Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում գլոբալ տաքացման դեմ պայքարում են՝ բարձրացնելով շենքերի էներգաարդյունավետությունը

Օգոստոս 08,2024 17:36 Share

Դիլիջանի «Թախտա» թաղամասի բնակիչ Լինդա Հակոբյանը հաճույքով է խոսում իրենց ջերմաարդիականացված շենքի մասին, պատմում, որ առաջին հարկում գտնվող իրենց բնակարանում այլևս խոնավություն չկա, ձմռանը տաք է, իսկ կոմունալ ծախսերը կրճատվել են։

«Պատը վաղուց բորբոսնել էր, մտածում էինք, որ վերանորոգենք, էլի նույնն է լինելու։ Իսկ հիմա, որ վերանորոգվել է շենքը, կարող ենք բնակարանն էլ հանգիստ վերանորոգել», – ասում է նա։

68-ամյա տիկին Լինդան ապրում է ամուսնու, կրտսեր որդու, 3 թոռների և 91-ամյա սկեսրոջ հետ։

Լինդա Հակոբյանը թոռների հետ

«Ինձ էլ է հաճելի, շատ գոհ ենք, տաք է, ջերմաստիճանի փոփոխություն զգում ենք», – ավելացնում է նրա հարսը՝ Մարինեն, և նշում, որ շենքի նկուղը վերանորոգվել է, իսկ տանն ամռանը հով է։

Այս շենքից զատ Դիլիջանում ջերմաարդիականացել է ևս 10 բազմաբնակարան և երկու հասարակական շենք «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրով, որը Հայաստանում մեկնարկել է 2017 թ-ից։ Այն իրականացվում է ՄԱԿ Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից, ֆինանսավորվում է Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից, իսկ համակարգումն իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Ծրագրի մասին՝ թվերով

Ծրագիրը գործում է ամբողջ Հայաստանի տարածքում, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ընդհանուր բյուջեն 29,820,000 ԱՄՆ դոլար է, որից Կանաչ կլիմայի հիմնադրամը դրամաշնորհի տեսքով ֆինանսավորում է 20 մլն ԱՄՆ դոլար, ՄԱԿ Զարգացման ծրագիրը՝ 1․42 մլն ԱՄՆ դոլար, ՀՀ կառավարությունը՝ 0․4 ԱՄՆ դոլար և Երևանի քաղաքապետարանը՝ 8մլն ԱՄՆ դոլար։

Մինչ այժմ ծրագրով համաֆինանսավորվել են 15 համայնքների 152 բնակելի և 5 համայնքների 52 հասարակական շենքերի ջերմաարդիականացման աշխատանքները։ Ավելի քան 40 բնակելի և հասարակական շենքերի էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ծրագրի ավարտը երկարաձգվել է մինչև 2026 թ․-ի հունիսի վերջը։

Ստեփանավան քաղաքի Ռումինական թաղամասի բնակիչ Վարդան Մկրտչյանն ասում է, որ ջերմաարդիականացումից առաջ իրենց շենքի պատերի հաստությունը եղել է 29-30 սմ, այժմ 40 է։ «Եթե առաջ ձմռանը 15-16 աստիճան էր ջերմաստիճանը սենյակներում, այս ձմռանն արդեն 19-20 աստիճան է։ Շոգ օրերին, որ սենյակ մտնում ես, հով է…»։

Վարդան Մկրտչյանը տիկնոջ՝ Սուսաննայի հետ

 

 

Նա նշում է, որ 1996 թ․-ից ի վեր (1988 թ․-ի երկրաշարժից հետո են այս շենքում բնակարանը ստացել) իրենց շենքը չէր վերանորոգվել։ Սկզբից փայտի վառարանով են տաքացրել բնակարանը, հետո՝ գազի․ «Հետո շենքը որ ստացանք (ջերմաարդիականացումից հետո – հեղ․), (ջեռուցման) համակարգն անցկացրինք, պատուհանները փոխեցինք, ժամանակակից լամպեր ենք դրել, հատակները մանրահատակ ենք արել»։

