Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի 2024թ․ ընտրությունների «հաստատունները և «փոփոխականները»․ ինչ սպասել մարտի 3-ին. մաս 2

Փետրվար 29,2024 14:05

 Մաս 1-ը՝ այստեղ կամ REGST-ում 

 Օրենսդիր իշխանության գործունության հարցում դերակատար կառույցները

Իրանում բոլոր մակարդակի ընտրություններում, բացառությամբ տեղական խորհուրդների, որոշիչ դեր ունի Սահմանադրության պահապան խորհուրդը (այսուհետ՝ ՍՊԽ), իսկ օրենսդիր իշխանության գործունեության հարցում իր ուրույն դերն ունի նաև Համակարգի նպատակահարմարություն զատորոշող վեհաժողովը (այսուհետ՝ ՀՆԶՎ), որի գոյությունը պայմանավորված է հենց դրանով։

Անդրադառնալով խորհրդարանի ձևավորմանը՝ նշենք, որ այն տեղի է ունենում մեծամասնական ընտրակարգի միջոցով։ ԻԻՀ-ի Սահմանադրության համաձայն՝ բոլոր մակարդակի ընտրություններն ու հանրաքվեն իրականացնում է ՆԳ նախարարությունը, իսկ վերահսկողությունը՝ ՍՊԽ-ն։ Սահմանադրության 91-րդ հոդվածի համաձայն՝ այն ձևավորվում է շարիաթի նորմերին ու երկրի Սահմանադրությանը ԻԽՄ-ի հաստատած օրինագծերի ու որոշումների համապատասխանությունը ապահովելու նպատակով։ Այն կազմված է 12 անդամից, ընդ որում՝ 6-ը բարձրաստիճան հոգևորականներ (Ֆաղիհ), որոնց նշանակում է հեղափոխության առաջնորդը։ Մյուս վեցը տարբեր ոլորտների իրավաբաններ են, որոնց խորհրդարանի հաստատմանն է ներկայացնում դատական իշխանության ղեկավարը, վերջինիս էլ դարձյալ նշանակում է հեղափոխության առաջնորդը։ Այլ կերպ ասած, իրավաբաններին էլ անուղղակիորեն առաջնորդն է նշանակում, ինչը նշանակում է, որ կառույցը պահպանողական կողմնորոշում ունի:

Իսլամական նորմերին համապատասխանության հարցը որոշում են «ֆաղիհները», իսկ Սահմանադրության դեպքում՝ ՍՊԽ-ն ողջ կազմով: Հաստատված օրինագծերն օրենքի ուժ են ստանում միայն ՍՊԽ-ի վավերացնելուց հետո: Սահմանադրության 91-99-րդ հոդվածները վերաբերում են ՍՊԽ-ին։ 97-րդ հոդվածի համաձայն՝ վերջինիս անդամներն իրավասու են օրինագծերի քննարկման ժամանակ մասնակցելու խորհրդարանի՝ Իրանի Իսլամական խորհուրդ մեջլիսի (այսուհետ՝ ԻԽՄ) նիստերին՝, սակայն հրատապ օրինագծերի դեպքում նրանք պարտավո՛ր են մասնակցել ու իրենց տեսակետներն արտահայտել։ 98-րդ հոդվածով Սահմանադրության մեկնությունը ևս ՍՊԽ-ի մենաշնորհային լիազորություններից է, ինչը հաստատվում է ձայների ¾-ով։ ՍՊԽ-ն, օգտվելով սույն հոդվածով իրեն վերապահված լիազորություններից, 1992թ. խորհրդարանական 4-րդ ընտրությունների նախօրեին մեկնաբանելով Սահմանադրության 99-րդ հոդվածը, ինչի համաձայն՝ ՍՊԽ-ն վերահսկում է երկրում բոլոր մակարդակի ընտրություններն ու հանրաքվեները, իրեն վերագրեց հայեցողական գործառույթ: Իսկ դա նշանակում է, որ երկրում բոլոր մակարդակի ընտրությունների թեկնածուների համապատասխանության վերջնական որոշումը հանձնվում է ՍՊԽ-ի դատին: Հանգամանք, ինչի բերումով ԻԽՄ-ի 4-րդ գումարումից սկսած առ այսօր բարենորոգիչները, բացառությամբ 6-րդ գումարման, ոչ միայն մեծամասնություն չեն կազմել, այլև նրանց ներկայությունը աստիճանաբար նվազել է՝ գործող խորհրդարանում կազմելով ոչ ազդեցիկ փոքրամասնություն։ ՍՊԽ-ի «ֆաղիհները» նույն կերպ են վարվել ԱԲԽ-ի անդամության թեկնածուների համապատասխանությունը հաստատելու հարցում, ինչը նշանակում է աստիճանաբար ձերբազատվել ոչ «յուրայիններից»։ Հատկանշական է նաև, որ 4-րդ գումարման խորհրդարանը, որտեղ մեծամասնություն էին կազմում պահպանողականները, 1995թ․ ընտրական օրենսգրքում նոր փոփոխությունների վերաբերյալ օրենք հաստատեց, որով է՛լ ավելի ընդլայնվեցին ՍՊԽ-ի լիազորությունները: Այն իրավասու է միջամտելու ընտրությունների գործընթացի ցանկացած փուլին, ցանկացած հարցի առնչությամբ, ընդհուպ չեղարկել կայացած ընտրությունները, ինչն արժանացավ ձախ, չափավորական ու ազգային ուժերի խիստ քննադատությանը:

Համակարգի նպատակահարմարությունը զատորոշող վեհաժողովն (ՀՆԶՎ) ըստ էության ստեղծվել է անհրաժեշտության թելադրանքով։ Ազգային մեջլիսում հաստատված օրինագծերի շուրջ վերջինիս ու ՍՊԽ-ի միջև երբեմն առաջացած տարաձայնությունների խնդիրը լուծելու նպատակով 1981թ․ խորհրդարանի խոսնակ Ալի Աքբար Ռաֆսանջանին դիմեց հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիին, որը որպես լուծում առաջարկել էր խորհրդարանի որոշումները ժամանակավորապես գերակա հռչակել երկրի շահերի նպատակահարմարության նկատմամբ։ Սակայն տարաձայնությունները մշտական բնույթ էին կրում, ուստի, խնդրին վերջնական լուծում տալու նպատակով Խոմեյնիի 1987թ․ սեպտեմբերի 27-ի հրամանով ձևավորվեց ՀՆԶՎ-ն։ Ապա հեղափոխության առաջնորդը նորաստեղծ կառույցի մշտական անդամներ նշանակեց ՍՊԽ-ի 6 «ֆաղիհներին», Ազգային մեջլիսի խոսնակին, դատական իշխանության ղեկավարին, վարչապետին ու երկրի այն ժամյա նախագահին՝ այաթոլա Ալի Խամենեիին։ Այնուհետև 5 անգամ նախագահ է վերանշանակվել Ռաֆսանջանին: Իսկ այժմ ԱԲԽ-ի նախագահն է այաթոլա Սադեղ Ամոլի Լարիջանին, որը նշանակվել է 2018թ․ դեկտեմբերին։

ՀՆԶՎ-ն բնույթով խորհրդատվական մարմին է, համարվում է Իրանի իսլամական համակարգի գլխավոր ինստիտուտներից, ունի 46 անդամ, որոնք յուրաքանչյուր 5 տարին մեկ նշանակվում են հեղափոխության առաջնորդի հրամանագրով։ Հիմնական անդամներ են գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունների ղեկավարները և ՍՊԽ-ի 6 «ֆաղիհները»։ Ամեն նիստում, ըստ քննարկման թեմայի, նաև մեկ հյուր է լինում։ Թեև կառույցը ձևավորվել է խորհրդարանի և ՍՊԽ-ի միջև առաջացած խնդիրները լուծելու նպատակով, սակայն որպես իսլամական համակարգի լրացուցիչ կառույց այն ներառվել է 1989թ․ վերամշակված Սահմանադրության մեջ, որի 110-րդ, 111-րդ, 112-րդ և 177-րդ հոդվածներով ՀՆԶՎ-ին հանձնարարված է 8 պարտականություն։ ՀՆԶՎ-ի գլխավոր պարտականությունը խորհրդարանի ու ՍՊԽ-ի միջև ծագած խնդիրների լուծումն է։ Կառույցի այլ պարտականություններից են․ 110 հոդվածի համաձայն՝ ԻԻՀ-ի ընդհանուր քաղաքականության նախագծի մշակումն ու առաջարկումը, իսկ հեղափոխության առաջնորդի մահվան կամ հրաժարական տալու դեպքում առաջնորդի պարտականություններն իրականացնելու նպատակով 3 անդամ ունեցող խորհրդի ձևավորումը, ինչպեսև՝ ԱԲԽ-ի որոշումները հաստատելը, և այլն։

Խոսելով ՀՆԶՎ-ի գլխավոր գործառույթի մասին՝ տեղեկացնենք, որ կառույցի անդամներին, ինչպես նշվեց, նշանակում է հեղափոխության առաջնորդը, հետևաբար ողջ կազմում, թերևս բացառիկ դեպքերում, կարող են լինել մեկ կամ երկու անդամ բարենորոգչական (ձախ) կողմնորոշմամբ՝ երկրի նախագահը և կամ ԻԽՄ-ի խոսնակը։ Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում ՀՆԶՎ-ի օրինագծերն ավելի շուտ արխիվացվել են այնտեղ, քան թե տարաձայնությունը լուծվել է հօգուտ խորհրդարանի, ինչին կանդրադառնանք ստորև։ 

