Ջոել Վելդքամփը (ծն. 1988, Այովա) տնօրինում է Շվեյցարիայում հիմնված, կրոնական ազատության եւ աշխարհում հալածվող համայնքների պաշտպանության համար պայքարող «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (այսուհետ՝ ՔՀՄ) իրավապաշտպան կազմակերպության հանրային շահերի պաշտպանության բաժինը:
Արժանացել է միջազգային պատմության դոկտորի կոչման Ժնեւի Բարձրագույն միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտում, Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների մագիստրոսի աստիճան՝ Չիքագոյի համալսարանում եւ բակալավրի աստիճան՝ Այովայի Դորդթ համալսարանում: Վելդքամփի գիտական հետազոտությունները վերաբերում են Մերձավոր Արեւելքի նորագույն պատմությանը, ներառյալ Սիրիայի քրիստոնյա համայնքների կյանքը: ՔՀՄ-ում իր գործունեության շրջանակում նա բազմիցս ճանապարհորդել է Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում՝ փաստագրելով մարդասիրական իրավիճակը եւ զբաղվելով միջազգային շահերի պաշտպանությամբ: Ելույթներ է ունեցել այնպիսի հարթակներում, ինչպիսին է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը՝ անդրադառնալով կրոնական հալածանքներին, տնտեսական պատժամիջոցներին եւ խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող հարցերին:
–Դուք այն քիչ ոչ հայերից եք, որոնք հետեւողականորեն գրում են Արցախի էթնիկ զտման մասին: Ի՞նչ նշանակություն ունի Հայաստանը ձեր հետազոտական եւ հանրային գործունեության մեջ:
–Ինձ համար բարեբախտություն է եղել այս տարիների ընթացքում բազմիցս լինել Հայաստանում: Առաջին անգամ այստեղ եկա 2017 թվականին՝ իմ դոկտորական ծրագրի շրջանակում հայերեն սովորելու նպատակով: Ցանկանում էի գրել Հալեպի քրիստոնյաների մասին, եւ բավական ուշ հասկացա, որ նրանց մեջ որքան շատ են հայերը: Դա կարեւոր դաս էր ինձ համար. հայերը քրիստոնեության պատմության անբաժանելի մասն են ոչ միայն Սիրիայում, այլեւ Մերձավոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում:
Կարդացեք նաև
Ահա թե ինչու ՔՀՄ-ն այսքան մեծ ուժ է ներդնում այս գործում: Հայաստանն առաջին քրիստոնյա պետությունն է: Նրա մշակույթը, աստվածաբանական ավանդույթը եւ հավաքական հիշողությունը համաշխարհային քրիստոնեական ժառանգության անփոխարինելի մասն են: Հայ ժողովուրդը վերապրել է պատերազմներ, պետականության բացակայություն, ցեղասպանություն, կոմունիստական ամբողջատիրություն եւ այլ փորձություններ, եւ այսօր էլ շարունակում է պահել Ավետարանի լույսը աշխարհի այս՝ աստիճանաբար թշնամական դարձող հատվածում: Արեւմուտքը կանգնած է այդ ամենը «մի գավաթ ապուրի» դիմաց փոխանակելու վտանգի առաջ: Եթե Հայաստանն անհետանա, մեր ապագա բոլոր պայքարները շատ ավելի դժվար կլինեն:
Ամեն անգամ Հայաստան գալուց հետո ես հեռանում եմ ներշնչված: Իհարկե, ոչ թե ծանր քաղաքական իրավիճակից, այլ մեր բազմաթիվ հայ գործընկերների քաջությունից, որոնք շարունակում են պայքարել դժվարին պայմաններում: Նկատի ունեմ մարդու իրավունքների այն պաշտպաններին, որոնք շարունակում են ճշմարտությունը բարձրաձայնել աճող ամբողջատիրության պայմաններում, եւ Արցախի այն փախստականներին, որոնք կորցրել են ամեն ինչ, բայց ամեն օր աշխատում են իրենց հայրենակիցներին օգնելու եւ հույսը պահպանելու համար: Երբ հանդիպում ես նման մարդկանց, անհնար է չցանկանալ ավելի շատ աշխատել նրանց աջակցելու համար:
–Խոսենք Հայաստանի վերջին զարգացումներից: Շատերը ողջունում են TRIPP-ը, մինչդեռ մյուսները այն դիտում են որպես ծուղակ: Ի՞նչ կարծիքի եք դուք:
-Հավանաբար ես ամենահարմար անձը չեմ այս հարցի մասին խոսելու համար. ես մեծապես վստահում եմ այնպիսի փորձագետների, ինչպիսիք են Ֆիլիպ Գալֆայանը եւ Տիգրան Գրիգորյանը, որոնց վերլուծությունները համարում եմ օգտակար: Սկզբունքորեն, Հայաստանի համար կարող է շատ շահավետ լինել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ առեւտրային հանգույց դառնալը եւ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ պայմանով, որ պահպանի ինքնիշխանությունը սեփական տարածքի եւ սահմանների նկատմամբ:
Ինձ մտահոգում է այն, որ Հայաստանի որոշ պաշտպաններ խոսում են այնպես, կարծես TRIPP-ն ինքնին կարող է զսպել ադրբեջանական ներխուժումը: Թվում է, թե ենթադրությունն այն է, որ եթե ԱՄՆ-ը մեծապես ներգրավված լինի այս նախագծում, ապա Ադրբեջանը կխուսափի հարձակվել Հայաստանի հարավի վրա: Ես դա համոզիչ չեմ համարում: Ամերիկյան քաղաքականությունն անկայուն եւ փոփոխական է: Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության միակ կայուն գիծը 1990-ականներից ի վեր եղել է Ադրբեջանի հետ համագործակցությանն առաջնահերթություն տալը: Բաքուն համոզված է, որ քանի դեռ օգնում է Վաշինգտոնին իր էներգետիկ եւ անվտանգության նպատակներում, հայերի դեմ իր բոլոր գործողությունները կներվեն եւ արագ կմոռացվեն: Սա այն դասն է, որը նա քաղել է 2016, 2020, 2022 եւ 2023 թվականների իրադարձություններից:
Եթե ԱՄՆ-ը ցանկանում է զսպել Ադրբեջանի ապագա ագրեսիան, ապա պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին նախկին գործողությունների համար եւ պահանջի փոխհատուցում: Հայերը չպետք է հանգստանան ու գոհանան ավելի քչով:
Ինչ վերաբերում է վերջին զարգացումներին, կասեմ հետեւյալը. Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատերազմը մեծ անվտանգային ազդեցություններ կունենա Հայաստանի համար, որոնք, ցավոք, այժմ գրեթե անհնար է կանխատեսել: Բայց պատերազմը կրկին ընդգծում է, թե որքան փոփոխական է ԱՄՆ-ի քաղաքականությունն այս տարածաշրջանում: Ամերիկացիները պատրաստ են վարել հսկայական, անվերջ պատերազմ՝ առանց նախազգուշացման, ինչը հանգեցրել է Իրանի գրոհներին տարածաշրջանի նրանց գրեթե բոլոր դաշնակիցների նկատմամբ: Այն գաղափարը, որ հայերը կարող են հույս դնել ԱՄՆ-ի ներդրումների վրա TRIPP-ում, որպեսզի ագրեսիայից ապահով լինեն, թվում է, ավելի անշահավետ է, քան երբեւէ: Հստակ է, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա ԱՄՆ-ի հետ, սակայն հայերը չպետք է իրենց պաշտպանության մեջ հույս դնեն ԱՄՆ-ի վրա:
–Ջո՛ել, նշեցիք, որ սովորել եք հայերեն: Ինչպիսի՞ն էր այդ փորձառությունը:
-Շատ խոնարհեցնող: Ես սովորել եմ ֆրանսերեն, գերմաներեն եւ արաբերեն, բայց հայերենը դրանցից ավելի դժվար էր: Ի վերջո սովորեցի այնքան, որ կարողանամ կարդալ 1920-ականների հայկական աղբյուրները, եւ կարողանում եմ, թեկուզ թույլ, խոսել պարզ թեմաների շուրջ, բայց դա դեռեւս այն լեզուն չէ, որի հետ ինձ հարմարավետ եմ զգում: Բարեբախտաբար, իմ հայ ընկերներն ու ուսուցիչները միշտ մեծ համբերություն են ցուցաբերում: Ես դեռ ամեն շաբաթ առցանց դասեր եմ ստանում Հայաստանում ապրող մի ուսուցչից (ողջո՜ւյն, Գեւո՛րգ) եւ ուզում եմ կատարելագործվել, բայց, կարծում եմ, սա մարտահրավեր է լինելու ամբողջ կյանքի համար:
–Վերջում՝ շնորհակալություն ձեր ողջ աշխատանքի համար, հատկապես հայերի շահերի պաշտպանության ուղղությամբ: Այսօր ճշմարտության ձայնը բարձրացնելը հազվադեպ երեւույթ է, եւ ձեր նման մարդկանց ջանքերը մեծ նշանակություն ունեն:
-Շնորհակալ եմ քաջալերանքի համար: Ինձ եւ իմ գործընկերներին այս գործը վստահել են Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում ապրող հազարավոր սովորական քրիստոնյաներ, որոնք իրենց նվիրատվություններով հնարավոր են դարձնում մեր գործունեությունը: Մեր շնորհակալությունն առաջին հերթին ուղղված է նրանց: ՔՀՄ-ի համար ճշմարտությունը բարձրաձայնելը մեր առաքելությունն ու պարտքն է: Եթե մենք չխոսենք հալածանքների մասին (անգամ երբ դա հակասում է գերիշխող խոսույթին), ապա մեր գոյությունը որեւէ իմաստ չի ունենա…
Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