Որքա՞ն գումար են խնայում արդիականացված շենքերի բնակիչները

Արդիականացված շենքերի բնակիչների կոմունալ ծախսերի կրճատման մասին խոսելիս հարկ է տարանջատել գնահատված խնայողությունն ու փաստացին։ «Գնահատականով՝ ես կասեմ՝ 40-60 տոկոս կրճատում կա գումարային, փաստացին կախված է մարդու ապրելակերպից և վարքագծից։ Օրինակ՝ ինչ-որ մեկը փոքր երեխաներ ունի, 25 աստիճան է ուզում տանը պահել, ինչ-որ մեկը ծխող է, պատուհանը բաց է թողնում։ Այսինքն՝ փաստացի խնայողությունը կախված է մարդու հարմարավետության մակարդակից», – բացատրում է ՄԱԶԾ-ԿԿՀ Շենքերի էներգաարդյունավետության ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը։

Ջերմաարդիականացված շենք Դիլիջանում

«Եթե ջերմամեկուսացումից առաջ մարդը ֆինանսապես հնարավորություն չուներ 20 աստիճանի հարմարավետություն պահելու, հազիվ 17 աստիճան էր ստանում, ջերմամեկուսացումից հետո նա կարող է իր հարմարավետությունը բարձրացնել 20-ի։ Եվ նրա խնայողությունը չի լինի այնքան, որքան իր հարևանինը։ Այսինքն՝ դրամական խնայողություն կարող է ունենալ ավելի քիչ, բայց՝ հարմարավետության բարձրացման հաշվին», – հավելում է նա։

Ո՞վ որքան է ֆինանսավորում

Մարզերում շենքերի ջերմաարդիականացումն իրականացվում է պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որը գործում է 2006 թ-ից։ ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի համաֆինանսավորումը բազմաբնակարան շենքերի դեպքում կազմում է շինարարության արժեքի 25%-ը, հասարական շենքերի դեպքում՝ 20%: Ֆինանսավորման մնացած մասն իրականացնում է Հայաստանի կառավարությունը և համայնքները, իսկ 2021 թ․-ից գործող կարգի համաձայն՝ գումարի 5%-ը պարտավոր են ներդնել արդիականացվող շենքի բնակիչները։

«Սեփական ուժերով վերանորոգելու համար շենքում ոչ ոք հնարավորություն չունի։ Երբ քաղաքապետարանից եկան, ես նույնիսկ խոստացա, որ մենք այդ տոկոսային գումարն առաջնահերթ կանենք, միայն թե ներառվենք այս ծրագրի մեջ», – ասում է Ստեփանավանի Ռումիական թաղամասի 6-րդ շենքի բնակիչ Նազիկ Հովհաննիսյանը։ Շենքը դեռ սպասում է իր հերթին, իսկ բնակիչներն արդիականացումից սպասում են ջերմամեկուսացված պատեր, տանիք, նկուղ, կոմունալ ծախսերի 40-50% տոկոս կրճատում։

Ջերմաարդիականացված շենք Ստեփանավանի Ռումինական թաղամասում

Սակայն ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագիրը չի սահմանափակվում սուբվենցիոն ծրագրով։ Դա ընդամենը հնարավորություններից մեկն է։

«Սկզբունքորեն եթե մի շենքի բնակիչները հավաքվեն և որոշում կայացնեն, որ ուզում են իրենց շենքը ջերմաարդիականացնել, ծրագիրը պատրաստ է 25% համաֆինանսավորել, բայց բնակիչները պարտավորվում են մնացած 75% ֆինանսավորումը հայթայթել», – ասում է ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը՝ հավելելով, որ ֆինանսավորումից բացի՝ տեխնիկական աջակցություն էլ կցուցաբերեն, նախագծերն էլ կանեն։

