ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի պաշտոնավարման 100 օրը․ հիմնական մարտահրավերներն ու արձանագրված ձեռքբերումները
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Արմենպրեսի» հետ հարցազրույցում ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը՝ անդրադառնալով նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումների գործընթացին, հիմնական մարտահրավերներին, արձանագրված ձեռքբերումներին, քաղաքացիներին հետ երկխոսության նոր ձևաչափին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքին, հանցավորության և կոնկրետ հանցատեսակների դեմ պայքարի նոր մեխանիզմներին։
Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է համակարգի արդիականացման, ծառայությունների որակի բարձրացման և հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը։
Կարդացեք նաև
Նախարարը մանրամասն ներկայացրեց ոլորտում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են ոստիկանության, միգրացիայի, հանրային անվտանգության, վիզաների ազատականացման գործընթացի և ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությունները։
Սարգսյանն անդրադարձավ նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությանը, Հայաստանում կենսաչափական անձնագրերի ներդրմանը, ինչպես նաև ոստիկանության գվարդիայի և պարեկային ծառայության բարեփոխումներին։
–Ներկայացրեք, խնդրեմ, մանրամասներ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքի վերաբերյալ, մասնավորապես՝ գործողությունների ծրագրի մշակման, միգրացիոն կառավարման, հանրային անվտանգության և հանրային ծառայությունների ապահովման ոլորտներում նախատեսվող քայլերի մասին։
-ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը ՀՀ-ԵՄ ավելի լայն համագործակցության մաս է, որը վերջին տարիներին էական զարգացում է ապրել։ Այս երկխոսությունը մի կողմից բերելու է համապատասխան պայմանների ապահովմամբ վիզաների ազատականացմանը, մյուս կողմից՝ կպահպանի շարունակական ջանքերը՝ աջակցելու Հայաստանի համապարփակ բարեփոխումների օրակարգին մասնավորապես այն ոլորտներում, որոնք վճռորոշ են ապագայում առանց վիզայի ԵՄ ճամփորդության համար։ Այդպիսի ոլորտներն են անձը հաստատող փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև հիմնարար իրավունքների պաշտպանությունը: Այսինքն՝ սա նաև հնարավորություն է մեզ համար նշված ոլորտներում բարձր ստանդարտներ ապահովելու և առավելագույնս քաղաքացիակենտրոն ծառայություն մատուցելու համար։
Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության այս փուլում խոսակցությունների մակարդակից անցում է կատարվել գործնական փուլի, ինչը նշանակում է, որ մշակվում է գործողությունների կոնկրետ ծրագիր, որում նախատեսված քայլերի իրագործումը պետք է մեզ տանի վիզաների ազատականացմանը։ Գործողությունների ծրագիրը չբանակցվող փաստաթուղթ է լինելու, որը տրամադրելու է եվրոպական կողմը։ Այդ գործողությունների ծրագրի մշակումն ընթանում է մեզ հետ քննարկումների, Հայաստան առաքելությունների գործուղման միջոցով։ Արդեն իսկ ԵՄ առաջին առաքելությունը եղել է Հայաստանում, դրա շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել պատասխանատու գերատեսչությունների հետ, իրականացվել են այցեր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներ, սահմանային և մաքսային կետեր, դիտարկվել են անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության, սահմանների համալիր կառավարման և միգրացիոն կառավարման բաղադրիչները։ Հաջորդ առաքելությունը կենտրոնանալու է մյուս բաղադրիչների վրա։
