Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես անել, որ հրեաների նման հայերս էլ ցեղասպանությանն ասենք՝ «Այլևս երբեք»․ Բագրատ Սրբազանի պատկերացրած Ավետյաց երկիրը

Հուլիս 07,2023 22:20 Share

Գյումրիում տեղի ունեցավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի շնորհանդեսը։ Ինչպես նշում է հեղինակն, այն պարզ ու անկեղծ զրույցների շարք է կամ զրույց է ընթերցողի հետ այսօրվա «դառը իրականության և գողացված ուրախության ժամանակաշրջանում»։

Իսկ թե ինչու «Ավետյաց երկրի տեսիլք», Բագրատ Սրբազանը 90-ական թվականներից սկսած՝ նույնականություն է տեսել Իսրայելի ժողովրդի եգիպտական գերությունից ազատվելու և ելքի հետ։

Ըստ նրա, մենք էլ 30 տարի դեգերում ենք «անապատում», փորձում պետական ինստիտուտները կառուցել, Սուրբ գրքի մարգարեական խոսքերին համահունչ՝ 40 տարին լրանում է ու մեզ ընդամենը տաս տարի է մնացել Ավետյաց երկրին հասնելու համար։

Իսկ Ավետյաց երկիրը, ըստ հեղինակի, ազատագրված ժողովրդի վերջնահանգրվան ունենալու գաղափարն է, այն մեր իղձերի, երջանկության ու երազանքների երկիրն է։

Բագրատ Սրբազանի գրքում արծարծված են այն գաղափարները, որոնք նա շատ հաճախ համարձակորեն հնչեցնում է մամուլում։

Գրքում նա քննադատում է պատերազմի մեղքը բանակի վրա գցողներին, նշում, որ պետությունը որպես մարմին՝ իր ամբողջ համակարգով, ձախողել է ամեն ինչ, պատասխանում է այն մեղադրանքներին, թե ինչու է եկեղեցին խառնվում քաղաքականության մեջ, անդրադարձ կատարում արցախյան հարցին, Հայոց Ցեղասպանությանը, ընտանիքին։

Սրբազանը նկատում է, որ խարխլված է ընտանիքի ընկալումը, նույնիսկ «Ընտանեկան օրենսգիրքը» չի սահմանում՝ ինչ է ընտանիքը։

Նա անդրադարձ է կատարում նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի վիճակին, գյուղմթերքների սպառման շուկային, առաջարկում զարգացման իր տեսլականը, խոսում է նաև փողոցային առևտրից, հայրենիքը տոպրակներով ու աղբով պատողներից, նշում է, որ նրանց կրթելու, միևնույն ժամանակ պատժելու միջոցառումներ պետք է ձեռնարկվեն։

Հեղինակը Հայոց Ցեղասպանության գաղափարը համեմատել է Հոլոքոստի հետ՝ նշելով, որ Հոլոքոստը դարձել է համակարգ, իսկ մեզ մոտ ցեղասպանությունը զգացմունք է։ Եվ որ մենք ոչինչ չենք անում զոհի մակարդակից դուրս գալու, համակարգ ստեղծելու ու իսրայելցիների նման ցեղասպանությանը «Այլևս երբեք» ասելու, այն կյանքի բանաձև դարձնելու, որպեսզի թույլ չտանք ոչնչացման եզրին հասած ժողովուրդը նորից վտանգի առաջ կանգնի։

Իսկ համակարգ ստեղծելու համար, ըստ նրա, մեր կրթությունը պիտի լինի լավագույնը, տնտեսությունը՝ բարձրագույնը։

Բագրատ Սրբազանը Գյումրիում, մանրամասնելով իր գրքի այս հատվածն, ասաց․

«Երբ որ խոսում ես Ցեղասպանության մասին, քեզ ասում են՝ դե լավ հերիք է այդ պատմությունները։ Էն մյուսն էլ ասում է՝ դե սպառել ենք արդեն, ի՞նչն ենք սպառել։