Վահրամ Ջալալյանը

Իսկ թե որքան գումար է այդ 75%-ը, մանրամասնում է շենքերի էներգաարդյունավետության փորձագետ Անդրե Օհանյանը․ «9 հարկանի մեկ մուտքով պանելային շենքի ջերմաարդիականացման արժեքը կկազմի մոտ 60-65 մլն դրամ։ Դրա 25%-ը ՄԱԶԾ-ն է ֆինանսավորում, մնացածը բաժանեք 36 բնակարանի, այսինքն՝ մոտավորապես 1․5 մլն դրամ մի բնակարանից՝ կախված մակերեսից»։

Վահրամ Ջալալյանն ավելացնում է, որ մեկ սենյականոց բնակարանի ծախսը բնակչի համար կարող է արժենալ շուրջ 600 հազար դրամ, 4-սենյականոցը՝ 1․5 մլն դրամ, սակայն շենքի ջերմաարդիականացումից հետո այդ բնակարանների շուկայական արժեքը 10-15%-ով բարձրանում է, ջեռուցման ծախսերը նվազում են։

Ծրագրի նպատակներն ու բաղադրիչները

Ծրագրի նպատակն է նվազեցնել Հայաստանում գոյություն ունեցող շենքերի էներգասպառումը՝ նպաստելով ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը (ներդրումների շուրջ 20 տարվա ընթացքում՝ 1.4 մլն տոննա CO2), «կանաչ» աշխատատեղերի ստեղծմանն ու աղքատության կրճատմանը։

Հայաստանում շենքերի ոլորտը էներգիայի ամենամեծ սպառողներից մեկն է․ ՀՀ ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի 2019 թ․-ի տվյալներով՝ վերջնական էներգիայի 35%-ը սպառվում է շենքերում, որն էլ կազմում է ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների 20%-ը: Հայաստանում շենքերի մեծ մասը կառուցվել է խորհրդային տարիներին (35-60 տարի առաջ), երբ հիմնականում անտեսվում էին էներգաարդյունավետության պահանջները: Նոր բնակելի շենքերի ջեռուցման համար ջերմային էներգիայի միջին սպառումը Հայաստանում կազմում է տարեկան շուրջ 185 կՎտժ/մ2 , իսկ հին շենքերում այդ թիվը զգալիորեն ավելի բարձր է:

Ջերմաարդիականացում չանցած և անցած շենքեր

«Մենք շենքերից ենք գալիս ջերմոցային գազերի կրճատմանը, շենքը վերանորոգում ենք, էներգիայի սպառումը նվազում է, վառելիքի այրումը նվազում է, ջերմոցային գազերի արտանետումները կրճատվում են», – պարզաբանում է Ջալալյանը։

Սակայն շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի բաղադրիչներից միայն մեկն է՝ չորրորդը։

«Առաջին բաղադրիչը շենքերի ոլորտում չափողականության, հաշվետվողականության և հավաստագրման (MRV) համակարգի ստեղծումն ու գիտելիքների կառավարումն է: Երկրորդը նորմատիվ, օրենսդրական ուղղվածություն ունի՝ շինարարական նորմերի թարմացում, ստանդարտների մշակում, տեղայնացում։ Երրորդը ֆինանսական բաղադրիչն է՝ ֆինանսական ռիսկերի նվազեցումը, աշխատում ենք բանկերի և ֆինանսական հաստատությունների հետ՝ մշակելու համար որոշակի ֆինանսական մոդելներ, որոնցով կարելի է նման ծրագրեր իրականացնել։ Չորրորդ բաղադրիչն ինվեստիցիոն բաղադրիչ է կոչվում, որից համաֆինանսավորվում են շենքերը։ Եթե գումարային նայենք, ծրագիրը 20 մլն դոլարի դրամաշնորհային միջոց ունի, որից 14-ը 4-րդ բաղադրիչն է՝ ինվեստիցիոն բաղադրիչը», – ասում է նա։

