«Իբիս» հյուրանոցում կայացած քննարկմանը քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ասաց, որ մենք ապրում ենք ողջ աշխարհի ու Հայաստանի համար դրամատիկ եւ որոշիչ ժամանակաշրջանում: «Այս իրավիճակը հիշեցնում է 1-ին համաշխարհային պատերազմը, երբ բոլորը բոլորի դեմ պատերազմում էին, երբ տնտեսական շուկաների գերիշխանության համար մեծ մրցակցություն էր ընթանում, ինչը բերեց 1-ին համաշխարհային պատերազմին, որն էլ շատ ողբերգական հետեւանք ունեցավ հայ ժողովրդի համար:
Հիմա, կարծես, մենք նման մի կետի ենք հասել: Եվ պատահական չէ, որ անգամ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների առաջին դեմքերի մակարդակով արդեն խոսվում է միջուկային զենք կիրառելու մասին: Իսկ միջուկային զենքը այն զենքն է, որը կիրառվում է վերջին պահին, երբ հակասությունները մի այնպիսի վիճակի են հասնում, երբ այլ լուծում այլեւս հնարավոր չի լինում գտնել: Եվ մենք, կարծես, տեսնում ենք, որ իրոք նման պահ է գալիս: Եվ այս ֆոնին մենք Միացյալ Նահանգների լուրջ, ազդեցիկ դեմքեր արդեն հայտարարում են, որ պետք չէ Ռուսաստանին անկյուն մտցնել, որպեսզի այլ ելք չունենա:
Մենք այս ճակատագրական պահին տեսնում ենք նաեւ, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, երբ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում արդեն խոսվում է նաեւ Հարավային Կովկասի մասին: Հիշենք Նենսի Փելոսիի այցը Երեւան, որի ընթացքում նա մի քանի շատ կարեւոր խորհրդանշական հայտարարություններ արեց եւ մենք, գուցե, դա այնքան էլ լավ չընկալեցինք: Տիկին Փելոսին ասաց, որ աշխարհում հակամարտություն է ընթանում ավտորիտար եւ ժողովրդավար ճամբարների միջեւ: Եվ դա տեղի է ունենում երեք կարեւոր կետերում՝ Ուկրաինա, Թայվան եւ Հարավային Կովկաս: Ու նշեց Հայաստանի անունը:
Ակնհայտ է, որ Թայվանում մրցակցություն է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ, Ուկրաինայում՝ պատերազմ, ըստ էության, Ուկրաինայի միջնորդավորությամբ, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ: Եվ հանկարծ այդ ցուցակում հայտնվում է նաեւ Հայաստանը»,-ասաց Ստեփան Դանիելյանը:
Կարդացեք նաև
Նա մի միտք մեջբերեց «Վաշինգտոն պոստից», որը բանախոսի ներկայացմամբ աշխատում է Սպիտակ տան եւ Պենտագոնի հետ եւ որտեղ պատահական տեսակետներ չեն հրապարակվում: Ներկայացնելով լրատվամիջոցում հայ-թուրքական հարաբերություններին տրված գնահատականները, քաղաքագետը նշեց, որ այնտեղ մի միտք կար, որ 2018 թվականին եկավ արեւմտամետ իշխանություն, որը իշխանությունը գրավեց պրոռուսական ուժերից, ռուսական էլիտայից: Այսինքն, ամերիկյան լրատվամիջոցը 2018 թվականի իշխանափոխությունը գնահատում է աշխարհաքաղաքական պրոցես, ինչին հաջորդեց պատերազմը: Եվ հիմա ստացվում է, որ Հայաստանը, որը կարծրատիպերով է ապրում, պետք է ցեղասպանության հարցը թողնի պատմաբաններին, պետք է օգտվի Թուրքիայի հնարավորություններից՝ ծովային բեռնափոխադրումներ եւ այլն, լոգիստիկ խնդիրներ: Եվ սա ըստ այդ ծրագրի, նոր ճանապարհ է բացում աշխարհի եւ մեր տարածաշրջանի համար, որտեղից պետք է հեռանա Ռուսաստանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































