Այսօր մի խումբ հայրեր եւ մայրեր, ի պաշտպանություն մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպ ունեցած 18 ամյա Դավիթ Մինասյանի, նստացույց են սկսել գլխավոր դատախազության շենքի դիմաց:
«18 տարեկան երեխա է, վատառողջ: Իշխանությունները պետք է այնքան հմուտ ու մեծահոգի լինեն, որ տարբերեն իրական հանցագործներին սովորական մարդկանցից: Ես համարում եմ, որ պարտավոր են Դավիթին ազատ արձակել: Չի կարելի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նստացույցին միացած Մարիաննա Զարգարյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ ընտրվել է կալանքը որպես խափանման միջոց, սակայն առողջական խնդիրների պատճառով կալանավայրից տեղափոխվել է հիվանդանոց:
Կարդացեք նաև
«Ամեն դեպքում, չպետք է մարդկանց սադրանքի ենթարկել: Իհարկե, շատ տհաճ է երեւույթը, եղածը սխալ է, չեմ կարող ասել՝ ճիշտ բան են արել: Բայց 18 տարեկանում շատ տաքարյուն են ու այլ հոգեբանություն ունեն, քան այլ մեծահասակները»,- հավելեց Զարգարյանը:
Նրա խոսքով՝ Դավիթի նկատմամբ նման վարմունքը իշխանությունների վարկանիշի վրա անպայման ազդելու է. «Հիմա նախընտրական շրջան է, իր ռեյտինգը լուրջ կտուժի: Բայց ռեյտինգն էլ մի կողմ դնենք, երեխան ունի առողջական խնդիրներ: Որպես հայ մարդ՝ ո՞նց են պատկերացնում, ինչի՞ համար: Եթե հանցագործ լիներ, ես դեմ չէի լինի: Բայց ընդամենը 18 տարեկան տաքարյուն երեխա է»:
Նստացույցի մասնակիցները նաեւ պահանջում են գլխավոր դատախազի հետ հանդիպում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