Ինչպես են ընթացել խորհրդարանական ընտրությունները

Անդրադառնալով զարգացող երկրների խորհրդարանական ընտրությունների պատմությանը, որտեղ հանուն ազատության և ժողովրդավարության տեղի են ունեցել հեղափոխություն, ազգային զարթոնք կամ ժողովրդի ընդվզում, դրանց արդյունքում իշխանության եկած առաջնորդող ուժերը օրենսդիր իշխանության ձևավորման առաջին ընտրություններում լուրջ հաջողություն են արձանագրում: Օրինաչափորեն այդ ընտրությունները գլխավորապես լինում են արդար, թափանցիկ և ժողովրդավարական։ Սակայն անմիջապես հաջորդ կամ երրորդ ընտրություններում արդեն հաղթող ուժը կամ պառակտվում է, կամ կորցնում ընտրողների վստահությունը, ուստի հաճախ, իշխանությունը պահպանելու համար ընտրություններում դիմում են կեղծիքների կամ օգտագործում իրենց տրամադրության տակ գտնվող պետական լծակները։

Թերևս այս օրինաչափության ուղիով է անցել նաև ԻԻՀ-ի օրենսդիր իշխանությունը։ Դրա վառ օրինակը կարող են լինել 1-3-րդ գումարումների ԻԽՄ-ները, որոնք ձևավորվել են գրեթե արդար ու ազատ ընտրություններով և վայելել ժողովրդի մեծ վստահություն ու հեղինակություն: Սակայն այսօր արդեն նշյալ հանգամանքների բերումով կարելի է ասել, որ օրենսդիրը, որը թերևս հավասարապես ունի օրենսդրական և կառավարման բոլոր կառույցների գործունեությունը վերահսկելու գործառույթ, կորցրել է իր երբեմնի նշանակությունը։ Այսուհանդերձ, այն մշտապես համարվել է երկրի առավել նշանակալից կառույցներից։ Իսլամական վարչակարգը երկրի կառավարման համակարգում ի սկզբանե մեծ նշանակություն է տվել ԻԽՄ-ի տեղին ու դերին, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ Իմամ Խոմեյնին, այն բարձր գնահատելով, բազմիցս անդրադարձել է դրան վերաբերող հարցերին: Մի առիթով նա շեշտել է․ «Ես չեմ կասկածում, որ Մեջլիսը ոչ միայն գլխավորում է պետական մարմինները, այլև այն ժողովուրդն է, որը բյուրեղացել է, հայտնվել սահմանափակ մի վայրում»։ Նա Մեջլիսն անվանել է ողջ ժողովրդի տուն և կեղեքվածների հույս։ Հետագայում էլ քաղաքական վերնախավը խորհրդարանական ընտրություններին և պատեհ այլ առիթներով, խոսելով երկրի կառավարման համակարգում խորհրդարանի դերի մասին, վկայակոչում է նրա տեսակետները։ Օրենսդիր իշխանությունը կարևորվել է նաև Իրանի Սահմանադրությամբ, որի գործունեությանը, պարտավորություններին ու լիազորություններին են վերաբերում 62-99-րդ հոդվածները։ Սակայն, վերլուծաբանների կարծիքով հաճախ անտեսվում են դրանք կամ ինչ-ինչ պատճառներով, ըստ էության, կյանքի չեն կոչվում, ինչի պատճառով կառույցն աստիճանաբար կորցրել է հեղինակությունը հասարակության շրջանում։

Խորհրդարանի 3-րդ գումարման ընտրությունները տեղի են ունեցել 1988թ․, երբ արդեն քաղաքական դաշտում առկա կրոնակաքաղաքական ուժերի դասավորությունը փոխվել էր։ Փաստորեն մրցակցում էին աջ և ձախ կողմնորոշմամբ ուժերը՝ Մարտնչող հոգևորականության հասարակության (ՄՀՀ) և Մարտնչող հոգևորականների ասամբլեայի կամ համաժողովի (ՄՀԱ կամ ՄՀՎ) գլխավորությամբ, որտեղ վերջինս փայլուն հաղթանակ գրանցեց, ինչը հանկարծակիի բերեց աջ ուժերին, որոնք համակարգում տնօրինում էին լուրջ լծակներ։ Նշենք, որ իրականում ԻԻՀ-ում առկա քաղաքական հոսանքների համար միանգամայն ընդունելի է իշխող իսլամական համակարգը, և քաղաքական գործունեություն են ծավալում հենց դրա շրջանակներում։ Խոշոր հաշվով՝ նշյալ քաղաքական հոսանքների դիրքորոշումները միմյանցից տարբերվում են Իսլամական Հանրապետության կառավարման հանդեպ իրենց վերաբերմունքով։ Պահպանողականները խիստ կարևորում են իսլամականության բաղադրիչը, մինչդեռ բարենորոգիչները՝ հանրապետականությունը։ Սակայն զարգացումները և առկա ուժերի մրցակցությունը նույն տրամաբանությամբ են ընթացել, ինչպես՝ այլ զարգացող երկրներում։

4-րդ գումարման խորհրդարանը ձևավորվեց ՍՊԽ-ի հայեցողական գործառույթի կիրառմամբ, ինչի պատճառով պահպանողականները լուրջ հաջողություն արձանագրեցին, սակայն սկսեց սասանվել ԻԽՄ-ի հանդեպ ընտրողների վստահությունը։ Այն դեպքում, երբ քաղաքական գործիչներն ու բարձրաստիճան հոգևորականներն Իմամ Խոմեյնիի տեսակետներն ընդունում ու արժևորում են անվերապահ։ Իսկ նա կարևորել է խորհրդարանում բազմակարծությունը․ «Եթե ժողովրդի մեջ ճաշակների ու տեսակետների միջև տարաձայնություն չլինի, դա մեծ թերություն է, եթե խորհրդարանում տարակարծություն չլինի, դա լուրջ թերություն է։ Տարակարծությունը, բազմաճաշակությունը անհրաժեշտ են, աղմկոտ բանավեճեր ևս պետք է լինեն, սակայն դրանք չպետք է վերածվեն թշնամանքի ու պառակտման»։ Իսկ նման խորհրդարանի ձևավորումը հնարավոր է ազատ ու արդար ընտրություններով, այլ ոչ թե՝ տարբեր տեսակետներ ունեցող ուժերի մասնակցությունը սահմանափակելով, փաստորեն ընտրությունները երկփուլ դարձնելով։ 

Խաղի կանոնների փոփոխությունն աստիճանաբար սասանել է ընտրողների վստահությունը

1996թ․ խորհրդարանի 5-րդ գումարման ընտրությունների ճակատագիրը ևս կանխավ որոշված էր՝ հաշվի առնելով ՍՊԽ-ի քաղաքական դիրքորոշումը, որտեղ մեծամասնություն կազմեցին պահպանողականները՝ ՄՀՀ-ի գլխավորությամբ։ Սակայն 1997թ․ նախագահական ընտրություններում ՄՀՎ-ի ղեկավարության անդամ Մոհամեդ Խաթամին, որի թեկնածությունը պաշտպանեց ձախ և դեռևս չձևավորված բարենորոգչական ուժերի դաշինքը, աննախադեպ հաջողություն արձանագրեց: Հաջողություն, ինչը պայմանավորված էր երկրի քաղաքական թատերաբեմում երևան եկած բարենորոգչական հզոր ալիքով, որը պաշտպանում էր երիտասարդությունը։ Դեպքերի նման զարգացումը մեծ ազդեցություն ունեցավ 2000թ․ տեղի ունեցած ԻԽՄ-ի 6-րդ գումարման ընտրությունների վրա, և 270 անդամ ունեցող խորհրդարանում 190 ձայնով մեծամասնություն կազմեցին բարենորոգիչները՝ հանկարծակիի բերելով պահպանողականներին։ Հանգամանք, ինչը թերևս պայմանավորված էր բարենորոգիչների մեծաթիվ հայտերով, ինչպեսև՝ այն բանով, որ առաջադրվածներից շատերի քաղաքական դիրքորոշումները, որպես բարենորոգչի, հստակեցված չէին։ Այլ կերպ ասած՝ թեև ՍՊԽ-ն, կիրառելով նախկին ու 5-րդ գումարման խորհրդարանի համար իրեն վերապահված նոր լիազորությունները, ջանք չխնայեց բարենորոգիչներին ասպարեզից հեռացնելու համար, սակայն նրանց ու նրանց կողմնակիցների գերակտիվությունը, որոնք ակնկալում էին լուրջ փոփոխություններ երկրում, հաղթահարեց բոլոր դժվարությունները։ Թվում էր՝ եթե գործադիր և օրենսդիր իշխանության ղեկին է հայտնվել նույն քաղաքական ուժը, ապա կարող է իրականացնել բարեփոխումների լուրջ ծրագրեր։ Չնայած բարեփոխիչներն իրենց խոստումներն իրականացնելուն ուղղված օրինագծեր հաստատեցին, սակայն դրանք հիմնականում արժանացան ՍՊԽ-ի վետոին: Իսկ մամուլի օրենքի բարեփոխման օրինագիծը դեռևս քննարկման ընթացքում կասեցվեց հեղափոխության առաջնորդի հրահանգով։ Որոշ օրինագծեր էլ հանգրվանեցին ՀՆԶՎ-ում և «պահեստավորվեցին»։ Այդօրինակ ճակատագրի են արժանացել նախագահ Խաթամիի ներկայացրած երկու օրինագծեր, որոնց մասին հիշատակել է 6-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ Մոհամեդ Ռեզա Խաթամին 2020թ. փետրվարի 19-ին Irna գործակալությանը տված հարցազրույցում, որտեղ նա խոսել է խորհրդարանի վերջին ընտրություններում բարենորոգիչների մասնակցության հարցի մասին։ 2002թ․ նախագահի ներկայացրած օրինագծերն էին՝ ա) 4 կետից կազմված օրինագիծ՝ Սաhմանադրությանը համապատասխան նախագահի լիազորությունների հստակեցման մասին, բ) ընտրական օրենսգրքի բարեփոխումների օրինագիծ, որով սահմանափակվելու էին ՍՊԽ-ի լիազորությունները։ Օրինագիծը մասնավորապես ուղղված էր վերջինիս հայեցողական գործառույթի վերացմանը։