Քանի որ եվրոպական կողմի հետ պարբերաբար ունենում ենք շփումներ թե՛ մեր ունեցած արդյունքների, թե՛ դեռևս լուծում պահանջող հարցերի մասով, ինչպես նաև ուսումնասիրել ենք ԵՄ-ի հետ նման փորձառություն ունեցած երկրների օրինակը, պետք է նկատել, որ գործողությունների ծրագիրն անակնկալ փաստաթուղթ չի կարող լինել մեզ համար, հետևապես մնում է այն ստանալուն պես շարունակել առավելագույնս ջանք գործադրել համապատասխան ուղղություններով։
–Ի՞նչ տեղեկություններ կարող եք տրամադրել Վաշինգտոնում ստորագրված Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության այն դրույթների վերաբերյալ, որոնք առնչվում են Ներքին գործերի նախարարության հետ համագործակցության շարունակականության ապահովմանը։ Ինչպիսի՞ կոնկրետ ծրագրեր կամ նախաձեռնություններ են նախատեսվում այս համագործակցության շրջանակում։
-Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ձևավորված երկկողմ արդյունավետ և արդեն ռազմավարական մակարդակի համագործակցությունը։ Նախարարության ոլորտային բարեփոխումների հարցում մշտապես եղել է ԱՄՆ բարձր աջակցությունը. համագործակցությունն ընդգրկում է ոստիկանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտի բարեփոխումները։ Անցած տարի համատեղ մեկնարկել ենք ՆԳՆ ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման նոր ծրագիրը, որը միտված է ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացմանը։
Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթն, իհարկե, անդրադառնում է նաև Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությանը։ Կանոնադրությունը շեշտում է Միացյալ Նահանգների մտադրությունը՝ շարունակել իրավունքները հարգող կառույցների խթանումը, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության և իրավապահ մարմինների բարեփոխումներին և արդիականացմանն ուղղված Հայաստանի ջանքերին աջակցության միջոցով։ Նման աջակցությունը ներառում է ոստիկանական կրթությունը և այլ միջոցառումներ՝ ապահովելու հանրային անվտանգությունը, չարաշահումների համար պատասխանատուներին հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև անդրազգային հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարելու համար:
–Տիկին նախարար, ինչպե՞ս եք գնահատում երկրում ընդհանուր հանցավորության վիճակը և ի՞նչ գործնական քայլեր է ձեռնարկում ՀՀ ներքին գործերի նախարարությունը երկրում հանցավորության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ։
-Ընդհանուր առմամբ, եթե փաստերով գնահատենք իրավիճակը, հանրապետությունում արձանագրված հանցավորությունը նվազել է։ 2024 թվականին 2023 թվականի համեմատությամբ գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 1.1 տոկոսով։ Այդուհանդերձ, մի շարք հանցատեսակների տենդենցները շարունակում են մնալ մտահոգիչ և բացի դրանք զսպող մարտավարական գործընթացների կիրառումից, նախարարությունը պլանավորել է նաև երկարաժամկետ՝ ռազմավարական գործողություններ։ Այս տեսանկյունից արձանագրեմ, որ թեև հանցավորության բացահայտման աշխատանքները որոշակիորեն բավարար են և տարբեր ուղղություններով որակական փոփոխություններ են նկատվում, բայցև կանխարգելման առումով լիարժեք ինստիտուցիոնալ մեխանիզմները շարունակում են մնալ չգոհացնող, ինչի ուղղությամբ, Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրին համահունչ, նպատակադրված ենք այս տարի մշակել հանցավորության կանխարգելման համապարփակ ռազմավարություն։
–Ինչպիսի՞ մեթոդաբանական փոփոխություններ են իրականացվել ապօրինի թմրաշրջանառության հայտնաբերման գործընթացում, և ի՞նչ կոնկրետ ծրագրեր կամ միջոցառումներ են նախատեսվում այս ուղղությամբ պայքարն ուժեղացնելու համար։
-Այս հանցատեսակի դեմ պայքարում առաջընթաց ապահովելու իմաստով աներկբա է, որ սահմանային անցակետերով թմրամիջոցների մեծ խմբաքանակների ապօրինի ներկրման կասեցումը և թմրամիջոցների պատրաստման լաբորատորիաների ժամանակին հայտնաբերումը կանխում է թմրամիջոցների հետագա՝ մասնատված և բազմադրվագ իրացումը։ Մարտահրավերային բաղադրիչն այս հարցում համացանցն է, որի միջոցով շատ հաճախ իրավապահների իրավական տեսադաշտում հայտնվում են կատարողները, այլ ոչ կազմակերպիչները։
