Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնի ո՞ր հատվածներում է կուտակվում կալցիումն ու ի՞նչ հետևանքներ է դա առաջացնում

Ապրիլ 15,2024 09:30

Ոսկրերն ու ատամներն օգտագործում են մեր մարմնում առկա գրեթե ողջ կալցիումը (մոտ 99 %), մնացածը լուծվում է արյան մեջ, սակայն որոշ դեպքերում օրգանիզմում կալցիումը կարող է կուտակվել, կարծրանալ՝ առաջացնելով կալցիֆիկատներ։ Երբեմն դրանք առաջանում են վնասվածքի կամ բորբոքման նկատմամբ օրգանիզմի պատասխան ռեակցիայի հետևանքով և առանձնապես խնդրահարույց չեն լինում առողջության տեսանկյունից։ Սակայն մի շարք դեպքերում կալցիֆիկատները կարող են ձևավորվել այնպիսի օրգաններում, ինչպիսիք են գլխուղեղը, երիկամները և այլն՝ առաջացնելով ֆունկցիոնալ խանգարումներ։

Մարմնի ո՞ր հատվածներում է տեղի ունենում կալցիֆիկացում

Կալցիումի կուտակումներ կարող են առաջանալ օրգանիզմի ամենատարբեր հատվածներում, այդ թվում՝

Մաշկի վրա

Մաշկի վրա կալցիումի կուտակումները կոչվում են մաշկի կալցինոզ։ Մաշկի կալցինոզ կարող է առաջանալ մարմնի ցանկացած հատվածում, առավել հաճախ՝ մատների ծայրին։ Դրանք կարող են ձևավորվել նաև դեմքի վրա, օրինակ՝ կոպերին, ինչպես նաև հոդերում։
Մաշկի տակ ձևավորվող կալցիումի կուտակումները սպիտակ կամ դեղին, տարբեր չափսերի ելունդների տեսք են ունենում, որոնց հայտնվելուց առաջ կարող է մաշկի կարմրություն կամ քոր առաջանալ, թեև մեծամասնության մոտ մինչ դրանց առաջանալը ոչ մի նախանշան  չի նկատվում։

Ատամներին

Ատամների համար կալցիումը կարևորագույն տարրերից մեկն է, սակայն կալցիումի ավելցուկը երբեմն կարող է կուտակումներ առաջացնել ատամի արմատի շուրջը կամ ատամի մեջտեղում գտնվող կակղանի (պուլպա) մեջ։

Ատամների վրա կալցիումի կուտակումների առաջացման պատճառ կարող են լինել ատամների վնասվածքները, երիկամային քարերը, ինչպես նաև գենետիկ հազվադեպ հիվանդությունը՝ հիպերֆոսֆատեմիկ ընտանեկան ուռուցքային կալցինոզը, որն օրգանիզմում առաջացնում է ֆոսֆատների բարձր մակարդակ ու կալցիֆիկացում։

Կրծքագեղձում

Կրծքագեղձում կալցիումի կուտակումները, սովորաբար, ախտանշաններ չեն առաջացնում, լինում են շատ փոքր իրենց զգացնել տալու համար։ Հիմնականում հայտնաբերվում են պլանային մամոգրաֆիայի ժամանակ և մեծամասամբ վտանգ չեն ներկայացնում, սակայն որոշ դեպքերում դրանք կարող են խոսել կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գոտում գտնվելու մասին։ Եթե հետազոտության ընթացքում հայտնաբերվում են անոմալ կալցիֆիկատներ, հնարավոր է պահանջվեն այլ հետազոտություններ ևս։

Ուսերում

Ուսերում կալցիումի կուտակումները կարող են շարժվելիս ցավ ու անհարմարություն, շարժումների սահմանափակում առաջացնել, երբեմն էլ ոչ մի ախտանշանով չդրսևորվել։ Կալցիֆիկացնող տենդինիտ կոչվող վիճակը զարգանում է, երբ ջլերում կամ մկաններում առաջանում են կալցիումի կուտակումներ։

Գլխուղեղում

Ուղեղի ընտանեկան առաջնային կալցիֆիկացումը վիճակ է, որն առաջացնում է գլխուղեղի արյունատար անոթների կրակալում։ Կալցիումի կուտակումներն առաջանում են գլխուղեղի այն հատվածներում, որոնք կարգավորում են մարմնի շարժումները։ Կալցիֆիկացման այդ տեսակն առաջացնում է շարժողական խանգարումներ, ինչպես նաև հոգեբանական ու վարքագծային խնդիրներ։