 Պահպանողականները տնօրինեցին երկրի իշխանության ողջ կառույցները

2004թ. տեղի ունեցած ԻԽՄ-ի 7-րդ գումարման ընտրություններում ՍՊԽ-ն գործեց «անթերի»՝ զանգվածաբար մերժելով բարենորոգիչներին, և ապահովեց պահպանողականների հաջողությունը, ինչի պատճառով նույնիսկ 139 պատգամավոր նստացույց արեց, մեծ աղմուկ բարձրացավ, սակայն ոչինչ չօգնեց։ Այլ կերպ ասած՝ ընտրություններում մրցապայքարն ընթանում էր պահպանողականների ու ավելի արմատական՝ նոր պահպանողականների միջև։ Փաստորեն, նրանց մնում էր լուծել մի հարց՝ ապահովել ընտրողների մասնակցությունը, բայց գործադրված բոլոր ջանքերով հանդերձ այն կազմեց շուրջ 51 տոկոս՝ զիջելով նախորդած բոլոր ընտրություններին, իսկ բարենորոգիչները խորհրդարանում ունեցան թույլ ներկայություն։ Փաստորեն խորհրդարանի 6-րդ գումարումից հետո, ՍՊԽ-ն, հաշվի չառնելով որևէ քննադատություն ու բողոք, բարենորոգչական հոսանքին զրկել է խորհրդարանում վճռորոշ ձայնի հնարավորությունից: Հետևաբար, պահպանողական կառույցներին միայն մասնակցության հարցն է հուզել, քանի որ նման կարգով ձևավորված խորհրդարանների հանդեպ ընտրողը ոչ միայն վստահությունը կորցնելով պասիվություն է դրսևորում, այլև երկիրն արժանանում է միջազգային հանրության քննադատություններին։ Իրավիճակը գրեթե նույնն էր նաև 8-րդ գումարման խորհրդարանի ձևավորման գործընթացում, որտեղ մրցակցությունը պահպանողական 2 դաշինքների միջև էր՝ «Սկզբունքայինների համընդհանուր կոալիցիայի» և Ահմադինեժադի կողմնակիցների՝ «Սկզբունքայինների միության ճակատի», որտեղ հաղթեց առաջինը։ Պատկերը նույնն էր նաև 9-րդ գումարման ժամանակ։ Մրցապայքարն ընթացել էր առավել արմատական պահպանողականների՝ «Իսլամական Հեղափոխության կայունություն ճակատի» և «Սկզբունքայնականների միացյալ ճակատի» միջև, որտեղ հաղթանակ արձանագրեց վերջինս։ Ընդ որում` մասնակցությունը 5-8 տոկոսով գերազանցել էր նախորդ ընտրություններին` կազմելով 64,2 տոկոս, ինչը բարձրաստիճան հոգևորականությունն ու պաշտոնյաները գնահատեցին իբրև Արևմուտքի սպառնալիքներին սպառիչ պատասխան։

Պատկերը լիովին այլ էր 2016թ․ տեղի ունեցած 10-րդ գումարման ընտրություններում, երբ արդեն կյանքի էր կոչվել Իրան-5+1-ի համաձայնությունը (Joint Comprehensive Plan of Action), ինչի պատճառով ընտրողները մեծ փոփոխությունների հույսեր էին փայփայում։ Մանավանդ որ բարենորոգիչների աջակցությունը վայելող չափավորական նախագահ Ռոհանին տվել էր նման խոստումներ։ Ուստի բարենորոգիչներն ակտիվ մասնակցություն ունեցան․ թեկնածության հայտերը նախորդի համեմատությամբ աճել էին 62 տոկոսով։ Թեև ՍՊԽ-ն 90 տոկոսով մերժել էր բարենորոգչական թեկնածուներին, բայց և այնպես նրանք անհավասար պայքարում և ընտրազանգվածի ակտիվության պայմաններում 290 անդամ ունեցող խորհրդարանում 122 ձայնով լուրջ հաջողություն արձանագրեցին, հաշվի առնելով, որ նրանց մեծամասնություն կազմելու հնարավորություն այլևս չէր տրվում։ Բացի դրանից, զգալի թիվ կազմեցին նաև նախագահի գաղափարակիցները՝ չափավոր պահպանողականները, ինչի շնորհիվ նպաստավոր պայմաններ ստեղծվեցին գործադիրի համար։ Այսուհանդերձ, նախագահ Ռոհանին չէր կարող անցնել ՍՊԽ-ի պատնեշը և բարենորոգչական լուրջ օրինագծերով իրականացնել իր տված խոստումները։ Ահավասիկ, խորհրդարանը 2 օրինագիծ էր հաստատել Իրանի՝ FATF (Financial Action Task Force, ‎‎‎ Ֆինանսական գործողությունների հատուկ աշխատախումբ) կազմակերպությանը անդամակցելու վերաբերյալ, որոնք ՍՊԽ-ն մերժեց, և դրանք հանձնվեցին ՀՆԶՎ-ի դատին ու արխիվացվեցին։ Ի հետևանս դրա՝ Իրանը 2020թ. փետրվարի 21-ից կրկին հայտնվել է FATF-ի «Սև ցուցակում», թեև դեռևս 2019թ․ դեկտեմբերին նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, անդրադառնալով հարցի մասին որոշում ընդունելու ՀՆԶՎ-ի ձգձգումներին, նախազգուշացրել էր այդ առնչությամբ։ Ավելին, նախագահ Ռոհանին նույն 2020 թվականի փետրվարի 24-ին, քննադատելով ՀՆԶՎ-ի դիրքորոշումը, դա գնահատեց ոչ փորձագիտական, հավելելով, որ այդպիսով կառույցը ստանձնում է դրա հետևանքների պատասխանատվությունը։

2020թ. փետրվարի 21-ին տեղի են ունեցել ԻԽՄ-ի գործող 11-րդ գումարման ընտրությունները, որոնք, ընթանալով նախորդների ուղիով, միաժամանակ կրել են երկրում ստեղծված հասարակական-քաղաքական ու տնտեսական իրավիճակի կնիքը։ Թեև անցյալում ևս ընտրողների ակտիվությունը հաճախ օրակարգային էր, սակայն այս դեպքում չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ դա իշխանությունների ու համակարգի համար վերածվել էր գերնպատակի։ Քանզի, ինչպես նշել ենք, հիասթափված շուրջ 58 միլիոն ընտրողին քվեատուփերի մոտ բերելը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, լուրջ խնդիր էր: Նախ՝ տնտեսական սահմանափակումների պատճառով բնակչության սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, ապա՝ խորհրդարանի գործունեությունից դժգոհությունը, մասնավորապես՝ 2019թ. նոյեմբերին բենզինի գների բարձրացման հարցով: Նաև՝ բարենորոգչական հոսանքի աջակցությունը վայելող չափավորական նախագահ Ռոհանիի կառավարությունից բարեփոխումներ ակնկալող ընտրողների հիասթափությունը, ինչի վկայությունն են նաև 2019թ. հոկտեմբերի ցույցերի ժամանակ հնչեցված կարգախոսները, որոնք քաղաքական երկու հոսանքին էլ նույն նժարի վրա էին դրել: Ուստի, մասնակցության խնդիրը լուծելու նպատակով, պետական բոլոր կառույցներն ու հանրահայտ քաղաքական գործիչները, առանձին-առանձին հանդես գալով հայտարարություններով, ընտրողներին կոչ էին անում մասնակցել ընտրություններին: Հեղափոխության առաջնորդ այաթոլա Խամենեին ևս, տարբեր առիթներով դիմելով իրանցիներին, հորդորել է մասնակցել քվեարկությանը, նշելով, որ մասնակցությունը կրոնական պարտականություն է՝ ով սիրում է Իրանը, կմասնակցի ընտրություններին և այլն: Այսուհանդերձ, ընտրողների 42 տոկոսի մասնակցությունը ԻՀՀ պատմության մեջ ռեկորդային ցածր էր:

Ըստ ամենայնի, իրանցիներն այդպիսով ցանկացել էին հայտնել իրենց դժգոհությունը երկրի կառավարման, ընտրությունների կանխատեսելիության առնչությամբ և ի ցույց դնել համատարած հիասթափությունը: Բացի այդ, ՍՊԽ-ն իր հայեցողության գործառույթով մերժել էր հայտերի 56 տոկոսը՝ հիմնականում բարենորոգիչներին, ինչը ևս ընտրողների պասիվության պատճառներից էր: Ավելին, ինչպես նախկին ՆԳ նախարար, բարենորոգչական կողմնորոշմամբ Մոստա‎ֆա Թաջզադեն էր նշել՝ ՍՊԽ-ն խորհրդարանում պահպանողականների համար ապահովել էր ընդհանուր տեղերի 2/3-ը՝ տվյալ ընտրատարածքներում մերժելով բոլոր բարենորոգիչներին: Նա ընտրությունները բնութագրել էր որպես «ձիարշավ մեկ ձիով»:

ԻԽՄի ընտրական նոր օրենսգրքի առանձնահատկությունները

ԻԽՄ-ի 12-րդ գումարման ընտրությունները տեղի են ունենում ընտրական նոր բարեփոխված օրենսգրքով։ Ըստ իրանյան ԶԼՄ-ների՝ դեռևս 2016թ․ հոկտեմբերին Հեղափոխության առաջնորդը, Սահմանադրության 110-րդ հոդվածի համաձայն, խորհրդակցելով ՀՆԶՎ-ի հետ, 18 կետից բաղկացած բարեփոխումների նախագիծ էր ներկայացրել խորհրդարան։ Բարեփոխումների նպատակ էր հայտարարվել ընտրություններն առավել արդարացի, թափանցիկ դարձնելը և ընտրողների գիտակցության մակարդակը բարձրացնելը, ինչպեսև՝ կուսակցությունների պատասխանատու և օրինաչափ գործունեության կանոնակարգումը։ 10-րդ գումարման խորհրդարանն այդ ուղղությամբ որոշ քայլեր կատարեց, սակայն որևէ շոշափելի արդյունք չարձանագրվեց։ Ուստի հեղափոխության առաջնորդը տարբեր առիթներով, այդ թվում՝ ԻԽՄ-ի գործող 11-րդ գումարման պատգամավորների հետ հանդիպումներում, խստիվ պահանջեց քայլեր կատարել այդ ուղղությամբ։ ԻԽՄ-ի ակնկալիքներն առ այն, որ կառավարությունը խնդրո առարկայի առնչությամբ համապարփակ օրինագիծ կներկայացնի, չարդարացան։ Ուստի ԻԽՄ-ն առաջնորդի նախագծի հիման վրա մշակել է 57 կետից կազմված ընտրական օրենսգրքի բարեփոխումների օրինագիծ և ներկայացրել քննարկման։ Այն մի քանի ամիս ԻԽՄ-ի օրակարգում էր, հաստատվելուց հետո էլ քանիցս ուղարկվել է ՍՊԽ ու որոշ փոփոխությունների ենթարկվել։ Այսուհանդերձ 53-րդ կետի շուրջ, որը վերաբերում էր Թեհրանում ընտրությունները համամասնական կարգով անցկացնելուն, կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել։ Մյուս կողմից՝ օրինագիծը ՀՆԶՎ-ի դատին հանձնելու համար ժամանակը սուղ էր, քանի որ նախատեսված էր ԻԽՄ-ի 12-րդ գումարման ընտրությունները անցկացնել բարեփոխված օրենսգրքով։ Ուստի խորհրդարանը, 53-րդ կետը հանելով, լուծումը թողեց հաջորդ խորհրդարանին։ Հավելենք, որ օրենսգրքում նշյալ կետը չներառելը նոր պահպանողականների ու բարենորոգիչների միջև բավական սուր բանավեճերի ու քննադատությունների առիթ դարձավ։ Ոմանք շեշտում են, թե այն բացասաբար է անդրադառնալու ընտրողների ակտիվության վրա, իսկ պահպանողականներից ոմանք 53-րդ կետը չներառելը գնահատում են որպես բարենորոգիչների պարտություն։

Անդրադառնալով նշված բարեփոխումներին՝ նշենք մի քանի օրինակ։ Թեկնածության հայտ ներկայացնելն ու գրանցվելը դարձել են երկփուլ։ ՍՊԽ-ին թեկնածուների համապատասխանությունը որոշելու համար ավելի շատ ժամանակ է տրվում՝ նախկի 60-ի փոխարեն 134 օր, ինչը, ըստ պաշտոնական տեսակետների, կնպաստի, որ որևէ մեկի իրավունքները չոտնահարվեն։ Կարևոր փոփոխություններից է նաև թեկնածուների համապատասխանությունը չհաստատելու պատճառները նրանց գրավոր ներկայացնելը, ինչը դիտվում է որպես հայտ ներկայացնողի իրավունքները պաշտպանելու հնարավորություն։ Նախատեսվում է նաև, որ այնպիսի ընտրատարածքներում, որտեղ մի քանի պատգամավոր է ընտրվում, առնվազն 1/8-ում քվեարկությունն ու քվեների հաշվարկումը լինեն էլեկտրոնային։ Ընտրությունների օրենսգրքում բարեփոխումներ են կատարվել նաև քարոզարշավի ընթացքի վերաբերյալ։ Այժմ թեկնածուները կարող են ունենալ նաև վիրտուալ շտաբ՝ կայքի տեսքով, սակայն անհրաժեշտաբար պետք է դրա և պատասխանատուի անձնական տվյալներն ու IP-ն ներկայացվեն ընտրատարածքի կենտրոն և քարոզչության ուսումնասիրության նահանգային հանձնաժողով, իսկ կայքի հղումը՝ գրանցել ՆԳ նախարարության հայտարարած համակարգում, և այլն։

Թվերը ռեկորդային են

Ինչպես նշվեց, թեկնածության գրանցումը երկփուլ է՝ նախաառաջադրում կամ նախագրանցում և վերջնական գրանցում։ Այս փոփոխության նպատակներից մեկ համարվում է մեծաքանակ, անչափ ու անկապ առաջադրվելու արգելակումը։ Սակայն կարելի է նշել, որ առնվազն այս առումով լուրջ ձեռքբերում չարձանագրվեց։ Առաջին փուլի առաջադրման համար հայտարարված կայքում 7 օր էր նախատեսվել՝ 2023թ․ օգոստոսի 7-13-ը, որի ընթացքում 48 հազար 847 ռեկորդային հայտ էր նախագրանցվել։ Ավելին, նախորդ ընտրությունների համեմատ առաջադրման երկրոդ փուլը՝ 24 հազար 829 թեկնածուի գրանցումը, կրկին ռեկորդային է նախորդ ընտրություններում, երբ գրանցումները համարվեցին ռեկորդային, ընդամենը 16 հազար 33 հայտ էր ներկայացվել, ՆԳ նախարարությունը հաստատել էր 14 հազար 500-ի համապատասխանությունը, իսկ ՍՊԽ-ն, մերժելով դրանց 56 տոկոսը, հաստատել էր 7 հազար 148 թեկնածուի համապատասխանությունը։

Ինչ վերաբերում է վերամշակված օրենսգրքի համաձայն գործադիր մարմնի ԻԽՄ-ի թեկնածուների համապատասխանությունը հաստատելուն, ապա ընտրությունների գլխավոր շտաբի խոսնակ Մոհսեն Էսլամին հայտնել է, որ գրանցվածների համապատասխանությունը ուսումնասիրելու նպատակով նախ նրանց տվյալներն առաքվում են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կազմակերպություն, Օրինապահ ուժերի հրամանատարության տեղեկատվության կազմակերպություն, դատախազություն, արտաքին գործերի, գիտության, առողջապահության ու բժշկական կրթության նախարարություններ։ Հիշյալ կառույցները մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրում են առաջադրվածների համապատասխանության հարցը և զեկուցագիր ներկայացնում ընտրությունների գլխավոր շտաբ։ Արդյունքներն ստանալուց հետո ընտրությունների գործադիր 1218 հանձնաժողովները ուսումնասիրում են հայտ ներկայացրածների համապատասխանությունը։

Խորհրդարանին ընտրությունների առաջին փուլի գրանցման համար անհրաժեշտ են հետևյալ պայմաններն ու փաստաթղթերը․ ա) թեկնածխուն լինի 30-75 տարեկան, բ) առնվազն մագիստրոսի կամ դրան համարժեք կրոնական կրթության փաստաթուղթ։ Առաջադրվելու իրավունք չունեն այն իրանցիները, որոնք այլ երկրի մշտական բնակիչ են, նրանք, ովքեր այլ երկրի քաղաքացիություն ունեն կամ ունեցել են, նաև ԻԻՀ-ի քաղաքացիություն են ստացել։ Իսկ գրանցվելու համար keshvar.moi.ir կայքում պետք է նախ լրացնել պահանջվող տեղեկությունների դիմումաձևը, ապա ներբեռնել՝ ա) կրթության վերջին հավաստի փաստաթղթի լուսանկարը, գ) զինգրքույկի լուսանկարը, դ) պետական ծառայողներ պաշտոնապես հաստատված հրաժարականի լուսանկարը։ Այնուհետև համապատասխան ատյաններում, օրինակ՝ անձնագրային ծառայություններում, գիտության նախարարությունում ԱԳՆ-ում, առողջապահության ու բժշկական կրթության նախարարությունում և այլուր ստուգվում են գրանցվածների տարիքը, քաղաքացիությունը, մշտական բնակության վայրը, կրթության վերաբերյալ փաստաթուղթը, դատված լինել-չլինելու հարցը և այլն։