Վերջին ամիսների ինտենսիվ աշխատանքի արդյունքում Ոստիկանության բոլոր ուղղությունների համատեղ աշխատանքի արդյունքում բացահայտել ենք ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր՝ առգրավվելով մի քանի տասնյակ կիլոգրամ թմրամիջոց։ Համայնքային ոստիկանության կողմից Շենգավիթ վարչական տարածքում բացահայտվել է պրեկուրսորների պատրաստման լաբորատորիա։ Միայն այս տարվա երկու ամիսների ընթացքում Քրեական ոստիկանությունը սահմանային հատվածում առգրավել է մի դեպքում 25 կգ, մյուս դեպքում՝ 18 կգ թմրամիջոց, իսկ օրեր առաջ բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական խոշոր դեպքը՝ առգրավելով շուրջ 30 կգ թմրամիջոց։ Այս մարտահրավերին արդյունավետ հակազդելու նպատակով շարունակական աշխատանքներ ենք իրականացնում Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ինչպես նյութատեխնիկական հագեցվածության, այնպես էլ անձնակազմի կարողությունների զարգացման ուղղությամբ։ Պակաս կարևոր չէ միջազգային համագործակցության գործիքների ընդլայնման դերը, քանի որ շատ հաճախ գործ ենք ունենում կազմակերպված խմբերի հետ, որոնց միայն մի գործողությունն է ընդգրկում Հայաստանը։
Այս ուղղությունն ինձ համար կարևոր առաջնահերթություններից է, քանի որ ոչ միայն հանրային անվտանգության, այլև հանրային առողջապահության հարց է։ Հետևապես, այս հարցին անդրադառնալիս՝ մեր մոտեցումը չի կարող սևեռվել միայն անձին պատասխանատվության ենթարկելու վրա։ Այո, պատժի անխուսափելիությունը պետք է լինի և անձը պետք է հստակ պատասխանատվության ենթարկվի, բայց զուգահեռաբար նրա հետ պետք է աշխատանք տարվի, այլապես թմրամիջոցի առնվազն օգտագործման շղթան անդառնալի հետևանքներ կարող է ունենալ անձի կյանքի և առողջության համար, աշխատանք պետք է տանել նաև այլ քաղաքացիների հետ, որպեսզի նրանք չհայտնվեն այս շղթայում։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում երկարաժամկետ և ամբողջական լուծումների ուղղությամբ նախարարության կողմից մշակվել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի նախագիծը, այն արդեն պատրաստ է և կարծում եմ՝ առաջիկայում ենթակա կլինի հաստատման։ Այն հանդիսանում է համապարփակ և բազմասեկտորային ռազմավարական փաստաթուղթ՝ թիրախավորելով ոչ միայն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ասպեկտները, այլ նաև՝ շահառու անձանց բուժման, սոցիալական վերականգնման և վերաինտեգրման, և առհասարակ հանրության իրազեկվածության բարձրացման, թմրամիջոցների օգտագործումից զերծ պահելու հարցերը։
–Ի՞նչ կոնկրետ օրենսդրական և գործնական փոփոխություններ են նախատեսվում զենքի գործադրմամբ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ դրանք շարունակում են մնալ մտահոգիչ։ Արդյոք նախատեսվո՞ւմ են խստացումներ ապօրինի զենքի շրջանառության կամ դրա կիրառման դեմ պայքարի շրջանակում։
Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն օժտված են առավել մեծ հանրային վտանգավորությամբ և բնական է, որ հասարակությունն առավել զգայուն է արձագանքում նման դրսևորումներին և ձևավորում ոլորտն առավել խիստ գործիքակազմով վերահսկելու պահանջ։ Պետք է նկատի ունենանք նաև, որ պրակտիկայում նշված հանցագործությունների առարկա այլևս հանդիսանում են ինչպես անօրինական, այնպես էլ օրինական շրջանառության մեջ գտնվող զենքերը։
Հանրային այս օրինաչափ ակնկալիքներին արձագանքելու և հանրային անվտանգությունը գերակա դիտարկելու սկզբունքով նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքերի հայտնաբերման աշխատանքները, ինչպես նաև մոնիթորինգի ենթարկել օրենսդրական դաշտը։
