Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները հայ փախստականների հիմնախնդիրը սաբոտաժի ենթարկում

Նոյեմբեր 04,2023 14:00

«Ավելի քան կես միլիոն Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներին ավելացել է Արցախի 150000 հայությունը. ՀՀ կառավարությունը չի ցանկանում ձեւավորել կոնկրետ մի պատասխանատու պետական կառույց, որը հասցեական կերպով կզբաղվի փախստականների խնդիրներով, կհամակարգի ոլորտի հետ կապված աշխատանքը, կմշակի համապատասխան քաղաքականություն, ռազմավարություն». «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։

– Արցախյան առաջին պատերազմից հետո, տարբեր հաշվարկներով՝ 650-750 հազար ադրբեջանահայ փախստականներ ունեցանք, որոնց Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները փախստականի կարգավիճակ չտվեցին։ Պաշտոնական բացատրությունն այն էր, որ երկրաշարժ եւ պատերազմ տեսած, անկախության ուղին նոր բռնած Հայաստանը փախստականի կարգավիճակ տալով չի կարողանալու ապահովել այդ մարդկանց կարգավիճակից բխող պահանջմունքները, սակայն դեռ այդ տարիներին կային շատ գործիչներ, ովքեր քաղաքական ենթատեքստ էին տեսնում իշխանության այդ քայլի տակ։ Այս ամբողջ տարիների ընթացքում Դուք զբաղվել եք ադրբեջանահայ փախստականների հարցերով. ի՞նչ շահեցինք, ի՞նչ կորցրինք այդ մարդկանց փախստականի կարգավիճակը շրջանցելով։

– Իրականում նրանց փախստականի կարգավիճակ տրվել է պաշտոնապես, ունեցել են նաեւ իրենց այդ կարգավիճակը հավաստող փաստաթուղթ։ Նախ Հայկական ԽՍՀ վերադարձող հայերի ընդունման եւ տեղավորման պետական կոմիտեի հիմքի վրա 1990թ. դեկտեմբերին  ձեւավորվեց  ՀՀ  նախարարների  խորհրդին  առընթեր  Փախստականների հարցերի  կոմիտեն, ապա, 1992թ. փետրվարին, ստեղծվում է ՀՀ փախստականների  հարցերի պետական վարչությունը։ Այսինքն, ՀՀ պետական կառավարման համակարգում առկա էր բացառապես փախստականների խնդիրներով զբաղվող առանձնացված կառույց, փախստականներն էլ Ադրբեջանում ցեղասպանության ենթարկված եւ այնտեղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն էին։ 1995 թվականից սկսած՝ հայաստանյան իշխանությունները նոր մոտեցում որդեգրեցին եւ աստիճանաբար, հետեւողականորեն սկսեցին ոչնչացնել ադրբեջանահայ փախստականների հիմնախնդրի քաղաքական կշիռը։ Մի կողմից անդադար փոփոխում էին վերոհիշյալ պետական կառույցի անվանումն այնպես, որ ի վերջո այն դադարեց փախստական բառն իր անվան մեջ ունենալ եւ վերածվեց միգրացիայով զբաղվող  կառույցի՝ ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 19-ի թիվ 633-Ն որոշմամբ ստեղծվում  է Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման  նախարարությունը, որի  կազմում   ներառվում  է  Միգրացիոն   գործակալությունը։ Այսպիսով ՀՀ իշխանությունները պետական մակարդակում հայ փախստականների հարցի քաղաքական կարեւորությունը զրոյացրին, քամուն տվեցին։

Նույն վիճակը պահպանվում է առ այսօր։ Փաշինյանի կառավարությունը շարունակում է նախորդների պահվածքը եւ, հակառակ նրան, որ այս տարվա ապրիլին, Երեւանում կայացած փախստականների համաժողովի պահանջներից մեկն էր՝ ՀՀ կառավարման համակարգի շրջանակներում ստեղծել բացառապես փախստականների հարցերով զբաղվող հատուկ մարմին, գործող իշխանությունը շարունակում է հարցի հետ կապված տեղեկատվական աղբ ու վարչարարական մշուշ արտազատել։

Այսօր ավելի քան կես միլիոն Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներին ավելացել է Արցախի 150000 հայությունը. ՀՀ կառավարությունը չի ցանկանում ձեւավորել կոնկրետ մի պատասխանատու պետական կառույց, որը հասցեական կերպով կզբաղվի փախստականների խնդիրներով, կհամակարգի ոլորտի հետ կապված աշխատանքը, կմշակի համապատասխան քաղաքականություն, ռազմավարություն։ Պետք է պարզել հայ փախստականների հիմնախնդրի հետ կապված ՀՀ իշխանությունների՝ արդեն տասնամյակներ տեւող այս զարհուրելի սաբոտաժի պատճառը։ Ընդ որում, համոզված եմ, որ Արցախի կորստի հիմնական գործոններից մեկը հենց պաշտոնական Երեւանի ու Ստեփանակերտի այսօրինակ պահվածքն է, որի՝ նոր աղետների հանգեցնելու ներուժը դեռ պահպանվում է։

– Հիմա ՀՀ կառավարությունը Արցախից բռնի տեղահանվածների համար շրջանառության մեջ է դրել ժամանակավոր պաշտպանության վկայական կոչվող փաստաթուղթը, ինչը կրկին ենթադրում է, որ այդ մարդիկ փախստականի կարգավիճակ չեն ստանալու՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Հիմա ի՞նչ ենք ունենալու սրա արդյունքում։

– Սա, ավելի շուտ իրավաբանների մեկնաբանության կարիք ունեցող խնդիր է, թեեւ ես կարծում եմ, որ իշխանություններն այս կերպ մարդկանց նոր տանջանքների ենթարկելու ձեւ են գտել։ Ամեն դեպքում, փախստականների խնդիրներով տասնամյակներ շարունակ զբաղվող իրավապաշտպանները խիստ բացասական են արտահայտվում ՀՀ իշխանությունների այս նախաձեռնությունների վերաբերյալ։

– Ի դեպ, շատերն արցախցիների բռնի տեղահանումից որոշ ժամանակ անց սկսել են խոսել արցախցիների վերադարձի հնարավորությունների մասին։ Նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասաց, որ դա թիվ մեկ խնդիրն է, բանակցում են։ Հնարավոր համարո՞ւմ եք դա։

– Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցների վերադարձը հնարավոր է համապատասխան միջազգային երաշխիքների ու ՄԱԿ-ի խաղաղապահ զորախմբի՝ Արցախում տեղակայվելու դեպքում։ Այդուհանդերձ, այս պահին նշված ուղղությամբ դեռեւս առարկայական տեղաշարժ չի դիտվում։ Առանձին խնդիր է Արցախի Հանրապետության պետականության հետագա ճակատագիրը եւ այս խնդրի լուծման հետ է կապված լինելու, թե մարդիկ ի՞նչ կարգավիճակով, ո՞ր երկրի քաղաքացիությունն ունենալով են տուն դառնալու։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
03.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930