2023թ․ նոյեմբերի 10-ին ընտրությունների գլխավոր շտաբը հայտարարել է գործադիր մարմնի կողմից ԻԽՄ-ի թեկնածուների համապատասխանությունը որոշելու գործընթացի ավարտի մասին։ Փաստորեն, այս փուլում էլ մերժվածների թիվը ռեկորդային է՝ ավելի քան 5000, այդ թվում՝ գործող խորհրդարանի 26 անդամ, ինչն աննախադեպ է, ընդ որում՝ հիմնականում Ռայիսիի կառավարության քննադատողներ, չափավոր պահպանողականներ, նաև բարենորոգիչներ։ Մինչդեռ գրանցման երկփուլ դառնալով պետք է որ մերժվածների թիվը շատ փոքր լիներ։ Իսկ որպես անհամապատասխանության պատճառ գլխավորապես նշվել է իսլամական համակարգի հանդեպ ոչ պատշաճ հավատ ու հավատարմություն դրսևորելը։

Ընտրությունների գործադրի, այն է՝ ՆԳ նախարարության, նման գործելակերպը մեծ արձագանք ունեցավ քաղաքական գործիչների շրջանում ու մասնավորապես ԶԼՄ-ներում։ Նոյեմբերի 12-ին «Ջոմհուրի-ե Էսլամի» օրաթերթի տնօրեն Մասիհ Մոհաջրին, խստագույնս քննադատելով ընտրությունների շտաբի գործելակերպը, հայտարարել էր, թե խորհրդարանի անդամների համատարած մերժումը «իշխանության միատարրության գլուխգործոցն է», շեշտելով, որ նման գործելակերպ կարելի է տեսնել միայն ամենաբռնապետական Հյուսիսային Կորեայում։ Իրանի խոշորագույն օրաթերթ «Էթելաաթը» գրել է, որ թվում է, թե իշխանական կառույցների մաքրազարդում է տեղի ունենում, այդ հարցում որոշ հանձնարարականներ իրականացնում է նաև ՆԳ նախարարությունը։ Այս առումով հետաքրքական են նաև պատգամավոր Ջալալ Մահմուդզադեի տեսակետները։ Նա, ներկայացնելով Ռայիսիի կառավարության անդամների ծրագրերը խորհրդարանի ընտրությունների առնչությամբ, հավելել է, որ մի խումբ նախարարներ, որպեսզի 12-րդ գումարման խորհրդարանի հետ որևէ խնդիր չունենան և հանգիստ իրենց գործը շարունակեն, կառավարությանը հարող ուժերից թեկնածուների են առաջադրել։ Մահմուդզադեն ընդգծել է՝ քանի որ նրանք հեղինակություն չունեն ժողովրդի շրջանում, շահագրգիռ էլ չեն ընտրողների ակտիվությամբ։ Նա շեշտել է նաև, որ Բարենորոգիչների ճակատ վեհաժողովը, որի մեջ ընդգրկված են 31 կուսակցություն ու կազմակերպություն, ստեղծել է մշտադիտարկման խումբ, որը ողջ երկրի մակարդակով մշտադիտարկում է անցկացնում հաստատված թեկնածուների վերաբերյալ։

2024թ․ հունվարի 4-ին ՍՊԽ-ի խոսնակ Հադի Թահան Նազիֆը հայտարարել էր, որ գրանցված թեկնածուների շուրջ 52 տոկոսի՝ 11 հազարից ավելիի, համապատասխանությունը ՍՊԽ-ն հաստատել է, հավելելով, որ մերժվածների թվին են պատկանում նաև ներկա խորհրդարանի 26 անդամ, մինչդեռ նախորդ ընտրություններում չէր վերահաստատվել 90 պատգամավորի թեկնածությունը։ Այս առնչությամբ նշենք, որ դա պայմանավորված էր 10-րդ գումարման խորհրդարանում բարենորոգիչների ավելի ազդեցիկ (122 անդամ) ներկայությամբ, մինչդեռ գործող խորհրդարանում նրանք երեք տասնյակ էլ չեն։ Թահան Նազիֆը ընդգծել էր՝ դա նշանակում է, որ, միջին հաշվով յուրաքանչյուր ընտրատարածքում մրցակցելու է 38 թեկնածու։ Նա միաժամանակ հայտնել էր, որ ՆԳ նախարարության գործադիր մարմինների կողմից մերժվածներից շուրջ 5 հազարը բողոք է ներկայացրել և ոմանց համապատասխանությունը ՍՊԽ-ն հաստատել է։ Այս առնչությամբ հայտնի քաղաքական գործիչ, նախկին նախարար, նոր պահպանողական Մոհամեդ Նազեմի Արդաքանին գործադիրի կողմից զգալի թվով մերժվածների համապատասխանության վերանայումն ու հաստատումը բնութագրել է որպես քաղաքական աննախադեպ քայլ, ինչին ՍՊԽ-ն դիմել է մրցակցությունը ապահովելու նպատակով։ Նա հույս է հայտնել, որ այն կապահովի ընտրողների առավելագույն մասնակցություն։ Արդաքանին շեշտել է, որ այս ընտրությունները ճակատագրական են, ինչի մասին հեղափոխության առաջնորդը դեռևս Նովրուզին է խոսել ու ընդգծել առավելագույն մասնակցության անհրաժեշտությունը։ Առաջնորդին ազգային և միջազգային մակարդակով հզորության ցուցիչ և միաժամանակ՝ թշնամիներին հուսալքող որակելով, Արդաքանին համարել է, որ դա կհանգեցնի լարվածության թուլացմանը, հետևաբար առավելագույն մասնակցությունը հույժ կարևոր է։

Իսկ փետրվարի 9-ին, երբ ավարտվել է բողոքների ուսումնասիրությունը, հայտնի է դարձել, որ զգալի թվով թեկնածուների համապատասխանությունը հաստատվել է։ Թահան Նազիֆը շեշտել է, որ ընդհանուր առմամբ հաստատվել է 14 հազար 912 թեկնածուի համապատասխանությունը։ Այլ խոսքով՝ ևս շուրջ 4 հազար մերժված ՍՊԽ-ից ընտրություններին մասնակցելու «անցագիր» է ստացել։ Սա ևս աննախադեպ է և կազմում է գործադիրում հաստատվածների 73 տոկոսը․ միջինով յուրաքանչյուր տեղի համար պայքարելու է շուրջ 51 թեկնածու, ինչը ևս ռեկորդային է։ Մինչդեռ նախորդը ընտրություններում ՍՊԽ-ն հաստատել էր առաջադրված թեկնածուների 56 տոկոսը։ Սա, իհարկե, բնավ էլ պահատական չէ, այլ նպատակամղված է ավելի շատ ընտրողներ դեպի քվեատուփերը բերելուն, ինչը, ըստ ամենայնի, այս ընտրությունների հարցերի հարցն է համարվում, մանավանդ որ ընտրությունների արդյունքներն ի սկզբանե կանխատեսելի դարձնելու համար ամեն ինչ արդեն արված է։

Ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշը՝ գերխնդիր

Ակտիվ մասնակցության խնդիրն ի սկզբանե խիստ մտահոգել է երկրի ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմք, հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին, ինչը նա գլխավորապես պայմանավորում է Արևմուտքի թշնամական վերաբերմունքով ու Իրանի դեմ հակաքարոզչությամբ։ Ըստ իրանյան մամուլի՝ նա սովորաբար դեմ է հանդես գալիս ժամանակից շուտ ընտրությունների հարցը օրակարգային, իսկ մթնոլորտը՝ ընտրական դարձնելուն, սակայն առաջիկա ընտրություններին հարցին անձամբ է անդրադարձել վաղաժամ՝ շուրջ մեկ տարի առաջ, նովրուզյան տոների առիթով իր ելույթում։ Այնուհետև շարունակաբար, տարբեր առիթներով ու հանդիպումներում, նա բազմիցս անդրադարձել է հարցին և ընտրողների բարձր մասնակցությունը խիստ կարևորել՝ խրախուսելով ժողովրդին, երբեմն է՛լ ավելի խիստ տոնով կոչ արել մասնակցել ընտրություններին։ 2023թ․ դեկտեմբերի 23-ին՝ մարգարեի դստեր ծննդյան տարեդարձի առիթով, հեղափոխության առաջնորդը «մադահների» և մի խումբ բանաստեղծների հետ հանդիպմանը, խիստ կարևորել է ընտրություններում ժողովրդի արժանի ակտիվությունը, շեշտել, որ կան խմբեր, որոնք դեմ են մասնակցությանն ու ամեն ինչ անում են հասարակության մեջ հուսահատություն ու անվստահություն սերմանելու համար, հավելելով, որ նրանք դեմ են երկրում կրոնական ժողովրդավարության իրականացմանը։ Առաջնորդն ընդգծել է նաև, որ պետք է այդ թշնամական շարժման դեմ պայքարել, քանզի ընտրություններին մասնակցելը հանուն իսլամի պայքարող հասարակության յուրաքանչյուր անդամի պարտականությունն է։ Ապա նա կրկին շեշտել է՝ ով դեմ է ընտրություններին, նա դեմ ԻՀՀ-ին, դեմ է իսլամին։ Իսկ իսլամին ու իսլամական վարչակարգին դեմ լինելը հանցագործություն է։ Ահա թե ինչու ոմանք նրա այդ խոսքերը գնահատում են որպես սպառնալիք։ Իսկ դեկտեմբերի 27-ին մի խումբ տիկնանց հետ հանդիպմանը նա վերջիններից պահանջել է, որ իրենց ամուսիներին ու զավակներին խրախուսեն, որպեսզի ակտիվորեն մասնակցեն ընտրություններին։