Իհարկե, այս ուղղությամբ ոստիկանությունը ամենօրյա ռեժիմով իրականացնում է մեծածավալ աշխատանքներ։ Իրականացված միջոցառումների արդյունքում հնարավոր է լինում մեծ քանակի զենք և զինամթերք հանել ապօրինի շրջանառությունից, որոնք այդպիսի շրջանառությունից դուրս չգալու դեպքում կարող էին վնաս հասցնել անձի կյանքին կամ առողջությանը։ Սակայն այս առումով դեռ շատ անելիքներ կան, նպատակը հետևողականորեն շրջանառությունից դուրս եկող զենքի թիվը մեծացնելն է, և դա անելն է նաև օպերատիվ աշխատանքն ինտենսիվացնելու և խուզարկությունների ճանապարհով։
Օրենսդրական մասով համապատասխան լուծումների մեկնարկն արդեն տվել ենք։ Նախարարության կողմից մշակվել և օրեր առաջ շրջանառության մեջ է դրվել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը, որն ամբողջովին փոխում է պետության մոտեցումը պարգևատրական զենքի հետ կապված՝ բացառելով երկակի մոտեցումների կիրառումը, վերացնելով պետության համար անկանխատեսելի և երկակի մոտեցումներ նախատեսող իրավիճակները։ Առաջարկվող կարգավորումների արդյունքում այդպիսի զենք ունեցող անձանց հնարավորություն է տրվելու սահմանված ժամկետում Ոստիկանություն ներկայացնել սահմանված ստանդարտին չհամապատասխանող պարգևատրական զենքերը։ Դրանք նախատեսվում են օգտագործել նաև մշակութային նպատակներով, մասնավորապես՝ գաղափար ունենք ստեղծելու զենքերի թանգարան, որտեղ կցուցադրվեն նման զենքերը։
Մեկ այլ նախաձեռնություն ևս ունենք շրջանառության մեջ, որով առաջարկում ենք արգելել ծալվող դանակների և համանման առարկաների վաճառքն անչափահասներին։
–Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերի 12-ի կառավարության նիստում նշել է, որ Պարեկային ոստիկանությունը չպետք է լինի իներտ և պետք է անտարբեր չմնա կասկածելի ոչ մի իրավիճակի նկատմամբ՝ ընդգծելով, որ դրա ներդրման առաջնային նպատակը հենց դա է եղել։ Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Պարեկային ոստիկանության գործունեությունը մինչ այժմ, և ի՞նչ կոնկրետ մեխանիզմներ են ներդրվել կամ նախատեսվում ներդնել ծառայության արդյունավետությունը բարձրացնելու համար։
-Ինչպես գիտեք, 2023 թվականի ավարտին ծառայությունն ամբողջությամբ ներդրվել է հանրապետության ողջ տարածքում։ Այդ թվում՝ գործարկվել է նաև Ջրային պարեկային ծառայությունը։ Կարգախմբերի աշխատանքը կառավարվում է Օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից, որն ապահովում է քաղաքացիների ահազանգերի պրոֆեսիոնալ կառավարում։
Նախ կարևորում եմ այն, որ ինստիտուցիոնալ առումով Պարեկային ծառայության թե՛ բաց մրցույթով կադրերի հավաքագրման, թե՛ կադրերի պատրաստման, թե՛ կառավարման սխեման վաղուց արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը և կանխատեսել Ոստիկանության ողջ համակարգի վերափոխման հիմքում դրվող մոտեցումները՝ այդպիսով լիարժեք փարատելով այն մտավախությունը, որ պարեկայինը բարեփոխված կղզյակ կարող էր լինել համակարգում։
Փուլային գործարկումից ի վեր Պարեկային ծառայությունն իրապես տպավորիչ արդյունքներ է գրանցել։ Ներկայումս ծառայությունն ավելի շատ համայնքահեն ծառայություն է իրականացնում, քան երբևէ նախորդ տասնամյակներում։ Նվազագույնի են հասցվել ծառայությունում կոռուպցիոն ռիսկերը։ Կա ծառայության նկատմամբ հանրային վստահության բարձր մակարդակ, և սա հստակ փաստական հենք ունի։ Առանձնահատուկ կցանկանայի շեշտել, որ ծառայության աշխատանքի տեսանկյունից գոհացնող արդյունքներ ունենք ճանապարհատրանսպորտային պատահարների առումով. 2024 թվականին 2023 թվականի համադրությամբ արձանագրվել է ՃՏՊ-ների նվազում 299-ով, զոհերի թվի նվազում 45-ով և վիրավորների թվի նվազում 421-ով, և սա այն պայմաններում, երբ գնալով աճում է երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և նաև վարորդների թիվը։
