«Դուրս ՀԱՊԿ-ից» նախաձեռնության անդամ, Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը «Գյումրու երկխոսության մեդիա կենտրոնում» խոսելով Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման մասին, կարծիք հայտնեց, որ տապալվեցին պատերազմ հրահրող ուժերի՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի նպատակները։
«Իմ կարծիքով կարևորագույն իրադարձությունները, հանգամանքներն այդ զարգացումների հետևյալն է՝ Պրահայի հանդիպումը միջազգայնորեն հաստատեց, որ 2020 թվականի 44 օրյա պատերազմ հրահրող ուժերը՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի նպատակները տապալվեցին։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան մեծ հաշվով իրենց աշխարհաքաղաքական նպատակներին չհասան։ Այսինքն՝ Պրահայում հաստատվեց, որ եռակողմ կոչվող այդ ղազաղագիրը՝ նոյեմբերի 9-ի, որը միտված էր տարածաշրջանից դուրս հանել Մինսկի խումբը, Հայաստանին առերես դնել Ադրբեջանի, Մոսկվայի և Անկարայի վերջնագրերի հետ, իսկ որպես Արցախի վրա հարձակման տրամաբանական շարունակություն ապահովեր Զանգեզուրի միջանցքը, այդ գլխավոր նպատակներից և ոչ մեկը չիրականացան։
Սյունիքը հայկական և մնալու է հայկական, Արցախը չի հայաթափվել, թեև գտնվում է շատ բարդ իրավիճակում, Մինսկի խումբը ոչ միայն չի տապալվել, որքան էլ, որ ձգտում էր դրան Մինսկի խմբի համանախագահներից Ռուսաստանը, այլ ընդհակառակը՝ այն վերաձևավորված, ավելի շատ բրյուսելյան խումբ է կամ բրյուսելյան գործընթաց։ Այն ոչ միայն պահպանվել է, այլ և՛ Ֆրանսիան, և՛ Միացյալ Նահանգները նոր համանախագահներ են նշանակել, ահա Պրահայի առաջին գլխավոր արդյունքը»։
Կարդացեք նաև
Երկրորդ կարևոր արդյունքը, ըստ բանախոսի, Եվրամիության կողմից դիտորդական առաքելության իրականացումն է։
«Երկրորդ արդյունքն այն է, որ նույնիսկ ի հեճուկս ռուս-ազերա-թուրքական ծրագրի՝ ոչ միայն Ռուսաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ չունեն ռազմական և քաղաքական մենաշնորհ այն տարածքում, որը իրենք անվանում են Հարավային Կովկաս, այլ այն տարածաշրջանում, որը մենք գերադասում ենք անվանել Հարավ-Արևելյան Եվրոպա, որն ավարտվում է Հայաստանով, այսուհետև գործելու է Եվրամիության կողմից նշանակված առաքելություն։ Այն հեռանկարներ ունի մոտ ապագայում դառնալու միջազգային խաղաղապահ ուժեր Ռուսաստանի անխուսափելի նահանջից ու պարտությունից հետո։ Ես կհանդգնեի բանաձևել իրավիճակն այսպես՝ այն պահից, երբ Եվրամիության դիտորդական առաքելությունը մտնում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, Հայաստանի սահմանը դառնում է Եվրամիության սահման։
Երրորդը՝ Արցախի կարգավիճակը տրամաբանորեն ելնում է իմ բարձրացրած առաջին երկու գաղափարներից։ Արցախը վերադառնում է, և հայությունը որպես համաշխարհային ազգ՝ Սփյուռքով հանդերձ, Արցախի հարցում վերադառնում են 1988-1991 թվակաների տրամաբանությունը, երբ մենք հետապնդում էինք ազգի ինքնորոշման իրավունքը և գործում էինք միջազգային իրավունքի, օրենքների տրամաբանությամբ։