Պահպանողական թևի քաղաքական գործիչներից ու բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը, հետևելով հեղափոխության առաջնորդին, իրենց ելույթներում ու հարցազրույցներում ջանքեր են գործադրում առավելագույն մասնակցություն ապահովելու ուղղությամբ՝ այն խիստ կարևորելով, ինչպես օրինակ՝ ՀՆԶՎ-ի անդամ Մոհամեդ Ռեզա Բահոնարը։ Նա, շեշտելով, որ այս ընտրությունները մի շարք յուրահատուկ և ընդհանուր առանձնահատկություններ ունեն, նշել է, որ գլխավոր խնդիրը մասնակցությունն է՝ հաշվի առնելով այն խնդիրներն ու դժվարությունները, որոնք եղել են և կան երկրում, որոնց ականատեսը եղանք նաև 2022թ․ աշնան խժդժությունների ժամանակ։ Այդ իսկ պատճառով հեղափոխության առաջնորդը, որն ավանդաբար ավելի ուշ է անդրադառնում ընտրությունների հարցին, կարևորեց մասնակցությունը, մրցակցությունը, առողջությունն ու անվտանգությունը և պատկան մարմիններից պահանջեց ճիշտ կառավարել ընտրությունների գործընթացը։ Մասնակցության առնչությամբ մտահոգությունները պայմանավորված են որոշ սոցհարցումների արդյունքներով, որոնց համաձայն՝ մասնակցությունը շուրջ 35 տոկոս է լինելու, իսկ Թեհրանում՝ մինչև 20 տոկոս, ինչը, իր հերթին, գլխավորապես պայմանավորված է բարենորոգիչներին ու չափավորականներին խաղից դուրս թողնելով։

Սա այն դեպքում, երբ վերլուծաբաններից ոմանց կարծիքով՝ ընտրություններին պատգամավորի թեկնածու նոր պահպանողականների առնվազն մի զգալի հատվածը ոչ միայն շահագրգիռ չէ ընտրողների ակտիվությամբ, այլև գերադասում է ավելի քիչ մասնակցությունը, ինչը կմեծացնի նրանց ընտրվելու հավանականությունը։ Ահավասիկ, բարենորոգչական կողմնորոշմամբ հայտնի հոգևորական, քաղաքական գործիչ ու նախկին պաշտոնյա Ահմադ Մազանին, ՍՊԽ-ին հղած բաց նամակում վկայակոչելով ԻԻՀ-ի հիմնադիրի տեսակետները, ինչպեսև՝ հեղափոխության առաջնորդի խոսքը, որն ընտրություններում կարևորել է մրցակցությունը, արդարացիությունը, անվտանգությունն ու մասնակցությունը, ՍՊԽ-ից պահանջել է բողոքները ուսումնասիրելիս հաստատել բարենորոգիչների ու չափավորականների թեկնածուների համապատասխանությունը և, այսպիսով, մրցակցություն ու մասնակցություն ապահովել։ Նա նշել է, թե առաջնորդը շեշտը դրել է ընտրողների առավել մասնակցության վրա և ընտրյալ խավից պահանջել, որպեսզի ապահովեն բարձր մասնակցություն, իսկ եթե զանգվածաբար մերժել են բարենորոգիչներին ու չափավորականներին, ապա ինչպե՞ս են մրցակցություն ապահովելու։ Մազանիի խոսքով՝ երբ երկրի համար անհրաժեշտություն է առավել մասնակցությունը, հրապարակի մի կողմում արբեցած են նվազագույն մասնակցությամբ՝ առանց մրցակցության հաղթողները, որոնց միակ հոգսը բազում ցուցակներ ներկայացնելն է, իսկ մյուս կողմում անգամ մեկ ցուցակ կազմելու ու ներկայացնելու ի զորու չեն։ Նա շարունակել է, որ ստեղծված իրավիճակում, երբ բացակայում է մրցակցության որևէ ասպարեզ, ինչպե՞ս կարելի է ընտրողներին խրախուսել, հրավիրել քաղաքական մասնակցության։ Այլ խոսքով՝ Մազանին նաև անուղղակիորեն նոր պահպանողականների՝ առավել մասնակցությամբ շահագրգիռ չլինելն է ակնարկել։ Իսկ Khabaronline լրատվական հայտնի կայքի խմբագրակազմի անդամ, պահպանողական հայացքներով Մոհամեդ Մոհաջերին «Էթեմադ» օրաթերթում խիստ քննադատելով Ռայիսիին, նրան մեղադրել է ընտրություններում ակտիվ մասնակցությամբ շահագրգիռ չլինելու համար։ Նա գրել, որ առաջնորդի՝ ընտրությունների հարցը օրակարգ բերելուց 6 ամիս անց էլ Ռայիսին ու իր կառավարությունը լռում են, ինչը չի կարող պատահական լինել։ Ուստի բացառված չէ, որ Ռայիսին չի ցանկանում գործ ունենալ մի խորհրդարանի հետ, որն ընտրվել է առավել ակտիվ քվեարկությամբ։ Սա ևս փաստում է, որ ոչ բոլոր պահպանողականներն են շահագրգիռ ընտրությունների բարձր ցուցանիշներով։

Ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը

Իրանում պաշտոնապես գրանցված են 100 կուսակցություն և 19 քաղաքական կազմակերպություն, որոնք «ճակատ» են կոչվում։ Դրանք բոլորն էլ իրավունք ունեն ներկայացնելու իրենց թեկնածուների ցուցակը։ ՆԳ նախարարության կուսակցությունների հանձնաժողովի քարտուղար Աբդոլա Մորադին կուսակցությունների և քաղաքական կազմակերպությունների գործունության առնչությամբ հայտնել է, որ չնայած հիշյալ կուսակցություններն ընտրություններում կարող են իրենց թեկնածուներին առաջադրել, սակայն բացառությամբ մի քանիսի, նրանց անունները չեն լսել անգամ քաղաքական գործիչները։ Նշենք, որ ԻԻՀ-ի գրանցված քաղաքական կազմակերպությունների գաղափարական կողմնորոշումներն իսլամական վարչակարգի շրջանակում են և երեք խմբի բաժանված՝ ա) աջ կամ պահպանողական՝ անվանդականներ և նոր պահպանողականներ․ այս ճամբարում առկա են որոշ չափով հայտնի շուրջ 20 կուսակցություններ և տարբեր քաղաքական կազմակերպություններ․ բ) ձախ ուժերի դաշտում, որոնք 1997թ․ Մոհամեդ Խաթամիի՝ նախագահ ընտրվելուց ի վեր անվանվում են բարենորոգիչներ, և այստեղ առավել աչքի ընկնող 16 կուսակցություն և կազմակերպություն կան։ գ) չափավոր պահպանողականների ճամբար, որոնք կարելի է ասել, տեխնոկրատ պահպանողականներ են՝ հակված դեպի բարենորոգիչները, երբեմն նաև վերջիններիս հետ դաշինք են կազմում․ այս հոսանքին պատկանում են ընդամենը որոշ չափով հայտնի 4 կուսակցություն ու կազմակերպություն։

