Այսօրվանից մինչեւ ապրիլի 17-ը գլխավոր դատախազության շենքի դիմաց կշարունակվեն մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպ ունեցած 18-ամյա Դավիթ Մինասյանի աջակիցների նստացույցը` ամեն օր առավոտյան 11-ից մինչեւ երեկոյան 20:00-ն:
«Ամեն օր հերթապահությամբ այստեղ կլինեն մայրիկներ, որոնք մտահոգ են Դավիթի առողջական վիճակով: Մենք պահանջում ենք՝ թույլ տալ Դավիթին ստանալ ամբողջական բուժում ու եթե հնարավոր է՝ բուժումը շարունակի ստանալ ընտանիքի հոգատարության ներքո»,- լրագրողների հետ զրույցում ասաց նստացույցին միացած Սայիդա Պողոսյանը՝ ընդգծելով, որ չի ճանաչում ո՛չ Դավիթին, ո՛չ նրա ընտանիքին, նրանց մասին իմացել է համացանցից:
«Իմ քաղաքացիական պարտքն եմ համարում կանգնել Դավիթի ընտանիքի կողքին»,- հավելեց նա:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ ընտրվել է կալանքը որպես խափանման միջոց, սակայն առողջական խնդիրների պատճառով կալանավայրից տեղափոխվել է հիվանդանոց:
«Գլխավոր դատախազից պահանջում ենք անաչառ քննություն: Այս պահի դրությամբ՝ Դավիթի վիճակը կրիտիկական է, խնդրում ենք՝ թույլ տալ ստանա լիարժեք բուժում ու փոխվեն այն մեղադրանքները, որ ներկայացվել են: Մենք գիտենք՝ Դավիթը մեղավոր չէ»,- ասաց Սայիդա Պողոսյանը:
Նրա խոսքով՝ Դավիթի վիճակն այնքան վատ է, որ այնպես չէ, որ անկողնուց հենց վեր կենա, կկարողանա տեղափոխվել կալանավայր: Ըստ Պողոսյանի՝ եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես հավատացյալ մարդ է, պետք է բարեգութ լինի. «Եթե ինքը այդպիսի հավատացյալ է, եկել էր աղոթելու, սիրտը բանալու Աստծո առջեւ, կոչ եմ անում իր գթությանը՝ ավելի մեղմ վարվեն Դավիթի նկատմամբ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































