Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլուսի Աքարը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ պատմական թշնամանքի վերացումը ճանապարհ կհարթի տևական բարեկամության համար

Մայիս 05,2023 17:59

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի կովկասյան տարածաշրջանի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ըստ TRT World-ի հոդվածի:

«Հույս ունեմ, որ պատմական թշնամանքի վերացումը ճանապարհ կհարթի տևական բարեկամության և համագործակցության համար,- ասել է Աքարը: -Այնուամենայնիվ պետք է հաշվի առնել ստեղծված նուրբ իրավիճակը։ Չնայած հակամարտությունը ներկայումս սառեցված է, որքան երկար է տևում [խաղաղության] գործարքը, այնքան մեծանում է ռազմական գործողությունների մեջ նորից ընկնելու վտանգը»:

Աքարը նշել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր երկու խնդիր կա, որ խանգարել է Անկարային և Երևանին զարգացնել հարաբերությունների կարգավորումը: Դրանցից մեկը, նրա խոսքով, «1992-ի պատերազմն էր Լեռնային Ղարաբաղի համար և դրա հետևանքով Հայաստանի կողմից միջազգային իրավունքի խախտմամբ ադրբեջանական տարածքների զգալի մասի օկուպացիան»:

«Մյուս խոչընդոտը չլուծված տարբեր տեսակետներն են 1915թ. պատմական իրադարձությունների վերաբերյալ, որոնք Օսմանյան կայսրության վերջին տարիներին հանգեցրին ինչպես հայերի, այնպես էլ մուսուլմանների մահվան», – ասաց նա:

Աքարը նշել է, որ թեև առաջին խնդիրը «քիչ թե շատ լուծված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր հողերը 2020թ. հայկական երեք տասնամյակ տևած օկուպացիայից հետո, երկրորդ խնդիրը, «ապացուցվել է, որ շատ ավելի դժվար է հաղթահարել, քանի որ դա խորապես զգացմունքային և զգայուն թեմա է երկու կողմերի համար»:

Աքարի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է լուծել այս հարցը և կոչ է արել Հայաստանին 2005թ. բացել իր ազգային արխիվները և ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով՝ ուսումնասիրելու «1915թ. իրադարձությունները»: «Թուրքիան արդեն բացել է իր ազգային արխիվները միջազգային ուսումնասիրության համար, մինչդեռ Հայաստանը դեռ փակ է պահում իր արխիվները և հրաժարվում է արձագանքել մեր կոչին»,- ասել է Աքարը:

Նա հերթական անգամ հնչեցրել է Թուրքիայի այն թեզը, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «Ռուսաստանի կողմից աջակցություն վայելող հայ ազգայնականները» զենք վերցրին Օսմանյան կայսրության դեմ և «բռնության գործողություններ իրականացրին մուսուլմանների դեմ, այդ թվում՝ հարձակումներ մուսուլմանական գյուղերի և խաղաղ բնակիչների վրա»: Նրա խոսքով՝ այդ գործողությունները «փաստագրվել և ճանաչվել են պատմաբանների, ինչպես նաև այն ժամանակվա արևմտյան ռազմական առաքելությունների կողմից»:

Աքարն ասել է, որ Թուրքիան շարունակում է մնալ այն համոզմունքին, որ թուրք և հայ ժողովուրդները, ովքեր «հանդուրժողականության և խաղաղության մեջ ապրելու երկար պատմություն ունեն», չնայած մարտահրավերներին, կարող են հարաբերություններ հաստատել բարեկամության և փոխշահավետ գործակցության վրա։

«Եթե տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրները որոշեն ներդրումներ կատարել խաղաղության գործում, ապա քաղաքական և տնտեսական դիվիդենտները մեծ կլինեն ողջ տարածաշրջանի համար: Թուրքիան կցանկանար տեսնել երրորդ երկրներ, այդ թվում Արևմուտքի իր դաշնակիցներին, կամ նպաստել այս նոր ըմբռնմանը, կամ գոնե զգուշանալ պատմական վեճը քաղաքականացնելու և ռազմական գործողությունները հավերժացնելու ջանքերից», – ասել է Աքարը:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031