 Ինչպե՞ս դիմել ծրագրին

Շենքի ջերմաարդիականացման հայտ ներկայացնելու համար մեկ կամ երկու բնակչի որոշումը բավարար չէ։ Քանի որ խոսքը շինաշխատանքների մասին է, անհրաժեշտ է բնակիչների համաձայնությունը։

Բնակելի շենքը չպետք է լինի 3-րդ կամ 4-րդ կարգի վթարայնության՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նախագծով նախատեսված է դրա սեյսմազինվածության մակարդակի բարձրացում։ Հայտ ներկայացնելու պահին շենքում «փակ դռների» քանակը պետք է լինի նվազագույն։

«Ինչ վերաբերում է հասարակական շենքերին, ապա այդտեղ կատարվում են ոչ թե վերանորոգման, այլ վերակառուցման աշխատանքներ։ Դրանք, նախ, «ամրացվում» են, հետո նոր իրականացվում են նորոգման, ջերմամեկուսացման աշխատանքներ»,-հավելում է Ջալալյանը:

Ջերմաարդիականացված շենք Սպիտակ քաղաքում

Սպիտակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը նշում է, որ համայնքն է որոշում և ներկայացնում նորմերին, պահանջներին համապատասխան բազմաբնակարան շենք, համայնքային նշանակության որևէ այլ շենք․ «Նախ պետք է ընտրել շենքը, նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմել և ծախսը հասկանալ՝ համայնքը որքանով կարող է ներդրում իրականացնել։ Յուրաքանչյուր տարի սահմանված ժամկետներ կան, մինչև նոյեմբեր ամիսը համայնքը պարտավոր է ներկայացնել սուբվենցիոն ծրագիր։ Սուբվենցիոն ծրագիրը ներկայացնելուց հետո 1-2 ամսվա ընթացքում հայտերը հաստատվում են կառավարության կողմից, որից հետո սկսվում է մրցութային ընթացակարգը»։

Արտակ Մաթոսյանը

Ի՞նչ է արվում ծրագրով

Շենքերի ամբողջական ջերմաարդիականացման դեպքում Երևանում և ՀՀ մարզերում իրականացվում է բնակելի շենքերի արտաքին պատերի, տանիքի և նկուղի ծածկերի ամբողջական ջերմամեկուսացում, ընդհանուր օգտագործման տարածքներում էներգաարդյունավետ դռների և պատուհանների տեղադրում կամ փոխարինում, էներգաարդյունավետ լուսավորման համակարգի ներդնում։

Հասարակական շենքերում էլ այս բոլոր միջոցառումներին ավելանում է նաև ջեռուցման համակարգերի փոխարինումը, ջերմամատակարարման ցանցի արդիականացումը, արդյունավետ օդափոխության համակարգերի ներդրումն, ինչպես նաև տանիքային արևային ֆոտովոլտային և ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրումը։

Շենքերի էներգաարդյունավետության փորձագետ Անդրե Օհանյանը նշում է, որ շենքերի պատերը ջերմամեկուսացվում են 10 սմ հաստությամբ էքստրուդացված փրփրապոլիստիրոլով, վրայից ավելացվում է սոսնձասվաղային շերտը, որի մեջ տեղադրվում է ներկառուցված ապակե թելքային ցանց, հետո արդեն ավելացվում են հարդարման շերտերը՝ ճակատային ծեփամածիկն ու ներկերը։

Տանիքում տեղադրվում է 15-20 սմ հաստությամբ հանքային բամբակ կամ փքեցված պեռլիտի ավազով և խճով լցոնված պարկեր, դրանց ներքևում տեղադրվում է գոլորշամեկուսիչ շերտ։ Նկուղի ծածկերը ևս ջերմամեկուսացվում են փրփրապոլիստիրոլի սալերով։

Ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հատվածների՝ պատուհանների, դռների և ապակե մակերեսների համար օգտագործվում են 6 սմ հաստությամբ մետաղապլաստե պրոֆիլներ՝ երկշերտ ապակեպատվածքով, իսկ մետաղական դռների մեջ ավելացվում է ջերմամեկուսիչ շերտ։

Անդրե Օհանյանը

Շենքերի մասնակի ջերմամեկուսացման դեպքում ջերմամեկուսացվում են միայն տանիքը և/կամ նկուղը, փոխարինվում ընդհանուր օգտագործման դռներն ու պատուհանները։ «Հիմնականում՝ արտաքին պատերի ջերմամեկուսացման աշխատանքները մասնակիի մեջ չեն ներառվում, որպեսզի կապիտալ ներդրման ծախսերն ավելի մատչելի լինեն պատվիրատուի համար», – ասում է Անդրե Օհանյանը։ Մասնակի ջերմաարդիականացումը 2-3 անգամ ավելի քիչ ծախս է պահանջում։

Ի՞նչ է էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգը

ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում իրականացվում է նաև էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգի ներդնում, որը համատեղում է շենքի ջերմատեխնիկական տվյալներն ու էներգիայի սպառման վերաբերյալ ցուցանիշները, հնարավորություն է տալիս՝ իրականացնելու էներգաարդյունավետության ցուցանիշների մոնիթորինգ։ Այն թույլ է տալիս՝ մուտքագրելու և հետևելու շենքում էներգիայի բոլոր տեսակների և ջրի սպառման տվյալներին։

«Առաջին բաղադրիչի շրջանակում նախատեսված է էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգի տեղայնացում, որը շուտով պատրաստ կլինի։ Համակարգի միջոցով հնարավոր կլինի հասկանալ, թե որ շենքը որքան պոտենցիալ ունի, որովհետև խորհրդային տարիներին են մեծամասամբ կառուցված, և մեծ էներգակորուստ ունենք, ավելի շատ էներգիա ենք օգտագործում, քան թե կարելի է օգտագործել որոշակի ջերմային պայմաններ ապահովելու համար», – ասում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի Շենքերի էներգաարդյունավետության ծրագրի առաջին բաղադրիչի համակարգող Արմեն Աջամօղլյանը։

Արմեն Աջամօղլյանը

 

Նա ընդգծում է, որ իրականացվում են էներգետիկ աուդիտներ, բոլոր շենքերի համար կազմվում են էներգետիկ անձնագրեր՝ պարզելու, թե նախապես ինչ դասի է եղել շենքը, որքան է եղել էներգիայի տեսակարար ծախսը, և ինչ աշխատանքներ է պետք իրականացնել, որպեսզի շենքի էներգետիկ դասը բարձրանա։

Ծրագրի շրջանակներում նաև ներդրվում է էներգետիկ կառավարչի ինստիտուտը։ «Երևան և Ստեփանավան համայնքներում արդեն ներդրվել է։ Եվ բոլոր համայնքները, որոնք միացել են ծրագրին, պարտավոր են նույնպես էներգետիկ կառավարչի ինստիտուտն ունենալ, որպեսզի հասարակական շենքերում համայնքը վերահսկողություն իրականացնի և համապատասխան միջոցառումներ ձեռնարկի», – ասում է Աջամօղլյանը։

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը» նաև համագործակցում է տարբեր բուհերի հետ՝ մասնագետներ վերապատրաստելու համար. «Վերապատրաստման հավելյալ դասընթացներ են իրականացվում, որպեսզի մասնագետները ծանոթանան նաև միջազգային փորձին, ունենան համապատասխան գիտելիքներ: Այդպես հետագայում կունենանք մասնագետներ, որոնք կկարողանան ծրագրի ավարտից հետո էլ շարունակել աշխատանքները»։

