Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արցախը պետություն էր մեզ համար, որ ներսից թե դրսից քամեցին, սեղմեցին պատին` իրենց կեղտոտ ճանկերը խրելով մեր սիրտը. «Հայացք Երևանից»

Նոյեմբեր 26,2023 11:15

«Հայացք Երևանից» – Քանի դեռ հայրենիք հանձնողներն են հայրենիքի սիրո մասին խոսում, մենք անընդհատ կորցնելու ենք։

Մեր նախկին աշակերտուհիներից մեկը ինձ գրեց, որ նոր դպրոցում շարադրություն պիտի գրեն «Հայրենիքը պետությունն է։ Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» վերնագրով։

Հիշեցի, որ օրեր առաջ Հայաստանի կառավարության նիստը բացվեց առաջին դեմքի այդ խոսքով, որը շարադրության վերնագիր է դարձել որոշ դպրոցներում։

Ուշադրությունս սեւեռեցի այն հանգամանքին, թե հայրենիք կորցրած Արցախի երեխաներն ինչպե՞ս կգրեն այդ շարադրությունը։

Հինավուրց հայրենիք կորցրինք, որի անկախությունը չճանաչեցին անգամ Հայաստանի նախագահները երեք տասնյակ տարիների ընթացքում։ Եթե հները հրաժարվեցին ճանաչել, այս վերջինն իր հաղթանակը տոնեց՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։

Արցախը պետություն էր մեզ համար, որ ներսից թե դրսից քամեցին, սեղմեցին պատին` իրենց կեղտոտ ճանկերը խրելով մեր սիրտը… Մեզ ճզմեցին, ոտքի կոխան դարձրին ու նետեցին շան բերանը, մեզ սպանեցին այնքան խորամանկորեն, որ սեր-հայրենիքը թողեցինք հեռվում ու ընկանք դռնեդուռ։

Մենք սիրում էինք մեր հայրենիքը ու սիրում ենք այսօր էլ շատ ավելի գորովալից, քան կարելի է պատկերացնել, բայց արցախատյացներն իրենց սեւ գործն իրագործեցին՝ թղթեր մրոտելով, հայտարարություններով, կոչերով, ստորագրություններով՝ քանդելով մի երկիր, որ անկախության էր ձգտում, որ ազատ եւ խաղաղ ապրել ու արարել էր ուզում։

Երբ մենք պետություն էինք, թե հանրապետություն, ո՞վ հարցրեց մեզանից հայրենիքի հանդեպ մեր սիրո չափը, երբ այն առավելագույնն էր, բայց առանց մեր կամքը հարցնելու՝ հանձնեցին մեր սրբավայրը, որ փախստականի դրոշմով թափառական դառնանք ու հայրենազուրկ։

Իմ նախկին աշակերտուհուն ես չկարողացա ուղղորդել, թե ինչպես գրի այդ շարադրությունը, երբ նա գիտի, որ հայրենիքը սիրելու եւ պետությունն ուժեղացնելու կոչ անող իշխանականներն են Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածք, որ փրկեն Հայաստանը։ Այնինչ մայր Հայրենիքի փրկությունը Արցախը պահելն էր։

Եվ երբ հաջորդ օրը նա ինձ ուղարկեց իր շարադրանքը, տեսա, որ խուսափել է պետության մասին խոսք գրելուց, նրա շարադրությունը թաթախված էր Արցախի հանդեպ մեծ սիրով, մեր զոհվածների եւ հայրենիքի կորստյան դառնակսկիծ վշտով։

Զարմանալի չէր, որ այդ շարադրությանը դպրոցում տեղ էին տվել ու ներկայացրել մրցութային հանձնաժողովին՝ չնայած մասամբ էր համապատասխանում վերնագրին:

 

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930