Լրահոս
Օրվա լրահոսը

Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի համար շատ կարևոր է կապեր հաստատել Հայաստանի հետ, որտեղ սպորտը մեծ ապագա ունի. Ջեորջիո Սկարցիո

Հունվար 26,2024 18:27

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամ Ջեորջիո Սկարցիոյին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը և գործադիր տնօրեն Նատալյա Բունիաթյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից են սպորտի զարգացումն ու միջազգայնացումը:

«2023 թ. դեկտեմբերին հաստատվեց  ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որում առանձնակի շեշտադրված է միջազգայնացման քաղաքականությունը: Այս ուղղությամբ հասցրել ենք 2023 թ. ակտիվ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում հաջողությամբ անցկացնելով 5 խոշոր միջազգային առաջնություն: 2024 թ. Երևանում կընդունենք ՈՒԵՖԱ Ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչը, շուտով կանցկացվեն բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումները»,- հանդիպման ընթացքում ասել է նախարարը՝ ընդգծելով, որ միջազգային մրցաշարերի հյուրընկալման քաղաքականությունը լինելու է շարունակական: Անդրադառնալով Հայաստանում սուսերամարտ մարզաձևի զարգացմանը՝ նախարարը կարևորել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի կողմից կազմակերպվող մարզչական և մրցավարական սեմինարներին Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մարզիչներին և մրցավարներին ներգրավելու հարցը:

Այս համատեքստում քննարկվել է սուսերամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի տարաբնույթ աշխատանքային խմբերում հայ մասնագետների ընդգրկման հնարավորությունը:

«Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի համար շատ կարևոր է կապեր հաստատել Հայաստանի հետ, որտեղ սպորտը մեծ ապագա ունի»,- ասել է կոնֆեդերացիայի նախագահ Ջեորջիո Սկարցիոն՝ նշելով, որ տպավորված է 2018 թ. Հայաստանում անցկացված Եվրոպայի սուսերամարտի մինչև 23 տարեկանների առաջնությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր հերթին ընդգծել է, որ սուսերամարտը Հայաստանում լուրջ ավանդույթներ ունեցող և սիրելի մարզաձև է. մեր երկիրը բազմաթիվ  չեմպիոններ է ունեցել:

Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031