Ի՞նչ կարևորություն ունի ՄԱԶԾԿԿՀ ծրագիրը Հայաստանի համար

Ինչպես արդեն հասկացաք, ծրագրի արդյունքում հին շենքերի կյանքը երկարաձգվում է, արտաքինը՝ գեղեցկանում, շուկայական արժեքն աճում, բնակիչներն ունենում են ձմռանը տաք, ամռանը՝ զով բնակարան: Իսկ ահա ջերմաարդիականացված մշակույթի տներում, մարզադպրոցներում և մանկապարտեզներում երեխաներն ունենում են մաքուր, անվտանգ և հարմարավետ միջավայր:

Բացի նշված բարեփոխումներից, ծրագիրն ունի նաև ավելի գլոբալ նշանակություն՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատում, գլոբալ տաքացման և կլիմայական փոփոխությունների դեմ պայքար։

ԵՄ կլիմայի փոփոխության Copernicus ծառայության տվյալներով՝ 2024 թ․-ի հունիսն ամենաշոգն է եղել մոլորակի վրա հետազոտությունների ամբողջ պատմության ընթացքում։ Իսկ 2000 թ․-ից մինչև 2019 թ․-ը կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած տնտեսական կորուստները և ուղղակի վնասն աշխարհում կազմել է ոչ պակաս քան 2․8 տրլն դոլար, կամ ժամում՝ 16 մլն դոլար։

Հայաստանը նույնպես զերծ չի մնում այս գլոբալ գործընթացներից։ Ըստ «Էկոլուր» հասարակական կազմակերպության 2021 թ․-ի տվյալների՝ համաշխարհային կլիմայական համակարգում Հայաստանին բաժին է ընկնում ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների 0.02%-ը: Հայաստանը կլիմայի փոփոխության առումով համարվում է խոցելի երկիր: Հայաստանում ջերմաստիճանի աճը գլոբալ միջին ցուցանիշից բարձր է: 1929թ․-ից 2016թ․-ին միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է 1.23˚C-ով։

Կլիմայի փոփոխության դեմ պայքարում կարևոր են ոչ միայն պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերն, այլև յուրաքանչյուր քաղաքացու էներգաարդյունավետ վարքագիծը։

«Մենք շատ անգամ կարծում ենք, թե կլիմայական հարցերով միայն կառավարությունը պետք է զբաղվի կամ ուրիշ մեկը պետք է անի, բայց մարդիկ պետք է գիտակցեն, որ յուրաքանչյուր ոք պատասխանատու է կլիմայական փոփոխությունների համար, և ստանձնեն այդ պատասխանատվությունը։ Սկսած էներգիայի և ջրի խնայողությունից մեր տներում, թափոնների կառավարումից, աղբի տեսակավորումից՝ մինչև աղբի վերամշակում, և այն, թե ինչպես ենք օգտվում տրանսպորտից», – ասում է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Նաթիա Նացվլիշվիլին

Տիկին Նացվլիշվիլին նշում է, որ ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ավարտին 2 տարի կա, և այս պահին դեռ վաղ է խոսել՝ կշարունակվի ծրագիրը, թե ոչ։ Բայց ընդգծում է, որ ծրագիրը հաջողել է, և Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում։

«Կարծում եմ, որ այս ծրագրի նվաճումներից մեկն էլ այն է, որ երկրում զարգանում է էներգաարդյունավետության մշակույթը։ Ե՛վ բնակիչները, և՛ կառավարությունը, և՛ համայնքը հասկանում են, որ էներգաարդյունավետության այս միջոցառումները դրական ազդեցություն ունեն և՛ շրջակա միջավայրի, և՛ մարդկանց համար։ Էներգաարդյունավետությունը բարելավում է մարդկանց կյանքի պայմանները, շենքերը դառնում են ավելի գեղեցիկ։ Գույքի գները բարձրանում են, այն ավելի արժեքավոր է դառնում»,- նշում է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը։

Նորա Վանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031