Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ հավատում, որ այսօր շոուների ժամանակն է». Մանե Թանդիլյանը՝ Հայկ Մարությանի առաջադրման եւ Ավինյան-Մարության ընտրապայքարի մասին

Օգոստոս 08,2023 22:59 Share

Հայկ Մարությանն այսօր հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին եւ առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այսօր այս առնչությամբ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես դրական եմ գնահատում նախաձեռնությունը իր մասնակցության եւ ընդհանրապես ինչքան մասնակցությունը շատ լինի, այնքան երեւանցիները ընտրության հնարավորություն կունենան, եւ ինչքան առաջարկը լինի որակով ու արժեքավոր, այնքան մենք հնարավորություն կունենանք Երեւանում իշխանափոխություն իրականացնել այլ ուժերի միջոցով»:

Մանե Թանդիլյանը հույս հայտնեց, որ երեւանցիները կկարողանան որակյալ ընտրություն կատարել:

Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ընտրությունները Ավինյան-Մարության տրամաբանության մեջ կանցկացվեն եւ դուք դուրս կմնաք ընտրապայքարից՝ նա պատասխանեց. «Ընդհանրապես մտավախություն չունեմ»:

Սոցցանցերում քննարկվում է այսպիսի սցենար, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայկ Մարությանի մասնակցելու դեպքում չի կարողանա 50+ ձայն հավաքել եւ Մարությանը «Ապրելու երկրի» հետ ստիպված կմիավորվի՝ իշխանության հասնելու համար, ուստի հարցին՝ դուք նման սցենարը որքանո՞վ եք հավանական համարում՝ Թանդիլյանը պատասխանեց. «Ոչ ոք ստիպված չէ համագործակցել ինչ-որ մեկի հետ: Դա արվում է կամովի եւ արդյունքների հետեւանքով»:

Նա չբացառեց, որ հետընտրական դաշինքներ լինեն, սակայն մինչ այդ պետք է տեսնեն, թե ինչպես են երեւանցիները քվեարկել. «Արդյունքները կապ ունեն: Երեւանցիների քվեից ելնելով՝ մենք կկայացնենք մեր որոշումը: Այս պահին աշխատում ենք մաքսիմալ թափանցիկ եւ անկեղծ ներկայացնել երեւանցիներին, թե մենք ինչ ենք ուզում, որպեսզի ստանանք նրանց վստահության քվեն եւ ընտրություններից հետո այլ քննարկումներ չունենանք: Բայց եթե ունենանք այլ սցենարներ, կունենանք այլ քննարկումներ»:

Հարցին՝ դուք մեգանախագծեր եք ներկայացնում, դասական քաղաքականության կանոններով եք առաջնորդվում, բայց հանրությունը սովոր է, որ իր համար տեսարաններով ապահովեն ու հիմա մասնակցելու են ընտրություններին անձինք, ովքեր կարող են նման տեսարաններ ապահովել, ինչպե՞ս պիտի երեւանցին կողմնորոշվի, վեր կանգնի գայթակղությունից այդ տեսարաններին հետեւելու եւ հետո դրանց զոհը դառնալու՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Ես չեմ հավատում, որ այսօր շոուների ժամանակն է: Ես հավատում եմ, որ այսօր մեր ժողովուրդը լիարժեք գիտակցում է պահի վճռականությունը, գիտակցում է իր ընտրության նշանակությունը եւ դրա հետեւանքը: Այո, ճիշտ եք նկատում, մենք ընդունված քաղաքական իրարանցումների եւ գզվռտոցի դաշտից դուրս ենք եւ մեր ուժը հենց այդ քաղաքակրթությունն է իր հետ բերում, որը հարիր է հայ ժողովրդին եւ երեւանցուն: Ես հավատում եմ, որ այս տեսակ ուժի գոյությունը հենց այն է, ինչ պետք է մեր քաղաքական դաշտին»:

Հարցրեցինք՝ Հայկ Մարությանը այն գործիչն էր, որը հայ քաղաքական դաշտ մտցրեց սեւերի եւ սպիտակների ջրբաժանը, այդ ջրբաժանում դուք ունե՞ք ձեր գույնը, ո՞ր կողմից եք դուք՝ նա պատասխանեց. «Մենք ունենք մեր մարդկային գույնը, որը սեւից, սպիտակից վեր է եւ որը պիտի փոփոխություն բերի մեր ապագային: Մենք պարտավոր ենք ունենալ որակյալ քաղաքական ուժ եւ որակյալ փոփոխություն: Կյանքը սեւ ու սպիտակ չէ, կյանքը զարգանում, առաջ է գնում, իսկ մենք մնացել ենք մեր ճղճիմ, նեղ անձնական քննարկումների մեջ, մենք դա թույլ չենք տալու եւ բարձրացնելու ենք քաղաքական ուժի նշաձողը»:

Մանե Թանդիլյանը նշեց, որ ժողովուրդը տեսնում է, թե ինչպիսի վարչական ռեսուրս է կիրառում Տիգրան Ավինյանը՝ ընտրվելու համար, իսկ իրենք աշխատանք են տանելու մարդկանց հետ, որ այս անգամ հանկարծ չսխալվեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ակնհայտ է, որ հայկոն էլ, մանեն էլ նիկոլի դրածոներն են և ընդդիմություն են խաղում։ Ինչքան էդմոնդն էր կլասիկ ընդդիմադիր, որն էսօր նիկոլի ամենահատուկ դեսպանն է, այնքան էլ հայկոն ու մանեն։ Լսեք, այ “սպիտակ” կոչվածներ, ժողովուրդը ձեր հարիֆը չի, Հայաստանում մարիոնետների թատրոնը ընտրությունների ժամանակ նորից մի աշխատացրեք։ Բոլորս էլ գիտենք, որ կարմիր կովն իր կաշին չի փոխում և ձեր ընդդիմադիր լինելու խորամանկությունը չափից շատ պրիմիտիվ ու ծիծաղելի է։

Պատասխանել Ասֆալտին պառկեցված

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031