Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրանուշ Սահակյան. Կարծում եմ դատարանը կբավարարի մեր հայցը, այսինքն՝ ապաշրջափակմանն առնչվող կոնկրետ միջոց կկիրառի. . «Հրապարակ»

Փետրվար 02,2023 11:44 Share

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի հայցերի դատական լսումները։ Հայաստանը պահանջ է դրել պարտավորեցնել, որ Ադրբեջանն անհապաղ ապաշրջափակի Լաչինի միջանցքը, Ադրբեջանի հայցը կապված է ականապատված տարածքների ու դրանց քարտեզների տրամադրման հետ։ Հայկական կողմի ներկայացուցիչը միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էր, ում ելույթը բարձր գնահատեցին անգամ ընդդիմադիրները։

Ադրբեջանական կողմից՝ փոխարտգործնախարարն էր։ Երկու կողմից ներգրավված էին նաեւ միջազգային փորձագետներ, իրավախորհրդատուներ։ Հայաստանն այդ նպատակով հատկացրել էր մի քանի միլիոն դոլար։ Լսումներն ավարտվել են, սպասում են դատարանի որոշմանը։ Միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մեզ ասաց՝ ակնկալում է, որ դատարանը կբավարարի Հայաստանի հայցը։ Նա հիշեցրեց, որ 2022-ի դեկտեմբերին էլ ՄԻԵԴ-ն էր քննում Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման մասով միջանկյալ միջոց կիրառելու հարցը:

«Հայկական կողմը հարցը դիտարկում է բնաջնջման քաղաքականության կոնտեքստում, եւ դրա համար է հնարավոր եղել խտրականության խնդրի համատեքստում նման անհապաղ միջոց պահանջելը։ Կողմերը նաեւ վիճում են, թե գործողություններն ում են վերագրվում, այսինքն՝ ով է շրջափակման պատասխանատուն։ Հայկական կողմը, բնականաբար, հասցեատեր է դարձրել Ադրբեջանին, որը ղեկավարում, հրահրում եւ ֆինանսավորում է, այսպես կոչված, «էկոակտիվիստների» միջոցով շրջափակումը։ Ադրբեջանական կողմն այստեղ շեշտադրել է ռուսական կողմի պատասխանատվությունը՝ համարելով, որ ի սկզբանե միջանցքը գտնվել է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, այսինքն՝ իրավական եւ փաստական առումով ադրբեջանական կողմը չի կարող հասցեատեր լինել։ Իհարկե, նրանք հերքում են նաեւ փաստերը, որոնք կապված են շրջափակման հետ, ներկայացնում են որոշ ապացույցներ՝ ցանկանալով ընդգծել, որ, բոլոր դեպքերում, տեղաշարժ գոյություն ունի»,- ասաց Սահակյանը՝ նկատելով, որ ադրբեջանական կողմը ճանապարհի փակման մեղքն ու պատասխանատվությունը բարդում է ռուս խաղաղապահների վրա։

– Ինչպե՞ս եք գնահատում Հաագայում լսումները, կողմերի փաստարկները, Եղիշե Կիրակոսյանի ելույթը որքանո՞վ էր համոզիչ։

– Կարծում եմ՝ բավականին հիմնավոր արգումենտներ ներկայացրեց հայկական կողմը՝ ոչ միայն իրավական բնույթի հարցերի առնչությամբ, այլ նաեւ փաստական հարցերի, այսինքն՝ ընդհանուր պատրաստվածությունը եւ պրոցեսը ես շատ դրական եմ գնահատում, որը կարող է ապահովել պոզիտիվ ելք հայկական կողմի համար, այսինքն՝ բավականին մեծ եմ գնահատում դրա հնարավորությունը։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի փաստարկներին, ապա նրանք կարողանում էին ամուր տեղակայվել այնպիսի հարցերում, որտեղ հայկական կողմը հանդես էր եկել քաղաքական հայտարարություններով՝ տարբեր պաշտոնյաների կողմից, եւ նրանք շահարկում էին հենց դրանք, ու կարծում եմ՝ գրագետ կերպով պաշտպանությունը կազմակերպում էին հենց այդ թեզերի վրա։

– Դուք ի՞նչ ակնկալիք ունեք ՄԱԿ-ի արդարադատության դատարանից, քանզի սա թերեւս վերջին ատյանն է, որի միջոցով հնարավոր է օրինական ճանապարհով ստիպել Ադրբեջանին՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

– Ես կարծում եմ, որ դատարանը կբավարարի մեր հայցը, այսինքն՝ ապաշրջափակմանն առնչվող կոնկրետ միջոց կկիրառի։ Թե ինչպիսի ձեւակերպումներով՝ չես կարող ասել, վստահ չեմ, որ 100 տոկոսով կկրկնի հայկական կողմի ձեւակերպումը, այստեղ կարող են բառային տարբերություններ լինել որոշ նրբերանգներով, բայց գլոբալ առումով կարծում եմ, որ հայկական կողմի պահանջը՝ ապաշրջափակման առնչությամբ, բավարարվելու է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728