Էս քո երկրի համար է, էսօր աշխարհն իրավունքի դարաշրջան է ապրում, ամենամեծ ռումբը կամ զենքն այսօր իրավունքն է, որը մենք մեր ոտքի վրա զիջում ենք։ Աշխարհն ապրում է իրավունքի դարաշրջանում, և Ցեղասպանություն մեծագույն ռումբն է մեր ձեռքում ՝որպես իրավունք։ Մենք Ցեղասպանության գաղափարը համակարգ չդարձրեցինք, որից պիտի բխեին կրթություն, բանակ, առողջապահություն՝ փողոցում թուղթ թափելուց սկսած։ Ասել, որ ես ցեղասպանված ազգի զավակ եմ, ուզեմ ատոմային ռումբ էլ պիտի ստեղծեմ, ինչ ուզենամ, պիտի անեմ, որովհետև իմ ազգը ցեղասպանված է, ես չեմ կարող սովորական ապրել։

«Այլևս երբեքը» դա է նշանակում, դա պիտի բոլոր համակարգերի մեջ մխրճված լիներ որպես գաղափար, մարդն առավոտյան պիտի արթնանա, այդպես մտածի, գիշերը քնելուց այդպես մտածի։ Հրեաները սիստեմն այդպես են սարքել, հեշտ չէ, բայց արել են։

Մեր ձեռքն էլ է նույն իրավունքը։ Իմ ասածը դա է հենց․ զգացմունքը պիտի փոխվի բանականության։ Ծիծեռնակաբերդն ու Եռաբլուրն իրար հանդիպում են, և ուժ է ստանում Ծիծեռնակաբերդը, Ցեղասպանության արժևորումը՝ որպես հաղթանակի իրականությունից, գալիս է Եռաբլուրից, մեր կյանքն էլ այդպես պետք է լինի, այնտեղ միայն զոհերի պատմություն չէ, այլ հաղթող ազգի պատմություն է։

Եվ մենք չենք կարող դա համակարգ դարձնել, խնդիրը դա է, որովհետև գիտակցության աստիճանն այդպիսին չէ, որովհետև Սփյուռքն ապրել է զգացմունքի մեջ, փորձել են էս ու էն երկրին ասել՝ ճանաչեք, ճանաչել են ու վերջացել է ամեն ինչ, էլ չգիտեն ինչ անեն։ Իսկ թե ինչ անեն, դա պիտի թելադրի Հայոց պետականությունն ու պետությունը»։

Հեղինակը գրքում նշում է․ «Մենք անպայման կվերադառնանք ամբողջական Արցախ աշխարհ, որքան էլ դա շատերի համար բեռ լինի»։ Նա խստորեն քննադատում է նրանց, որոնք հայտարարում են «Արցախի թեման փակված է»։

«Միանգամից ասեմ, որ նման կերպ մտածողների թեման է փակված։ Բոլոր անձինք, որոնք մեզ վախեցնում են պատերազմով ու վախ են ներարկում մեր մտքում, ընտանիքներում, մեր կյանքի մեջ, նրանք ուղղակիորեն խաբում են և ընդհանրապես կապ չունեն մեր ինքնության հետ», -գրում է Սրբազանը։

Նա նաև նկատում է՝ մեր կյանքում ամենաորոշակի երևույթն անորոշությունն է ու պիտի կարողանանք դուրս գալ այդ վիճակից, թույլ չտալ, որ ներկան սպանվի։

Տավուշի թեմի առաջնորդը գրքում խոսել է նաև Արցախը կորցնելու, բազմահազար զոհեր տալու պայմաններում ենթակառուցվածքները, ճանապարհները բացելու, նախարարի մակարդակով ադրբեջանա-թուրքական շուկան գրավելու հայտարարության մասին։ Բագրատ Սրբազանը հարց է բարձրացրել՝ ինչն ենք փոխարինել ինչով։

«Անշուշտ, երկրին պետք է տնտեսական կյանքի զարգացում, դա մեր բնական գոյավիճակն է։ Առանց առողջ տնտեսության չի կարող լինել առողջ կյանք, առողջ հասարակություն և պետություն, ոչ ոք չի անտեսում այդ փաստը; Բայց եթե առաջնային շեշտադրումներ են փոփոխվում կամ ինչ-որ բանի տեղը լցնելով ենք փորձում ինքնամխիթարություն, խաբկանք ու պատրանք ստեղծել, դա անընդունելի է»,- գրում է նա։

