Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն նկատվել ընտրակաշառքի դեպքեր, բայց արձանագրվել են ընտրողներին ապրանքներ և ծառայություններ խոստանալու դեպքեր. «Անկախ դիտորդ»

Սեպտեմբեր 18,2023 12:51

«Մեր դիտորդները 148 ընտրատեղամասում արձանագրել են տարբեր խախտումներ՝ ընթացակարգային, քվեարկության սենյակում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն, քվեարկության գաղտնիության բացակայություն, ընտրողների ուղղորդում, կազմակերպված տեղափոխում, դիտորդների կամ ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտման և վեճերի դեպքեր, ինչպես նաև ուղղորդումների դեպքեր»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

Նա նշեց, որ «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները եղել են Երևանի 474 տեղամասերից 468-ում առնվազն մեկ անգամ, 200 տեղամասերում՝ մեկից ավելի անգամ։

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այս խախտումները չեն կրել զանգվածային բնույթ․ «Մյուս խախտումների գերակշիռ մասը փոխկապակցված են եղել ընտրողների վերահսկողության, ուղղորդման, մասնակցության ապահովման հետ։ Ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց տևական ներկայության դեպքեր են գրանցվել։ 6 տեղամաս է եղել, որտեղ քվեարկության ընթացքում թեկնածուներ են մուտք գործել տարբեր ուժերի, նույն ուժը ներկայացնող 2-րդ 3-րդ վստահված անձանց միաժամանակյա ներկայություն է գրանցվել։ Ուշագրավ է թեկնածուների վստահությունը իրենց՝ ընտրատեղամասում քվեարկության ընթացքում գտնվելու իրավունքի հետ կապված։ Այս առումով կարծում եմ իրազեկվածությունը պետք է բարձրացվի։ Վստահված անձանց ներկայացվածության հետ կապված 15 դեպքերից 5-ում միևնույն ժամանակ արձանագրվել էին կուտակումներ, մեկ դեպքում մասնակցության վերաբերյալ տվյալների փոխանցում երրորդ անձին, իսկ երկու դեպքում դիտորդի հասցեին ուղղված սպառնալիքներ՝ վիրավորանք և վիճաբանություն, որոնց նպատակը եղել է դիտորդների իրավունքների իրացման խոչընդոտումը»։

Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց՝ ներկայացվել է հանցագործության մասին 3 և հանցափորձի մասին 1 հաղորդում է, մեկ վարչական բողոք «Հայաքվե» դիտորդական առաքելության կողմից քարոզչություն և հակաքարոզչություն իրականացնելու վերաբերյալ․ «Նախընտրական քարոզչության ընթացքում հանցագործության մասին 5 հաղորդում է ներկայացվել, դրանում նաև վերջինը, որը քիչ լուսաբանվեց, քանի որ լռության օրվա շեմին էր․ դա Տիգրան Ավինյանի կողմից Պոլիտեխնիկում քաղաքապետի կամ տեղական իշխանության լիազորությունների հետ չկապված ծառայություններ խոստանալն էր ուսանողներին, ինչը ևս ընտրակաշառք չէ, բայց քրեական օրենսգրքով այլ հանցագործություն է։ Հավաքագրվել է տեղեկություն ՔՊ-ի նախընտրական հավաքներին ու ժողովներին կազմակերպված կերպով վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահման վերաբերյալ։ Վարչական ռեսուրսն օգտագործում են քաղաքացիներին հավաքներին պարտադրելու նպատակով, սակայն պարտադրանքի դեպքերը չեն կրել զանգվածային բնույթ։ Որպես կանոն՝ վարչական ռեսուրսի չարաշահումը սահմանափակվել է նախընտրական միջոցառումների զուտ կազմակերպմանն աջակցելով։ Չեն նկատվել ընտրակաշառքի դեպքեր, բայց արձանագրվել են ընտրողներին ապրանքներ և ծառայություններ խոստանալու դեպքեր՝ ՔՊ-ի, «Ուժը հայրենյաց»-ի և «Մայր Հայաստանի» ներկայացուցիչների կողմից։

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ Հանրային հեռուստաընկերությունը քարոզարշավի ընթացքում կազմակերպել է հեռուստաբանավեճեր և քննարկումներ նույնիսկ ավելի, քան օրենքի նվազագույն պահանջն է․ «Հանրային հեռուստաընկերությունը՝ թե Առաջին ալիքը, թե Լրատվական դեռ սեպտեմբերի 6-ի դրությամբ լրատվական և այլ հաղորդումներում ՔՊ կուսակցությանը լուսաբանել է մոտ երկու անգամ ավելի շատ, քան մյուս կուսակցություններին միջինում։ Անցողիկ շեմը հաղթահարած «Հանրային ձայնը» լուսաբանվել է ՔՊ-ից երեք անգամ քիչ, իսկ «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստանը» և «Հանրապետությունը», երկու անգամ ավելի քիչ։ Անցողիկ շեմը հաղթահարած մյուս ուժերից էապես ավելի շատ լուսաբանվել են երկու տոկոսից ավելի ցածր քվե հավաքած «Հաղթանակ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Սա հերքում է այն ենթադրությունը, թե լուսաբանման քանակը կապված է կուսակցությունների հեղինակության հետ։ Ավելին, Հանրայինն իրականացրել է Տիգրան Ավինյանի ինստիտուցիոնալ լուսաբանում, որը, սակայն, ակնհայտորեն ևս կրել է քարոզչական բնույթ, դա իրականացվել է թե′ նախընտրական քարոզչության օրենքով սահմանված ժամանակ, թե դրան նախորդած ամիսներին»։

Ամփոփելով Դանիել Իոաննիսյանն ասաց, որ Երևանի ավագանու ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում․ «Շարունակում է մտահոգիչ մնալ ընտրական ոչ պատշաճ վարչարարությունը, հանձնաժողովների նախագահներ, անդամներ առանձին տեղամասերում չին ապահովում ընտրական գրագետ ընթացակարգեր։ Ընտրական հանցագործությունների հաղորդումների, այդ թվում բնականաբար, Տիգրան Ավինյանի կողմից Պոլիտեխնիկում արված հայտարարությունների մասով, այդ հաղորդումները պետք է արժանանան պատշաճ ու թափանցիկ քննության։ Իսկ Հանրայինի խիստ իշխանական մոտեցումը պետք է դառնա հետագա քննարկման առարկա։ Խիստ մերժելի ենք համարում ձայնային ձեռներեցների՝ ՔՊ-ի օգտին աշխատելը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930