Վիճարկվող որոշումը չբողոքարկած դատախազին տարել են գլխավոր դատախազություն
Նոյեմբերի 5-ին նկատողություն ստացած դատավորն ասաց մի բան, որը պետք է իրավական գնահատականի արժանանար հենց նույն ԲԴԽ-ի կողմից, որը հետագայում կարող է դառնալ լուրջ քննարկման առիթ միջազգային դատական ատյաններում: Նա ասաց. «Որոշումը, որը հիմք է հանդիսացել կարգապահական վարույթ հարուցելու համար, չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ, հիմնավորված է եղել, չի հերքվել: Մենք ունենք հստակ քրեական օրենսգրքով նախատեսված, որով պատասխանատվությունը դատախազն է կրում: Ունենք հստակ «Դատախազության մասին» օրենքի 27 հոդվածի դրույթ, որի համաձայն՝ դատախազը պարտավոր է բողոքարկել դատական ակտը, եթե գտնում է, որ այն օրինական եւ հիմնավոր չէ: Նպատակահարմարության մասին խոսք չի կարող գնալ: Եթե չի բողոքարկվում, կարող էր հարց բարձրացվել կարգապահական պատասխանատվության ենթարկել դատախազին: Իմ ունեցած տեղեկություններով, ոչ միայն կարգապահական վարույթ չի հարուցվել, այլ առաջխաղացման եղանակով նա տեղափոխվել է գլխավոր դատախազություն: Դատախազը ծանոթացել է որոշմանը, գտել է, որ օրինական եւ հիմնավոր չէ, բայց չի բողոքարկել… Բազմաթիվ միջազգային փաստաթղթեր կան, չեմ ցանկանում բոլորը ցիտել, հստակ հանձնարարական կա Նախարարների խորհրդի, այն վերաբերում է դատավորների անկախությանը, 16 կետով դատավորների որոշումները վերանայման ենթակա չեն, բացառությամբ օրենքով նախատեսված վերաքննության կարգով բողոքարկման կամ վարութի նորոգման դեպքերի»: Դատավորը մտահոգություն հայտնեց, որ աննախադեպ իրավիճակ է ստեղծվում, երբ վարույթն իրականացրած մարմինը, քննչական մարմինը, չսպասելով դատախազի բողոքարկմանը, ցանկացած անհամաձայնության դեպքում կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն է անում, հեղինակազրկելով դատախազին, ճնշում գործադրելով դատարանի վրա, ԲԴԽ-ին վերապահելով «վերադաս դատական ատյանի» լիազորությունը, որպեսզի «բեկանի» դատական ակտը…
Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Ռազմիկ Մարիկյանին հայտարարեց նկատողություն: Եղել է ԲԴԽ երկու անդամների՝ Էդգար Հովհաննիսյանի եւ Արթուր Աթաբեկյանի Հատուկ կարծիքը:
Այս գործով, միջնորդություն է ներկայացրել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը: Իսկ հիմքում դրված էր Քննչական կոմիտեի նախագահի հունիսի 21-ին արդարադատության նախարարություն ուղարկված հաղորդումը:
Կարդացեք նաև
Ըստ «մեղադրանքի», դատավորն այլընտրանքային խափանմամն միջոց էր կիրառել:
ԲԴԽ նախագահ Կ. Անդրեասյանը հրապարակելով որոշումն ասաց. «Դատավորը բավարար չափով չի հիմնավորել եւ պատճառաբանել մեղադրյալի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների համակցությունը, եւ կալանքի չկիրառման անհրաժեշտությունը: Արդյունքում, դատավորի կողմից խախտվել են դատավարական վերաբերելի նորմերը, վարքագծի կանոնները, առաջացնելով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսեւորում»:
Դատավորի ներկայացուցիչն էր Մարտիկ Մարտիրոսյանը, ԱՆ ներկայացուցիչն էր Մարինե Ալավերդյանը: Դատական նիստին ներկա է գտնվել ԱՆ փոխնախարարը:
Ըստ ԱՆ ներկայացուցչի, դատավորի կողմից օգոստոսի 26-ին ներկայացվել էր գրավոր բացատրություն: Նա ներկայացրեց իրենց միջնորդության մաս կազմած հանգամանքներին: Մասնավորապես, պարզ դարձավ, որ խոսքը մի քրեական վարույթի մասին է. օգոստոսի 19- ի որոշմամբ Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել եւ նրա նկատմամբ համակցված կիրառվել էր վարչական հսկողություն, գրավ երեք միլիոն դրամ եւ բացակայելու արգելք:
Դատարանը բավարարել էր հանրային քրեական հետապնդում իրացնելու մասին միջնորդությունը մասնակի, մայիսի 21-ին կալանքի միջնորդություն է ներկայացվել, սակայն տնային կալանք կիրառել, հինգ միլիոն գրավով. «Հաշվի առնելով, որ մեղադրյալն ունի հաշվառման հասցե՝ բնակության մշտական վայր, առողջական խնդիրներ, կալանք կիրառելու անհրաժեշտությունը բացառվում է»:
Ըստ ԱՆ ներկայացուցչի, փաստորեն, դատարանը խափանման միջոց տեսակը ընտրելիս հիմնվել է մեղադրյալի առողջական խնդիրների վկայակոչման վրա, նաեւ փաստացի բնակության հասցե ունենալու հանգամանքի, մինչդեռ, այն կար նախկինում էլ, եւ չէր խանգարել, որ մեղադրյալը նոր առերեւույթ հանցանք կատարի, խափանման միջոցների խախտմամբ:
Վկայակոչված որոշումը չի պարունակել որեւէ տեղեկատվություն մեղադրյալի առողջական խնդիրների առկայության, դրանց բնույթի վերաբերյալ. «Փաստական տվյալները վկայում են արդարադատության մարմնից թաքնվելու մեղադրյալի մտադրության մասին»: ԱՆ ներկայացուցիչը շարունակեց. «Դատողություններ են եղել միայն մեղադրյալի կողմից առողջական խնդիրների վերաբերյալ, սակայն փաստական հիմք չի դրվել գործի նյութերում»:
Նշվեց նաեւ, որ անձը կատարել է խուլիգանություն, ապա զենք-զինամթերք է ապօրինի պահել, նրա մոտ հայտնաբերվել են հոգեմետ նյութեր, որի համար է տրվել տնային կալանք: ԲԴԽ նախագահի հարցին, թե «մարդկային բացատրեք», որ հոդվածով տրվեց տնային կալանքը, ԱՆ ներկայացուցիչը պատասխանեց՝ «զենքի»:
Ըստ Ռ. Մարիկյանի ներկայացուցչի, այս ակտի, եթե անգամ խախտում կա, բացառիկությունը որն էր, ինչին պատասխան չուներ արդարադատության նախարարությունը:
«Բազմաթիվ իրավական ակտերով բողոքներ են ներկայացնում պաշտպանները, դատախազները, ամեն խախտում հի՞մք է, որ ԲԴԽ ներկայացվի»,-հարցրեց Ռ. Մարիկյանի ներկայացուցիչը:
ԲԴԽ անդամներից մեկին հետաքրքրում էր՝ ինչ հիմքով էր դատարանի որոշումը վիճարկվում, որ պատճառաբանված չէ՞ր որոշումը…
Հիշեցնեմ, որ 2021 թվականի հոկտեմբերի 14-ին, դռնփակ նիստում, քննարկելով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնում ընդգրկված անձի թեկնածությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկել էր Ռազմիկ Մարիկյանի թեկնածությունը` Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: 3 տարի առաջ՝ հոկտեմբերի 28-ին Նախագահական նստավայրում դատավորը երդում տվեց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.11.2024


















































