝ հունաւորելը.

      • Լավատես says:

        Մեր իրական ուժը, որի հետ հաշվի կնստեն հզորները’ դա միեւնույն աստիճանի, մակարդակի կամ կատեգորիայի ներկայացուցիչների ռազմավարական դաշինքն է’ դաշինք կամ պատերազմ սկզբունքով: Օրինակ, մենք վրացիներին առաջարկում ենք ռազմավարական դաշինք կամ պատերազմ, եթե ընտրում ենք դաշինք, ապա մեր միասնական դաշինքով առաջարկում ենք ընտրություն մեր դաշինքի մակարդակի պետությանը կամ դաշինքին ռազմավարական դաշինք կամ պատերազմ: Նույն սկզբունքը ե՛ւ երկրի ներսում ե՛ւ բոլոր մակարդակներում: Ռազմավարական դաշինքը’ դա խաղաղությունը չի, այլ պատրաստվելն է համատեղ ուժերով ավելի հզոր ուժի հետ պատերազմելու կամ ռազմավարական դաշինք կազմելու: Այն, որ մեր այսօրվա ռազմավարական դաշնակիցը մեր կատեգորիայի երկիր չի, հետեւանքները նման դաշինքի մենք հստակ տեսնում ենք, պետք է, որ մեր կատեգորիայի երկրի հետ դաշինք կազմենք: Բնության մեջ խաղաղությունը որպես կայուն վիճակ չի լինում, կայուն են երկու վիճակները’ դաշինքն ու պատերազմը, այսինքն’ խաղաղության ժամանակն օգտագործվում է դաշինք կազմելու, այսինքն’ պատերազմին նախապատրաստվելու եւ պատերազմելու վրա: Վերջապես հիշենք մեր արքաներին, ովքեր այս սկզբունքներով ծովից ծով արքայություն էին ստեղծել: Արժանի լինենք մեր արքաներին, առավել եւս սա է մեր գոյության միգուցե միակ ճանապարհը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31