Պատասխանելով այն հարցին էլ, թե ինչու են եկեղեցականները խառնվում քաղաքականության մեջ, հեղինակը նշում է, սա այլևս քաղաքական հարց չէ, այլ բարոյական ու հոգևոր է։ Բացի այդ, ըստ նրա, եթե հոգևորականներին մեղադրում են քաղաքականության մեջ խառնվելու մեջ, ապա պատերազմի ժամանակ ինչո՞ւ էին հոգևորականներն առաջնագծում։

Բագրատ Սրբազանը այս հարցը ևս պարզաբանեց Գյումրիում։

«Մեզ ասում են՝ ինչու եք խառնված քաղաքականությանը, երբեք չեն ասում՝ ինչո՞ւ լրագրողները կարող են խառնվել, կարող են դառնալ ասենք վարչապետ, դերասանը կարող է դառնալ Ազգային ժողովի նախագահ․․․ Ինչո՞ւ իրենք կարող ենք, իսկ 1700 տարվա կենսագրություն ունեցող, այս ազգի հետ ապրած, մեռած, տառապած, արյուն տեսած, արցունք ու ուրախություն տեսած, պետականություն տեսած եկեղեցին չի կարող ոչ մի բան ասել։

Մի առիթով ասել եմ՝ եթե գործերի բաժանում եք արել, ուրեմն դուք մտածում եք, որ դուք սպանեք, մենք էլ թաղե՞նք։ Դա ձեր գործն է, էս էլ մեր գործն է։ Այդպիսի գործերի բաժանում ենք արել մեր կյանքում։

Խոսել եմ նաև ընտանիքի մասին, թե ինչպես մենք երեխայասեր չենք։

Խոսում ենք դրա մասին, բայց երեխայասեր չենք, հավատացեք՝ չենք։ Մեր պատերազմի ամբողջ ընթացքում և դրանից հետո ես Տավուշում 130 երիտասարդ եմ հուղարկավորել։ Եվ այդ 130 ընտանիքների մեջ ընդամենը 10-12 ընտանիք են եղել, որոնք 3 և ավելի զավակ են ունեցել՝ ներառյալ մեր հերոս տղան։ Մնացածը կամ երկուսն են եղել կամ մեկը։

Ինձ համար ցնցող էր, խաբեություն է դա, կեղծիք է, մենք այս ստի մեջ ո՞նց ենք ապրում, ո՞նց ենք երեխայասեր, երբ մեր տանը երկու երեխա է կամ մի հատ, եթե բժշկական խնդիր չկա, իհարկե»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Սրբազանը նաև նշեց, որ հոգևոր ապրումի բացակայություն է քաղաքականությունը անբարոյականության վերածում։

«Մեր երկրի պարագայում մենք ասում ենք, որ քաղաքականությունը պետք է լինի բարոյականության մասին, ոչ թե անբարոյականության։ «Քաղաքականությունն անբարոյականություն է» պնդումը ճիշտ չէ, որովհետև այդ պարագայում կստացվի քաղաքականության մեջ ներգրավված բոլոր անձինք անբարոյական են պարզապես, հետևաբար մենք ոչ թե պետք է տուրք տանք գաղափարին, այլ տեսնենք՝ ինչպես ենք այդ գաղափարը փոխում դրականին, դեպի բարոյականություն, այլապես մեր երկրում այսօր տուն չկա, որ քաղաքականության մեջ չի ապրում»։

Սրբազանը նշեց՝ ապրում ենք այնպիսի իրականության մեջ, որը մեզ անելանելիություն ու անզորություն է թելադրում։

