Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կառավարման համակարգը պետք է փոխվի

Նոյեմբեր 11,2024 12:00 Share

Հայաստանում, ինչպես նաեւ ԱՊՀ այլ երկրներում, մինչ այսօր՝ հիմնականում գործում է խորհրդային կառավարման համակարգը, որը ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունի: Արհեստականորեն, կցել են նաեւ «ժողովրդավարություն» տերմինը, որը բովանդակային իմաստով ոչ մի կապ չունի գործող կառավարման համակարգի հետ: Ինչպես «հալվա-հալվա» ասելով բերանը չի քաղցրանում, այդպես էլ ժողովրդավարություն ասելով, այն կառավարման համակարգը չի փոխում՝ չի դարձնում ժողովրդավարական: Անգամ ժողովրդավարությունը չընկալող մարդիկ ինտուիտիվ հասկանում են, որ բացի ընտրական մեխանիզմի կիրառումից, որը կար նաեւ խորհրդային կառավարման համակարգում, ժողովրդի մասնակցությունը՝ ներգրավումը, գործող կառավարման համակարգում լրիվ զրոյացված է, այն միմիայն՝ զուտ, որպես տերմին է կցված: Իրականում, ժողովրդի մասնակցություն երկրի կառավարման գործընթացում բացարձակապես գոյություն չունի, քանզի մեր երկրում այդ պրոցեսի կառավարումն իրականացնում են միմիայն ընտրված կամ նշանակված պետական մարմինները: Ժողովուրդն, անգամ, անտարբեր է նրանց ընդունած օրենսդրության ու որոշումների նկատմամբ: Իրականում, այս պարագայում «ժողովրդավարություն» բառի փոխարեն, նույն հաջողությամբ կարելի է կցել «տոտալիտարիզմ» բառը, որից բովանդակային որեւէ փոփոխություն չի առաջանա:

Իսկ ի՞նչ կարելի է անել, որպեսզի ժողովրդավարությունը որպես բովանդակային տարր մտնի կառավարման համակարգի մեջ եւ էապես փոխվի կառավարման համակարգի բովանդակությունը … Փորձեմ շատ հասկանալի ընթերցողին պարզաբանել, թե դա ինչ է նշանակում: Քանի որ, ցանկացած երկրի տերը տվյալ երկրի ժողովուրդն է, ապա հենց նա էլ պետք է վարի՝ ղեկավարի երկիրը, որն էլ հենց ժողովրդավարություն ասվածն է, ուստիեւ այստեղ նոր հեծանիվ հնարելու կարիք չկա: Տրամաբանական է, որ երկիրը պետք է ղեկավարի նրա տերը՝ ժողովուրդը, նա էլ պետք է պատասխանատվություն կրի դրա համար: Այլ կերպ, հնարավոր էլ չէ, քանզի պատասխանատվությունը կրում է նա, ով կատարում է այն: Ցավոք, մեր եւ նմանատիպ այլ երկրների դեպքում, քայլերն անում են իշխանությունները, իսկ պատասխանատվությունը կրում է ժողովուրդը, որը բարոյապես անգամ անարդար է: Փորձենք ներկայացնել, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս կարելի է ժողովրդին մասնակից դարձնել երկրի՝ պետական կառավարման համակարգի ղեկավարմանը եւ դրանից ի՞նչ օգուտ կարող են ստանալ եւ երկիրը, եւ ժողովուրդը: Բնավ պատահական չէ, որ անկախ ցանկացած երկրի կառավարման համակարգի իրավա-կազմակերպական տեսակից, ցանկացած երկրի ընթացիկ կառավարումը պետք է իրականացնեն որոշակի ժամկետով ընտրված կամ նշանակված մարմինները, քանզի դրանք պետք է ունենան նաեւ մասնագիտական կարողություններ, քանզի նրանք այդ ժամանակահատվածում մշտապես՝ պարբերաբար առնչվելու են նույնատիպ՝ համարյա պարբերաբար կրկնվող հարցերի ու խնդիրների հետ: Այլ խոսքով, դա ընթացիկ կառավարում է համարվում հենց այն իմաստով, որ դրանք մասնագիտական կարողություններ են պահանջում կառավարողներից ու դրանք վերաբերվում են մոտավոր նույնատիպ հարցերի ու խնդիրների լուծմանը… Եվ ահա այստեղ է, որ նաեւ ի հայտ է գալիս երկրի ընդհանուր կառավարման հարցը, որն առանց ժողովրդի անմիջական մասնակցության հնարավոր չէ, քանզի գոյություն ունեն բազմաթիվ ու բազմապիսի գերկարեւոր հարցեր, որոնք պետք է ժողովուրդը լուծի, այլ ոչ թե նրա կողմից լիազորված մի քանի հարյուր հոգին, քանզի դրանք իրենց կարեւորությամբ չափազանց կարեւոր ու ճակատագրական են եւ վերաբերվելու են ոչ միայն երկրի ներսում իրականացվող ընդհանրական, կարեւորագույն՝ չափազանց որոշիչ հարցերին, այլ նաեւ այլ երկրների հետ առնչվող հարաբերություններին: Այս ամենը կարեւոր է նաեւ այն իմաստով, որ որեւէ մեկը չի զրկվում երկրի կառավարմանը մասնակցելու իր սահմանադրական իրավունքից եւ բացառված չէ, որ հենց այդ մեկի կամ նրանցից մեկ այլ ուրիշի մասնակցությունը կարող է անկրկնելի՝ վճռորոշ դեր խաղալ տվյալ կամ այլ կարեւոր հարցերի լուծման պարագայում: Այնպես որ, երկրի տիրոջ՝ ժողովրդի ամեն ներկայացուցչի, պետք է ազատ հնարավորություն տալ երկրի կառավարման գործընթացի մասնակցությանը, որը նաեւ արդարացի է ու բարոյապես ավելի ճիշտ:

Երկիրն ավելի կայուն կլինի, եթե նրան մոտենանք որպես մի ընտանիքի …

Ասվածից պարզորոշ երեւում է, որ երկրի կառավարման համակարգում անհրաժեշտ է իրականացնել կտրուկ փոփոխություններ:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
09.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930