Հետագայում մեզ համար հաղթական պատերազմից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը, ռուսական զորքը հրավիրելով Հայաստանի տարածք և հատկապես 102-րդ բազան, հետագայում նրա դրածոներից Ռոբերտ Քոչարյանը վերաձևավորվեց մարդու իրավունքների, ազգի իրավունքների ինքնորոշման պայքարի խնդիրը տարածքային խնդրի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Պրահայում փաստորեն մերժվեց տարածքային վեճի տրամաբանությունը և Արցախի հարցը վերադառնում է միջազգային օրենքի դաշտ և լուծվելու է միմիայն ազգերի ինքնորոշման իրավունքի տրամաբանությամբ»,-ասաց Տիգրան Խզմալյանը։
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանն էլ կարծիք հայտնեց, որ Պրահայում տեղի ունեցած քառակող հանդիպման արդյունքները լավ հնարավորություններ են ստեղծել Հայաստանին առաջ շարժվելու առանց Ռուսաստանի, իսկապես համաձայնություն գտնելու Ադրբեջանի հետ։
«Պրահայի հանդիպումը կարծում եմ շատ կարևոր բեկում է արցախյան կարգավորման և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման պատմության այս շրջափուլում։ Մենք տեսնում ենք, որ ռուսական իշխանությունների ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական պատերազմի վրա և ակնհայտորեն բավարար ջանք և ներուժ չունի Ռուսաստանը, որպեսզի հատկացնի այն խնդիրներին, որոնք վերաբերում են Հարավային Կովկասին և մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ստեղծված իրավիճակին՝ կապված սեպտեմբերի լույս 13-ի հայտնի լայնամասշտաբ ագրեսիայի՝ Ադրբեջանի կողմից իրագործված Հայաստանի ինքնիշխան սահմանների նկատմամբ։
Իրավիճակը, որ մենք ունենք Արցախում, ըստ էության, ստեղծել է հրամայական Հայաստանի իշխանությունների համար լրացնելու այն բացը, այն վակուումը, որն օբյեկտիվորեն առաջ է եկել Ռուսաստանի կրավորական, երբեմն նույնիսկ չափազանց պասիվ ներկայության պատճառով։
Ակնհայտորեն ես կարծում եմ Եվրամիության, Նահանգների, Ֆրանսիայի ակտիվությունը բխում է Հայաստանի շահերից և բնականաբար քառակողմ հանդիպման արդյունքները ևս բավական լավ հնարավորություններ են ստեղծել Հայաստանի համար առաջ շարժվելու՝ առանց Ռուսաստանի, իսկապես համաձայնություն գտնելու Ադրբեջանի հետ։
Շատ կարևոր է Էրդողան-Փաշինյան հանդիպումը, որը հնարավոր եղավ բացառապես Արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների հատուկ ջանքերի շնորհիվ։
Ինչո՞վ է կարևոր քառակողմ հանդիպումը, ես այստեղ ուզում են նշել Ֆրանսիայի դերակատարությունը, որովհետև Եվրամիության հետ կապված դեռևս որոշ վերապահումներ կան այն իմաստով, որ օգոստոսի 31-ի հանդիպումն, ըստ էության, ամբողջությամբ կարելի է ձախողված համարել և դրան հաջորդած հայտնի իրադարձությունները սեպտեմբերի լույս 13-ի, նաև դրա հետևանքն են։
Այստեղ էապես կարևոր է, թե Եվրամիության ջանքերի մեջ որքան ակտիվ կգտնվեն Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, այլ դրանով պայմանավորված կլինի, թե խնդրի կարգավորման խողովակը մեզ համար որքանով նպաստավոր կլինի։
Ես հույս ունեմ, այն առաջարկները, որոնք վերաբերում են հատկապես երկամսյա կտրվածքով Եվրամիություն դիտորդական խումբ տեղակայելու, դա կարող է շատ նշանակալից լինել դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացի համար։
