Ի՞նչ է ասել Վենետիկի հանձնաժողովը, և ի՞նչ է անում գործադիրը
Ի սկզբանե Արդարադատության նախարարության կողմից ներկայացված դատական իշխանության անկախությունը վտանգող նախագծով առաջարկում էր սահմանել դատավորի անհամատեղելիության պահանջների խախտման (լիազորությունների դադարեցման) նոր հիմք: Այսպես, դատավորի լիազորությունները դադարում են, եթե միջազգային դատարանի կողմից արձանագրվել է, որ վերջինս միտումնավոր կերպով խախտել է մարդու հիմնարար իրավունքները: Թեև Դատական օրենսգրքում արդեն իսկ առկա է կարգապահական պատասխանատվության համանման կառուցակարգ։
Վենետիկի հանձնաժողովը դատական համակարգի «վեթինգին» ուղղված նախագծի վերաբերյալ իր կարծիքում հստակորեն արձանագրել էր, որ ոչ միայն չկա նման կարգավորումների անհրաժեշտություն, այլև մատնանշել նախագծում առկա տարրական իրավաբանական սխալներ, ինչին հաջորդեց Արդարադատության նախարարության կողմից նախագծերի լրամշակված տարբերակի հրապարակումը։
Իրականում, սակայն, Արդարադատության նախարարությունն աչք է փակել Վենետիկի հանձնաժողովի կողմից բարձրաձայնված առանցքային դիտարկումներին։
Կարդացեք նաև
🔹 Չի իրացվել հետադարձ ուժի արգելքի հետ կապված Վենետիկի հանձնաժողովի առանցքային դիտարկումը: Ներկայացված նախագծով առաջարկվում է նոր «անհամատեղելիության հիմքին» տալ հետադարձ ուժ և տարածել վերջինիս ընդունմանը նախորդ 15 տարիների վրա։ Սա ակնհայտորեն խնդրահարույց է նաև Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից, որի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն։ Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովը պնդել էր, որ հետադարձ ուժը պետք է լիովին բացառվի` նշելով, որ հետադարձ օրենսդրությունը պետք է ընդհանրապես բացառվի՝ ապահովելու համար, որ հետագայում այն չի ստեղծի Հայաստանի համար հնարավոր մարտահրավերներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
🔹 Lուծում չի ստացել Վենետիկի հանձնաժողովի այն մտահոգությունը, թե որ դատավորին է վերագրվելու մարդու իրավունքների խախտումը: Այս հարցն առաջանում է այն պարզ պատճառով, որ, օրինակ, ՄԻԵԴ դիմելու համար անձը պետք է սպառած լինի ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները: Այսինքն՝ ՄԻԵԴ-ը մեծամասամբ կայացնում է վճիռներ այնպիսի գործերով, որոնք անցել են 3 ատյաններով` առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ:
Այս համատեքստում Վենետիկի հանձնաժողովը ձևակերպում է հետևյալ հարցերը, թե եթե 3 ատյանների դատարաններ ներգրավված լինեն մի գործի մեջ, երբ ՄԻԵԴ-ի կողմից սահմանվել է մարդու հիմնարար իրավունքի խախտում, ինչը պահանջում է ներպետական պաշտպանության միջոցների սպառում, ապա այդ հանգամանքներում գործը քննած դատավորներից ո՞ւմ լիազորություններն են դադարեցվելու անհամատեղելիության նոր պահանջը խախտելու հիմքով, հնարավո՞ր է արդյոք որոշել խախտման մեջ դատավորի մեղքի բաժինը, հատկապես, եթե գործը քննվել է դատական կոլեգիալ կազմի կողմից։ Հարց է առաջանում նաև այն դեպքերում, երբ մեծամասնության որոշումներում քվեարկության հարաբերակցությունը կամ այլ կարծիքները չեն բացահայտվում:
Դատական իշխանության ազատությանը սպառնացող նախագծի «Լույս»-ի ամբողջական վերլուծությունը՝ https://bit.ly/3qVcJYa։
«Լույս» տեղեկատվական հարթակ


















