Դրական արդյունքներին զուգահեռ միշտ կա հետևողական աշխատանքի, թերությունները նկատելու, դրանք շտկելու կարիք։ Այո, դեռևս ունենք հաղորդակցության խնդիրներ, որոշ դրվագներում ավելի պրոֆեսիոնալ, ավելի աչալուրջ մոտեցում դրսևորելու հարցեր, ըստ այդմ՝ պատրաստվել է ծառայության զարգացման երկրորդ փուլի զեկույցը, որը միտված է ծառայության գործունեության կատարելագործմանը։ Այս տարի Պարեկային ծառայության համար ուժի մեջ է մտնում ամենամյա պարտադիր վերապատրաստման կանոնն ամբողջ անձնակազմի համար՝ երեք տարին մեկ անգամ վերապատրաստվելու փոխարեն։ Սա թույլ կտա մշտապես գույքագրել խնդիրները և կոնկրետ տարվա կտրվածքով անդրադառնալ դրանց շարունակական կրթության միջոցով։ Ծառայության ավելի ինտենսիվ և զգոն աշխատանքն իմ ուշադրության կենտրոնում է շարունակելու մնալ, կլինեն պարբերաբար այցեր, քննարկումներ, պարբերաբար կմասնակցեմ նաև առավոտյան անձնակազմի հրահանգավորումներին, որպեսզի տեմպը չկորցնենք։
–Ինչպե՞ս կմեկնաբանեք Human Rights Watch-ի 2024 թվականի զեկույցում նշված պնդումը, որ իրավապահ մարմինների կողմից շարունակում են բացակայել օրենքի չարաշահման դեպքերի համար արդյունավետ պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները, և որ 2024 թվականի հունիսի 12-ի իրադարձություններից հետո Ոստիկանությանը որևէ մեղադրանք չի ներկայացվել։
-Նախ պետք է արձանագրեմ, որ մեր երկրում իրավապահ համակարգի որևէ մարմին չի հավակնում և չի կարող թաքցնել որևէ դեպք կամ չտալ իրավական ճիշտ գնահատական որևէ դեպքի։ Զուգահեռաբար Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է և ինչ-որ մեկին չի կարող մեղադրանք առաջադրվել, եթե չկա դրա համար փաստերի անհրաժեշտ համակցություն և հակառակը, որևէ մեկին չի կարող մեղադրանք չառաջադրվել, եթե կա դրա համար փաստերի անհրաժեշտ համակցություն։ Հետևապես, բացառապես իրավական պատշաճ գործընթացների արդյունքներով է, որ պետք է ցանկացած անձի մեղադրանք առաջադրվի։
Երբ խոսում ենք համաչափ ուժի կիրառման մասին, այո, պատկերը մտահոգիչ է այն տեսանկյունից, որ մենք ինքներս արձանագրում ենք, որ սա շատ սիրողական գնահատման առարկա է դարձել այլևս տարբեր հարթակներում։ Ինչու՞, որովհետև Հայաստանի Հանրապետությունում չի եղել ուժի կիրառման ստանդարտ, և ստանդարտի բացակայության պայմաններում գույներն ավելի են խտանում, երբ շատերը երկրում իրավակարգի պահպանման նպատակով ոստիկանության կողմից ուժի կիրառում և դրա կողքին բռնի ուժ, բիրտ ուժ, բռնություն բառերը գործածում են որպես լիակատար հոմանիշներ, ինչն, իհարկե, ճիշտ մոտեցում չէ։
Այս հարցին պետք է առերեսվել և պետք է հստակ մոտեցումներ ձևավորել, այլապես իրավիճակն էական փոփոխության չի ենթարկվի։ Ըստ այդմ՝ մեր քայլերի հաջորդականությունը հետևյալն է՝ արդեն իսկ վերջերս օրենքով ամրագրված ուժի կիրառման ստանդարտին համահունչ նախարարի հրամանով սահմանել դրա մանրամասն նկարագիրը, ոստիկանության համակարգը վերապատրաստել այդ ստանդարտով, դա անել այնքան ժամանակ, քանի դեռ գործողությունների ճիշտ հաջորդականությունը չի դարձել մարմնի հիշողության մաս, մասնագիտական աչքով մշտապես մոնիթորինգի ենթարկել զանգվածային տարբեր միջոցառումների շրջանակներում Ոստիկանության ծառայողների վարքագիծը, դրա հիման վրա ամենօրյա աշխատանք տանել անձնակազմի հետ, սխալներին ռեակցիա տալ։ Մի քանի ամսվա ընթացքում այս քայլերը ամբողջությամբ կլուծե՞ն բոլոր խնդիրները, իհարկե, ոչ, բայց դրա՞նք են այն բանալիները, որոնցով հետևողական աշխատանքի արդյունքում քայլ առ քայլ իրավիճակը կարող ենք փոխել, պատասխանն այո է, ուրեմն պետք է գնալ այս ճանապարհով ու պետք է նկատի ունենալ, որ այդ ճանապարհին խնդիրներ դեռ կլինեն, բայց խնդիրը պետք է լուծել, ոչ թե հարմարվել դրա հետ. ուրեմն, պետք է առանց ընկրկելու շարունակել։


















































