Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորչի՛ր», «հեռացի՛ր», «մերժի՛ր» բացականչությունները թողնում եմ ֆանատներին

Փետրվար 02,2023 10:00 Share

Դպրոցում, որտեղ դասավանդում եմ, դասերից մեկի ժամանակ խոսք գնաց ֆանատների մասին, եւ ես ցույց տվեցի այն կադրերը, որտեղ Մարոկոյի հավաքականի ֆանատները Բրյուսելում անկարգություններ էին սարքել, երբ իրենց թիմն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում պարտվել էր Ֆրանսիայի հավաքականին: Երեխաների ռեակցիան շատ առողջ էր՝ «Իսկ ո՞րն է իմաստը: Ինչ-որ բան խաղի արդյունքում դա պետք է փոխե՞ր»: «Իմաստ չկա, – պատասխանում եմ ես, – պարզապես մարդիկ պարպում են իրենց էմոցիաները, հովացնում են իրենց սրտերը»:

Ֆանատիզմը հենց այդպիսի բան է. չգտնելով իրականության մեջ սկզբունքներ եւ արժեքներ, որոնց վրա կարելի է հենվել, ֆանատն ընտրում է որեւէ հերոս կամ հակահերոս եւ սկսում է նրա հասցեին բացականչություններ հնչեցնել:

Վերջին 25 տարիների ընթացքում իմ ամենօրյա հրապարակումներին գերակշիռ կերպով արձագանքում են ֆանատները: Նրանք լինում են 8 տեսակի. լեւոնականներ, քոչարյանականներ, սերժականներ, նիկոլականներ, ինչպես նաեւ՝ հակալեւոնականներ, հակաքոչարյանականներ, հակասերժականներ եւ հականիկոլականներ: Այդ 8 տեսակները նաեւ ինչ-որ ձեւով զուգորդվում են ու խաչասերվում:

Ամենաակտիվն, իհարկե, «հակա»-ներն են: Նրանց ասածը սովորաբար մոտավորապես հետեւյալն է լինում. «Դու հիմնականում ճիշտ ես քննադատում, բայց քանի որ վերջում չես ասում՝ «Ռոբերտ (Սերժ, Նիկոլ), հեռացի’ր, դու, ուրեմն, դուխ չունես»: Բայց այս բոլոր 25 տարիների ընթացքում՝ ես վստահ եմ, որ հրաժարականներով ոչ մի խնդիր չի լուծվում: Խնդիրները լուծվում են ճիշտ նպատակադրումներով, դրանց իրագործման մեխանիզմներով եւ ինստիտուտներով:

Սերժ Սարգսյանի հրաժարականով որեւէ խնդիր լուծվե՞լ է՝ թեկուզ չարչրկված կոռուպցիայի: Չի՛ լուծվել: Մի՛ կասկածեք, որ հերթական իշխանափոխությունից հետո հնչեղ բացահայտումներ կլինեն այսօրվա «Սաշիկների» եւ «Գագիկ Խաչատրյանների» վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կասեցվելո՞ւ է պետության աղետալի ընթացքը: Ոչ, չի կասեցվելու: Որովհետեւ ոչ մի քաղաքական գործիչ կամ ուժ այժմ չունի այդ ընթացքը կանխելու հստակ, հետեւողական, իրատեսական եւ հասարակության համար ընկալելի քայլերի ծրագիր:

Ի դեպ, ամենայն հարգանքով կոլեկտիվ նամակը ստորագրած մտավորականների հանդեպ, չեմ կարծում, որ այսօր ժամանակն է պահանջել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

…Իսկ ընդհանրապես՝ «Կորչի՛ր», «Հեռացի՛ր», «Մերժի՛ր» կոչերը թողնում եմ ֆանատներին: Սպառողների մեծամասնությանն այդ թեման հետաքրքրում է: Ինձ՝ ոչ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Այդ 8 տեսակները նաեւ ինչ-որ ձեւով զուգորդվում են ու խաչասերվում…»
    Փաստորեն կարելի է ասել, որ 25 տարիների ընթացքում Առավոտի առցանց հարթակում Ձեզ հաջողվել է ընթերցողի նոր տեսակներ բուծել:

  2. Blog_H says:

    Հրաժարականների հիմնական ու առաջնահերթ իմաստը՝ խնդիր լուծել չէ: Այլ, արդարութիւն: Պատասխանատւութեան հետեւանք: Որպէսզի գոնէ մարդիկ տեսնեն որ, երբ որ հեղինակաւոր անձ մը ի պաշտօնէ ծանր սխալներ է անում, որոնց պատճառով մեռնողներ կան, անասելի կորուստներ կան, լինում է՝ հետեւանք: Եւ ոչ թէ, business as usual. կամ աւելի վատ՝ աթոռի ու տիտղոսի հանգիստ պահպանում, պաշտօնավարութեան անհոգ ու անզգամ շարունակութիւն: Comme si de rien n’était…

    Եթէ խնդրոյ առարկայ անձերը նշոյլ մը պատասխանատւութեան գիտակցութեան ունենան, որեւէ հրաժարականի պահանջ հարկաւոր իսկ պէտք չէ որ ըլլայ: Ինքնակամ կը հրաժարէին: Այդպէս, նորմալ երկիրներում, նամանաւանդ հանրային ոլորտում, որեւէ մակարդակի վրայ:
     
    Թէ ոչ, այո: Նամանաւանդ ասկէ ետք, ոչ ոք կարող է՝ այսքան կոտրուած, փշրուած կուժ մը վերասարքել, կտորներն ու փշրանքները ետ իրարու փակցնել:

  3. Ջորդանո Գալիլյան says:

    Մի խոսքով՝ Կիկոլի ու Արայիկի հրաժարականով հարց չի լուծվի. թողեք մեր պատուհաս «ջահելները» մի քիչ էլ աշխատեն, էլի: 🙂 Ընդհանրապես ասած, կարելի է իհարկե համաձայնվել, որ հրաժարականով ոչ մի խնդիր չի լուծվում, բայց մանիպուլյացիան այստեղ այն է, ոչ մի խելամիտ մարդ չի էլ պնդում, թե խնդիրը կարելի է լուծել միայն հրաժարականով: Դա խնդրի լուծման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է: Ոչ ոք չի խանգարում հրաժարականից հետո անել ճիշտ նպատակադրումներ, նշել դրանց իրագործման մեխանիզմները եւ ստեղծել համապատասխան ինստիտուտներ…

    Մեղքը գցել «ֆանատների» գրպանը կարելի է, բայց դա հարցի լուծում չի: Ի վերջո՝ բոլոր բանական էակներն էլ ինչ-որ բանի կողմ են եւ մեկ ուրիշ բանի՝ դեմ: Հեղինակն ինքը պրոլեւոնական է եւ հակաքոչարյանական, եւ այդտեղ ոչ մի զարմանալի ու ֆանատիկ բան չկա: Նույնիսկ այն լպրծուն ու ամորֆ արարածները, որոնք «քաղաքականությամբ չեն զբաղվում», իրականում կողմ են նրան, ով իրենց գրպանի պարունակությունը կարող է ավելացնել, եւ դեմ նրան, ով կարող է պակասեցնել…

  4. Blog_H says:

    Բոլոր հայերս – որոնք դեռ հետաքրքրուած են Հայութեամբ եւ Հայաստանով -, հոգեբանական հաւաքական լուրջ խնդիրներ ունինք:

    Այդ անմիտ, ծայրայեղ եւ կոյր մերժումի պատճառով՝ գոյացաւ այժմու դժոխածին վարչակարգը:

    Ուրեմն, ատիկա դաս եղաւ, որպէսզի այլեւս անմիտ, ծայրայեղ եւ կոյր մերժումով չերազենք գնալ առաջ:

    Եւ այս դասից ուղղակի օգտւում է… այժմու վարչակարգը:

    catch-22

Պատասխանել Ջորդանո Գալիլյան

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728