Երիկամներում

Երբ երիկամներում չափից ավելի կալցիում է կուտակվում, այդ վիճակը կոչվում է նեֆրոկալցինոզ, որը, սովորաբար, առաջանում է երիկամի ներսում և մեծամասամբ ախտահարում է երկու երիկամներն էլ։ Նեֆրոկալցինոզի դեպքում կարող է արյան ու մեզի մեջ կալցիումի մակարդակը բարձր լինել։ Այդ վիճակը կապվում է նաև երիկամային քարերի հետ։

Զարկերակներում

Արյունատար անոթներում կալցիումի կուտակումները կարող են բերել դրանց կոշտության՝ մեծացնելով սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը։ Կորոնար զարկերակների կալցիֆիկացումը տարիքի հետ ավելանում է։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, զարկերակների կալցիֆիկացումն աթերոսկլերոզի նախանշաններից է։ Սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող բոլոր պացիենտների մոտ կա զարկերակների կալցինոզ։

Կալցիֆիկացման պատճառները

Կալցիումով հարուստ սննդակարգը կալցիֆիկացիա չի առաջացնում։ Ռիսկի գործոններն են տարիքը, տարատեսակ վարակները, վիրահատությունը, քաղցկեղի բուժումը։ Կալցիֆիկացում կարող են առաջացնել նաև՝

  • բորբոքումը, որը կարող է բերել հյուսվածքների վնասվածքների, ինչի արդյունքում օրգանիզմը կարող է սպիտակուցներ արտազատել, որոնք կապում են կալցիումը։
  • Կալցիումի փոխանակության խանգարումները, որոնք կարող են հանգեցնել հիպերկալցիեմիայի զարգացման։
  • Որոշ աուտոիմունային հիվանդությունները, որոնք ախտահարում են ոսկրային համակարգն ու շարակցական հյուսվածքները։

Օրգանիզմում կալցիումի մակարդակի վրա կարող են ազդել մի շարք դեղամիջոցները, օրինակ՝

  • ճնշման դեմ պայքարող դեղամիջոցները,
  • խոլեսթերինի մակարդակը նվազեցնող դեղորայքը,
  • փոխարինող հորմոնալ թերապիան,
  • կալցիումի կարբոնատի հավելումները։

Ծխելը նույնպես նպաստում է օրգանիզմում կալցիումի կուտակմանը։

Ինչպե՞ս է ախտորոշվում

Ախտորոշումը կախված է կալցիֆիկացման տեսակից։ Մաշկի վրա կալցիումի կուտակումներն ախտորոշվում են ֆիզիկական զննման ճանապարհով։ Կարող են պահանջվել վիզուալիզացիոն հետազոտություններ՝ կալցիֆիկատների տեսակներն ախտորոշելու համար, արյան մեջ կալցիումի մակարդակը որոշող անալիզ կամ կալցիֆիկատների բիոպսիա։

Բուժման հիմնական եղանակները

Եթե մաշկի վրա առաջացած կալցիումի կուտակումները ցավ ու անհարմարություն չեն առաջացնում, ապա բուժման կարիք չի լինում։ Կալցիֆիկացիայի տեսակից կախված՝ բժիշկը կարող է նշանակել որոշ դեղամիջոցներ, օրինակ՝ կալցիումական անցուղիների պաշարիչներ ու կորտիկոստերոիդներ։

Եթե կալցիումի կուտակումները կապված են ատամների վնասվածքների հետ, բուժման կարիք կարող է չառաջանալ, եթե ատամն առողջ է։ Ատամների գույնի փոփոխությունների դեպքում ատամնաբույժը կարող է ատամները սպիտակեցնող միջոցներ խորհուրդ տալ։

Կրծքագեղձում կալցիումի կուտակումները սովորաբար բուժման անհրաժեշտություն չեն առաջացնում․ դրանք անհրաժեշտ է պարբերաբար հսկել՝ փոփոխությունները որոշելու համար։ Կասկածելի կալցիֆիկատները հետազոտվում են, և պացիենտն ուղղորդվում է ուռուցքաբանի մոտ։

Ուսերում առաջացած կալցիֆիկատների դեպքում բժիշկը կարող է ֆիզիոթերապիա նշանակել։ Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները ևս կարող են օգտնել, իսկ եթե այդ տարբերակները չեն օգնում, բժիշկը կարող է ստերոիդների ներարկումներ նշանակել։

Գլխուղեղում կալցիումի կուտակումները հեռացման ենթակա չեն, սակայն կարելի է միջոցներ ձեռնարկել ախտանշանների թեթևացման համար, օրինակ՝ հակացնցումային դեղորայք։

Երիկամների դեպքում խորհուրդ է տրվում հետևել սննդակարգին, բուժել երիկամաքարային հիվանդությունը։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման ու բուժման համար։ 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Cleveland Clinic

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930