Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը պատասխանում է Aravot.am-ի հարցերին
– Պարոն դեսպան, նախ բարի գալուստ Հայաստան: Ձեր առաջին տպավորությունները մեր երկրի մասին:
-Շնորհակալ եմ, տպավորություններն առայժմ գերազանց են առաջին իսկ օրվանից: Խոսքը միայն արեւի լույսին չի վերաբերվում, որը Հայաստանում ավելի առատ է, քան Չեխիայում: Եվ անկեղծ ասած, արեւի լույսը նպաստում է դրական տրամադրությանը եւ լավատեսությանը: Բացի դրանից, մինչ այստեղ ժամանելը՝ Հայաստանն ինձ համար բացարձակապես անծանոթ մի երկիր չի եղել: Մինչ այդ ես այստեղ եղել եմ 3 անգամ՝ մի քանի տարի առաջ զբոսաշրջիկի կարգավիճակով, ապա Հայաստան եմ ժամանել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ, որը պետական այցով Հայաստանում էր 2016թ, այնուհետեւ այստեղ եմ գտնվել ընտրություններին՝ ԵԱՀԿ դիտորդի կարգավիճակով: Երբ պետք է ընտրություն կատարեի Պրաժսկի գրադում մի քանի տարի աշխատելուց հետո, որտեղ զբաղեցնում էի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը, ընտրեցի Հայաստանը: Այն պատճառով էլ վերադարձա արտաքին գործերի նախարարություն, որտեղից ինձ «շնորհ արեցին» դեպի Նախագահի աշխատակազմ, ապա վերապատրաստումից հետո իբրեւ դեսպան՝ ժամանեցի ձեր երկիր: Թեեւ ի սկզբանե պարզ էր, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում հեշտ չէ, այնուամենայնիվ իմ որոշումը միանշանակ էր: Ես շատ գնահատում եմ Չեխիայի Հանրապետությունն այստեղ ներկայացնելու ինձ ընձեռված հնարավորությունը, եւ այն վստահությունը, որ կապված է դրա հետ:
Կարդացեք նաև
– Հունվարի 2-ին լրացավ Հայաստանի եւ Չեխիայի Հանրապետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Դուք Հայաստան եք ժամանել հունվարի 2-ին, ինչ-որ սիմվոլիզմ տեսնո՞ւմ եք այդտեղ:
– Մինչեւ վերջ անկեղծ լինելու համար՝ խոստովանեմ, որ մեզ հայտնի չէ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հստակ ամսաթիվը: Չեխական կողմը ելնում է նրանից, որ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են հունվարի 5-ին: Այդ առիթով մենք նույնիսկ արտգործնախարարության արխիվներից գտանք դիվանագիտական նոտան՝ 1993թ հունվարի 20-ին հղված Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության կողմից, որտեղ ասվում էր, որ ՀՀ նախագահի որոշմամբ 1993թ հունվարի 5-ից Չեխիայի եւ Սլովակիայի Հանրապետությունները ճանաչվում են անկախ պետություններ, հետեւաբար հայկական կողմը պատրաստ է նրանց հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ:
Այսպիսով` մենք գիտենք, թե երբ է դա իրականում տեղի ունեցել: Հայկական կողմն առաջարկեց հունվարի 2-ը սիմվոլիկ նշել իբրեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման օր, քանի որ հունվարի 2-ը Ամանորից հետո առաջին աշխատանքային օրն է: Ինչ էլ որ լինի, կարեւորն այն է, որ երկու երկրները հաստատել են դիվանագիտական հարաբերություններ շատ վաղ՝ անմիջապես անկախացումից հետո: Իսկ հստակ օրը ընդամենը խորհրդանիշ է: Էական չէ, հունվարի 2-ը, թե 5-ն է այդ օրը, կարեւորն այն է, որ չեխ-հայկական հարաբերությունները այդ օրվանից զարգանում են:
Հունվարի 2-ին իմ՝ Հայաստան գալու սիմվոլիզմն այլ բանի հետ էր կապված. Ես ցանկանում էի սկսել իմ նոր առաքելությունը եւ մասնագիտական նոր էջը որքան հնարավոր է շուտ՝ Նոր տարուց անմիջապես հետո: Հիանալի է՝ նոր տարի, նոր դեսպան… Եվ ես եկել եմ այստեղ, որպեսզի, ինչպես վերը նշվեց, շարունակեմ զարգացնել չեխ-հայկական հիանալի հարաբերությունները:
– Դուք ակտիվ հանդիպումների մեջ եք Հայաստանի՝ տարբեր ոլորտների պաշտոնատար անձանց հետ: Ըստ Ձեզ, հատկապես ո՞ր ոլորտներում կարելի է հարաբերություններն էլ ավելի սերտացնել:
-Ես Հայաստան չեմ եկել հանգստի համար, չնայած կուզեի վայելել, եկել եմ այստեղ ինչ-որ բան անելու համար: Իմ պաշտոնական ժամանման պահից ես հանդիպել եմ ձեր կառավարության տարբեր նախարարների հետ՝ ներառյալ ՀՀ վարչապետը եւ այլ պաշտոնատար անձինք: Ես շատ գնահատում եմ այն փաստը, որ բոլորը ժամանակ են գտել ինձ հետ հանդիպելու, որ շատ լավ պատրաստված էին, դրական էին ու կառուցողական տրամադրված: Դա փաստում է, որ նրանք հետաքրքրված են չեխ-հայկական հարաբերություններով:
Ինչ վերաբերվում է երկկողմ համագործակցությանը, կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ կարող ենք խորացնել համագործակցությունը: Հայաստանը գտնվում է շատ յուրահատուկ ու բարդ իրավիճակում: Չեխիայի Հանրապետությունը հասկանում է այդ իրավիճակը, այդ առումով Հայաստանը կարող է ապավինել մեր օգնությանը: Ի դեպ, մենք ունենք որոշակի սպասումներ: Ամենալավն այն է, երբ մարդիկ ուղիղ են խոսում ամեն ինչի մասին, դրա համար ես փորձում եմ ակտիվացնել շփումները պետական եւ ոչ պետական կառույցների ներկայացուցիչների հետ:
Մարդկանց միջեւ կապերը՝ սկսած ամենաբարձր պետական կառույցներից մինչեւ ուսանողները, տարբեր ոլորտների պրոֆեսիոնալները, այսպես կոչված պարզ մարդիկ, համարվում են փոխհարաբերությունների հիմքը: Նշեմ, որ մենք նախատեսում ենք վարչապետ Փաշինյանի այցը Չեխիա, ծրագրել ենք նաեւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի այցը Հայաստան, առաջիկայում խորհրդակցությունների համար կժամանի նաեւ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարը… Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են։
Բացի այդ, Հայաստանը համարվում է առաջնահերթությունների երկիր՝ այսպես կոչված, «տրանսֆորմացիոն համագործակցության» համար, եւ ես ցանկանում եմ դա շարունակել։ Համատեղ ծրագրերը պետք է կենտրոնանան լավագույն փորձի փոխանցման վրա այն ոլորտներում, որտեղ մենք կարող ենք տրամադրել փորձագիտական գիտելիքներ: Մենք կենտրոնանալու ենք նաեւ ԶԼՄ-ների ոլորտում համագործակցության վրա, Չեխիայի եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև համալսարանների միջև կապերի ընդլայնման վրա:
Եվս մեկ կարեւոր ուղղություն եւ ինձ համար առաջնահերթություն է Չեխիայի Հանրապետության եւ Հայաստանում մեր դեսպանության մասին տեղեկացվածության եւ տեսանելիության մակարդակի բարձրացումը։ Դրա գործիքները ներառում են ոչ միայն ակտիվ հասարակական եւ մշակութային ներկայացում, այլեւ ավելի հաճախակի հանդիպումներ հայ եւ օտարերկրյա գործընկերների հետ, միջոցառումներ մարզերում, Հայաստանում գործող չեխական ընկերությունների՝ էլ ավելի մեծ ներգրավվածություն Չեխիայի Հանրապետական ներկայացման գործում: Չեխիան գեղեցիկ եւ հետաքրքիր երկիր է, կարող է ավելին առաջարկել, եւ դա միայն գարեջուրը չէ, Պրահան ու զբոսավայրերը:
Տնտեսական դիվանագիտությանը աջակցությունը եւս համարվում է կարեւոր օրակարգային հարցերից մեկը: Վերջին տարիներին բավականին աճել է երկկողմանի առեւտրաշրջանառությունը՝ անցյալ տարի հասնելով 60%-ի: Մասնավորապես, Չեխիայից արտահանումը Հայաստան աճել է եւ նույն մակարդակի վրա է, ինչ, օրինակ, Չիլիի կամ Ինդոնեզիայի դեպքում, եւ ավելի բարձր է, քան Արգենտինայի կամ Վիետնամի պարագայում։ Ես կշարունակեմ ամրապնդել առևտրային համագործակցությունը եւ նոր հնարավորություններ փնտրել՝ շեշտադրելով ժամանակակից ոլորտները։


-Ծաղիկն ինձ համար գեղեցկության, նրբագեղության եւ բնության հրաշքի խորհրդանիշ է: Մի՞թե հրաշալի չէ, որ դրանք այդքան տարբեր են եւ միաժամանակ ձգող: Ես սիրում եմ բնությունը, եւ իմիջիայլոց, դրա պատճառներից մեկն է, որ Հայաստանը ձգում է ինձ: Իսկ ծաղիկը նման կերպ կրելը գեղեցիկ ավանդույթ է, որի մասին գրեթե մոռացել ենք: Ես ուրախ եմ իմ բուտոնիեյի (իբրեւ աքսեսուար՝ կոստյումին ամրացված ծաղկի) հետ կապված դրական հույզերի համար: Ավելին` կուզեի, որպեսզի նման բաները հանգեցնեին էլ ավելի սիրել բնությունը եւ հիանալու նրանով:

-Առայժմ մի քանի տեղերում եմ եղել: Ես սիրում եմ զբոսնել, դրա համար փորձում եմ ինձ համար բացահայտել Երեւանը, որի կենտրոնը բավականին լավ գիտեմ: Եղել եմ Գառնիում, դահուկ քշել Ծաղկաձորում, այցելել եմ մի քանի եկեղեցի, եղել եմ նաեւ Եղեգնաձորում: Մտադիր եմ շարունակել ճանաչել Հայաստանը: Ինչպես արդեն նշեցի, սիրում եմ բնությունը, նաեւ հետաքրքրված եմ պատմությամբ: Ինձ հետ վերցրել եմ արշավի գնալու պարագաներ, համապատասխան կոշիկ եւ քնապարկ: Ի թիվս այլ սպորտային պարագաների, վերցրել եմ նաեւ երկու հեծանիվ, մեկը՝ ճանապարհային, մյուսը՝ լեռնային: Ուզում եմ ինձ համար աստիճանաբար բացահայտել Հայաստանը, նրա բնությունը, մարդկանց եւ վայրերը: Եթե ձեր ընթերցողներն այդ հարցում ինձ օգնեն, ուրախ կլինեմ:
Հարցազրույցը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ
Լուսանկարները՝ դեսպանի ֆեյսբուքյան էջից




















