Իրականում ընտրությունները տեղի են ունենալու ոչ միայն բարենորոգչական ու չափավորական հոսանքների հայտնի դեմքերի բացակայությամբ, այլև այդ հոսանքների ներկայացուցիչներից շատ քչերն են թեկնածության «անցաթուղթ» ստացել։ Իսկ սա նշանակում է, որ մրցակցությունն ընթանալու է նոր և ավանդական պահպանողականների միջև, մինչդեռ նախկինում նրանք գլխավորապես մասնակցում էին մեկ հիմնական ցուցակով ու փոքրաթիվ 1-2 խմբերով։ Ինչպես նշում են վերլուծաբանները, այս ընտրություններում ականատես ենք լինելու ավանդական և նոր պահպանողականների տարբեր դաշինքների ու անկախ պահպանողականների մրցապաքարին։ Մանավանդ որ պահպանողականների ճամբարում միասնականություն ապահովող և վճռորոշ դեր ունեցող երկու դեմքեր այլևս չկան՝ վախճանվել են։ Այժմ ճամբարի յուրաքանչյուր երևացող կազմակերպություն ձգտում է առանցքային դեր ստաձնել։ Հիմնական մրցապայքարն ընթանում է երեք գլխավոր կազմակերպությունների՝ Դիմադրության ճակատի, Միասնության խորհրդի և Իսլամական հեղափոխության ուժերի դաշինք խորհրդի (պարսկերեն հապավումը՝ ՇԱՆԱ) միջև։ Կան կարծիքներ, որոնց համաձայն՝ Միասնություն դաշինքի և ՇԱՆԱ-ի տարաձայնությունները հաղթահարելի են, սակայն Դիմադրություն ճակատը, որը հակված է դեպի Ռայիսիի կառավարությունը, միասնության համար նախապայմաններ է ներկայացնում և, ըստ երևույթին, առանձին ցուցակով կմասնակցի ընտրություններին։ Վերջինս դեմ է գործող խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆի՝ ընդհանուր ցուցակը գլխավորելուն, մինչդեռ ՇԱՆԱ-ի ցուցակը հենց նա է գլխավորում։ Ստեղծված իրավիճակում թերևս ավելի հավանական է, որ պահպանողականների ցուցակներում կլինեն ընդհանուր թեկնածուների անուններ։ Արդեն հայտնի է, որ նոր պահպանողական 3 գլխավոր դաշինքները՝ ՇԱՆԱ-ն, Դիմադրության ճակատը և Միասնության խորհուրդը, առնվազն Թեհրանում դեռ մեկ միասնական ցուցակի շուրջ համաձայնության չեն եկել, ինչը բնական է, եթե Դիմադրության ճակատը չի ցանկանում Ղալիբաֆին տեսնել առաջին հորիզոնականում։ Ավելին, իրենցից յուրաքանչյուրը կարծում է, թե միայնակ ի զորու է հաջողության հասնել և խորհրդարանում զբաղեցնել մայրաքաղաքի 30 ներկայացուցչի աթոռները։ Այսուհանդերձ, բացառված չէ, որ քարոզարշավի ընթացքում նրանք միավորվեն։ Մանավանդ, որ այդ ճամբարում նոր մրցակից է ի հայտ եկել։ Փետրվարի 8-ին կազմավորման մասին հայտարարությամբ հանդես է եկել նոր դաշինք՝ Իսլամական հեղափոխության ուժերի ժողովրդական կոալիցիան (պարսկերեն հապավումը՝ ԷՄՆԱԷ), որը, ըստ ամենայնի, պահպանողական նոր դասի ուժերի համախմբում է, որի մեջ ընդգրկված են 20 կուսակցություն, ճակատ և միություններ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պայքարողների ճակատը, «Հեղափոխության աջակիցների ռազմավարական ցանց ճակատը», Իսլամական Իրանին ծառայողների կուսակցությունը և այլն։ Հայտարարության մեջ շեշտվում է, թե դաշինքը պայքարի ասպարեզ է իջել «հավատ, իղձ և զարգացում» առանցքային կարգախոսով։ ԷՄՆԱԷ-ն շեշտել է նաև, որ դաշինքը ջանք չի խնայելու ընտրողների ակտիվացման ուղղությամբ։ Կենցաղային խնդիրների գերակայմամբ պայմանավորված՝ դաշինքը որպես լուծում առաջարկվում է տնտեսական ոլորտում որդեգրել ներքին հնարավորությունների վրա հիմնված դիմադրողական քաղաքականություն, ինչպեսև՝ ազգային արժույթի արժևորում։

Կան տեսակետներ նաև, որոնց համաձայն՝ բացառված չէ, որ չափավորականները, անկախների և որոշ բարենորոգիչների մասնակցությամբ տարբեր ընտրատարածքներում դաշինք ստեղծելով, ցուցակ ներկայացնեն։ Այսուհանդերձ, կարելի է ենթադրել, որ բարենորոգիչերը որևէ դաշինք չեն ձևավորելու՝ նկատի ունենալով այդ հոսանքի հայտնի դեմքերի արտահայտած տեսակետները։ Բարենորոգչական կողմնորոշմամբ գրող, նախկին պատգամավոր, հոգևորական Հոջաթոլէսլամ Հոսեյն Անսարի Ռադը «Ռույդադ 24» լրատվական կայքին տված հարցազրույցում, խիստ քննադատելով ՍՊԽ-ի և մասնավորապես քարտուղար Ջանաթիի գործելակերպը, նշել է, թե ընտրությունները վերածվել են նշանակման, և միայն նրանք կարող են թեկնածու դառնալ, ովքեր կանցնեն Ջանաթիի զտիչով։ Նա հավելել է, որ միայն բարենորոգիչները կարող էին ինչ-որ հարցեր լուծել երկրի ու ժողովրդի համար, որոնք խորհրդարանի 7-րդ գումարումից, սակայն, հեռացվել են։ Անսարի Ռադը ընդգծել է, որ նրանց դուրս են թողնում անհիմն՝ իսլամին խորապես հավատ չունենալու պատրվակով, մինչդեռ նամազ անող մարդուն դա ասելը ոչ միայն մեղք է, այլև նորամուծություն է շարիաթում, ինչը մեղք է համարվում։ Ընտրություններում այլ կարծիք ունեցողները տեղ չունեն։ Անսարի Ռադը նաև դեմ է այն հորդորներին, թե պետք է անվավեր քվեով մասնակցել ընտրություններին, քանի որ մասնակցել՝ նշանակում է ընդունել նման ընտրությունները։

Ըստ երևույթին, ընդառաջելով հեղափոխության առաջնորդի հորդորներին, որը բազմիցս խիստ կարևորել է ընտրություններին մասնակցելը, և նշել՝ «ընտրություններին մասնակցելը յուրաքանչյուրի պարտքն է», փետրվարի 13-ին բարենորոգչական հայացքներով հայտնի 110 մտավորականներ, քաղաքական գործիչներ ու ԶԼՄ-ականեր հանդես են եկել բավական ծավալուն վերլուծական հայտարարությամբ, որը լայն, միաժամանակ հակասական արձագանքներ է ունեցել ԶԼՄ-ներում ու սոցցանցերում։ Հայտարարությունում շեշտվել է, որ թեև ընտրություններն ազատ ու արդար չեն, սակայն պետք է ժողովրդի ու հայրենիքի շահերը վեր դասել ժողովրդավարության երազանքներից ու նպատակներից և մասնակցել ընտրություններին, քանի որ հակառակ դեպքում երկրի շուրջը սահմանափակումների ու պատժամիջոցների օղակը ավելի է սեղմվելու։ Միաժամանակ, քննադատելով քաղաքական դաշտը «մաքրազարդելու» նոր պահպանողականների որդեգրած քաղաքականությունը, նշվել է նաև, որ մասնակցությամբ կարելի է վերաբերմունք արտահայտել՝ տարբեր կերպ քվեարկելով։ Բարենորոգիչների ճակատը Թեհրանում ցուցակ չի ներկայացնելու թեկնածուների բացակայության պատճառով, իսկ այլ օստաններում, իրենց հայեցողությամբ, որոշումներ կկայացնեն տեղական ուժերը, ինչը չի հակասելու ճակատի դիրքորոշմանը։ Սակայն հայտարարությունը յուրայինների շրջանում առավել մեծ արձագանքներ է ունեցել, երբեմն ավելի սուր, քան՝ մրցակիցների ճամբարում։ Հանգամանք, ինչը լուրջ բանավեճերի առիթ է դարձել, այնպես որ ճակատի պառակտումն ու փակուղի մտնելը, թվում է, թե դարձել են օրակարգային հարց։ Այս առնչությամբ բարենորոգչական ճամբարի հայտնի դեմքերից Էլյաս Հազրաթին չափավորական «Էթեմադ» օրաթերթում հրապարակած վերլուծականում հետևյալ լուծումն է առաջարկել։ Նա նշել է, որ բարենորոգչական ճամբարում բազմաթիվ խոսույթներ կան, ինչը որպես իրողություն պետք է ընդունել, միաժամանակ, հաշվի առնելով անցյալի փորձը, 3 նախապայմանով կարելի է դրանք վերահսկելի դարձնել․ ա) բոլոր առկա խոսույթներում բարենորոգիչ նախկին նախագահ Մոհամեդ Խաթամիին ընդունել որպես առաջնորդ, բ) գիտական բանավեճերը շարունակել և միմյանց «փչացնելու» դեմն առնել, գ) անհրաժեշտ պահին դաշինք կազմել։ Բարենորոգչական ճամբարի հայտնի ակտիվիստներից ոմանք էլ շեշտել են, թե ճակատի և 110-ի հայտարարությունները բովանդակային տարբերություններ չունեն։

Ինչպես ենթադրվում էր՝ չափավորական 4 հայտնի կուսակցություններն արդեն համախմբվել և ցուցակ են ներկայացնելու, որին հովանավորում են նաև բարենորոգչական որոշ կազմակերպություններ։

Եթե ԱԲԽ-ի քարոզարշավը սկսվել է փետրվարի 14-ից և շարունակվելու է մինչև մարտի 1-ը, ապա ԻԽՄ-ինը 7 օր է տևելու՝ փետրվարի 22-28-ը, իսկ փետրվարի 21-ին ՍՊԽ-ն ներկայացնելու է իր ուսումնասիրությունների վերջին արդյունքները, որոնք թերևս հօգուտ չափավորականների կլինեն, ու որոշ թեկնածուներ «անցաթուղթ» կստանան։ Բնականաբար քարոզարշավը ևս, ինչպես բոլոր երկրներում, իր կանոններն ու սահմաններն ունի, որոնց մասին շեշտել է ԻԻՀ-ի առաջնորդ այաթոլա Խամենեին։ Հակիրճ, նա շեշտել է, որ թեկնածուների առաջին ու կարևորագույն պարտականությունն է քարոզարշավի մթնոլորտը առողջ պահելը, իսլամի բարոյական նորմերին հետևելը։ Առաջնորդը ընդգծել է նաև, որ իսլամական սուրբ համակարգի ընտրությունների թեկնածուն անպայման պետք է հետևի շարիաթի օրենքներին։ Չպետք է շարժվի Արևմուտքի քարոզարշավներում ընդունված չափանիշերով, այն է՝ միմյանց վիրավորել, տարբեր մեղադրանքներ հնչեցնել, դիմել անբարոյական միջոցների և այլն։