«Մեզ ասում են՝ դե հարմարվեք այս իրականության մեջ, հանձնվենք, վերջացեք։ Մենք էլ ասում ենք՝ ոչ։ Ինչպես դա է իրականություն, այնպես էլ մյուսն է իրականություն, որ կարող է լինել հաղթող, վերափոխող, վերստին ոտքի կանգնող, պայքարող։ Դա՛ էլ է իրականություն, ուրիշ հարց, որ սրանով փորձում եք չեզոքացնել մյուսը, բայց այդ երկուսն էլ իրականություն են, կախված է, թե ինչպես ես ընդունելու դա, ինչպիսին դու ես, այնպես էլ քո իրականությունը կլինի»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Գրքի մասին կարծիք հայտնեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նա ասաց, որ գիրքը թերթելով ու ընթերցելով՝ հասկացել է, որ այն վաղուց կարդացել է։

Միքայել Սրբազանն ասաց, որ իր ու Բագրատ Սրբազանի տարբերությունն այն է, որ ինքն այս իրավիճակում լավատես չէ։

«Ինչո՞վ է տարբերվում Բագրատ Սրբազանը Միքայել Սրբազանից։ Բագրատ Սրբազանը լավատես է։ Ապագան ցույց կտա, ես, ցավոք, լավատես չեմ, այս նույն բաներին համաձայն եմ, ինչ-որ ասվում է, բայց ես այդ լավատեսությունը չեմ տեսնում և չունեմ։

Բագրատ Սրբազանը հույսն ունի, որ մենք դեռ անապատում թափառելուց հետո պիտի գտնենք Ավետյաց երկրի ճանապարհը, ես ոչ թե հույս չունեմ այդ բառի տեխնիկական իմաստով, ես պոտենցիալը չեմ տեսնում, ցավոք, մեր երկրում, մեր երկրի ընթացքի մեջ, մեր ժողովրդի մտածողության մեջ, որ կարողանա փոխել։

Ես բազմաթիվ անգամներ ասել եմ՝ պետք է մտքի, սրտի, վարքի փոփոխություն և ամեն ինչ կդառնա շատ հեշտ։ Ավետյաց երկրին հասնելը կդառնա շատ հեշտ։ Եվ այստեղ կգա լավատեսությունը, բայց ես չեմ տեսնում ո՛չ վերևում, ո՛չ ներքևում, ո՛չ մտավորականի մոտ, ո՛չ արվեստագետի մոտ, ո՛չ քաղաքական գործչի մոտ, ո՛չ գյուղացու մոտ, ո՛չ ռանչպարի մոտ, չեմ տեսնում սրտի, մտքի և վարքի փոփոխությունը։ Եվ ես դրա համար շարունակում եմ զանգը հնչեցնել և ասել՝ քանի դեռ այդ փոփոխությունը չկա, չի լինելու Ավետյաց երկիր»,-ասաց Միքայել Աջապահյանը։

Շիրակի հոգևոր թեմի առաջնորդն ասաց, որ ինքը նույնպես այրվում է, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Սրբազանն էլ այրվելուց հանգավ, այլ ոչ թե մահացավ քովիդից։

Նա հարցրեց՝ ինչքա՞ն կարելի է եկեղեցու ձայնը չլսել և ե՞րբ պիտի մեր ժողովուրդն իր բոլոր խավերով թոթափի իր վրայից անապատությունը, դառնա պարարտ հող ու պտուղ տա։

Միքայել Սրբազանը ներկաներին բացատրեց, որ եբրայերենով ու մյուս լեզուներով Ավետյաց երկիր չէ, այլ խոստումի, խոստացված երկիր է։

«Հայերն այդքանը չե՞ն իմացել, որ խոստացվածը թարգմանել են Ավետյաց, իմացել են վստահաբար, բայց իրենք Ավետյաց երկիր են թարգմանել՝ ցույց տալու համար, որ դա Ավետիս է, բարի լուր է, բարի լուրի երկիր է։ Եվ ո՞րն է այդ բարի լուրը, քրիստոնեության հաղթանակն է, հարության հաղթանակը, ուրեմն մեր երկիրը Հարության երկիրը պիտի լինի, Հարություն դավանող, Հարություն քարոզող երկիրը պետք է լինի; Առաջին քրիստոնյա երկրի բրենդն այսօրվա մտածողությամբ պետք է պայքարի ու պահի, ոչ թե ուզի դառնալ բոլոր երկրների պես մեկը»,-ասաց Միքայել Սրբազանը։

Նունե ԱՐԵՎՇԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31