Մենք գիտենք, որ դրա մասին հայտարարություն է ընդունվել դեռևս 2021 թվականին դեկտեմբերին առաջին հանդիպման ժամանակ Միշել-Փաշինյան-Ալիև ձևաչափով։ Եվ դրա իրագործման ուղղությամբ բավական բացասական վերաբերմունք էր հայտնել Մոսկվան՝ շատ լավ իմանալով, որ այն քարտեզները և այն փիլիսոփայությունը, որ Ռուսաստանն է առաջարկում դնել դեմարկացիայի և դելիմիտիացիայի գործընթացի հիմքում, ընդհանրապես որևէ կերպ չէր նախատեսվում կապեր պահպանել երկու երկրների միջև, նրանց շահերը, որոնք կարող են առնչվել մարդու իրավունքներին, հոգևոր ժառանգությանը, սահմանային այնպիսի իրավիճակներին, որտեղ քարտեզը չի կարող իմպերատիվ, կարևոր նշանակություն ունենալ, քան իրողությունները, որոնք գետնին արդեն կան։
Եվրամիության փորձը հույս է տալիս, որ շատ առումներով այստեղ կարող է շահած դուրս գանք և նախանձախնդիր լինենք, թեկուզ եթե անհրաժեշտ լինի այդ առաքելության ժամկետը կարողանանք երկարաձգել»։
Արման Բաբաջանյանը նաև ասաց՝ կարևոր ձեռքբերում է այն, որ Ռուսաստանը որևէ դերակատարություն չունի, այն չի կարող ունենալ կոնստրուկտիվ արժեք, դրական նշանակություն, քանի որ Ռուսաստանը իր ռեգիոնալ ներկայությունը բացառապես պայմանավորել է կոնֆլիկտների հարատևությամբ։
«Դուրս ՀԱՊԿ-ից» նախաձեռնության մեկ այլ անդամ՝ «Կանաչ Հայաստան» ՀԿ–ի նախագահ Թեհմինա Ենոքյանն էլ կարևորեց այն, որ առաջին անգամն է ՀՀ վարչապետը հանդիպում ունեցել Թուրքիայի նախագահի հետ։
«Այս ձևաչափը բավականին կարևոր է, եթե հիշում եք կար ֆուտբոլային դիվանագիտություն ասվածը, երբ Հայաստան էր ժամանել Թուրքիայի ներկայացուցիչը, այդ ժամանակից ի վեր մենք կարծես որևէ բանակցություն չենք վարել Թուրքիայի հետ։ Կամ բանակցությունները ինչ-որ միջնորդների միջոցով էին տեղի ունենում, որոնք որ հիմնականում փորձում էին փակել այս բանակցային գործընթացները, Հայաստանի վրա ազդեցությունը։
Արդյունքում ստացվում էր, որ ՌԴ-ի ղեկավարությունն իր շահն էր սպասարկում, իսկ Հայաստանի իշխանությունը օրվա իր պաշտոնն էր փորձում ապահովել։ Մենք տարիներ ի վեր տեսել ենք, թե ինչպես էին փորձում իշխանությունը պահել՝ միևնույն ժամանակ ծառայել Ռուսաստանի շահերին, արդյունքում միայն շահել է Թուրքիան և Ռուսաստանը՝ որպես պետություն։
Բայց այսօր տեսնում ենք, որ ունենք հնարավորություն ուղիղ բանակցելու և միջնորդներ չունենալու արանքում։ Նաև հնարավորություն ունենք Հայաստանում տարանջատելու Ռուսաստանի բնակչությանը և ղեկավարությանը, պետք չէ հավասարության նշան դնել բնակչության և երկրի ղեկավարության միջև, որովհետև շատերը դեմ են Պուտինի վարած քաղաքականությանը։
Այսօր շատ են մեղադրանքները, թե դուք Ռուսաստանի դեմ եք, և այլն, բայց այսօր մենք տեսնում ենք, թե Հայաստանում որքան շատ են Ռուսաստանի քաղաքացիները և ինչքան ապահով են իրենց զգում Հայաստանում։ Պիտի կարողանանք այնպիսի փորձառություն ձեռք բերել բանակցություններում, որ մեր անվտանգության համակարգի երաշխիքներ ստեղծենք առանց Ռուսաստանի, առանց պուտինյան ղեկավար մարմինների, որոնք մշտապես իրենց վերահսկողությունն են ունեցել այս տարածաշրջանում, բայց միայն ու միայն իրենց բիզնես տեսակետից, զենք ծախելու, այլ շահեր սպասարկելու, բայց ոչ Հայաստանի անվտանգության համակարգն ապահովելու տեսակետից»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ





















































