ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի, «Գրան պրի» մրցանակի դափնեկիր Մաշա Մնջոյանին, և Մանկական կատարողների 22-րդ երաժշտական մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած 11-ամյա Անահիտ Գալստյանին:


«Ձեր հաղթանակները ոգևորում են թե՛ մեզ, թե՛ երիտասարդներին՝ զարգացնելու իրենց տաղանդը: Ձեր հաջողությունները ճանապարհ են բացում մյուսների համար, քանի որ դուք լավ օրինակ եք, որպեսզի նրանք ևս հավատան իրենց ուժերին»,- դիմելով հյուրերին՝ ասել է նախարարը:

«Թեև ապրում եմ արտերկրում, բայց միշտ պատրաստ եմ իմ երգով լինել Հայաստանի կողքին և Հայաստանի հետ»,- ասել է երգչուհին:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է մշակույթի ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը՝ մասնավորապես նշելով, որ շրջանառվում է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի վճարման» կարգը, որը հանրային քննարկման ավարտից հետո սահմանված կարգով կհաստատվի:
Հանդիպմանը ներկա է եղել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը: Նշենք, որ վերոնշյալ մրցույթում Հայաստանի մասնակցությունը համակարգել է հիշյալ քոլեջը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