Ամփոփման փոխարեն

Վերջին տասնամյակներին ԱԲԽ-ի միջանկյալ և հիմնական ընտրությունները տեղի են ունենում ԻԽՄ-ի ընտրությունների հետ միաժամանակ։ Խորհրդարանական ընտրությունները սովորաբար ստվերել են ԱԲԽ-ինը, սակայն այս ընտրությունների դեպքում չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ հակառակն է տեղի ունեցել, ինչը պայմանավորված է ԱԲԽ-ի խիստ կարևոր առաքելությամբ՝ նոր առաջնորդ ընտրելու մեծ հավանականությամբ, որը ճակատագրական է երկրի համար։ Այս իրողության առնչությամբ անուղղակիորեն ակնարկել է նաև երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք այաթոլա Խամենեին։ 2023թ․ դեկտեմբերի 23-ին նա կրկին կարևորել է առաջիկա ընտրությունները, մասնավորապես՝ ԱԲԽ-ինը, շեշտել, որ վերջինիս կարևորությունը նրանում է, որ ի զորու է անհրաժեշտ պահին երկրի համար ճիշտ առաջնորդ ընտրել և հետագայում էլ ուշադիր լինել, որպեսզի պահպանվեն նրա համար անհրաժեշտ հատկանիշները։

Երկու ընտրություններն էլ տեղի են ունենում ընտրական նոր օրենսգրքով, որոնք վերամշակվել ու հաստատվել են 2023թ․ և, ըստ պաշտոնական տեսակետների, նպատակը ավելի արդարացի ու թափանցիկ ընտրություններ անցկացնելն է։ Մյուս կողմից՝ 1992թ․-ից ի վեր, երբ ՍՊԽ-ին վերապահվեցին հայեցողական լայն իրավունքներ, բացառությամբ տեղականի՝ բոլոր ընտրությունները երկփուլ են դարձել, իսկ խորհրդարանինը, նոր օրենսգրքի համաձայն, կարելի է ասել՝ եռափուլ, ուստի փոփոխությունները հազիվ թե լրջորեն նպաստեն նշյալ նպատակների իրականացմանը։

Ընտրությունների գործադիր մարմնում առաջադրումը դարձել է երկփուլ, և, որպես թեկնածու գրանցելու համար պահանջվող նախապայմաններից զատ, որոշակի ուսումնասիրություններից հետո է առաջադրվելու թույլտվությունը կատարվում, որից հետո միայն գրանցվածի թեկնածության «ճակատագիրը» վերջնականապես որոշելու հարցը հանձնվում է ՍՊԽ-ի դատին։ Մյուս կողմից՝ հաշվի առնելով, որ թե՛ ընտրությունների գործադիր և թե՛ վերահսկող մարմինները նոր կամ ավանդական՝ պահպանողական թևի ներկայացուցիչներ են, ապա ակնհայտ է, որ ՍՊԽ-ի ընտրությունը լինում է կողմնակալ։ Սակայն երկրում ինչ-ինչ պատճառներով հասարակության աշխուժացումը, որոշակի ուժերի հանդեպ հույս տածելը պատճառ են դառնում, որ խորհրդարանում ընդդիմադիր ուժերն ավելի ցայտուն ներկայություն ունենան, որոշ հանգամանքների բերումով անգամ մեծամասնություն կազմեն․ դա է վկայում ԻԽՄ-ի 6-րդ գումարումը։ Իհարկե այդ դեպքում էլ ՍՊԽ-ն արգելակում է պահպանողական հոսանքի ոչ ցանկալի օրինագծերի հաստատումը։ Ընդհանրապես հասարակությունում տիրող տրամադրություններն ու մթնոլորտը լուրջ ազդեցություն են ունենում ոչ միայն ընտրազանգվածի մասնակցության, այլև՝ անգամ արդյունքների վրա, դրանք դարձնում կանխատեսելի։ Փորձը ցույց է տալիս, որ ընտրազանգվածի մի զգալի հատված բարեփոխումների հույսով ակտիվ մասնակցություն է ունենում և քվեարկում հօգուտ բարենորոգիչների։ Ահավասիկ, գործող ԻԽՄ-ի ընտրություններում հասարակությունը, հիասթափված Ռոհանիի գլխավորած չափավորական կառավարությունից ու բարենորոգիչներից, ակնհայտ պասիվություն դրսևորեց։ Թեև իշխանական բոլոր կառույցները ջանք չխնայեցին ընտրազանգվածին քվեարկության բերելու ուղղությամբ, սակայն գրանցվեց ռեկորդային ցածր մասնակցություն՝ նախորդների համեմատությամբ։ Արդյունքում խորհրդարանի կազմը եղավ միատարր․ պահպանողականները կազմեցին շուրջ 85 տոկոս։

Ինչ վերաբերում է այս ընտրություններին, ապա երկրի բարձրագույն ղեկավարությանը խիստ մտահոգում է ընտրազանգվածի ակտիվացման խնդիրը, ինչը, մի շարք հանգամանքներով պայմանավորված, վերածվել է գերնպատակի, դարձել ընտրությունների հարցերի հարցը։ Նախ՝ նախորդ ընտրությունների դեպքում, երբ մասնակցությունը կրկին գերխնդիր էր, հարցը լուծելու նպատակով բուռն ու շարունակական ջանքերի գործադրմամբ հանդերձ, ինչպես նշվեց, արդյունքները գոհացուցիչ չէին։ Նման արդյունքների պատճառը համարվել են ընտրողների դժգոհություններն ու հիասթափությունը, իսկ այսօր դրանք ավելի խոր բնույթ են կրում։ Կտրուկ մեծացել են հասարակության շրջանում սոցիալ-տնտեսական ու այլ բնույթի դժգոհությունները։ 2022թ․ «խժդժությունները», որոշ խավերի բողոքի ցույցերը, ինչպեսև բարենորոգչական հոսանքի պասիվությունը, ընտրությունները բոյկոտելու մասին շշուկները խիստ մեծացրել են ընտրողների առավել թույլ մասնակցության հավանականությունը։ Ահա թե ինչու մասնակցության հարցը առաջացրել է առաջին հերթին հեղափոխության առաջնորդի լուրջ մտավախությունները։ Նա վերջին 6 ամիսների ընթացքում իր գրեթե բոլոր ելույթներում խիստ կարևորել է մասնակցությունը։ Ահավասիկ, փետրվարի 18-ին Իմամ Խոմեյնիի դամբարան համալիրում Արևելյան Ադրբեջան նահանգի բազմահազար ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա մեկ անգամ ևս շեշտել է ընտրություններին մասնակցելու կարևորությունը, նշելով, որ բոլորը պետք է ընտրություններին մասնակցեն, քանի որ դրանք Իսլամական Հանրապետության հիմքերի հիմքն են ու երկրի բարեփոխումների ուղին։ Նա հավելել է նաև, որ ԻԻՀ-ում ընտրությունները միշտ եղել են արդարացի, հավասարակշիռ, միաժամանակ հույս է հայտնել, որ այս անգամ ևս կլինեն այդպիսիք։ Ավելին, նույն օրը Isna գործակալությունը վերահրապարակել է «Հեղափոխության առաջնորդի հանձնարարությունը ընտրությունների առնչությամբ» վերնագրով թղթակցությունը, որը տարածել է առաջնորդի՝ սեյեդ Ալի Խամենեիի գրականության պահպանման ու տարածման գրասենյակի լրատվական «Ջամարան» կայքը։ Թղթակցությունում նշվել է․ «Գերապատիվ այաթոլա Խամենեին շեշտել է, որ համակարգի սրտացավ մարդկանց ու անձամբ իրեն համար առաջին հերթին կարևոր է, որ ընտրությունները լինեն խանդավառ, աշխույժ, և յուրաքանչյուրն իր մասնակցությունը համարի իր պարտքը»։ Ըստ թղթակցության՝ նա նաև ընդգծել է․ «Ընտրությունները կարևորե՛ք, մասնակցե՛ք ընտրություններին, դրանք մի՛ արհամարհեք, ընտրությունները խիստ կարևոր են»։

Հարկ է նշել, որ ՍՊԽ-ի աննախադեպ հանդուրժողականությունը՝ մերժվածներից անսպասելի մեծ թվով թեկնածուների համապատասխանությունը հաստատելու քայլն էլ ինքնին վկայում է ընտրողներին ակտիվացնելու հույժ կարևորությունը, ինչին անդրադառնում են կառավարության ու առաջնորդության ինստիտուտներին մոտ կանգնած բարձրաստիճան պաշտոնյաներն ու հոգևորականները։ Այլ խոսքով՝ քարոզարշավին զուգահեռ, նաև այս ուղղությամբ ջանք ու եռանդ չեն խնայվում, սակայն որքանո՞վ արդյունավետ կլինի, դժվար է ասել։

Այսուհանդերձ ակնհայտ է, որ թե՛ ԻԽՄ-ի և թե՛ ԱԲԽ-ի ընտրությունների հաղթողները նոր ու ավանդական պահպանողականներն են լինելու։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829